«Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 մարտի 2021թ. ՍԴԴԿՈ - 13 | «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 11 մարտի 2021 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ն 2021 թվականի փետրվարի 19-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 73-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, մասնավորապես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2020 թվականի թիվ ԿԴ1/1293/02/17 որոշմամբ տրված մեկնաբանությունը»:
2. Դիմողի կարծիքով, վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վեճի առարկա համաձայնագիրը որպես հօգուտ երրորդ անձի կնքված պայմանագիր որակելը Քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի սխալ մեկնաբանության արդյունք է, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման: Մասնավորապես, դիմողը կարծում է, որ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊ ընկերության և բանկի միջև առկա հարաբերություններում բանկի կողմից պարտավորության խախտման արդյունքում ընկերությունը ձեռք է բերել իր խախտված իրավունքների դիմաց տույժի ամբողջ գումարը ստանալու լեգիտիմ ակնկալիք, սակայն, վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020թ. մարտի 12-ի որոշմամբ կողմերի միջև կնքված համաձայնագրին տրված սխալ որակման արդյունքում վերջինս զրկվել է համաձայնագրով որպես իր խախտված իրավունքի պաշտպանության միջոց հանդիսացող տուժանքի գումարը ստանալու հնարավորությունից: Բացի դրանից, դիմողը գտնում է, որ եթե նույնիսկ համաձայնագիրը հօգուտ երրորդ անձի կնքված պայմանագիր է, ապա կիրառման է ենթակա Քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 4-րդ մասը, քանի որ որպես շահառու որակված երրորդ անձինք հրաժարվել են իրենց իրավունքներից: Սակայն, դիմողի կարծիքով, դատարանը, անտեսելով Քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 4-րդ մասի այն կարգավորումը, ըստ որի երրորդ անձի պայմանագրով իրեն տրամադրված իրավունքից հրաժարվելու դեպքում, պարտատերը կարող է օգտվել այդ իրավունքից, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին և պայմանագրին, քննարկվող հոդվածին տվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի երրորդ անձի իրավունքը բացարձակ է, իսկ պայմանագրի կողմ հանդիսացող պարտատերն առհասարակ զրկվում է որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից: Դիմողը նշում է, որ ընկերության արդար դատաքննության իրավունքի խախտման հիմք է հանդիսացել նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ սահմանված ապացուցման ենթակա փաստերի շրջանակից դուրս այլ փաստի հիմքով դատական ակտի բեկանումը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի վերաբերյալ
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, կրկնելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,
գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը չեն կիրառվել դիմողի համար իրավական հետևանքներ առաջացնող վերջնական դատական ակտով, այն է ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանի 2020 թվականի մարտի 12-ի որոշմամբ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 3.2. Քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի վերաբերյալ
Դիմողը, որպես Քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի հակասահմանադրականության հիմնավորում, նշել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված կարգավորումն անտեսելու և համաձայնագիրը հօգուտ երրորդ անձի որակելու արդյունքում խախտվել է Սահմանադրությամբ ամրագրված իր հիմնական իրավունքները: Բացի դրանից, դիմողը նշում է, որ օրենսդրի կողմից Քաղաքացիական օրենսգրքում ցուցաբերվել է համաչափ մոտեցում և սահմանվել է արդարացի կառուցակարգ ի դեմս 446-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, սակայն դատարանի կողմից քննարկվող հոդվածին տրված մեկնաբանությամբ պայմանագրի կողմ հանդիսացող պարտատերը զրկվել է որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից: Դիմումին կից ներկայացված թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանի 2020 թվականի մարտի 12-ի որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ վերաքննիչ դատարանը Քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի բովանդակությունը փոփոխող որևէ մեկնաբանություն չի տվել: Վերաքննիչ դատարանը մեկնաբանություն է տվել քաղաքացիաիրավական պայմանագրին այն համադրելով Քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասի դրույթի հետ: Ավելին, վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորելուն ուղղված դիմողի փաստարկները հիմնականում վերաբերում են դատարանների կողմից քաղաքացիաիրավական պայմանագրի, դիմողի կարծիքով, սխալ որակմանը, վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ սահմանված ապացուցման ենթակա փաստերի շրջանակից դուրս այլ փաստի հիմքով դատական ակտի բեկանմանը: Այսպիսով, դիմողը, ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց, իրականում առաջ է քաշում վերաքննիչ դատարանի գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով` Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
«Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ–ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Ա. Վաղարշյան
Է. Շաթիրյան
11 մարտի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 մարտի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
