ԿԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 փետրվարի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 6 | ԿԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
14 փետրվարի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով քաղ. Կարեն Մեհրաբյանի դիմումով գործը
քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղ. Կարեն Մեհրաբյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան խնդրելով. «...ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 8.2-րդ և 9-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
1. Դիմողը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.04.2012թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել է։
Ըստ դիմողի ՀՀ քրեական օրենսգրքի վերոհիշյալ նորմը պետք է հստակ սահմանի «պետության իրադրությունը», այն է Հայաստանի Հանրապետությունը տվյալ պետության հետ պատերազմական դրության մեջ է, թե ոչ, և որպես ի կատարումն նշված նորմի պետք է կայացվի ՀՀ կառավարության այնպիսի որոշում, որով կթվարկվի այն տեղեկությունների շարքը, որոնք գաղտնի են համարվում, ենթակա չեն փոխանցման օտարերկրյա պետությանը կամ կազմակերպությանը, ինչը կարող է վնաս հասցնել ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանը։ Դիմողը նաև գտնում է, որ իր կողմից վիճարկվող նորմի անորոշությունը կայանում է նրանում, որ դրանում նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը չի նշում «պատերազմական դրության ժամանակ» արտահայտությունը, որը, ըստ դիմումատուի, խաթարում է ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի իրականացումը։
2. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։ Դիմողը վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը փորձում է հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացը մատնանշելով։ Այդ կապակցությամբ սահմանադրական դատարանի դատական կազմն անհրաժեշտ է համարում նշել, որ օրենսդրական բացը որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Այսպիսով, սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, երբ կոնկրետ գործով միաժամանակ առկա են օրենսդրական բացի սահմանադրական դատարանի կողմից մատնանշված վերոհիշյալ չափանիշները, այն է կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտում կամ այդ խախտման պոտենցիալ հնարավորություն և օրենսդրության մեջ այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքների բացակայություն կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված հակասական իրավակիրառական պրակտիկա։
Քննարկվող դիմումի շրջանակներում առկա չեն ՀՀ սահմանադրական դատարանի կողմից մատնանշված այն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտային առաջադրված հարցը դիտարկել «օրենսդրական բաց» եզրույթի ներքո, հետևաբար, առկա չէ սահմանադրաիրավական վեճ։
Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 4- րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության հիմնավորում։ Նաև չի հիմնավորված, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորվել սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող իրավանորմի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
Սահմանադրական դատարանի դատական կազմը նաև արձանագրում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ, 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Կարեն Մեհրաբյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
14 փետրվարի 2013թ.
ՍԴԴԿՈ/1-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 փետրվարի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
