ՍՏԵՓԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 ապրիլի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 9 | ՍՏԵՓԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
12 ապրիլի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Ստեփան Սահակյանի
անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Ստեփան Սահակյանը 26.03.2012թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածը, այդ թվում այդ հոդվածին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1, 5, 6, 8, 18, 31 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»։
Դիմողը, ի թիվս այլ փաստարկների, գտնում է, որ վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 1, 6, 8, 31-րդ հոդվածներին, քանի որ իրավակիրառական պրակտիկայում չի ապահովվում սեփականության իրավունքի իրականացմանը պետության միջամտության համաչափությունը։ Վիճարկվող դրույթը չի արտացոլում սեփականության իրավունքի պաշտպանության համընդհանուր սկզբունքները, ինչը խաթարում է իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ օրենքի իրավական լինելը ենթադրում է այդ ակտում ժողովրդի կամքի արտահայտության առկայությունը և այլն։
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»։
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը։ Նշված հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը, նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման «...«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»։
Խնդրո առարկա անհատական դիմումը չի բխում սահմանադրական կոնկրետ վերահսկողության էությունից, որտեղ էականն անձի սահմանադրական սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությունն է, որոնք խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական նորմի կիրառման արդյունքում։ Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունը վկայում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.11.2011 թվականի հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշմամբ վերացվել է ԵԿԴ/2315/02/11 քաղաքացիական գործով 30.09.2011 թվականի նույն դատարանի որոշմամբ ձեռնարկված և 14.10.2011 թվականի որոշմամբ ձևափոխված հայցի ապահովումը։ Այսինքն քաղաքացու իրավունքների խախտման փաստը, որպես այդպիսին, վերացվել է։ Մինչդեռ սահմանադրական կոնկրետ վերահսկողությունը ենթադրում է, որ իրավունքի խախտումը պետք է կրի շարունակական բնույթ և այդ իրավունքի վերականգնումը հնարավոր չլինի դատական պաշտպանության այլ գործընթացների շրջանակներում։ Այս համատեքստում է, որ իրավունքների խախտման հանգամանքի առկայությունը դիտարկվում է դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառման համատեքստում համակարգային փոխկապակցվածության մեջ։ Հետևաբար, գտնում ենք, որ սույն գործով դիմողը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով, 69-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Ստեփան Սահակյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
12 ապրիլի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/1-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 ապրիլի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
