Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԷՄՄԱ ԽՈՋՈՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԷՄՄԱ ԽՈՋՈՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-163 նոյեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 նոյեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 16 | ԷՄՄԱ ԽՈՋՈՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

3 նոյեմբերի 2014 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը`

Նախագահությամբ` Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ` Կ. Բալայանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով քաղաքացիներ Էմմա Խոջոյանի և Գևորգ Արշակյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացիներ Էմմա Խոջոյանը և Գևորգ Արշակյանը 2014թ. հոկտեմբերի 15-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.

«1. ՀՀ Սահմանադրության 8, 14.1 և 31 հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի 1-ին մասը, այնքանով, որքանով գույքի (հողամասի) նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման իրավունք է տալիս միայն այդ գույքի սեփականատեր չհանդիսացող անձին և նման իրավունք չի տալիս տվյալ անշարժ գույքի (հողամասի) համասեփականատիրոջը:

2. ՀՀ Սահմանադրության 1, 8 և 31 հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199 հոդվածի 1-ին մասը, այնքանով, որքանով անշարժ գույքով ծանրաբեռնված ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի բաժանման դեպքում հաշվի չի առնվում այդ հողամասին ամրակցված անշարժ գույքի մակերեսը և այդ հողամասը ենթակա չէ բաժանման դրան ամրակցված անշարժ գույքերի մակերեսներին համամասնորեն»:

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1. Դիմողները նշում են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման համաձայն` գույքի ձեռքբերման սեփականության իրավունքով օժտվում են միայն տվյալ գույքը տասը տարի բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետողները, և անտեսվում են գույքը տասը տարի բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետող, սակայն գույքի համասեփականատեր հանդիսացող անձինք: Դիմողների կարծիքով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումը, երբ ձեռքբերման վաղեմության հիմքով հողամասի նկատմամբ կարող է ճանաչվել միայն այլ անձի սեփականության իրավունքը և չի կարող ճանաչվել այդ հողամասի սեփականատերերից մեկի սեփականության իրավունքը, հակասում է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 14.1-րդ, 31-րդ հոդվածների դրույթներին: Դիմողները նշում են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2- րդ մասի վերաբերյալ իրավական որոշակիության առումով առկա է խնդիր, քանի որ մի դեպքում այդ նորմի կիրառմամբ ընդհանուր սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասը դատարանի կողմից բաժանվել է այդ հողամասին ամրակայված շինությունների մակերեսներին համամասնորեն, իսկ մեկ այլ գործով հողամասը բաժանվել է բոլոր համասեփականատերերի միջև` համամասնորեն, անկախ դրանում առկա շինությունների մակերեսներից:

Ըստ դիմողների` այս պարագայում սեփականատերերը զրկվում են հողամասերը բաժանելու և սեփականատիրոջ իրավազորությունից լիարժեք օգտվելու հնարավորությունից:

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի մասով, վկայում է, որ դիմողների համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրանց նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են: Հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողներն ընդամենը բարձրացնում են դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ: Փաստորեն, դիմողները վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում են դրա կիրառման իրավաչափության հարց, որն էլ, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանած իրավական դիրքորոշման, ըստ որի` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, հանդիսանում է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:

3. Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասին, ապա դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա չեն դիմումի` նշյալ դրույթի մասով քննությունը մերժելու հիմքեր, քանի որ`

դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողներն իրավասու են դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով և 32-րդ հոդվածի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացիներ Էմմա Խոջոյանի և Գևորգ Արշակյանի անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1- ին մասի մասով մերժել:

2. Քաղաքացիներ Էմմա Խոջոյանի և Գևորգ Արշակյանի անհատական դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի մասով գործն ընդունել քննության:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող`

Անդամներ`

3 նոյեմբերի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/2-16

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 նոյեմբերի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-16
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել