Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-12512 հուլիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-125)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 հուլիսի 2022թ. ՍԴԱՈ - 125 | «ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Ռուբեն Վարդազարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի հունիսի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռուբեն Վարդազարյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «(…) Որոշել ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 1.1-րդ մասի, ինչպես նաև 51-րդ հոդվածի Սահմանադրության 215-րդ և 75-րդ հոդվածներին համապատասխանության հարցը» :

2. Կատարելով մի շարք իրավական հարցադրումներ դիմողը, նախ, անդրադառնում է այն հարցին, թե սահմանադրաիրավական իմաստով ծավալային ինչ տարբերություններ են նախատեսում Սահմանադրության 2005 և 2015 թվականների փոփոխությունների կարգավորումները դատավորի անձեռնմխելիության հարցի առնչությամբ։ Այս կապակցությամբ դիմողը նշում է. «2005 թվականին ընդունված փոփոխություններով ՀՀ Սահմանադրության կարգավորումների համատեքստում Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող էր իրականացվել միայն Դատական իշխանության ինքնիշխանությունը երաշխավորող մարմնի (տվյալ դեպքում Արդարադատության խորհրդի) համաձայնության պայմաններում»։ Միևնույն ժամանակ, ըստ դիմողի Սահմանադրության գործող խմբագրությունն առավել նեղ մեկնաբանություն է տվել դատավորի անձեռնմխելիությանը առանձնացնելով «իր լիազորությունների իրականացման կապակցությամբ» ձևակերպումը։ Այսինքն դիմողի պնդմամբ քրեական հետապնդման հարուցման հարցը որոշելիս առկա է առարկայական հարց արդյո՞ք քրեական հետապնդումը դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ է, թե՞ ոչ։ Դիմողը գտնում է, որ «(…) Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կիրառելի են Սահմանադրության 2005 թվականին ընդունված փոփոխություններով ամրագրված կարգավորումները»։ Դիմողի դիտարկմամբ «(…) Սահմանադրության 213-րդ հոդվածի միակ մեկնաբանությունը, որը հակասություն չի առաջացնում Սահմանադրության 1-ին, 2-րդ և 73-րդ հոդվածների, և անուղղակի կերպով 63-րդ հոդվածի և 164-րդ հոդվածի 1-ին մասի հետ, դա այն է, որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված դատավորները շարունակում են օգտվել 2005 թվականի Սահմանադրության խմբագրությամբ տրված երաշխիքներից, իսկ դրանից հետո նշանակված դատավորների նկատմամբ կիրառելի են արդեն իսկ նոր խմբագրությամբ Սահմանադրության երաշխիքները»։ Անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործին դիմողը (ներկայացուցիչը) նշում է. «(…) Վարդազարյանը պաշտոնավարում է 2008 թվականից սկսած, երբ ուժի մեջ էր Սահմանադրությունը 2005 թվականի խմբագրությամբ։ Հետևաբար վերջինիս տրամադրված երաշխիքների սահմանադրաիրավական-նյութաիրավական ծավալը կանխորոշված է Սահմանադրության այդ խմբագրությամբ առնվազն անձեռնմխելիության սահմանների շրջանակի նեղացման տեսանկյունից»։ Դիմողի եզրահանգմամբ դատավորներին տրամադրված անձեռնմխելիության ծավալից կամայական նահանջները թույլատրելի չեն։ Վերոնշյալին է հանգում նաև Սահմանադրության 215-րդ հոդվածի տրամաբանությունը և սահմանադրական մակարդակով ամրագրված տարբերությունը։ Դիմողը նշում է. «Գործող 2015 թվականին ընդունված փոփոխություններով Սահմանադրությունը նախատեսում է դատավորի անձեռնմխելիության առավել նեղ շրջանակ, որը թեև կարող է և պետք է կիրառվի 2018 թվականի ապրիլի 9-ից հետո դատավոր նշանակված անձանց նկատմամբ, սակայն չի կարող պարտադիր լինել նախքան այդ դատավոր նշանակված անձանց համար։ Հետևաբար այնքանով, որքանով առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերը (…) չեն նախատեսում այդ տարանջատումը, հակասում են Սահմանադրությանը»։ Դիմողի պնդմամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց, քանի որ վիճարկվող հոդվածը չի ամրագրում Սահմանադրության 215-րդ հոդվածով նախատեսված տարանջատումը և տարբերվող մոտեցումը, այդ թվում 2005 թվականին ընդունված փոփոխություններով Սահմանադրության դրույթների կիրառումն առանձնահատուկ դեպքերում։ Ըստ դիմողի այդ բացը հանգեցնում է հակասական իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը և հնարավորություն չի տալիս ապահովել դատավորների իրավունքների իրականացումը առաջացնելով խտրական մոտեցում։ Ընդ որում այդ անհիմն տարբերակումը հաղթահարելու գործիքները, դիմողի կարծիքով, բացակայում են։ Ըստ դիմողի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի անհամապատասխանությունը Սահմանադրությանը և առկա օրենքի բացը հանգեցնում են դիմողի (կամ ընդհանրապես մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված ցանկացած դատավորի) արդար դատաքննության և դատական պաշտպանության հիմնարար իրավունքների խախտման։ Դիմող նշում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և Սահմանադրության միջև առկա հակասության արդյունքում խախտվում է նաև դատավորների դատական պաշտպանության իրավունքը։ Այն դեպքում, երբ դատավորին տրամադրված անձեռնմխելիությունն ամբողջ ծավալով չի գործում, դիմողի համոզմամբ, դատավորին տրվող դատական պաշտպանության իրավունքը դադարում է լինել արդյունավետ։ Այսպես ըստ դիմողի վերոգրյալի հիմնական պատճառն այն է, որ հետագա դատավարական գործընթացները հնարավորություն չեն տալու բովանդակային առումով անդրադառնալ անձեռնմխելիության կառուցակարգի կիրառելիության հարցին։

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքեր, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում, իսկ 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: 3.1. Սահմանադիրը, իբրև հիմնարար արժեք ճանաչելով մարդու սահմանադրական արդարադատության իրավունքը, ուրվագծել է անհատական սահմանադրական գանգատարկման միջոցով մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորմանն ուղղված կառուցակարգերի շրջանակն ու բովանդակությունը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում ամրագրելով դատական սահմանադրական պաշտպանության իրավունքը կյանքի կոչելու սահմանադրաիրավական հիմքերն ու եղանակները: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը հռչակում է, որ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանա-դրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատություն-ների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական արդարադատության առանցքային ուղղություններից է անձի սահմանադրական իրավունքների պաշտպանության համալիրի գործունակության երաշխավորումը, որի շրջանակներում իր ուրույն դերակատարությունն ունի անձի անհատական դիմում ներկայացնելու Սահմանադրությամբ երաշխավորված գործիքը: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերլուծությունից կարելի է մակաբերել, որ անձը, ի թիվս այլնի, սահմանադրական արդարադատության կարող է դիմել բացառապես այն պարագայում, երբ վերջինիս կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի/դրույթների հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման: Վերոգրյալից բխում է սահմանադրաիրավական պահանջն առ այն, որ անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման /սահմանափակման: Վերոհիշյալ սահմանադրաիրավական կարգավորումներն իրենց արտացոլումն են գտել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում։ Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստարկված հանգամանքներ և նյութեր։ Սույն դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրակացնելու, որ վերոթվարկյալ պահանջները դիմումում պահպանված չեն։ Մասնավորապես, դիմողը նշում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածը չի ամրագրում Սահմանադրության 215-րդ հոդվածով նախատեսված տարանջատումը և տարբերակող մոտեցումը, հետևաբար տվյալ դեպքում սահմանադրական համապատասխան երաշխիքի իրացումը կյանքի կոչելուն ուղղված վիճարկվող իրավանորմում առկա է այնպիսի բաց, որը հանգեցնում է հակասական իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը և հնարավորություն չի տալիս ապահովել դատավորների իրավունքների իրացումը հանգեցնելով նաև դատավորների նկատմամբ խտրական մոտեցման: Ըստ դիմողի վիճարկվող նորմում առկա օրենսդրական բացը բերում է դիմողի արդար դատաքննության և դատական պաշտպանության հիմնարար իրավունքների խախտման. «(…) Սահմանադրության 213-րդ հոդվածի միակ մեկնաբանությունը, որը հակասություն չի առաջացնում Սահմանադրության 1-ին, 2-րդ և 73-րդ հոդվածների, և անուղղակի կերպով 63-րդ հոդվածի և 164-րդ հոդվածի 1-ին մասի հետ, դա այն է, որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված դատավորները շարունակում են օգտվել 2005 թվականի Սահմանադրության խմբագրությամբ տրված երաշխիքներից, իսկ դրանից հետո նշանակված դատավորների նկատմամբ կիրառելի են արդեն իսկ նոր խմբագրությամբ Սահմանադրության երաշխիքները»։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումի շրջանակներում դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերում են գործող փոփոխություններով Սահմանադրության 215-րդ հոդվածի մեկնաբանությանը նշելով, որ առկա իրավակարգավորումների պայմաններում անուղղակիորեն խախտվում են դիմողի Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները: Միաժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ներկայացվող հիմնավորվածության պահանջը, համաձայն որի, ի թիվս այլնի, դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի առանց ներկայացնելու պատճառահետևանքային կապը վիճարկվող օրինադրույթների և ենթադրյալ խախտման փաստի միջև բավարար հիմնավորումներ։ Ուստի այն հանգամանքով պայմանավորված, որ վերոնշյալ պահանջները սույն դիմումում պահպանված չեն, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, սույն դիմումը վերոնշյալ հիմնավորումներով ակնհայտ անհիմն է: 3.2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով վիճարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի սահմանադրականությունը, որով կարգավորվում են դատավորի անձեռնմխելիության հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, սույն հոդվածով նախատեսվում են արդարադատության և որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար պատասխանատվության, բացառությամբ հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշների առկայության դեպքերի, բացառման սկզբունքը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կարգը, դատավորին իր լիազորությունների կապակցությամբ ազատությունից զրկելու կարգը։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» վերոնշյալ կարգավորումը բխում է Սահմանադրության 164-րդ հոդվածից և մանրամասնում է Սահմանադրության վերոնշյալ նորմով դատավորի կարգավիճակի հետ կապված որոշակի հարցեր։ Մասնավորապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասով է սահմանվում, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը: Սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված են դատավորի կարգավիճակի վերաբերյալ հիմնարար դրույթները, որի 4-րդ մասի համաձայն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Վերոնշյալ սահմանադրական կարգավորումից բխում է, որ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար պահանջվում է Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը։ Այս պահանջը դատավորի կարգավիճակի և վերջինիս անձեռնմխելիության ապահովման կարևոր պայման է։ Ընդ որում, այդ համաձայնությունը պահանջվում է, եթե դատավորի նկատմամբ հարուցվող քրեական հետապնդումը վերջինիս լիազորությունների իրականացման կապակցությամբ է։ Վերոնշյալից բխում է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության անհրաժեշտության պահանջը, և այն հարցը, թե դատավորի նկատմամբ ցանկացած գործով քրեական հետապնդում հարուցելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը պահանջվում է, թե ոչ, կարգավորված են հենց Սահմանադրության 164-րդ հոդվածով, մասնավորապես հիշյալ հոդվածի 4-րդ մասով, իսկ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածը նախատեսում է համապատասխան կարգավորումները ելնելով Սահմանադրության 164-րդ հոդվածի կարգավորումներից։ Բացի դրանից, Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն դիմումով դիմողի կողմից քննարկվում է այն հարցը, թե սահմանադրաիրավական իմաստով ի՞նչ ծավալային տարբերություններ են նախատեսում Սահմանադրության 2005 և 2015 թվականի փոփոխությունների կարգավորումները դատավորի անձեռնմխելիության հարցի շուրջ, և դատավորին տրամադրվող երաշխիքների ո՞ր ծավալն է կիրառելի նախքան 2018 թվականի ապրիլի 9-ը դատավոր նշանակված դատավորների նկատմամբ քրեական հետապնդման շրջանակներում: Դիմողը եզրահանգում է, որ Ռուբեն Վարդազարյանն առնվազն օգտվում է Սահմանադրության 2005 թվականի փոփոխություններով նախատեսված ընթացակարգային անձեռնմխելիության երաշխիքներից: Եվ, ըստ դիմողի, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 215-րդ հոդվածի ցանկացած այնպիսի մեկնաբանություն, որը ենթադրում է գործող դատավորներին տրամադրված երաշ-խիքների նվազեցում, չի բխում Սահմանադրությունից և առնվազն հակասում է Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածներին: Սակայն 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 215-րդ հոդվածի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ այն կարգավորում է դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների միայն պաշտոնավարման հետ կապված հարցերը նախատեսելով, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Այսինքն վերոնշյալ նորմը կարգավորում է միայն մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորների պաշտոնավարման ժամկետի հետ կապված հարցերը, իսկ դատավորների անձեռնմխելիության հետ կապված հարցերը կարգավորվում են Սահմանադրության 164-րդ հոդվածով, որոնցով նախատեսված դրույթների արտացոլումն էլ հենց տեղ է գտել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանա-դրական օրենքի 51-րդ հոդվածում: Վերոնշյալից բխում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները, ըստ որի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածը հնարավորություն չի տալիս գործնականում կյանքի կոչել Սահմանադրության 215-րդ հոդվածում ամրագրված կարգավորումը, անհիմն է, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման այն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով և 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ռուբեն Վարդազարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի Սահմանադրու-թյանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

12 հուլիսի 2022 թվականի

ՍԴԱՈ-125

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հուլիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-125
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել