ԳՆԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-57)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 հուլիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 57 | ԳՆԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 24 հուլիսի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է․ Շաթիրյանի
Քննության առնելով Գնել Հակոբյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գնել Հակոբյանի (այսուհետ նաև` Դիմող, ներկայացուցիչ՝ Տիգրան Հակոբյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 14-ին, որով Դիմողը խնդրել է.
«1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով որքանով նախատեսում է «խիստ որոշակի սանկցիա»՝ կոնկրետ տույժի տեսակ և կոնկրետ տույժի չափ, թույլ չի տալիս որպեսզի անձի նկատմամբ կիրառվի իր կողմից կատարված զանցանքին համաչափ հարկադրանքի միջոց, ինչպես նաև չի երաշխավորում անձի սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության պետության ստանձնած պոզիտիվ պարտականության իրականացումը, ճանաչել ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 78-րդ հոդվածին և ՀՀ սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/7191/05/24 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է. «(...) Սահմանադրական դատարանում քննարկման ենթարկելու հնարավորության շրջանակում Դիմողի իրավունքների խախտումը կայանում է նրանում, որ վարչական մարմինը նրա նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելիս և դատարանները նշյալ պատասխանատվության միջոցի իրավաչափության հարցը գնահատելիս, օրենքով հնարավորություն չեն ունեցել Դիմողի նկատմամբ նշանակել համաչափ պատասխանատվության միջոց, արդյունքում Դիմողի նկատմամբ կիրառել է հակասահմանադրական օրենք (օրենքի հակասահմանադրական դրույթ), որը մեր գնահատմամբ հանգեցրել է Դիմողի նկատմամբ անհամաչափ պատասխանատվության միջոցի կիրառման (ինչը սույն դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշման հիման վրա վերանայման արդյունքում իրավասու դատարանի կողմից հնարավոր կլինի վերանայել)»:
Դիմողի կարծիքով խախտվել է Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` իր կատարած իրավախախտման համար օրենքով համաչափ պատիժ նախատեսված լինելու, և այդպիսով իր նկատմամբ համաչափ պատժատեսակ և պատժաչափ նշանակելու հնարավորության առկայության պայմաններում տվյալ հանցանքի համար պատասխանատվության ենթարկվելու իրավունքը:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթի վերաբերյալ, իր կողմից վիճարկվող մասով չկա իրավակիրառ պրակտիկա, որի շրջանակում այդ դրույթին վիճարկվող համատեքստում որևէ մեկնաբանություն տրված լինի:
Դիմողը գտնում է, որ օրենսդիրը կրում է պոզիտիվ պարտականություն՝ ապահովելու այնպիսի պատժատեսակի և պատժաչափի նախատեսում, որը կերաշխավորի մարդու իրավունքների սահմանափակման համաչափություն և պատժի անհատականացման սկզբունքի կենսագործմանն ուղղված ամբողջ համակարգի արդյունավետ գործունեությունը:
Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խիստ որոշակի սանկցիան, նախատեսելով կոնկրետ տույժի տեսակ և տույժի չափ, հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված և մարդու իրավունքների սահմանափակման տեսանկյունից հիմնաքարային համարվող համաչափության սկզբունքին՝ այդպիսով հանգեցնելով պետության՝ անձի սեփականության իրավունքի երաշխավորման պոզիտիվ պարտականության չկատարման, ինչը կոնկրետ գործի շրջանակներում հանգեցրել է Դիմողի սեփականության իրավունքի անհամաչափ սահմանափակման և խախտման:
Դիմողը, անդրադառնալով նաև Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, գտնում է, որ սահմանադրական վեճի առարկան ոչ թե Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցանքի համար (որպես սանկցիա) մեկ տարի ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու՝ անձի սեփականության իրավունքի անհամաչափ սահմանափակում լինելն է, այլ օրենքով այնպիսի սանկցիայի նախատեսումը, որը չի երաշխավորում անձի սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանություն և կոնկրետ դեպքում հանգեցնում է այդ իրավունքի անհամաչափ սահմանափակման:
Դիմողի համոզմամբ՝ խիստ որոշակի սանկցիայով պատասխանատվության միջոցի սահմանումը թեև կարող է անհրաժեշտ և պիտանի լինել իրավաչափ նպատակի իրականացման համար, սակայն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող հնարավոր դեպքերի բազմազանության պայմաններում խիստ որոշակի սանկցիայի նախատեսումը ողջամտորեն առաջացնում է Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցանքի կատարման համար այդ հոդվածով նախատեսված սանկցիայի՝ կոնկրետ դեպքում անձի սեփականության իրավունքի անհամաչափ սահմանափակման բարձր հավանականություն, որպիսի պայմաններում խիստ որոշակի սանկցիայի նախատեսման միջոցով Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցանքի հանրային վտանգավորությունը չեզոքացնելու հանրային շահը չի հակակշռում անձի սեփականության իրավունքի երաշխավորման մասնավոր շահը:
Ամփոփելով` Դիմողը եզրահանգում է, որ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով որքանով նախատեսում է «խիստ որոշակի սանկցիա»՝ կոնկրետ տույժի տեսակ և կոնկրետ տույժի չափ, թույլ չի տալիս որպեսզի անձի նկատմամբ կիրառվի իր կողմից կատարված զանցանքին համաչափ հարկադրանքի միջոց, ինչպես նաև չի երաշխավորում անձի սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության պետության ստանձնած պոզիտիվ պարտականության իրականացումը, պետք է ճանաչվի ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 78-րդ հոդվածին և ՀՀ սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր»:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դիմողն իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման առթիվ իր փաստարկների հիմքում դրել է վերաբերելի օրենսդրական կարգավորումների իր մատնանշած թերությունները, ինչպես նաև իր անհամաձայնությունն այդ կարգավորումների կիրառման արդյունքում կայացված դատական ակտերի առնչությամբ։
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն գործով Դիմողը, ըստ էության, վիճարկում է վարչական պատասխանատվություն սահմանող օրենքի համաչափությունը կատարված արարքին և այն, որ այդ օրենքը, միևնույն հիպոթեզի (իրավախախտման նկարագրության) պայմաններում չի նախատեսում սանկցիաների միջակայք, որով իրավակիրառին հնարավորություն կտրվեր հաշվի առնելու կատարված կոնկրետ իրավախախտման ենթադրյալ առանձնահատկությունները՝ այդպիսով զրկելով իրավակիրառին պատժի անհատականացման որևէ հնարավորությունից (հայեցողությունից) և դրանով իսկ անհամաչափ միջամտություն դրսևորելով իր սեփականության իրավունքի նկատմամբ։
Վերոշարադրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը կարևոր է համարում ընդգծել, որ իրավախախտումների համար սանկցիաների խստությունը որոշելը պետական քաղաքականության հարց է, քանի դեռ չի բարձրանում իրավախախտման նկարագրության և սանկցիայի անհամաչափության խնդիր, ընդ որում՝ ոչ միայն ակնհայտ խստության, այլ նաև ակնհայտ մեղմության առումով, քանի որ Սահմանադրության 71-րդ հոդվածով երաշխավորվում է «պատիժների» համաչափությունը՝ անկախ դրանց ծանրության կամ մեղմության աստիճանից։ Այս առումով, անհրաժեշտ է նշել, որ մյուս կողմից սահմանադրականության առումով խնդիր կարող է նաև առաջացնել հիպոթեզի կամ սանկցիայի ոչ որոշակի լինելը, ինչը դիմումում փաստարկված չէ, և ինչը, սույն գործի նյութերից ելնելով, նույնպես որևէ կասկած չի հարուցում՝ օրենսդրական նորմի պահանջների թե՛ իրավախախտման նկարագրության, թե՛ դրա համար նախատեսված սանկցիայի հստակության առումներով։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայության վերաբերյալ:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Գնել Հակոբյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
24 հուլիսի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-57
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-57
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
