«ԱՐՄԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 304-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-151)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հոկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 151 | «ԱՐՄԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 304-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արմեն Դալլաքյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի հոկտեմբերի 1-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արմեն Դալլաքյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...) Սույն դիմումը բավարարել և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 10-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր այնքանով, որքանով վերջնական դատական ակտ կայացրած մարմնին հնարավորություն է տալիս գործարքն անվավեր ճանաչելիս՝ նման գործարքներից բխող հետևանքներն անվավեր ճանաչելու մեխանիզմը չկիրառել»:
2. Ներկայացնելով թիվ ԼԴ1/1286/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է. «(...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած՝ «անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, նման գործարքն անվավեր է կնքելու պահից» ձևակերպումը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել այնպես, որ հայեցողությամբ է օժտում Վճռաբեկ դատարանին անվավեր գործարքի առկայության դեպքում հայեցողաբար որոշելու անվավեր գործարքի արդյունքում իրավաբանական հետևանքներ առաջացնելու կամ չառաջացնելու հանգամանքը»:
Դիմողը նշում է նաև, որ «(...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իմպերատիվ պահանջի առկայության պայմաններում՝ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 2015 թվականի փետրվարի 23-ին կնքված նվիրատվության պայմանագիրը կեղծ պայմանագիր ճանաչելուց հետո, Վճռաբեկ դատարանը պետք է անվավեր ճանաչեր նաև այդ պայմանագրից փաստացի բխող Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 2016 թվականի փետրվարի 24-ին կնքված այդ նույն բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ «գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը» կարգավորումը, քանի որ հիշյալ 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր չհանդիսացող անձը՝ Աշոտ Գալստյանն իրավասություն չի ունեցել վաճառելու այդ բաժնեմասերը, որպիսի գործարքն օրենքի ուժով հանդիսացել է անվավեր»:
Դիմողն ընդգծում է, որ առավել քան ակնհայտ է, որ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թ. կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրն առոչինչ ճանաչվելու իրավաբանական փաստով հաստատվել և փաստվել է այդ գործարքի բացակայությունը, մինչդեռ Վճռաբեկ դատարանի կողմից այդ հանգամանքը հաշվի չի առնվել, և Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թ. կնքված այդ նույն բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը դիտարկվել է օբյեկտիվ իրականությունից մեկուսի՝ գտնելով, որ այդ պայմանագիրն առանձին իրավաբանական փաստ է համարվում:
3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իմպերատիվ պահանջի առկայության պայմաններում՝ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 2015 թվականի փետրվարի 23-ին կնքված նվիրատվության պայմանագիրը կեղծ պայմանագիր ճանաչելուց հետո, Վճռաբեկ դատարանը պետք է անվավեր ճանաչեր նաև այդ պայմանագրից փաստացի բխող Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 2016 թվականի փետրվարի 24-ին կնքված այդ նույն բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ «գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը» կարգավորումը, քանի որ հիշյալ 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր չհանդիսացող անձը՝ Աշոտ Գալստյանն իրավասություն չի ունեցել վաճառելու այդ բաժնեմասերը, որպիսի գործարքն օրենքի ուժով հանդիսացել է անվավեր»:
Դիմողն իր անհատական դիմումով նաև նշել է. «Այստեղ առավել քան ակնհայտ է, որ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրն առոչինչ ճանաչվելու իրավաբանական փաստով հաստատվել և փաստվել է այդ գործարքի բացակայության մասին, մինչդեռ Վճռաբեկ դատարանի կողմից այդ հանգամանքը հաշվի չի առնվել և Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված այդ նույն բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը դիտարկվել է օբյեկտիվ իրականությունից մեկուսի՝ գտնելով, որ այդ պայմանագիրն առանձին իրավաբանական փաստ է համարվում»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԼԴ1/1286/02/19 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ԼԴ1/1286/02/19 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը:
Ելնելով վերոշարադրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արմեն Դալլաքյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
21 հոկտեմբերի 2025 թվականի
ՍԴԱՈ-151
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հոկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-151
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
