Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-820 փետրվարի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 փետրվարի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 8 | ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

20 փետրվարի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղ. Սամվել Մնացականյանի դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Սամվել Մնացականյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «1. ՀՀ Սահմանադրության 19, 92, 93, 94, 97-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետը,

2. ՀՀ Սահմանադրության 19, 92, 93, 94, 97-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4- րդ ենթակետը իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված մեկնաբանությամբ, այնքանով, որքանով դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտումների շարքին է դասում դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալը և/կամ հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին,

կամ

ճանաչել ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետը համապատասխանող ՀՀ Սահմանադրությանը սույն դիմումի մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում,

ճանաչել ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ենթակետը համապատասխանող ՀՀ Սահմանադրությանը սույն դիմումի մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում»։

Դիմողը նշում է, որ դատավորի անկախությունը երաշխավորող մի շարք իրավական փաստաթղթերում ամրագրված սկզբունքներն արգելում են վերադաս դատարանից բացի որևէ այլ մարմնի միջամտել դատավորի կայացրած որոշման բովանդակային մասին։

Դիմողի կարծիքով իրավակիրառական պրակտիկան վիճարկվող դրույթներին հաղորդել է այնպիսի իմաստ, ըստ որի խնդրո առարկա դրույթները հնարավորություն են տալիս դատական ակտերի բողոքարկման վարույթից դուրս և դատավարության կողմ չհանդիսացող անձի պահանջով քննության առարկա դարձնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը հանգելով դատական ակտ կայացրած դատավորի համար իրավական բացասական հետևանքներ առաջացնող եզրահանգումների։

Ըստ դիմողի եթե ստորադաս դատարանի կողմից թույլ տրված դատավարական կամ նյութական նորմի խախտումը ուղղվել է վերադաս դատարանի կողմից, ապա իրավունքի խախտում տեղի չի ունեցել, քանի որ դատական համակարգը որպես մեկ ամբողջություն, ուղղել է այն, խախտում թույլ չի տվել։ Մինչդեռ խնդրո առարկա դրույթը հնարավորություն է տալիս ստորադաս դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նախադրյալներ ստեղծել վերադաս դատարանի կողմից վերջինիս կայացված դատական ակտի իրավաչափությունը գնահատելու արդյունքում դատավարական իրավունքի նորմի խախտում արձանագրելիս։ Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ

պատճառաբանությամբ.

վիճարկվող դրույթների հակասահմանադրականությունը չի կարող գնահատվել այլ դրույթներից մեկուսացած. այդ նպատակով հարկ է այդ դրույթները դիտարկել այլ դրույթների հետ համակարգային փոխկապակցվածության մեջ։ Տվյալ դեպքում վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը պարզելու համար անհրաժեշտ է այն դիտարկել ՀՀ դատական օրենսգրքի մի շարք իրավանորմերի, մասնավորապես, ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի և 111-րդ հոդվածի 6-րդ մասի հետ համակարգային վերլուծության համատեքստում։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1063 որոշման մեջ նշյալ դրույթների վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված «գործում է որպես դատարան» եզրույթի առնչությամբ նկատի պետք է ունենալ արդարադատության խորհրդի գործունեության կարգը, ինչը փաստվում է նաև ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորմամբ։ Ընթացակարգերի իմաստով արդարադատության խորհուրդն իրականացնում է գործի արդար, հրապարակային և ողջամիտ ժամկետներում քննություն։ Իսկ ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ և չեն հակասում ՀՀ դատական օրենսգրքի նորմերին։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ նման կանոնակարգմամբ օրենսդիրն արդարադատության խորհրդի գործունեության հիմքում դնում է արդար քննության համար անհրաժեշտ երաշխիքներ ուղղված ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման ապահովմանը։ Նշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում դիմողի առաջադրած իրավական փաստարկներն այն մասին, որ խնդրո առարկա դրույթները հնարավորություն են տալիս դատական ակտերի բողոքարկման վարույթից դուրս և դատավարության կողմ չհանդիսացող անձի պահանջով քննության առարկա դարձնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը հանգելով դատական ակտ կայացրած դատավորի համար իրավական բացասական հետևանքներ առաջացնող եզրահանգումների, ակնհայտ անհիմն են և սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում.

գործի դատավարական պատմությունը վկայում է, որ ՀՀ վարչական դատարանում, այնուհետև ՀՀ վերաքննիչ վարչական և վճռաբեկ դատարաններում քննարկվել է ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի հրամանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջը, ընդ որում, որպես նշյալ հրամանագիրն անվավեր ճանաչելու հիմք դիմողը նշել է, որ այն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների խախտմամբ։ Այսինքն խնդրո առարկա իրավիճակում ակնհայտ է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի

մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Հետևաբար, դատական կազմը գտնում է, որ այս համատեքստում առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղ. Սամվել Մնացականյանի դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

20 փետրվարի 2013թվականի

ՍԴԴԿՈ/1-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 փետրվարի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել