Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵՐԵՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԵՐԵՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-921 փետրվարի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 փետրվարի 2020թ. ՍԴԴԿՈ - 9 | ԵՐԵՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 փետրվարի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Գյուլումյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով Երեմ Մարգարյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Երեմ Մարգարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի փետրվարի 3-ին) խնդրելով. «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը և 6-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Դիմողը պնդում է, որ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված իրավական նորմն ակնհայտորեն հակասում է Սահմանադրության 31 և 33-րդ հոդվածներին, քանի որ նորմի կիրառումը հնարավորություն է ընձեռում միջնորդություն ներկայացրած պետական իրավասու մարմնին, մեկ անձի հեռախոսային խոսակցությունների վերահսկման թույլտվության մասին դատարանի որոշմամբ, առանց դատարանի որոշման վերահսկել այդ անձի հետ հեռախոսային խոսակցություններ ունեցող բազմաթիվ անորոշ շրջանակի անձանց հեռախոսային խոսակցությունները: Ըստ դիմողի նշված վիճարկվող նորմի և Սահմանադրության միջև առկա է հակասություն, որը բացի անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտումից կարող է հանգեցնել նաև միջնորդություն ներկայացրած պետական իրավասու մարմնի կամայականությանը առանց դատարանի որոշման հնարավորություն ընձեռելով նրան վերահսկել բազմաթիվ այլ անձանց խոսակցություններ: Դիմողի համոզմամբ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի իրավական նորմը ակնհայտորեն հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված յուրաքանչյուրի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին ծանոթանալու իրավունքին, իսկ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը նման իրավունք վերապահում է միայն մեղադրյալին կամ կասկածյալին: Դիմողը նշում է, որ մեկ այլ անձի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված հետախուզական միջոցառման ընթացքում վերահսկվել են նաև իր որպես գաղտնալսվող անձի զրուցակցի հեռախոսային խոսակցությունները, որոնց ընթացքում ինքը որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել, սակայն նշված հեռախոսային խոսակցությունները հիմք են հանդիսացել իրեն մեղադրանք առաջադրելու համար: Դիմողը պնդում է, որ մեղադրանք չառաջադրվելու դեպքում որևէ դատավարական կարգավիճակ չունենալով ըստ վիճարկվող օրենքի իրավունք չէր կարող ունենալ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջել հեռախոսային խոսակցությունների տվյալները:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրու-թյունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանա-դրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործը կարող է ընդունվել քննության մասամբ հետևյալ պատճառաբանությամբ. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողն իր իրավունքների ենթադրյալ խախտման պատճառներ է համարում այն, որ, ի խախտումն «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների, նախ առանց դատարանի որոշման վերահսկել են իր հեռախոսային խոսակցությունները, և վերջիններս համարվել են թույլատրելի ապացույց, և երկրորդ դատավարական որևէ կարգավիճակ չունեցող անձ իրավունք չունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջել իր հեռախոսային խոսակցությունների տվյալները: Դիմողի կողմից վիճարկվող «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու օրենսդրական խոչընդոտներ առկա չեն, այն է. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և պահպանել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը: «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ գործի քննությունն այդ մասով պետք է մերժել, քանի որ. նախ նշված իրավադրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել, մինչդեռ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անհատական դիմումով գործը կարող է ընդունվել քննության միայն այն դեպքում, եթե վիճարկվող նորմը դիմողի նկատմամբ կիրառվել է: Երկրորդ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժում է, եթե դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն: Դիմողի կողմից վիճարկվող «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ մեկ այլ գործ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննության է ընդունել և գործի դատաքննությունը նշանակված է 2020թ. ապրիլի 14-ին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Երեմ Մարգարյանի դիմումի հիման վրա «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Երեմ Մարգարյանի անհատական դիմումով գործի քննությունը` «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի մասով, մերժել:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

21 փետրվարի 2020 թվականի

ՍԴԴԿՈ- 9

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 փետրվարի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-9
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել