ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 հունվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 5 | ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 19 հունվարի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով Վարդան Հարությունյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Վարդան Հարությունյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Զորայր Հարությունյան և Միքայել Շխիմյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունվարի 7-ին, որով Դիմողը խնդրել է.
«(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (1998 թվականին ընդունված) 284-րդ հոդվածի 3-րդ մասը և դրա հետ փոխկապակցված նույն օրենսգրքի 288-289-րդ հոդվածները, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և/կամ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՕՀՄ-15.05.2018 գործի դատավարական նախապատմությունը, Սահմանադրական դատարանի առջև բարձրացրել է հետևյալ իրավական հարցադրումները.
«ա. արդյո՞ք ՕՀ միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդության հետ միասին առաջին ատյանի դատարանին տրամադրած նյութերի չպահպանումը դատական գործի մեջ, կարող է գնահատվել իբրև համապատասխանող՝ մրցակցային դատավարության և վերաքննության կարգով որոշման բողոքարկման իրավունքի, ինչպես նաև վերաքննության ինստիտուտի էության հետ:
բ. ՕՀ միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն ներկայացրած մարմնի կողմից որևէ նյութի տրամադրումը վերաքննության ընթացքում, ի հիմնավորումն առաջին ատյանի դատարանում միջնորդությանը կից նյութեր ներկայացված լինելու, կարող է արդյո՞ք համապատասխանող համարվել վերաքննության էության հետ. այդ վերաքննությունը դարձնելով պաշտպանության արդյունավետ միջոց:
գ. արդյո՞ք ՕՀ միջոցառումներ անցկացված լինելու մասին զեկուցագիրը (կամ տեղեկանքի, կամ որևէ այլ վերտառությամբ փաստաթղթի) բավարար է միջնորդության ամբողջական քննության իրականացման համար, հաշվի առնելով շահագրգիռ անձի կողմից հետագա փուլերում ՕՀ միջոցառում իրականացնելու մասին դատական ակտի վիճարկման հնարավորությունը (վիճարկման վարույթի նկատմամբ արդար դատաքննության ու արդյունավետ պաշտպանության իրավունքների կիրառելիությունը)»:
Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթներին վերաքննիչ քրեական դատարանի կողմից տրված և Վճռաբեկ դատարանի կողմից ընդունելի համարված մեկնաբանության արդյունքում վիճարկված դատական ակտի ստուգումն իրականացվել է առանց դատական գործում համապատասխան միջնորդությունը հիմնավորող նյութի (նյութերի) առկայության, որպիսի պայմաններում բավարար է համարվել դատական նիստի ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն ներկայացրած նույն մարմնի աշխատակիցների կողմից կազմված և դատարանին տրամադրված զեկուցագիրը՝ առանց դրանում շարադրված հանգամանքները հաստատող փաստաթղթերի:
Ըստ Դիմողի՝ վերաքննիչ քրեական դատարանը, ըստ էության, հրաժարվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից պահանջել վերոնշյալ զեկուցագրում նկարագրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արձանագրությունները, որոնց առկայությունը կարող էր հաստատել կամ հերքել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի պնդումներն օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման անհրաժեշտության, համաչափության և միակ միջոց հանդիսանալու վերաբերյալ:
Դիմողը եզրահանգում է, որ թիվ ՕՀՄ-15.05.2018 գործով 1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի և դրա հետ փոխկապակցված 288 և 289-րդ հոդվածների, ինչպես նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառման արդյունքում ակնհայտ անհամաչափ ներգործության են ենթարկվել Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված իր արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներն այնքանով, որքանով ինքը` որպես շահագրգիռ անձ, հնարավորություն չի ունեցել մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետորեն վիճարկել իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով 1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի, 288 և 289-րդ հոդվածների, ինչպես նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է հիշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այսպես` Դիմողը, մասնավորապես, նշում է. «(...) վերաքննիչ դատարանի կողմից տրված ու վճռաբեկ դատարանի կողմից ընդունելի համարված մեկնաբանության արդյունքում վիճարկված դատական ակտի ստուգումն իրականացվել է առանց դատական գործում համապատասխան միջնորդությունը հիմնավորող նյութի (նյութերի) առկայության, որպիսի պայմաններում բավարար է համարվել դատական նիստի ընթացքում ՕՀ միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն ներկայացրած նույն մարմնի աշխատակիցների կողմից կազմված ու դատարանին տրամադրված զեկուցագիրը, առանց դրանում շարադրված հանգամանքները հաստատող փաստաթղթերի»:
Դիմողը նաև նշել է. «Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հրաժարվել է ՕՀ գործունեություն իրականացնող մարմնից պահանջել հիշյալ զեկուցագրում նկարագրված ՕՀ միջոցառումների արձանագրությունները, որոնց առկայությունը կարող էր հաստատել կամ հերքել ՕՀ գործունեություն իրականացնող մարմնի պնդումները ՕՀ միջոցառման անցկացման անհրաժեշտության, համաչափության և միակ միջոց հանդիսանալու վերաբերյալ: Այս առումով հատկանշական է, որ պաշտպանության կողմը որևէ կերպ չէր կարող ձեռք բերել ու դատական ատյաններին տրամադրել քննարկվող փաստաթղթերը, քանի որ դրանք երբևէ հասանելի չեն դարձվել պաշտպանության կողմին, ինչով պայմանավորված դրանց իրականում ձեռնարկված լինելու հանգամանքը կարող է ողջամտորեն առաջացնել կասկածներ»:
Հաշվի առնելով Դիմողի վերոնշյալ, ինչպես նաև սույն անհատական դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՕՀՄ-15.05.2018 գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթների՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների կայացրած ակտերի/գործողությունների իրավաչափությանը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի (թիվ ՕՀՄ-15.05.2018 գործով) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Վարդան Հարությունյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
19 հունվարի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 հունվարի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
