«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 408-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 փետրվարի 2025թ. ՍԴԱՈ - 29 | «ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 408-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 408-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի հունվարի 30-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արուսյակ Ալեքսանյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված արդար դատաքննության հիմնարար իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս Սահմանադրական դատարանի որոշման ուժով հարուցված բացառիկ վերանայման վարույթով բովանդակային կերպով չվերանայել բացառիկ վերանայման առարկա հանդիսացող դատական ակտը՝ անկախ այն չբեկանելու հանգամանքից»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածը չի պարտադրում, որ Սահմանադրական դատարանի որոշման հիմքով հարուցված բացառիկ վերանայման վարույթի արդյունքով իրավասու դատարանը բացառիկ վերանայման առարկա հանդիսացող դատական ակտը ենթարկի բովանդակային վերանայման, այն է՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վերացնի այն հետևանքը, որը հանդիսացել է հիմք՝ նոր հանգամանքի ի հայտ գալու, այն է՝ Սահմանադրական դատարանի որոշման կայացման համար:
Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածը չի կարող համահունչ լինել Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքի բովանդակային ցուցիչ հանդիսացող «արդարացիության» բաղադրիչին՝ այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության հիշյալ իրավանորմը չի նախատեսում բացառիկ վերանայման վարույթում Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքի հիմքով դատական ակտի բովանդակային վերանայում՝ այդ կերպ փաստացի պարտադիր չհամարելով Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա հարուցված բացառիկ վերանայման վարույթով մինչև իրավունքի խախտումը եղած դրության վերականգնումը` դրանով իսկ ստեղծելով իրավունքի պաշտպանության փակուղի, հետևաբար՝ իրավունքի գերակայության սկզբունքի իրացվելիության անհնարինություն:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածն այնքանով, որքանով թույլ է տալիս, որ Սահմանադրական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշման ուժով հարուցված բացառիկ վերանայման վարույթի արդյունքով իր համար չվերականգնվի մինչև թիվ ՀԿԴ/0002/01/23 գործով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ թույլ տրված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքի խախտումը եղած դրությունը, ստեղծում է իրավական փակուղի՝ նոր հանգամանք հանդիսացող՝ Սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշման ուժով հարուցված բացառիկ վերանայման վարույթի արդյունքով մինչև իր իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու համար՝ բացառիկ վերանայման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան միջոցին ըստ էության հաղորդելով պատրանքային բնույթ` այդ կերպ անմիջական վտանգի տակ դնելով իրավունքի գերակայության սկզբունքը, փաստացի հանդուրժելով իրավատիրոջ խախտված իրավունքների վերականգնման կամ այլ կերպ պաշտպանության՝ հանրային իշխանության սահմանադրական պարտականությունը պատշաճորեն կատարված չլինելու փաստը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումն ու կից ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր:
Այս համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է նշված դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես` Դիմողն անհատական դիմումի շրջանակում, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «(...) Չնայած նրան, որ 2024թ. դեկտեմբերի 26-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 (...) որոշմամբ Վճռաբեկ դատարանը որոշել է Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի պաշտպան Ա. Մանուկյանի բացառիկ վերանայման բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի որոշումը նոր հանգամանքի, այն է՝ Սահմանադրական դատարանի՝ 2023թ. դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշման հիմքով վերանայել, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանի՝ 2024թ. դեկտեմբերի 26-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 (...) որոշումը որևէ բովանդակություն չի պարունակել՝ այն մասին, թե ինչ պատճառով է, որ 2023 թվականի ապրիլի 26-ին Վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում՝ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023թ. փետրվարի 23-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 (...) որոշման դեմ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Ա. Մանուկյանի ներկայացրած՝ քրեադատավարական օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված (...) սկզբունքի խախտում թույլ տրված լինելու վերաբերյալ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին»:
Բացի այդ, Դիմողը նշել է. «(...) այն դեպքում, երբ նոր հանգամանքի՝ Սահմանադրական դատարանի որոշման ուժով փաստվում է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտով թույլ է տրվել դիմումատուի արդար դատաքննության հիմնարար իրավունքի խախտում՝ դրսևորված հիշյալ դատական ակտի չպատճառաբանվածության փաստով, ապա այս դեպքում ակնհայտ է այն, որ Սահմանադրական դատարանի որոշումը պետք է անվերապահ հիմք հանդիսանա՝ բացառիկ վերանայման արդյունքով կայացնելու այնպիսի որոշում, որը, թեև չի բեկանում բացառիկ վերանայման առարկա հանդիսացող դատական ակտը, սակայն վերականգնում է դիմումատուի (բողոքաբերի) արդար դատաքննության խախտված իրավունքը, (...)»:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ վիճարկվող 408-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշման իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ` Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
25 փետրվարի 2025 թվականի
ՍԴԱՈ-29
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-29
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
