Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԷՔՍՊՐԵՍ ԿՐԵԴԻՏ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԷՔՍՊՐԵՍ ԿՐԵԴԻՏ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-110 հունվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 հունվարի 2023թ. ՍԴԴԿՈ - 1 | «ԷՔՍՊՐԵՍ ԿՐԵԴԻՏ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 10 հունվարի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին)` խնդրելով. (…) հակասահմանադրական ճանաչել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, ներառյալ «ա» ենթակետը, պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ այն դեպքում, երբ պարտատերն ի հիմնավորումն վճարային պարտավորության անվիճելիության վկայակոչում է օրինական ուժի մեջ մտած վճիռ և նշում, որ այն գտնվում է հարկադիր կատարման փուլում, միաժամանակ պետք է հիմնավորի հարուցված կատարողական վարույթի իր համար բացասական ելքը, այն է կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով կամ կասեցվել է նույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով»:

2. Ներկայացնելով թիվ ՍնԴ/0192/04/21 սնանկության գործի դատավարական նախապատմությունը Դիմողը հայտնում է, որ «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, ներառյալ «ա» ենթակետը, պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ այն դեպքում, երբ պարտատերը, ի հիմնավորումն վճարային պարտավորության անվիճելիության, վկայակոչում է օրինական ուժի մեջ մտած վճիռ և նշում, որ այն գտնվում է հարկադիր կատարման փուլում, միաժամանակ, պետք է հիմնավորի հարուցված կատարողական վարույթի իր համար բացասական ելքը, այն է կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով կամ կասեցվել է նույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով, հակասում է Սահմանադրության 39-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին: Դիմողը պնդում է, որ Վճռաբեկ դատարանը, ինչպես նաև ստորադաս դատական ատյանները սույն գործով մեկնաբանելով «Սնանկության մասին» օրենքի իր կողմից վիճարկվող դրույթը, իր վրա դրել են նոր պարտականություն հիմնավորելու հարուցված կատարողական վարույթի իր համար բացասական ելքը: Ըստ Դիմողի նման պարտականություն օրենքով նախատեսված չէ, ուստի օրենքի նման մեկնաբանությունն ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 39, 61 և 63-րդ հոդվածներին: Դիմողը նշում է, որ վկայակոչված մեկնաբանությունը նախատեսում է բավականին որոշակի նոր պայման, մասնավորապես «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի համապատասխան երկու դրույթների հիմքով կատարողական վարույթի ավարտը կամ կարճումը: Դիմողը պնդում է, որ նշվածն անհարկի սահմանափակում է հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու իրավունքը: Դիմողն ընդգծում է, որ նման մեկնաբանությունը հակասում է սնանկության ինստիտուտի էությանը, քանի որ հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու հնարավորությունը կախման մեջ է դրվում ոչ միայն ընդհանուր առմամբ կատարողական վարույթի առկայությունից, այլ նաև կատարողական վարույթի արդյունքում կայացված որոշման հիմքից: Ըստ Դիմողի սնանկության և կատարողական վարույթները չեն կարող նույնացվել կամ փոխարինվել մեկը մյուսով: Դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» օրենքում հստակ և որոշակի սահմանված նորմն իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության հետևանքով զրկվել է իրավական որոշակիությունից և իր համար դարձել անկանխատեսելի, քանի որ նորմի բառացի մեկնաբանության արդյունքում ինքը դիմում ներկայացնելիս չէր կարող կանխատեսել, որ դիմումը կարող էր մերժվել կատարողական վարույթում կայացված որոշումը չներկայացնելու հիմքով:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 6-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական հիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված դեպքում Սահմանադրական դատարան կարող են դիմել նաև իրավաբանական անձինք` Սահմանադրության 74-րդ հոդվածին համապատասխան: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. (…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. (…) Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»: Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը թիվ ՍնԴ/0192/04/21 սնանկության գործով 22.06.22թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում է կայացրել, որով որոշել է. «1. Վերադարձնել թիվ ՍնԴ/0192/04/21 սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2022 թվականի որոշման դեմ «էքսպրես Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության բերած վճռաբեկ բողոքը:

2. Սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից»: Այսինքն Վճռաբեկ դատարանի 22.06.22թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Դիմողին իրական հնարավորություն է տրվել հնգօրյա ժամկետում շտկելու Վճռաբեկ դատարանի կողմից նշված թերությունները և կրկին ներկայացնելու վճռաբեկ բողոք ապահովելով դատական պաշտպանության իր սահմանադրական իրավունքի իրացումը: Ըստ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի Դիմողը սահմանված ժամկետում կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 03.08.22թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում: Նշյալ որոշմամբ արձանագրվել է. « Կազմակերպությունը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.06.2022 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունները չի վերացրել, այն է Կազմակերպությունը կրկին ներկայացված վճռաբեկ բողոքում որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք նշել է, որ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, մինչդեռ չի նշել, թե Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ ո՞ր նորմի կամ նորմերի կապակցությամբ է առկա իրավունքի զարգացման խնդիր: Այսինքն բողոք բերած անձը թեև վճռաբեկ բողոքում նշել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերը նշված հիմքը, սակայն չի նշել այդ հիմքի վերաբերյալ հիմնավորումները»: Վերոշարադրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։ Մինչդեռ, սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Դիմողը, ունենալով Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետում վկայակոչված թերությունները շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորություն, կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, սակայն չի վերացրել Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրած թերությունները, մասնավորապես վճռաբեկ բողոքում նշել է այն վարույթ ընդունելու հիմքը, սակայն չի նշել այդ հիմքի վերաբերյալ հիմնավորումները: Նշվածի արդյունքում Վճռաբեկ դատարանը 03.08.22թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում: Վերոնշյալ հանգամանքի հաշվառմամբ դատական կազմը գտնում է, որ Դիմողը պատշաճ կերպով չի իրացրել իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելու պահանջը, քանի որ Վճռաբեկ դատարանի կողմից 03.08.22թ. «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման կայացման հիմքում ընկած է հենց Դիմողի կողմից Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետում վկայակոչված թերությունները շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորությունից չօգտվելը, իր իրավունքների իրացման նպատակով անհրաժեշտ օրենսդրական պահանջները չպահպանելը: Այսպիսով, դատական կազմը եզրահանգում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակագրական տեսանկյունից Դիմողի նկատմամբ կայացված վերջին դատական ակտը թիվ ՍնԴ/0192/04/21 սնանկության գործով Վճռաբեկ դատարանի 2022 թվականի օգոստոսի 3-ի որոշումն է, որի բովանդակությունից, մասնավորապես, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքից բխում է, որ այն չի կարող համարվել Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում: Վերոշարադրյալի լույսի ներքո, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար սույն պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Հ. Հովակիմյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

10 հունվարի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-1

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հունվարի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-1
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել