«ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԻԼԻՈՊՈԼԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` 01.07.1998 Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 12.01.1999 Թ. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-109)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 հուլիսի 2025թ. ՍԴԱՈ - 109 | «ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԻԼԻՈՊՈԼԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` 01.07.1998 Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 12.01.1999 Թ. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԻԼԻՈՊՈԼԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` 01.07.1998 Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 12.01.1999 Թ. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Կոնստանտին Իլիոպոլի դիմումի հիման վրա՝ 01.07.1998 թ. ընդունված և 12.01.1999 թ. ուժի մեջ մտած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը,ՊԱՐԶԵՑ.
1. Կոնստանտին Իլիոպոլի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Գուրգեն Ներսիսյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի ապրիլի 11-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում խնդրել է. «Որոշել 01.07.1998թ. ընդունված և 12.01.1999թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 63-րդ, 163-րդ և 172-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Գործի դատավարական նախապատմությունը
Գլխավոր դատախազը, ուսումնասիրելով Կոնստանտին Իլիոպոլի (այսուհետ նաև՝ Դիմող) նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետության (այսուհետ նաև՝ ԳԴՀ) իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը, 2024 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ մասնակի բավարարել է այն՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«ԳԴՀ իրավասու դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ նկարագրված՝ Կ. Իլիոպոլին մեղսագրվող առաջին արարքը քրեորեն հետապնդելի է նաև ՀՀ քրեական օրենսգրքով:
(…) արարքի համար ազատազրկման ձևով նախատեսված պատժաչափը գերազանցում է մեկ տարին:
Նշված արարքի համար ԳԴՀ և ՀՀ օրենսդրությամբ Կ. Իլիոպոլին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները չեն անցել:
Այսպիսով, այս մասով Կ. Իլիոպոլի հանձնումը մերժելու համար միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքեր չկան»:
Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), հանձնման ենթակա անձ Կոնստանտին Իլիոպոլի պաշտպան Գ. Ներսիսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական վերանայման ենթարկելով «Հանձնման թույլտվության վերաբերյալ» Գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը, 2025 թվականի փետրվարի 3-ին որոշել է ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել՝ անփոփոխ թողնելով Գլխավոր դատախազի որոշումը:
Վճռաբեկ դատարանը, քննության առնելով Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 3-ի որոշման դեմ Դիմողի պաշտպան Գ. Ներսիսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, 2025 թվականի մարտի 11-ին որոշել է ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
Կոնստանտին Իլիոպոլը 2025 թվականի ապրիլի 11-ին Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմում՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 479-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ խնդրանքով:
3. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի՝ հանձնման թույլտվության վերաբերյալ Գլխավոր դատախազի որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկելիությունը սահմանող 479-րդ հոդվածի 3-րդ մասը խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից, քանի որ տվյալ դրույթով Վերաքննիչ դատարանին վերապահված՝ հանձնման թույլտվության վերաբերյալ Գլխավոր դատախազի որոշումը վերանայելու լիազորությունը չի բխում Սահմանադրության 172-րդ հոդվածի բովանդակությունից, որի համաձայն՝ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:
Դիմողն ընդգծում է, որ հիշյալ կարգավորմամբ անձը զրկվում է առաջին ատյանի դատարանում Գլխավոր դատախազի համապատասխան որոշումը վիճարկելու հնարավորությունից, ինչով սահմանափակվում են նրա՝ ապացույցներ ներկայացնելու և լսված լինելու իրավունքները: Ավելին, հանձնման թույլտվության վերաբերյալ Գլխավոր դատախազի որոշման՝ անմիջապես վերաքննության կարգով բողոքարկելիությունը հանգեցնում է անձի՝ լսված լինելու իրավունքի խախտման, այդ թվում նաև՝ այն պատճառով, որ Գլխավոր դատախազի կողմից խնդրո առարկա որոշման ընդունման գործընթացն ընթանում է առանց անձի մասնակցության:
Դիմողը, բացի դրանից, նշում է, որ վիճարկվող դրույթով հանձնման ենթակա անձի համար քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված իրավակարգավորումներով ստեղծված են անհավասար պայմաններ՝ առ այն, որ եթե հանձնման ենթակա անձի քրեական գործը գտնվում է մինչդատական վարույթում, ապա հանձնման հարցը քննարկվում է Գլխավոր դատախազի կողմից՝ առանց այդ անձի և նրա պաշտպանի մասնակցության, և անձը զրկված է լինում այդ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելու իրավունքից ու հնարավորությունից և միայն կարող է բողոքարկել այն անմիջապես Վերաքննիչ դատարանում, իսկ դատական քննության փուլում գտնվող գործով հանձնման հարցը քննարկում է նախ առաջին ատյանի դատարանը, ապա հնարավորություն է ընձեռնվում դատական ակտը բողոքարկելու Վերաքննիչ դատարանում՝ այդ գործընթացներին հանձնման ենթակա անձի պարտադիր մասնակցությամբ:
Դիմողը գտնում է, որ «[h]անձնման վերաբերյալ Գլխավոր դատախազի որոշումը միանգամից վերաքննիչ դատարանում բողոքարկելու պարագայում ստացվում է այնպես, որ Գլխավոր դատախազը վեր է ածվում առաջին ատյանի դատարանի, իսկ Գլխավոր դատախազի կողմից որոշում կայացնելու գործընթացը հավասարեցվում է առաջին ատյանի դատարանում դատաքննության՝ առանց դատարանին հատուկ և բնորոշ երաշխիքների:
Նման պարագայում Վերաքննիչ դատարանը վերանայում է մի արտադատական որոշում, որի կայացումը տեղի է ունեցել դատական երաշխիքների բացակայության պայմաններում, մինչդեռ վերաքննիչ դատարանի լիազորությունների մեջ է մտնում նաև վերաքննություն իրականացնելիս բողոքարկվող ակտի կայացման ընթացքում դատական երաշխիքների պահպանվածության ստուգումը»:
Դիմողը Սահմանադրական դատարանի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին ուժի մեջ մտած՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է, որ հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին իրավասու մարմինների (Գլխավոր դատախազի և Արդարադատության նախարարի) որոշումների վերանայման բողոք կարող է բերվել որոշումը կայացրած մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, Վերաքննիչ դատարան՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, իսկ Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ դատարանի որոշումն ստանալուց հետո՝ 5 հինգ օրվա ընթացքում:
Դիմողն արձանագրում է, որ օրենսդրի քաղաքականության նման փոփոխության պայմաններում ամբողջությամբ բացառվել են նախկին քրեադատավարական օրենսդրության պայմաններում առաջացող խնդիրները:
Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը խնդրում է. «Որոշել 01.07.1998թ. ընդունված և 12.01.1999թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 63-րդ, 163-րդ և 172-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
4. Պատասխանողի դիրքորոշումները
Պատասխանողը նշում է, որ Վերաքննիչ դատարանը 2025 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ մերժել է պաշտպանի վերաքննիչ բողոքը, իսկ «Հանձնման թույլտվության վերաբերյալ» Գլխավոր դատախազի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը թողել է անփոփոխ՝ եզրահանգելով, որ Կոնստանտին Իլիոպոլին ԳԴՀ իրավասու մարմիններին հանձնելը խոչընդոտող հիմքեր առկա չեն, իսկ վերաքննիչ բողոքով ներկայացված փաստարկները բավարար չեն վերջինիս հանձնման թույլտվության վերաբերյալ Գլխավոր դատախազի իրավաչափ որոշումը վերանայելու համար:
Անդրադառնալով Դիմողի այն պնդմանը, որ Գլխավոր դատախազի որոշումն անմիջապես Վերաքննիչ դատարան բողոքարկելը հանգեցնում է Կոնստանտին Իլիոպոլի՝ լսված լինելու իրավունքի խախտմանը, Պատասխանողը նշում է, որ թեև առաջին ատյանի դատարաններում տրվում են «առաջին» իրավաբանական գնահատականները, սակայն ՀՀ օրենսդրության մեջ, մասնավորապես, Օրենսգրքի 479-րդ հոդվածում առկա կարգավորման համաձայն՝ պետական մարմնի, տվյալ պարագայում՝ Գլխավոր դատախազի կողմից կայացվող որոշումը կարող էր բողոքարկվել Վերաքննիչ դատարանում: Այսինքն, ըստ Պատասխանողի՝ «օրենքը երբեմն հարցի արդյունավետ և արագ լուծման նպատակով նախատեսում է հնարավորություն ոչ թե պարտադիր դատական բոլոր ատյաններում բողոքարկման իրականացում, այլ՝ ուղղակիորեն վերաքննիչ դատարանում բողոքարկման իրականացում»:
Պատասխանողը նշում է նաև, որ «Miller v. Sweden» գործով (2005) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) հաստատել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքը չի խախտվում, եթե երկրորդ ատյանի դատարանը լիարժեք վերականգնում է անձի լսված լինելու հնարավորությունը՝ նույնիսկ առանց բանավոր լսումների»: Պատասխանողը գտնում է, որ այդպիսով, «Եվրոպական դատարանի նախադեպերով հաստատված է, որ «լսված լինելու իրավունքը» կարելի է ապահովել, նույնիսկ, եթե գործը քննվում է ոչ առաջին ատյանում»:
Պատասխանողը միաժամանակ նշում է, որ Օրենսգրքի 479-րդ հոդվածի համաձայն՝ որոշումը Գլխավոր դատախազի կողմից կայացվելու դեպքում, այն պետք է բողոքարկվի համապատասխան դատարանում, որը հետագայում լինելու է վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը: Հետևաբար՝ որոշման բողոքարկումը պետք է տեղի ունենա ոչ միայն իրավունքի, այլ նաև գործի ընթացքի և դատարանների իրավասության տեսանկյունից: Ուստի՝ այդ իմաստով Վերաքննիչ դատարան բողոքը ներկայացնելու իրավունքն ինքնին չի կարող խնդիր հանդիսանալ արդար դատաքննության խախտման հարցում: Նպատակը ոչ թե առաջին ատյանի դատարանի միջոցով դատական քննություն անցկացնելն է, այլ այն, որ համապատասխան մարմինները կատարեն իրենց գործառույթները՝ հստակ սահմանված կարգով:
Պատասխանողը գտնում է. «Գլխավոր դատախազի որոշումները սովորաբար կապված են հատուկ քրեական կամ դատավարական ընթացակարգերի հետ (օրինակ՝ կալանքին կամ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ): Այդ որոշումների երկար քննությունը առաջին ատյանով ու հետագա բողոքարկմամբ կարող է անարդյունավետ և ժամանակավրեպ դարձնել իրավական պաշտպանության համակարգը: Հետևաբար, վիճարկվող նորմով ապահովվում է անձի լսված լինելու իրավունքի իրացումը՝ այլ ձևաչափով, բայց ոչ պակաս արդյունավետ»:
Վերոգրյալի հիման վրա, Պատասխանողը եզրակացնում է, որ Գլխավոր դատախազի որոշումներն անմիջապես Վերաքննիչ դատարան բողոքարկման համակարգը չի զրկում անձին իր արդար դատաքննության իրավունքից, այլ ապահովում է ավելի արագ, նպատակային և արդյունավետ իրավունքների պաշտպանություն:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումն ու կից փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է, և սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նշված նորմի հիման վրա Սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն պահանջները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը մարդու կարևորագույն իրավունքներից մեկն է, որի ոչ իրավաչափ կարգավորումները կարող են խոչընդոտել մյուս բոլոր իրավունքների արդյունավետ իրականացմանը, քանի որ իրավունքների պաշտպանության ապահովումը և խախտված իրավունքների վերականգնումը կատարվում են արդար դատաքննության իրավունքի իրացման շրջանակներում:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և տվյալ հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Վերը նշված չափորոշիչները սույն գործի փաստական հանգամանքների հետ համադրելով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը չի զրկվել, ինչպես ինքն է պնդում, Գլխավոր դատախազի՝ խնդրո առարկա որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելու իրավունքից ու հնարավորությունից՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վերաքննիչ դատարանի՝ թեկուզ և Գլխավոր դատախազի նշած որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումն առաջին անգամ անմիջապես Վերաքննիչ դատարանի կողմից իրականացվելու պարագայում, վերջինիս՝ փաստի և իրավունքի հարցերով իբրև դատարան ունեցած լիազորվածության շրջանակն ապահովում է այն դատավարական իրավունքների արդյունավետ իրացման ողջամիտ հեռանկարը, որոնք կարող են սահմանափակվել Գլխավոր դատախազի որոշմամբ։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից իր համապատասխան լիազորությունների իրացմամբ նշված հեռանկարը չապահովվելու մտահոգություններին, ապա դրանք լիովին կարող են փարատվել Վերաքննիչ դատարանի որոշումները բողոքարկելու և Վճռաբեկ դատարանի կողմից՝ դրանց օրինականության ստուգման ուղղությամբ սեփական լիազորությունների իրացման շրջանակներում։
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ խնդրո առարկա՝ հանձնման հարցերով վարույթի՝ օրենսդրի կողմից՝ քրեական դատավարության այլ վարույթների համեմատ, հատուկ կարգավորումներ նախատեսելով, ամրագրվել են, ըստ էության, այդ ընդհանուր, այդ թվում՝ բողոքարկման կարգավորումներից շեղվող կարգավորումներ, որոնք կարելի է համարել որպես դատավարության մասնավոր մասնակիցների իրավունքների որոշակի սահմանափակում։
Այնուամենայնիվ, արձանագրելով սույն գործով խնդրո առարկա այն է՝ հանձնման հետ կապված հարցերի լուծման հրատապության և օպերատիվության կարևորությունը՝ իբրև նշված սահմանափակման լեգիտիմ (իրավագո) նպատակներ, Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դրանք հետապնդելու ուղղությամբ օրենսդրի կարգավորումները՝ հաշվի առնելով նաև Վերաքննիչ դատարանի լիազորությունների ծավալը և վերջինիս որոշումը Վճռաբեկ դատարանում հետագա դատական ստուգման ենթարկելու հնարավորությունը, եղել է համաչափ և անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում։
Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված այն փաստին, որ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին ուժի մեջ մտած՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է, որ հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին իրավասու մարմինների (Գլխավոր դատախազի և Արդարադատության նախարարի) որոշումների վերանայման բողոք կարող է բերվել որոշումը կայացրած մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, Վերաքննիչ դատարան՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, իսկ Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ դատարանի որոշումն ստանալուց հետո՝ 5 հինգ օրվա ընթացքում, և այն փաստարկին, որ նշվածը վկայում է, որ օրենսդրի քաղաքականության նման փոփոխության պայմաններում ամբողջությամբ բացառվել են նախկին քրեադատավարական օրենսդրության պայմաններում առաջացող խնդիրները, ապա Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ կիրառման ենթակա օրենքների, մասնավորապես՝ Օրենսգրքի հնարավոր կոլիզիաների լուծումը, եթե դրանք չեն հասնում առերևույթ հակասահմանադրական հակասության աստիճանի, ընդհանուր իրավասության դատարանների, իսկ վերջնարդյունքում՝ Վճռաբեկ դատարանի խնդիրն է, որը, Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նաև ընդգծել, որ չնայած այն հանգամանքին, որ դատական իշխանությունն իրացվում է արդարադատությունից բացի, նաև դատական վերահսկողության իրականացման միջոցով, որի արտահայտություններից է նաև վիճարկվող դրույթի կիրառումը դատական վերահսկողության՝ սույն գործով խնդրո առարկա յուրահատուկ ինստիտուտի կարգավորման տիրույթում, դատական վերահսկողական ձևերում ու ընթացակարգերում պարտադիր չէ, որ գործեն բուն արդարադատության համար սահմանված բոլոր պահանջներն ու պայմանները: Դրանց մեծ մասն օրենսդիր իշխանության հայեցողության տիրույթում գտնվող հարաբերություններ են և կարող են ունենալ խնդիրների լուծման օպերատիվությունն ապահովող՝ ընդհանուրից տարբերվող, սակայն սահմանադրականության խնդիր չառաջացնող իրավական լուծումներ:
Բացի դրանից, կարևորելով օրենսդրի կամքի փոփոխությունները բացահայտելու կարևորությունը՝ կիրառելի իրավական նորմերը որոշելիս՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ի հակառակ Դիմողի պնդումների՝ օրենսդիրը որդեգրել է քրեական վարույթին առնչվող հարցերը բացառապես Քրեական դատավարության օրենսգրքով կարգավորելու քաղաքականությունը։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքի 1-ին՝ «Քրեական վարույթը կարգավորող օրենսդրությունը» վերտառությամբ 1-ին հոդվածը, որը 11.04.24 ՀՕ-190-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 1-ից, նախատեսում է հետևյալը՝
«1. Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթը կարգավորվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և սույն օրենսգրքով»:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում վիճարկվող դրույթի և Դիմողի իրավունքների հնարավոր խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապը բացակայում է, ուստի՝ դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը սույն գործի վարույթը կարճելու հիմք է։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Կոնստանտին Իլիոպոլի դիմումի հիման վրա՝ 01.07.1998 թ. ընդունված և 12.01.1999 թ. ուժի մեջ մտած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
8 հուլիսի 2025 թվականի
ՍԴԱՈ-109
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-109
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
