Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ» ԴՐՈՒՅԹԻ ԵՎ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ «ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԱՌԱՋԱՑՐԱԾ ՀԵՏԵՎԱՆՔ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ» ԴՐՈՒՅԹԻ ԵՎ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ «ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԱՌԱՋԱՑՐԱԾ ՀԵՏԵՎԱՆՔ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-831 հունվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 հունվարի 2023թ. ՍԴԱՈ - 8 | «ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ» ԴՐՈՒՅԹԻ ԵՎ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ «ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԱՌԱՋԱՑՐԱԾ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ՝ ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ՉԷ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ» ԴՐՈՒՅԹԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ» ԴՐՈՒՅԹԻ ԵՎ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ «ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԱՌԱՋԱՑՐԱԾ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ՉԷ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ» ԴՐՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սիմա Իսկանդարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նույն հոդվածի 1-ին մասի բոլոր հանգամանքներում» դրույթի և 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Սիմա Իսկանդարյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «(...)

2. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» դրույթի մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 75, 78-րդ, 79-րդ, 164-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթը բոլոր հանգամանքներում» մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենսգիրք) 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը «պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» դրույթի մասով, հակասում է Սահմանադրության 75, 78, 79 և 164-րդ հոդվածներին խախտելով իր որպես քաղաքացու հանրային ծառայությանը մասնակցելու իրավունքը, իսկ որպես դատավոր վերջինիս անփոփոխելիության երաշխիքով պայմանավորված իր պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը: Դիմողը, մասնավորապես, նշում է, որ օրենքի որոշակիությունը չի նշանակում, որ անհրաժեշտության դեպքում որոշում կայացնողին չպետք է տրվի հայեցողական լիազորություն պայմանով, որ առկա լինեն դրա չարաշահումը կանխելու համապատասխան ընթացակարգեր: Այս համատեքստում պետական մարմնին հայեցողություն տրամադրող օրենքը պետք է բովանդակի հայեցողության շրջանակը: Անդրադառնալով վիճարկվող դրույթի «առաջացրած հետևանքներով» ձևակերպմանը Դիմողը նշում է, որ այդ հետևանքները պետք է կապված լինեն Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնի հետ: Այսինքն դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց: Եթե դրսևորվել է նման վարքագիծ, ապա կախված դրա կատարման հանգամանքներից և (կամ) առաջացրած հետևանքներից, այն կարող է հանգեցնել լիազորությունների դադարեցման, իհարկե, եթե այդ հետևանքները համատեղելի չեն դատավորի կարգավիճակի հետ: Դիմողը նշում է, որ Սահմանադրության 75-րդ հոդվածի ուժով պետության պոզիտիվ պարտավորությունն է հիմնական իրավունքների և ազատությունների մասով ընդունել/սահմանել կարգավորումներ և տրամադրել դրանց իրականացման համար արդյունավետ միջոցներ: Ըստ Դիմողի իրավակարգավորելու պարտավորությունը ենթադրում է ոչ միայն իրավակարգավորող նորմի ընդունում, այլև որակի պահանջներ: Մասնավորապես իրավակարգավորումը պետք է լինի հստակ, որոշակի և կանխատեսելի: Մյուս կողմից միայն որակյալ իրավակարգավորումը բավարար չէ. պետք է սահմանվեն գործուն և արդյունավետ պաշտպանության միջոցներ, որպեսզի բացառվի ցանկացած ապօրինի, անհարկի հնարավորություն միջամտելու հիմնական իրավունքի իրականացմանը: Վերոնշյալի համատեքստում Դիմողը գտնում է, որ «(…) այնքանով, որքանով 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում չեն սահմանվել դատավորի պաշտոնավարման դադարեցման համար խախտման հետևանքներ, ուստի և բացակայում են հանրային ծառայության անցնելու և դրանից բխող դատավորի պաշտոնում պաշտոնավարելու իրավունքի իրականացման արդյունավետ կառուցակարգերը և ընթացակարգերը»: Դիմողը նշում է նաև, որ «առաջացրած հետևանքները» չեն որոշակիացվում «համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» ձևակերպմամբ, քանի որ այդ ձևակերպումն էլ, իր հերթին, չի կարելի համարել հստակ: Ըստ այդմ Դիմողը գտնում է, որ ցանկացած խախտում կարող է առաջացնել կամ առաջացնում է ինչ-որ հետևանքներ, սակայն թե ո՞ր հետևանքները կարող են դիտվել որպես դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի, մնացել է անորոշ, մի կողմից այն պատճառով, որ որոշակիացված չեն հենց հետևանքները, մյուս կողմից նույն նորմով որոշակիացված չէ ո՞ր հետևանքները դատավորի կարգավիճակի ո՞ր բաղադրիչի հետ պետք է լինեն անհամատեղելի: Ըստ Դիմողի Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում ոչ թե պետք է սահմանվեր «առաջացրած հետևանքներ» ձևակերպումը, այլ որոշակիացվեին այդ հետևանքները: Անդրադառնալով «համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» ձևակերպմանը Դիմողը նշում է, որ դատավորի կարգավիճակը սահմանված է նախ Սահմանադրությամբ, իսկ Օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված են դատավորի գործունեության անհամատեղելիության լրացուցիչ պահանջները, որոնց ցանկում առկա չէ դատավորի վարքագծի կանոնների պահպանման պարտավորության խախտումը: Դիմողի դիտարկմամբ ասվածը չի նշանակում, որ դատավորի կարգավիճակը սահմանվում է միայն Օրենսգրքի 5-րդ հոդվածով, սակայն միայն այդ հոդվածով են նախատեսվում կարգավիճակի հետ անհամատեղելիության պահանջները: Այդ առումով Դիմողը գտնում է, որ եթե Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խախտումները դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ են, ապա այդ լրացուցիչ պահանջները պետք է առնվազն համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին և մասնավորեցնեն և´ կատարման հանգամանքները, և´ առաջացրած հետևանքները: Դիմողը նշում է, որ դատավորի լիազորությունների դադարեցումը որպես կարգապահական տույժի տեսակ, ամենախիստ տեսակի սահմանափակումն է, իսկ որքան խիստ է սահմանափակման միջոցը, այնքան հստակ պետք է լինի սահմանափակման նպատակի իրավաչափությունը: Անդրադառնալով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված կարգավորմանը Դիմողը նշում է, որ ըստ այդ կարգավորման խախտում է հանդիսանում դատավորի կողմից դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ չմնալը: Նման վարքագիծ դատավորը պարտավոր է ցուցաբերել բոլոր հանգամանքներում: Դիմողի դիտարկմամբ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն նման խախտումն էական համարելու համար սահմանված են հետևյալ բաղադրիչները առաջացրած հետևանքները և կատարման հանգամանքները: Այսինքն դատավորի կողմից դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ չմնալը դեռևս էական խախտում չէ, իսկ էական համարվելու համար պետք է առկա լինեն կատարման համապատասխան հանգամանքներ: Դիմողը գտնում է, որ կատարման հանգամանքները պարզելն արժեք չունի, որովհետև ինչ հանգամանքներ էլ պարզվեն, դրանք իմաստով, բնույթով և էությամբ, ինչպես նաև լեզվական կանոնների համաձայն վստահաբար մտնում են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում տեղ գտած «բոլոր հանգամանքներ» ձևակերպման մեջ: Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթի «բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց» մասը համակարգային առումով հակասում է Օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասին, 149-րդ հոդվածի 2-րդ մասին և 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետին, ինչպես նաև Սահմանադրության 79-րդ հոդվածին: Արդյունքում, ըստ Դիմողի, հիմքեր են ստեղծվել իր պաշտոնավարմանը միջամտելու և հանրային ծառայությանը մասնակցելու իրավունքից իրեն զրկելու համար: 3․ Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ Պատասխանող) նշում է, որ Օրենսգրքով սահմանված է դատավորի վարքագծի կանոնների հստակ ցանկ, « որոնց (մեկանգամյա) խախտումը, պայմանավորված խախտման հանգամանքներով և (կամ) հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ կամ (…) հեղինակազրկում է դատական իշխանությունը»: Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ իրավական դիրքորոշումները Պատասխանողը գտնում է, որ իրավակարգավորող նորմում բովանդակվում են գնահատողական ձևակերպումներ, ուստի «(…) կարևոր է, թե ով պետք է կիրառի և մեկնաբանի այդ ձևակերպումները: Հայաստանում դրա համար պատասխանատու է Բարձրագույն դատական խորհուրդը, դատական համակարգի անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված ad hoc մարմինը, որն օժտված է անկախության երաշխիքներով և համապատասխանում է արդար դատաքննության չափանիշներին»: Պատասխանողը նշում է, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով էական կարգապահական խախտումը դատավորի լիազորությունները դադարեցնելու անվերապահ հիմք է, ուստի ծայրահեղ դրսևորումներից խուսափելու համար Բարձրագույն դատական խորհրդին արարքի և դրա համար պատասխանատվության միջոցի միջև համաչափության և արդարացիության ապահովման անհրաժեշտ գործիք է տրվում: Այսինքն նման մոտեցմամբ օրենսդիրն ապահովում է կիրառվող կարգապահական տույժի և կատարված խախտման միջև համաչափության գնահատման հնարավորությունը: Պատասխանողի համոզմամբ համաչափության և արդարացիության ապահովման գործընթացում կարևոր է ինչպես միջազգային պրակտիկայի և, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կողմից ներկայացվող պահանջների, այնպես էլ օրենքի նորմերն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան մեկնաբանությամբ կիրառելու պահանջի պահպանումը: Վերոգրյալից բխում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների ընտրությունը ոչ թե սուբյեկտիվ կամքի դրսևորում է, այլ օրինական տարբերակներից մեկի իրավաչափ ընտրության հնարավորություն: Վերոնշյալի համատեքստում անդրադառնալով Դիմողի այն դիրքորոշմանը, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթներում առկա է անորոշություն, ինչի հետևանքով հիշյալ դրույթները կարող են արժանանալ հայեցողական գնահատականների, Պատասխանողը գտնում է, որ տվյալ պնդումն անհիմն է, չի բխում առկա իրավակարգավորումների հիմքում ընկած իրավաչափ նպատակներից: Ամփոփելով Պատասխանողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:

4. Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումը, Պատասխանողի բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման ներքոնշյալ հիմքով և պատճառաբանություններով. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրության վերոնշյալ նորմի հիման վրա Օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն պահանջերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Ընդ որում սահմանադրական կոնկրետ վերահսկողության շրջանակներում Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող են դառնալ այն վեճերը, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Դիմումի ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ դիմումի շրջանակներում Դիմողի ներկայացրած հիմնավորումները, մի կողմից վերաբերում են էական կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ առկա իրավակարգավորումների որոշակիության խնդրին, մյուս կողմից Բարձրագույն դատական խորհրդի կողմից Դիմողի մասնակցությամբ միջադեպի փաստական հանգամանքների գնահատման և վիճարկվող իրավակարգավորումների կիրառման արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2022 թվականի մարտի 14-ին ընդունված թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման իրավաչափությանը: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է.

Սահմանադրության «Որոշակիության սկզբունքը» վերտառությամբ 79-րդ հոդվածն ամրագրում է հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակող օրենսդրական կարգավորումների սահմանափակման հիմքերի և ծավալի սահմանման, դրանց բավարար չափով որոշակի, հստակ և կանխատեսելի լինելու աներկբա սահմանադրաիրավական պահանջը, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Վերը հիշատակված սահմանադրաիրավական նորմը, այնուամենայնիվ, չի բացառում օրենսդրական կարգավորումների շրջանակներում այնպիսի եզրույթների և ձևակերպումների առկայությունը, որոնք լրացուցիչ մեկնաբանման կամ գնահատման կարիք ունեն, որպիսի պայմաններում անառարկելի է իրավակիրառ պրակտիկայում համապատասխան իրավանորմերին տրվող/հաղորդվող մեկնաբանության առանցքային նշանակությունը: Սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին, մասնավորապես, նշելով

- «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom (Application no. 6538/74, 26/04/79, § 49):» (2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշում (սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը վերահաստատվել է Սահմանադրական դատարանի 2019 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1452, 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշումներով),

- «(…) իրավական որոշակիությունը չպետք է բացարձականացնել, և անորոշության որոշակի տարրեր պարունակող իրավակարգավորումն ինքնին խնդրահարույց չէ, որպիսի պայմաններում անհրաժեշտ որոշակիության ծավալը լրացնելու ու իրավական կարգավորման կիրառման համար անհրաժեշտ ու բավարար բովանդակություն հաղորդելու առաքելությունը վերապահված է իրավակիրառին» (2022 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴՈ-1669 որոշում),

- «(…) իրավական որոշակիության սկզբունքի ապահովման առումով ընդհանուր տրամաբանությունը հանգում է այն գաղափարին, որ թեև իրավական որոշակիությունն անհրաժեշտ է, այնուամենայնիվ, այդ սկզբունքը չի բացառում իրավական ակտերում այնպիսի ձևակերպումների կամ եզրույթների առկայությունը, որոնք գնահատողական բնույթ ունեն և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առավել հստակեցվում են իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում» (2021 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1592 որոշում): «Փանիօղլուն ընդդեմ Ռումինիայի» գործով դիմումատուն, ի թիվս այլնի, բարձրացրել էր դատավորների վարքագծի կանոնների որոշակիության հարցը պնդելով, որ գործող կարգավորումներով հստակ չեն սահմանվել կարգապահական խախտման հատկանիշները, ինչը հանգեցրել է իր «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատության խախտման: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ ՄԻԵԴ), իր վճռում անդրադառնալով այն հարցին արդյոք խնդրո առարկա դրույթը համապատասխանում է որոշակիության և կանխատեսելիության պահանջներին, վերահաստատել է նախկինում իր արտահայտած դիրքորոշումն առ այն, որ «(…) նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին հնարավորություն ընձեռի կարգավորելու իր վարքագիծը. անձը պետք է կարողանա որոշակի հանգամանքներում ողջամտորեն կանխատեսել իր համապատասխան գործողության հետևանքները: Այդ հետևանքները չեն կարող կանխատեսելի լինել բացարձակ որոշակիությամբ․ փորձը վկայում է, որ դա անիրատեսական է: (…) Համապատասխանաբար, հաճախ օրենքները ձևակերպվում են այնպիսի եզրույթներով, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը պրակտիկայի խնդիր է» (Perinçek v. Switzerland, գանգատ թիվ 27510/08, §§ 131-133, Karapetyan and Others v. Armenia, գանգատ թիվ 59001/08, 17.11.2016թ., § 39)։ Ըստ ՄԻԵԴ-ի ներպետական օրենսդրության կանխատեսելիության աստիճանը զգալիորեն կախված է խնդրո առարկա օրենքի բովանդակությունից, այն ոլորտից, որին այն վերաբերում է, և անձանց թվաքանակից ու կարգավիճակից, որոնց այն հասցեագրված է (Chauvy and Others v. France, գանգատ թիվ 64915/01, § 44, ECHR 2004-VI)։ ՄԻԵԴ-ը նշել է․ «Քննության առարկա դրույթն ընդունվել է հատուկ և սահմանափակ խումբ կազմող անձանց դատավորների վարքագիծը, ավելի ստույգ նրանց կողմից գործընկերների բարեվարքության վերաբերյալ կարծիք արտահայտելու առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորելու նպատակով: Գործի փաստական հիմք հանդիսացող իրադարձությունների պահին քննության առարկա իրավադրույթն ուժի մեջ էր մի քանի տարի, և դիմումատուն, որը պրոֆեսիոնալ դատավոր է և ոլորտում զգալի փորձ ուներ, չէր կարող պնդել, որ տեղյակ չէր դրա բովանդակության մասին։ Եթե դիմումատուն կասկածներ ուներ դրույթի կիրառման ճշգրիտ շրջանակի վերաբերյալ, ապա կարող էր ձեռնպահ մնալ իր գործընկերոջ բարեվարքության վերաբերյալ հոդված հրապարակելուց, սակայն այդպես չի վարվել» (Panioglu v. Romania, գանգատ թիվ 33794/14, 08.12.2020թ., § 106)։ Դիմումատուի պնդմամբ քննարկվող դրույթը խնդրահարույց էր կանխատեսելիության առումով նաև այն պատճառով, որ տվյալ դրույթի կիրառման պրակտիկան գրեթե բացակայում էր։ Սակայն ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ «(…) անգամ եթե դիմումատուի կողմից արարքը կատարելու պահին Օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանման առնչությամբ նախադեպային իրավունքն իսպառ բացակայեր, ապա այդ հանգամանքը չէր հանգեցնի ներպետական իշխանությունների կողմից նշված դրույթի կիրառման անկանխատեսելիության կամ կամայականության (…)» (Panioglu v. Romania, գանգատ թիվ 33794/14, 08.12.2020թ., § 105): Ելնելով վերոնշյալից ՄԻԵԴ-ը գտել է․ «(…) Օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը ձևակերպված է բավարար հստակությամբ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշակիության և կանխատեսելիության պահանջները բավարարելու համար» (Panioglu v. Romania, գանգատ թիվ 33794/14, 08.12.2020թ., § 107)։ Սույն դիմումով վիճարկվող օրինադրույթների համապատասխան ձևակերպումների որոշակիության սկզբունքին համապատասխանության առումով, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի վերոնշյալ իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ համապատասխան իրավիճակներում խնդիրը լուծվում է իրավակիրառ պրակտիկայում համապատասխան դրույթները մեկնաբանելու միջոցով: Բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվող իրավադրույթները բովանդակում են գնահատողական ձևակերպումներ, որոնք հստակ և որոշակի մեկնաբանություն են ստացել իրավասու մարմնի/իրավակիրառի կողմից, դրանց որոշակիության խնդիրը հաղթահարվում է: Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իրավական որոշակիության սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակության վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում ընդգծել Բարձրագույն դատական խորհրդի որպես Սահմանադրության 175-րդ հոդվածի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման բացառիկ լիազորություն ունեցող սահմանադրական մարմնի առանձնահատուկ առաքելությունը կարգապահական վարույթի շրջանակներում կիրառման ենթակա նորմերի մեկնաբանման հարցում: Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում կիրառվող իրավադրույթներում առկա ընդհանրական ձևակերպումներին հստակություն հաղորդելու և այդպիսով իրավական որոշակիության սահմանադրական հրամայականը կենսագործելու խնդրում հիմնարար դերակատարություն ունի Բարձրագույն դատական խորհուրդը, որն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ի զորու է համապատասխան իրավանորմերի, տվյալ դեպքում դատական մեկնաբանման միջոցով դրանց հաղորդել անհրաժեշտ որոշակիություն։ Այդ առումով, Սահմանադրական դատարանի գնահատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է առաջնորդվի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու հրամայականով, ինչը կնպաստի իրավական կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը և վերացական հասկացությունների գնահատման հայեցողության սահմանների հստակեցմանը։ Գործի նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ Դիմողի ներկայացրած հիմնավորումներն առավելապես վերաբերում են Դիմողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում քննության առնված փաստերի գնահատմանը, Բարձրագույն դատական խորհրդի կողմից դրանք որպես դատավորի կողմից էական կարգապահական խախտում որակելուն, որպիսի հանգամանքով պայմանավորված Դիմողն ըստ էության վիճարկում է Բարձրագույն դատական խորհրդի որոշման իրավաչափությունը: Դիմողի ներկայացրած հիմնավորումներով բարձրացվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2022 թվականի մարտի 14-ին ընդունված թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ իր նկատմամբ նորմատիվ իրավական ակտի դրույթների կիրառման իրավաչափության հարցեր ըստ էության հանգեցնելով հիշյալ որոշման օրինականության խնդրին: Այսպես դիմումում նշված է. «ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում տեղ գտած «բոլոր հանգամանքներ» եզրույթի հետևանքով դատավոր Սիմա Իսկանդարյանի գործով հնարավոր չի եղել 149-րդ հոդվածով սահմանված ուշադրության արժանի հանգամանքների շարքում դիտարկել հետևյալ փաստերը դատավոր Սիմա Իսկանդարյանը կին է, ոստիկանության ծառայողը քաղաքացու նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, ոստիկանության ծառայողը թույլ է տվել ոստիկանին ոչ վայել արտահայտություն և ծառայողական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ (…), պատճառվել է ֆիզիկական ցավ, կատարված տեսաձայնագրությունն ամբողջական չէ ու հետևապես չի արտացոլում ողջ եղելությունը, այն կատարվել է նրա վթարից հետո շոկային վիճակում գտնվելու պայմաններում (…): (...) Այսպիսով վիճարկվող դրույթի «բոլոր հանգամանքներ» եզրույթն այնքան լայն է, որ կարող է ստեղծել, իսկ Սիմա Իսկանդարյանի գործով ստեղծել է իրավական վակուում, ուր հնարավոր չի ներթափանցել և ի գործ դնել ՀՀ դատական օրենսգրքով առաջադրված համաչափության պահպանման կամ էական կարգապահական խախտման որակման համար անհրաժեշտ դրույթներ: (…) եթե վիճարկվող դրույթում առհասարակ բացակայեր «բոլոր հանգամանքներում» եզրույթը, իսկ էական կարգապահական խախտումը սահմանող ՀՀ դատական օրենսգրքի 142-րդ 6-րդ հոդվածի 2-րդ կետով որոշակիացված լինեին կատարման հանգամանքներն ու առաջացրած հետևանքները, ապա սույն դիմումում նշված անորոշությունները չէին առաջանա և Սիմա Իսկանդարյանի գործով հնարավոր կլիներ կայացնել ուշադրության արժանի մի շարք հանգամանքների հաշվառմամբ էականորեն այլ հետևանքներ առաջացնող որոշում»: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սույն գործով Դիմողը, ձևականորեն բարձրացնելով իրավական ակտի նորմերի սահմանադրականության հարցեր, իրականում առաջ է քաշում Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մարտի 14-ին ընդունված թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման իրավաչափության հարց, որի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Սիմա Իսկանդարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նույն հոդվածի 1-ին մասի բոլոր հանգամանքներում» դրույթի և 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

31 հունվարի 2023 թվականի

ՍԴԱՈ-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հունվարի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել