Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-8614 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-86)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 մայիսի 2024թ. ՍԴԱՈ - 86 | «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

1. 2024 թվականի ապրիլի 19-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը թիվ ԵԴ1/2004/01/23 դատական վարույթով ներկայացված «Կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2024 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).

«Թիվ ԵԴ1/2004/01/23 դատական վարույթով կիրառման ենթակա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի դրույթների սահմանադրականության հարցը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան»:

2. Ներկայացնելով վարույթի դատավարական նախապատմությունը, խնդրո առարկա որոշման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) վիճարկվող դրույթի, Սահմանադրության 27, 71, 72, 75, 78 և 79-րդ հոդվածների բովանդակությունը՝ Դիմողը նշում է, որ Օրենսգրքի 85-րդ հոդվածով սահմանված են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանները, ինչպես նաև ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու՝ նոր հանցանք կատարելու դեպքում վրա հասնող իրավական հետևանքները: Համանմանորեն, Օրենսգրքի 84-րդ հոդվածը կարգավորում է պատիժը պայմանականորեն չկիրառելու պայմանները և ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու՝ նոր հանցանք կատարելու դեպքում վրա հասնող իրավական հետևանքները: Ընդ որում՝ Օրենսգրքի 84-րդ հոդվածի 16-րդ մասը նախատեսում է պատժի նշանակման կանոն այն իրավիճակի դեպքում, երբ փորձաշրջանի ընթացքում անձը կատարել է նոր հանցանք, որը բացահայտվում է փորձաշրջանն անցնելուց հետո: Դիմողի պնդմամբ՝ դրանով հստակ սահմանվում է, որ նշված դեպքում անձը դրա համար պատիժը կրում է առանձին, այսինքն՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշումը չի վերացվում:

Դիմողը գտնում է. «Օրենսդրի նման մոտեցումը հասկանալի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձն արդեն անցել է փորձաշրջանը, այդ ընթացքում սահմանափակումների է ենթարկվել՝ կատարելով օրենքով և/կամ դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները, և պատիժը պայմանականորեն չկիրառելու դատարանի որոշումը դրա արդյունքում փաստացի կատարվել է (հնարավոր չէ վերացնել այն որոշումը, որն արդեն իսկ կատարվել է):

(...)

Մինչդեռ, այլ է իրավիճակը ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի պարագայում»:

Դիմողը հավելում է, որ խնդրո առարկա հոդվածը, ի տարբերություն Օրենսգրքի 84-րդ հոդվածի, չի նախատեսում կարգավորումներ այն դեպքերի համար, երբ փորձաշրջանի ընթացքում անձը կատարել է նոր հանցանք, որը բացահայտվում է փորձաշրջանն անցնելուց հետո: Նման կարգավորման բացակայությունը, ըստ Դիմողի, կարող է «խառնաշփոթ առաջացնել իրավակիրառ պրակտիկայում»:

Դիմողը նշում է. «(...) հասկանալի չէ, թե արդյոք օրենսդիրը ցանկացել է տարբերակել պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքերում փորձաշրջանի ընթացքում նոր հանցանք (որը բացահայտվել է փորձաշրջանն անցնելուց հետո) կատարելու արդյունքում վրա հասնող իրավական հետևանքները»:

Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 85-րդ հոդվածը (հատկապես 9-րդ մասը) հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածով սահմանված անձնական ազատության իրավունքին, քանի որ նշված հոդվածի կարգավորումները կարող են հանգեցնել անձնական ազատության անհիմն սահմանափակման, Սահմանադրության 71 և 72-րդ հոդվածներով նախատեսված պատժի համաչափության և օրինականության սկզբունքներին, քանի որ կարող է հանգեցնել ոչ իրավաչափ և օրինական պատիժ նշանակելուն, Սահմանադրության 75-րդ հոդվածին, քանի որ չի սահմանում հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքին, քանի որ նախատեսում է ազատության իրավունքի սահմանափակման համար այնպիսի միջոց, որը համարժեք չէ սահմանափակվող հիմնական իրավունքի նշանակությանը, Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին, քանի որ չի սահմանում հիմնական իրավունքի սահմանափակումների հիմքերը և ծավալը, բավարար չափով որոշակի չէ, որպեսզի այդ իրավունքի կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանադիրն ամրագրել է դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Վկայակոչված նորմի տրամաբանական շարունակությունն օրենսդիրն ամրագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում՝ նախանշելով խնդրո առարկա սահմանադրաիրավական իրավասության իրացման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:

Դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Այս առումով առանցքային է ներկայացնել՝ արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված հիշյալ սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բովանդակ պատճառաբանությունը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Սահմանադրական դատարանը շեշտում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելիս դատարանները՝ Սահմանադրական դատարան դիմելու մասին համապատասխան որոշման շրջանակներում պետք է ներկայացնեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողություններն ու դիրքորոշումները: Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պայմանի առկայությունը մեկնաբանելիս դատարանները պետք է հաշվի առնեն Սահմանադրական դատարանի՝ խնդրո առարկա հարցի առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները:

Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:

Ավելին, Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ ոչ թե նորմատիվ իրավական ակտի վերաբերյալ ցանկացած կասկած կարող է համարվել իբրև «հիմնավոր կասկած», այլ միայն այնպիսի կասկածները «(...) երբ դատարանը համոզվի, որ դատական մեկնաբանությամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթական նորմի՝ Սահմանադրությանը հակասության վերաբերյալ հիմնավոր կասկածը։

Նման իրավիճակ կարող է առաջանալ այն պարագայում, երբ, օրինակ, վիճարկվող նորմը հնարավոր է մեկնաբանել միայն այնպես, որ այն իր վերջնական բովանդակությամբ հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշելով օգտագործված մեկնաբանման մեթոդները՝ դատարանը պարտավոր է հիմնավորել դատական մեկնաբանմամբ կիրառման ենթակա իրավական նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը հաղթահարելու անհնարինությունը։ Այլապես՝ նման հիմնավորումների բացակայությունը կարող է գնահատվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանի, այն է՝ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ դատարանի մոտ հիմնավոր կասկածների բացակայություն» (14.12.2021 թ. ՍԴԱՈ-254):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել սահմանադրական իրավունքների պաշտպանության երաշխավորման և իրավական անվտանգության ապահովման հարցում դատարանների ունեցած առանձնահատուկ առաքելությունը, քանզի անառարկելի իրողություն է, որ իրավական անորոշության հաղթահարման հարցում դատական իշխանությունն օժտված է առանցքային կարևորություն ունեցող իրավանորմերի դատական մեկնաբանության լծակով, որի՝ Սահմանադրությանը համահունչ կիրառումը սահմանադրականության հաստատման և սահմանադրական իրավակարգի ապահովման գրավականներից է:

Դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին փաստել, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումով Դիմողը սահմանափակվել է թիվ ԵԴ1/2004/01/23 դատական վարույթի դատավարական նախապատմության, խնդրո առարկա որոշման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների, Օրենսգրքի վիճարկվող դրույթի, ինչպես նաև Սահմանադրության վերաբերելի հոդվածների շարադրմամբ՝ միաժամանակ նշելով, որ վիճարկվող դրույթը «(…) կարող է մեկնաբանվել ինչպես այն տրամաբանությամբ, որ նշված դեպքում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու որոշումը չի կարող վերացվել, քանի որ այդ դեպքերի վերաբերյալ կարգավորումներ չկան, այնպես էլ այն տրամաբանությամբ, որ հոդվածի 9-րդ մասի կարգավորման հիման վրա պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու որոշումը պետք է վերացվի, քանի որ դրանից բացառություն նախատեսված չէ փորձաշրջանն անցնելուց հետո բացահայտված նոր հանցանքի պարագայում, ինչպես դա արված է ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 16-րդ մասում»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը, ըստ էության բարձրացնելով օրենսդրական բացի հարց, միևնույն ժամանակ տալիս է այն հաղթահարելու հնարավոր եղանակները՝ նշելով. «(…) այն դեպքում, երբ առկա է օրենսդրական բաց, իրավակիրառողը, իրավական մեկնաբանության միջոցով հաշվի առնելով օրենսդրի կամքը, կարող է կիրառել նորմը օրենսդրի կամքին համապատասխան», սակայն վերջնարդյունքում եզրահանգում է, որ «(…) Դատարանը զրկված է նման հնարավորությունից, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կարգավորումների հետ ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի կարգավորումների համադրության հետևանքով առաջացած՝ վերը նշված իրավական խառնաշփոթի հետևանքով որևէ կերպ չի կարող հասկանալի լինել օրենսդրի կամքը»:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական արդարադատության նպատակն ամենևին չի հանգում իրավակիրառին բացահայտելու օրենսդրի կամքը: Իրավակիրառը, սույն դեպքում՝ դատարանները, իրենց՝ արդարադատության բարձր առաքելությունը կենսագործելիս համանման իրավիճակներում իրավանորմերի դատական մեկնաբանումը պետք է իրականացնեն Սահմանադրությանը համահունչ, իսկ սահմանադրական արդարադատություն կարող են հայցել բացառապես այն դեպքում, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրանց սահմանադրականության վերաբերյալ:

Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

14 մայիսի 2024 թվականի

ՍԴԱՈ-86

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-86
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել