Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-604 նոյեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-60)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 նոյեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 60 | «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

4 նոյեմբերի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Դիլանյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 2019 թվականի հոկտեմբերի 15-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «Որոշել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի ՀՀ Սահմանադրության 28-րդ և 75-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 28 և 75-րդ հոդվածներին, քանի որ վերջնական դատական ակտի հրապարակման պահից ուժի մեջ մտնելու դեպքում, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի որոշման դեպքում փաստացի տարբերակված մոտեցում է կիրառվում սահմանադրական արդարադատություն փնտրող սուբյեկտների նկատմամբ կախված Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակման և այդ որոշումը ստանալու պահերի միջև ընկած ժամանակահատվածից:

Իր դիրքորոշումը դիմողը փաստարկում է նրանով, որ անհատական դիմումով Սահմանադրական դատարան դիմելու համար դիմող սուբյեկտը պետք է ստացած լինի վերջնական դատական ակտը, որպեսզի հնարավորություն ունենա աշխատելու Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումի վրա: Մինչդեռ, կախված այն հանգամանքից, որ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անձը Վճռաբեկ դատարանի որոշումը փաստացիորեն ստանում է ոչ թե որոշման հրապարակման պահին, այլ ավելի ուշ ընկած տարբեր ժամանակահատվածներում, հետևաբար վիճարկվող նորմը տարբեր սուբյեկտներին Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումների պատրաստման համար փաստացի տալիս է տարբեր ժամկետներ:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69- րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին …. որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը:

Սահմանադրական դատարանն իր 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 7-րդ կետում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «7. Ելնելով վերոշարադրյալից սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական դատարանի ակտերով, այդ թվում նաև դատական կազմի որոշումներով կիրառված օրենքը չի կարող լինել կոնկրետ սահմանադրական վերահսկողության օբյեկտ, հետևաբար, ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից անհատական դիմումի հիման վրա վիճարկման ենթակա չէ սահմանադրական դատարանի կողմից կիրառված օրենքի սահմանադրականությունը։ Այս հանգամանքը բացատրվում է ինչպես սահմանադրական դատարանի սահմանադրական գործառույթով, այնպես էլ սահմանադրական դատավարության առանձնահատկություններով, մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածում ամրագրված գործի հանգամանքների ի պաշտոնե քննության սկզբունքով։ Ըստ այդ սկզբունքի սահմանադրական դատարանը գործի բոլոր հանգամանքները պարզում է ի պաշտոնե չսահմանափակվելով սահմանադրական դատավարության մասնակիցների միջնորդություններով, առաջարկություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով։ Սահմանադրական դատարանը որպես սահմանադրական արդարադատության բացառիկ գործառույթով օժտված մարմին, ղեկավարվելով նշված դատավարական սկզբունքով, կոնկրետ գործի քննության ընթացքում կարող է խուսափել Սահմանադրությանը հակասող նորմի կիրառումից կամ տվյալ նորմը Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանությամբ կիրառելու միջոցով, կամ սահմանադրական դրույթների անմիջական կիրառման միջոցով»։ Սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը վիճարկում է Սահմանադրական դատարանի դատական կազմի «Անհատական դիմումի ընդունելիության հարցի վերաբերյալ» 2019թ. ապրիլի 11-ի ՍԴԴԿՈ-18 որոշմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը: Սակայն, ըստ Սահմանադրական դատարանի դիրքորոշման, Սահմանադրական դատարանի կողմից կիրառված օրենքի սահմանադրականությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից անհատական դիմումի հիման վրա վիճարկման ենթակա չէ: Հետևաբար դիմողն իրավասու չէ անհատական դիմումի հիման վրա վիճարկելու Սահմանադրական դատարանի կողմից իր նկատմամբ կիրառված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի դրույթի սահմանադրականությունը, իսկ դիմողի իրավասու չլինելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

4 նոյեմբերի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-60

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 նոյեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-60
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել