Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՉԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՉԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-48 փետրվարի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 փետրվարի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 4 | ՎԱՉԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 8 փետրվարի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբª Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով Վաչիկ Կարապետյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Վաչիկ Կարապետյանը 21.01.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «… և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, ինչպես նաև 263-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի`քրեական գործի կարճման դեմ որոշումը դատախազին բողոքարկելու իրավունքը դիտարկվում է որպես դատական պաշտպանության դիմելու նախապայման և հանդիսանում է հատուկ կարգավորում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ըստ դիմողի` իր համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել թիվ ԼԴ/0020/11/14 գործով դատարանների կողմից նրա նկատմամբ կիրառված և դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ և 103-րդ հոդվածների 1-ին մասերը, կիրառվել է 263-րդ հոդվածը, որի հիման վրա դիմողի բողոքն ըստ էության քննության չի ենթարկվել:

Դիմողը գտնում է, որ դատարանները, կիրառելով իր կողմից վիճարկվող դրույթներն այն մեկնաբանությամբ, ըստ որի`քրեական գործի կարճման դեմ որոշումը դատախազին բողոքարկելու իրավունքը դիտարկվում է որպես դատական պաշտպանության դիմելու նախապայման, հանդիսանում է հատուկ կարգավորում և սպառման ենթակա պարտադիր ատյան, զրկում է իրեն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների արդյունավետ իրացումից և դատարանի մատչելիության իրավունքից:

Դիմողի կարծիքով` դատական պաշտպանության իրավունքից օգտվելը պայմանավորել դատախազական հսկողությամբ սպառման պարտադիր պայմանով, ոչ պիտանի գործընթաց է, որը միայն խոչընդոտում է մարդու իրավունքների խախտման հարցերով արդարադատության ժամանակին իրականացման ընթացակարգին:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի` «...և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված` նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը`սահմանափակվել են մարդու` դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները:

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է, որ մինչդատական վարույթում օրենսդիրը դատարանին լիազորել է քննելու ոչ միայն քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների և գործողությունների օրինականության, այլև` անգործության վերաբերյալ բողոքները, իսկ «...և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պայմանը բացառապես վերաբերում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումներին ու գործողություններին, հետևաբար` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման շրջանակներում խնդիրը չէր կարող վերագրվել նաև հիշյալ մարմինների անգործությանը: Մինչդեռ գործնականում դատական պրակտիկան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի առնչությամբ «գործողություն» եզրույթը հավասարապես վերագրել է նաև անգործությանը:

Միաժամանակ, սահմանադրական դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը կարող է, մի կողմից, գործողությունների և որոշումների, մյուս կողմից` անգործության համար սահմանել դրանց բողոքարկման տարբեր ընթացակարգեր: Ընդ որում, սահմանադրական դատարանն իր որոշման 8-րդ կետում հստակ նշել է, որ դատարան դիմելու կարգը, ի թիվս դատարան դիմելու այլ պայմանների, կարող է իրավաչափորեն ներառել նաև օրենքով սահմանված` իրավունքների պաշտպանության արտադատարանական միջոցն սպառելու պայման:

Սահմանադրական դատարանի նշյալ որոշման վերլուծությունը վկայում է, որ վիճարկվող դրույթը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել միայն անգործության մասով, իսկ գործողությունների և որոշումների դատական կարգով բողոքարկման համար արտադատարանական պաշտպանության միջոցի սպառման պահանջը համարվել է իրավաչափ:

Սույն գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ իրավակիրառական պրակտիկան զարգացել է սահմանադրական դատարանի նշյալ որոշման պահանջներին համապատասխան:

Ելնելով վերոշարադրյալից` սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի սահմանադրականության որոշման մասով առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության որոշման վերաբերյալ այն հարցադրմանը, համաձայն որի դատական պաշտպանության իրավունքից օգտվելը դատախազական ատյանի սպառման պարտադիր պայմանով պայմանավորելը ոչ պիտանի գործընթաց է, որը միայն խոչընդոտում է մարդու իրավունքների խախտման հարցերով արդարադատության ժամանակին իրականացման ընթացակարգին, սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ սահմանադրական դատարանում նման հարցադրմամբ դիմում քննության ընդունելու հիմքեր նույնպես առկա չեն, քանի որ դիմողը, ըստ էության, առաջ է քաշում վիճարկվող դրույթի նպատակահարմարության, այլ ոչ թե սահմանադրականության հարց: Դիմումում այդ հարցի վերաբերյալ առկա հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել իր կողմից վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկներ: Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում: Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է նաև, որ դիմողի համար իր կողմից մատնանշված անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, և խնդրո առարկա իրավադրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ:

ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Վաչիկ Կարապետյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

8 փետրվարի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/2-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 փետրվարի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել