«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 461-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-171)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 հուլիսի 2026թ. ՍԴԱՈ - 171 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 461-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 461-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի հունիսի 22-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը: Դիմողը թիվ ԵԴ/0133/01/23 քրեական գործով ներկայացված «Թիվ ԵԴ/0133/01/23 քրեական գործով դատալսումները հետաձգելու և կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2026 թվականի հունիսի 19-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).
«Թիվ ԵԴ/0133/01/23 քրեական գործով
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 19-ի դատավճռի դեմ մեղադրյալ Ռուբեն Արմանի Զալինյանի, վերջինիս պաշտպան Հենրիկ Մաղաքյանի և ՀՀ դատախազության Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Է. Զոհրաբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա թիվ ԵԴ/0133/01/23 քրեական գործով դատալսումները հետաձգել և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` խնդրելով դիմումն ընդունել Սահմանադրական դատարանի վարույթ և որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածների պահանջներին»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0133/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը, Սահմանադրական դատարան դիմելու հարցի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, վկայակոչելով Սահմանադրության 1-ին, 4, 6, 61, 63, 75, 81, 167-169-րդ հոդվածների, ինչպես նաև վիճարկվող նորմի բովանդակությունը, հիշատակելով Սահմանադրական դատարանի առանձին իրավական դիրքորոշումներ՝ Դիմողը նշում է, որ սույն դիմումով վիճարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրության 28, 29, 78, 79 և 81-րդ հոդվածներին համապատասխանությունն այնքանով, որքանով այն քրեական պատասխանատվությունից ազատումը կապում է նաև անձի փաստացի զորակոչվելու հետ, ոչ թե միայն նրա կամովին ներկայանալու և ծառայության պատրաստակամություն դրսևորելու հանգամանքի, ինչի հետևանքով նորմի կիրառումը կախվածության մեջ է դրվում անձի կամքից անկախ պայմաններից և կարող է հանգեցնել իրավական անորոշության ու անհավասար իրավակիրառման:
Դիմողն արձանագրում է, որ Ռուբեն Արմանի Զալինյանին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը համապատասխանում է 05.05.2021 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասին: Մեղադրյալը և նրա պաշտպանը վերաքննիչ բողոքով խնդրել են մեղադրյալին հնարավորություն տալ առաջիկա զորակոչին մեկնելու ժամկետային զինվորական ծառայության և այդ հիմքով ազատել քրեական պատասխանատվությունից ու կարճել վարույթը:
Դիմողը փաստում է. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի գործող խմբագրությամբ քրեական պատասխանատվությունից ազատումը կառուցված է այլընտրանքային հիմքերով, որոնցից մեկը վերաբերում է այն դեպքին, երբ անձը կամովին ներկայացել և զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության: Սույն գործով սահմանադրական կասկածը վերաբերում է հենց այդ ենթակարգավորմանը, քանի որ բողոքաբերի խնդրանքը առնչվում է ոչ թե օրենքով սահմանված գումար վճարելուն, այլ ժամկետային զինվորական ծառայության մեկնելու միջոցով քրեական պատասխանատվությունից ազատվելուն:
(...)
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի «կամովին ներկայացել և զորակոչվել է» ձևակերպումը անձի համար բավարար չափով կանխատեսելի չի դարձնում քրեական պատասխանատվությունից ազատման իրավական հետևանքը: Այդպես է, քանի որ ազատման հիմքը կապվում է ոչ միայն անձի սեփական կամային վարքագծի՝ կամովին ներկայանալու հետ, այլ նաև հետագա զորակոչվելու արդյունքի հետ, որը միշտ չէ, որ կախված է հենց այդ անձից»:
Դիմողը պնդում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը զորակոչը կապում է տարիքային շեմերի, առողջական պիտանիության, ծառայությունից ազատման կամ տարկետման հիմքերի և այլ իրավական նախադրյալների հետ, հետևաբար՝ անձը, անգամ կամովին ներկայանալով և ծառայելու պատրաստակամություն հայտնելով, չի կարող լիարժեք կանխատեսել՝ արդյո՞ք իր նկատմամբ կկիրառվի քրեական պատասխանատվությունից ազատման նորմը, թե ոչ, քանի որ դրա վերջնական իրավական արդյունքը պայմանավորված է նաև իրենից անկախ հանգամանքներով։ Այս կապակցությամբ Դիմողը գտնում է, որ «Սույն նորմը նույն կամավոր վարքագիծ դրսևորած անձանց՝ օրինակ, ծառայելու նպատակով՝ կամովին ներկայացած անձանց, դնում է տարբեր իրավական վիճակի մեջ՝ կախված այն հանգամանքից, թե արդյոք նրանք փաստացի կզորակոչվեն: Մինչդեռ այդ հարցը կարող է որոշվել ոչ թե նրանց վարքագծով, այլ տարիքով, առողջական վիճակով, այլընտրանքային ծառայության վարչական որոշմամբ կամ ազատման ու տարկետման այլ հիմքերով։ Արդյունքում նույն արարքը կատարած և հետագայում նույն կերպ իրավաչափ վարքագիծ դրսևորած երկու անձանցից մեկը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ մյուսը՝ ոչ, միայն այն պատճառով, որ երկրորդը այլևս չի կարող զորակոչվել իրենից անկախ պատճառներով։ Նման կառուցվածքը, առնվազն, ստեղծում է անհավասար իրավակիրառման ռիսկ և հիմնավոր կասկած հարուցում, որ վիճարկվող ենթակարգավորումը կարող է հանգեցնել տարիքով կամ առողջական վիճակով պայմանավորված ոչ բավարար չափով արդարացված տարբերակման»:
Դիմողը չի բացառում, որ օրենսդիրը կարող էր հետապնդել սահմանադրորեն իրավաչափ նպատակ՝ խրախուսել ոչ թե ձևական ներկայանալը, այլ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտքի փաստացի կատարումը, սակայն նման նպատակի առկայությունը, Դիմողի գնահատմամբ, դեռևս չի վերացնում Սահմանադրության 78-րդ հոդվածից բխող համաչափության պահանջը:
Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը եզրահանգում է, որ առկա է հիմնավոր կասկած, որ ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով քրեական պատասխանատվությունից ազատումը կապում է այն հանգամանքի հետ, որ անձը կամովին ներկայացել և զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության, կարող է հակասել Սահմանադրության հիշատակված հոդվածներին։
3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Դատարանների՝ սահմանադրական արդարադատություն հայցելու սահմանադրաիրավական հնարավորությունն ամրագրված է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում.
«Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:
Վկայակոչված կարգավորումն իր ամրագրումն է ստացել Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում, որի շրջանակներում օրենսդիրն ուրվագծել է դատարանների սույն սահմանադրաիրավական իրավասության կենսագործման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:
Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Սահմանադրի կողմից դատարաններին՝ սույն սահմանադրաիրավական իրավասությամբ օժտելու հիմնարար նպատակը հանգում է դատարանների կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պարագայում կոնկրետ սահմանադրական վերահսկողությունը կարող է իր նպատակին ծառայել, ի թիվս այլնի, նաև այն դեպքում, երբ դատարանները Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներում շարադրեն վիճարկվող նորմերի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բազմաբովանդակ պատճառաբանությունը, որը կհիմնավորի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի առկայությունը, ի շարս այլնի, նաև վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինությունը:
Վերոհիշյալ սահմանադրաիրավական պահանջների պահպանումը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի ընդունելիության և գործի քննության գրավականն է, ուստի՝ արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական առաքելություն կրող հիշյալ սուբյեկտների կողմից ենթակա է առանձնահատուկ ուշադրության՝ հաշվի առնելով հակասահմանադրական նորմերի կիրառման անթույլատրելիության Սահմանադրի կամքը:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:
Դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին փաստել, որ դիմումը չի պարունակում Դիմողի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի ներկայացրած փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ առկա է վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականության վերաբերյալ այնպիսի հիմնավոր կասկած, որը կհիմնավորեր Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը։
Այս համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցադրումները հիմնականում վերաբերում են վիճարկվող նորմի նպատակահարմարությանը և օրենսդրի կողմից ընտրված իրավակարգավորման մոդելին, այլ ոչ թե դրա ակնհայտ կամ հավանական հակասությանը Սահմանադրությանը. այն հանգամանքը, որ օրենսդիրը քրեական պատասխանատվությունից ազատման իրավական հետևանքը կապել է ոչ միայն անձի կամովին ներկայանալու, այլև պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության փաստացի զորակոչվելու հետ, ինքնին դեռևս չի վկայում իրավական անորոշության կամ անձի սահմանադրական իրավունքների ու համապատասխան սկզբունքների խախտման մասին։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը չի հիմնավորում նաև իր պնդումն առ այն, որ վիճարկվող կարգավորումը նույն վարքագիծ դրսևորած անձանց նկատմամբ առաջացնում է չարդարացված տարբերակված վերաբերմունք. ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավական հետևանքը պայմանավորված է ոչ թե անձանց կամայականորեն տարբերակելու նպատակով, այլ այն հանգամանքով, որ օրենսդիրը քրեական պատասխանատվությունից ազատումը կապել է սահմանադրական պարտականության փաստացի կատարման հետ։ Այս առումով՝ տարբեր իրավական հետևանքները բխում են ոչ թե իրավակիրառողի հայեցողությունից կամ կամայականությունից, այլ օրենքով նախապես սահմանված օբյեկտիվ իրավական հանգամանքների առկայությունից կամ բացակայությունից, որոնք հավասարապես կիրառելի են բոլոր անձանց նկատմամբ։
Ավելին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողն ինքն է ընդունում, որ օրենսդրի նպատակը եղել է խրախուսել ոչ թե ձևական կամովին ներկայանալը, այլ Հայաստանի Հանրապետության պաշտպանության սահմանադրական պարտականության փաստացի իրականացումը։ Միևնույն ժամանակ, Դիմողը որևէ կերպ չի հիմնավորում, որ օրենսդրի կողմից ընտրված միջոցն ակնհայտորեն պիտանի չէ հետապնդվող նպատակին հասնելու համար կամ գերազանցում է օրենսդրին վերապահված սահմանադրական հայեցողության շրջանակները։
Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով Դիմողի ներկայացրած հիմնավորումների շրջանակն առավելապես հիմնված է սուբյեկտիվ ընկալումների և օրենսդրական քաղաքականության անհամաձայնության վրա, որոնք ինքնին չեն կարող դիտարկվել իբրև վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող փաստարկներ:
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանների՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ կատարված ցանկացած դատողություն չէ, որ ընդգրկվում է Սահմանադրի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բովանդակային սահմաններում, այլ այն պատճառաբանված դիրքորոշումները, որոնք հանգեցրել են նման դատողությանը. սա է Սահմանադրի անբեկանելի կամքը, որը սահմանադրականության հաստատման, սույն պարագայում՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրական դրույթի կիրառման արգելակման գրավականն է: Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պատվիրանի կատարումը:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, որպիսի պայմաններում գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
8 հուլիսի 2026 թվականի
ՍԴԱՈ-171
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-171
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
