ՀԱՅԿ ԵՐԵՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-62)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 դեկտեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 62 | ՀԱՅԿ ԵՐԵՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 30 դեկտեմբերի 2020 թ.
Սահմանադրական դատարանը, գործելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի և 69-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա, մասնակցությամբ դատավորներ Վ. Գրիգորյանի (նախագահող), Ե. Խունդկարյանի և Ա. Վաղարշյանի,
քննության առնելով Հայկ Երեմյանի (այսուհետ դիմող) անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Դիմողը, 2020 թվականի դեկտեմբերի 10-ին փոստային ծառայության միջոցով դիմելով Սահմանադրական դատարան, խնդրել է. «....որոշել ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի (24.05.2019 թ. գործած խմբագրությամբ) 94-րդ հոդվածի 5-րդ մասի և 109-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածին և 50-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը»: Դիմողի կարծիքով Բարձրագույն դատական խորհուրդը և դատարաններն իր գործով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ Դատական օրենսգիրք) 94-րդ հոդվածի 5-րդ և 109-րդ հոդվածի 4-րդ մասերին տվել են հակասահմանադրական մեկնաբանություն, որի արդյունքում խախտվել են դիմողի Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված հանրային ծառայության անցնելու և 50-րդ հոդվածով ամրագրված պատշաճ վարչարարության իրավունքները: Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթներին դատարանների կողմից տրված մեկնաբանությունը, ըստ որի Սահմանադրության 174-րդ հոդվածով սահմանված է, որ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից, և, հետևաբար, երբ օրենքը որոշումներ կայացնելու համար պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի ընդհանուր թվի ձայների մեծամասնություն, անհրաժեշտ է առնվազն վեց կողմ կամ դեմ ձայն, օրենքի դրույթների զուտ քերականական մեկնաբանություն է, որի պարագայում հաշվի չի առնվել Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված մարդու իրավունքները հարգելու և պաշտպանելու հանրային իշխանության պարտականությունը: Դիմողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի «....թափուր հաստիքին ձայնի իրավունք վերապահելը և դա սույն դեպքում ի սկզբանե հավակնորդի դեմ մեկնաբանելը օրենքի հակասահմանադրական մեկնաբանության արդյունք է», և «նման մեկնաբանման դեպքում ակնհայտ անհավասար պայմաններ են ստեղծվում այն հավակնորդների միջև, ովքեր հարցազրույցի են մասնակցում մի դեպքում Խորհրդի բոլոր տասն անդամների, մյուս դեպքում չհամալրված կազմի ութ անդամների մասնակցությամբ»։ Դիմողի կարծիքով այն դեպքում, երբ ողջամտորեն հնարավոր չէ ապահովել Բարձրագույն դատական խորհրդի ամբողջական կազմ, ապա պետք է օրենսդրական այնպիսի կարգավորում նախատեսված լինի, որ երբ քաղաքացու վերաբերյալ բարենպաստ որոշում կայացնելու համար անհրաժեշտ են առկա անդամների մեծամասնության կողմ ձայները, ապա մասնակից չդարձած անդամների ձայները ի սկզբանե չպետք է դիտվեն որպես դեմ, հակառակ դեպքում տեղ է գտնում անարդար մոտեցում հանգեցնելով Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման: Խնդրո առարկա գործով կայացված վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2020 թվականի սեպտեմբերի 22-ին, այսինքն դիմողը պահպանել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով սույն անհատական դիմումով գործը քննության ընդունելու համար մյուս չափանիշներին համապատասխանությունը, գտնում է, որ բացակայում են նաև անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված մյուս հիմքերը։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
1. «Հայկ Երեմյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասի և 109-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող
Դատավորներ
30 դեկտեմբերի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-62
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 դեկտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-62
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
