«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 փետրվարի 2019թ. ՍԴԱՈ - 12 | «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի և 3-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2019 թվականի հունվարի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի և 3-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
2. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ բարձրացված ենթադրյալ հակասահմանադրականության հարցը, ըստ էության, դուրս է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կարգավորման առարկայի շրջանակներից, և այդ առումով դիմումը հիմնավորված չէ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք վերաբերելի են սահմանադրական վերահսկողության բոլոր ձևերին ու պարտադիր են Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների համար: Հիշյալ գլխով կանոնակարգվում են նաև գործի քննության մերժման հետ կապված հարցերը, այդ թվում մերժման հիմքերը, որոնց շարքում սահմանվում է նաև, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին (29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Սահմանադրական դատարանը, իր լիազորությունների արդյունավետ իրականացման նպատակով և գործունեության կարգի ընդհանուր տրամաբանությամբ պայմանավորված, արտահայտել է իրավական դիրքորոշումներ և գործում է այն մոտեցմամբ, որ գործի քննությունը մերժելու հիշյալ հիմքը ներառում է նաև այն դեպքերը, երբ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներկայացվում են այնպիսի հիմնավորումներ, որոնք կապված են ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են այդ դրույթների կիրառման իրավաչափության հարցին, ինչպես նաև այն դեպքերը, երբ բարձրացված ենթադրյալ հակասահմանադրականության հարցը դուրս է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կարգավորման առարկայի շրջանակներից: Սույն գործով դիմողը, մասնավորապես, վկայակոչում է Սահմանադրության համապատասխան հոդվածները (28, 29, 75, 79, 80 և 81-րդ հոդվածներ), «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (Օրենք) առանձին դրույթների (2-րդ հոդվածի 1-ին, 7-րդ, 8-րդ մասերի) ու վիճարկվող դրույթների իր մեկնաբանությունները և եզրահանգում, որ «այն դեպքերում, երբ անձը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարանի դատավճիռը, սակայն Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելու, մերժելու, վերադարձնելու կամ առանց քննության թողնելու վերաբերյալ համապատասխան որոշում դեռևս չի կայացրել, համաներումը չի կիրառվում, անձը չի ազատվում պատժից»: Համաներումը, որը 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ արդեն ընդունվում է օրենքով, լինելով նորմատիվ իրավական ակտ, այնուհանդերձ, ունի էական առանձնահատկություն. այն, որպես մարդասիրական վերաբերմունք և օրենսդրի հայեցողությունն արտահայտող ակտ, առնչվում է որոշակի անձանց ու կոնկրետ իրավիճակների: Վերջինիս կարգավորման առարկայից դուրս են դատարանների իրավասության շրջանակները սահմանելու, ինչպես նաև դատավարական ընթացակարգերի հետ կապված էական (սկզբունքային) մանրամասներ սահմանելու հարցերը: Հայաստանի Հանրապետությունում համաներման մասին նորմատիվ իրավական ակտերի (համաներման ակտեր) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրն այդ ակտերով վերջիններիս կատարումը սահմանված դեպքերում վերապահել է նաև դատարաններին, իսկ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի համաներման ակտով կոնկրետ նշել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններին, 2018 թվականի նոյեմբերի 1-ի համաներման ակտով Օրենքով, կոնկրետ նշել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ քրեական և Վճռաբեկ դատարաններին: Մասնավորապես ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններին վերապահվել է համաներման ակտը կատարել այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերն ընդհանուր իրավասության առաջին ատյանի կամ վերաքննիչ քրեական դատարանում են, սակայն մինչև տվյալ համաներման ակտի ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել: Ինչպես և ակնհայտ է վերոհիշյալ դրույթից օրենսդիրը համաներման ակտերով չի մանրամասնել ինչ է նշանակում «գործերն ընդհանուր իրավասության առաջին ատյանի կամ վերաքննիչ քրեական դատարանում են» դրույթը, կամ եթե գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել, ապա դատարանը ի՞նչ հիմքով է կատարում համաներման ակտը, ինչպես նաև չեն սահմանվել դատավարական այլ մանրամասներ: Հիշյալ հարցերի իրավակարգավորման հիմքը դատարանների իրավասությունների շրջանակի մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն է, իսկ դատավարական ընթացակարգերի մասով քրեական դատավարության օրենսգիրքը, ինչպես նաև հիշյալ հարցերը լուծվում են ձևավորված դատական պրակտիկայի շրջանակներում (ինչը փաստվել է նաև, ի պատասխան Սահմանադրական դատարանի հարցման, ՀՀ դատական դեպարտամենտի 2019 թվականի փետրվարի 1-ի Ե-501 գրությամբ): Ինչ վերաբերում է դիմողի այն մոտեցումներին, որ «երբ անձը ներկայացրել է վճռաբեկ բողոք, և դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, Վճռաբեկ դատարանը հնարավորություն չի ունենում անձին ազատել պատժից այն դեպքում, երբ բողոքը դեռևս վարույթ չի ընդունել», ինչպես նաև այն, որ «Օրենքով չի նախատեսվել համապատասխան կառուցակարգեր, որպեսզի օրենքի առջև հավասարության և խտրականության արգելքի սկզբունքները պահպանվեն այն դեպքերում, երբ անձը Վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանն անձից անկախ հանգամանքներում բողոքը դեռևս վարույթ չի ընդունել», ապա հարկ է նշել, որ առավել ևս համաներման ակտով օրենսդիրը չի կարող Վճռաբեկ դատարանին վերապահել մի լիազորություն, որը դուրս է նրա դատավարական գործառույթների շրջանակից, իսկ վերջինս էլ պետք է, բնականաբար, բխի նրա սահմանադրական կարգավիճակից: Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի և 3-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
8 փետրվարի 2019 թվականի
ՍԴԱՈ-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 փետրվարի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
