Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄՀԵՐ ԱՊԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄՀԵՐ ԱՊԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-169 ապրիլի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 ապրիլի 2019թ. ՍԴԴԿՈ - 16 | ՄՀԵՐ ԱՊԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 9 ապրիլի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Մհեր Ապերյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Մհեր Ապերյանը 2019 թվականի մարտի 21-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «…. ՀՀ Ազգային ժողովի կողմից 12.07.2018թ. ընդունված «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՕ 371-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող նորմատիվ իրավական ակտ և ամբողջությամբ անվավեր ճանաչել ընդունման պահից»: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած անհատական դիմումում խնդրել է նաև մեկնաբանել «ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված իրավակարգավորման իրավակիրառ ընթացակարգը հետագայում վարչական դատարանի կողմից միատեսակ կիրառությունն ապահովելու համար»: Դիմողը միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ, սակայն դիմումում առկա է 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիրը: Դիմողը գտնում է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և ՀՀ Նախագահի կողմից վավերացված օրենքն ընդունման պահից հակասում է ՀՀ Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածների պահանջներին և ենթակա է ամբողջությամբ այդ պահից անվավեր ճանաչելու»: Դիմողի կարծիքով վիճարկվող օրենքի 2-րդ հոդվածը օրենքի կարգավորման տիրույթում գտնվող անձանցից անդրադարձել է միայն նրանց, ովքեր օրենքն ուժի մեջ մտնելու պահին նշանակված վարչական տույժը կամ դրա մի մասը չեն մուծել, ինչպես նաև դրանց հետ կապված մյուս գումարները մուծելու պարտականությունից խուսափել են, իսկ վարչական տույժի գումարն արդեն մուծած և իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարած անձանց վրա օրենքի պահանջը չի տարածվել: Դիմողը գտնում է, որ օրենքի ընդունմամբ անհավասար պայմաններ են ստեղծվել դիմողի և իր նման հազարավոր օրինապաշտ քաղաքացիների համար, որոնք իրենց պարտքն են համարել օրենքի պահանջը կատարել ճիշտ և ժամանակին, վարքագծի որևէ կանոն չեն խախտել, «իսկ սույն օրենքի ընդունմամբ սոցիալական վիճակի բարելավման պատրվակով, գույքային և այլ դրությունից ելնելու սին պատճառաբանությամբ օրինախախտ քաղաքացիները ազատվել են իրենց պարտականությունների կատարումից, որով խախտվել է նաև ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի պահանջը»: Դիմողը մատնանշում է, որ 2018 թվականի հուլիսի 18-ին դիմել է Հայաստանի Հանրապետության Նախագահին խնդրելով օրենքը չստորագրել և չհրապարակել, քանի որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Միաժամանակ, ՀՀ Նախագահին առաջարկել է օրենքի առջև հավասարության սկզբունքը պահպանելու համար օրենքը վերաձևակերպել և վարչական պատասխանատվությամբ սահմանված հիմնական գումարը պահպանել որպես վճարման ենթակա, իսկ օրենքի ընդունմամբ ներել տույժերը, որոնք ավելացվել են ժամկետանց լինելու պատճառով, ինչպես նաև ներել կատարողական գործողությունների ծախսերը: Դիմողը գտնում է. «ՀՀ Կառավարությունը, ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ Նախագահը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի…. 21.2 հոդվածով լիազորված են վարչական իրավախախտում կատարած անձին ազատել վարչական պատասխանատվությունից, կամ վարչական տույժի ենթարկված անձին ազատել վարչական տույժից, սակայն օրենքում համապատասխան ձևակերպում չի տրվել, այսինքն օրենքի առաջին հոդվածի համաձայն օրենքով կարգավորվող իրավահարաբերությունը տարածվում է վարչական իրավախախտում կատարած անձանց վրա, ինչի հետևանքով օրենսգրքի 21.2 հոդվածի համաձայն պետք է անձն ազատվեր վարչական պատասխանատվությունից, սակայն օրենքի 2-րդ հոդվածը վարչական իրավախախտում կատարած անձանց ազատում է գումարի մուծումից կամ մնացած ու չմուծված գումարից, այսինքն իրավախախտում կատարած անձն օրենքով չի ազատվել վարչական պատասխանատվությունից, ոչ էլ ազատվել է տույժից, այլ ուղղակի ազատվել է չմուծված գումարից կամ մուծված գումարի մնացորդ մասից, որով վերը նշված պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք անցել են օրենքով իրենց վերապահված լիազորությունները և ընդունել են օրենսգրքի պահանջներին հակասող նորմատիվ բնույթի իրավական ակտ դրանով իսկ խախտելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը….»: Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտը դիմողի նկատմամբ չի կիրառվել: Վարչական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ արձանագրվել է. «….Դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ քննության «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասում նշված դատարաններում: Նկատի ունենալով, որ հայցադիմումով ներկայացված պահանջը վերաբերում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» թիվ ՀՕ-371-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և ընդունման պահից անվավեր ճանաչելուն Դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի իմաստով հայցադիմումը ենթակա չէ քննության Հայաստանի Հանրապետությունում գործող վերոնշյալ դատարաններում, քանի որ այդ դատարաններն իրավասու չեն որոշելու օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը, այլ այդ իրավասությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետով, վերապահված է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին»: Վերաքննիչ վարչական դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշմամբ արձանագրվել է. «….նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը կարող է գնահատման առարկա դառնալ ՀՀ վարչական դատարանում, սակայն պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ խոսքը վերաբերվում է այն դեպքերին, երբ վեճի առարկա է դառնում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերին (բացի Սահմանադրությունից)։ Մինչդեռ, տվյալ դեպքում, հիմք ընդունելով այն փաստը, որ հայցադիմումով ներկայացված պահանջը վերաբերում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» թիվ ՀՕ-371-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և ընդունման պահից անվավեր ճանաչելուն` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն հայցադիմումը ենթակա չէ քննության Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում, քանի որ նշված դատարանն իրավասու չէ որոշել օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը, այլ այդ իրավասությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածով վերապահված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանին»: Նշյալ դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտը չի կիրառվել նրա նկատմամբ: 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես,

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցնում է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ելնելով վերոնշյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Մհեր Ապերյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

9 ապրիլի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-16

Նախագահող

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 ապրիլի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-16
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել