Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՄԵՆԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ (ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-538-Ն ՕՐԵՆՔՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՄԵՆԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ (ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-538-Ն ՕՐԵՆՔՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-20119 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-201)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 դեկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 201 | «ԱՐՄԵՆԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ (ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-538-Ն ՕՐԵՆՔՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՐՄԵՆԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ (ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-538-Ն ՕՐԵՆՔՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արմենակ Պետրոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (մինչև 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված ՀՕ-538-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի դեկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արմենակ Պետրոսյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արման Աբրահամյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...), 2022 թվականի հունվարի 1-ից մինչև միևնույն թվականի դեկտեմբերի 24-ը գործած խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում պարունակվող օրենսդրական բացը ճանաչել ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/5286/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթում պարունակվող օրենսդրական բացն այն մասով, որ դրա կիրառումը պայմանավորված չէ նաև օտարվող գույքի կառուցմանն ուղղված գործունեության բնույթով՝ ըստ այն իրականացնելու պահի դրությամբ գործող իրավակարգի, և որ դրանում բացակայում են «ձեռնարկատիրական հատկանիշներով» բնութագրվող կառուցապատման գործունեությունը «անձնական հատկանիշներով» բնութագրվող կառուցապատման գործունեությունից օբյեկտիվորեն զանազանող առարկայական չափանիշները, չի բավարարում Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասով, 78 և 79-րդ հոդվածներով ամրագրված՝ օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքի, համաչափության և որոշակիության սկզբունքները և խախտում է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքն այն տեսանկյունից, որ գույքի օտարման գնի 20 տոկոսի չափով եկամտային հարկի գծով պարտավորություն է առաջանում անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի համար՝ իր կառուցած անշարժ գույքի վաճառքի համար, նույնիսկ եթե նա անհատական բնակելի տունը կառուցել, այն շահագործման է ընդունել և ինքնուրույն գույքային միավորների բաժանել 2007-2018թթ., մասնավորապես՝ այն ժամանակահատվածում, երբ ՀՀ գործող օրենսդրությունը միանշանակ բացառել է մեկ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված գործունեության ձեռնարկատիրական բնույթը, և նույնիսկ եթե կառուցելիս անձը չի հետապնդել «ձեռնարկատիրական շահույթ» ապահովելու նպատակ: Այսինքն՝ ըստ Դիմողի՝ խնդրո առարկա հասարակական հարաբերության թերի կանոնակարգման հետևանքով վիճարկվող դրույթը կրում է չափազանց ընդհանրական բնույթ՝ հանգեցնելով անհատական բնակելի տուն կառուցած բոլոր ֆիզիկական անձանց համար անկանխատեսելի ծանր հարկային պարտավորություն առաջացնելուն:

Դիմողը նաև գտնում է, որ վիճարկվող դրույթը չի բավարարում Սահմանադրության 28 և 29-րդ հոդվածներով երաշխավորված՝ օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելքի սկզբունքները, քանի որ անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվում է տարբերակված հարկային մոտեցում՝ սոսկ գույքի օտարման ամսաթվով պայմանավորված, այն դեպքում, երբ նրանք անհատական բնակելի տունը կառուցել, շահագործման են ընդունել և այն ինքնուրույն գույքային միավորների բաժանել միևնույն ժամանակահատվածում (2007-2018թթ.), այսինքն՝ օտարվող գույքը ստեղծվել է միևնույն իրավակարգի ներքո և կրում է միևնույն իրավական կարգավիճակը, իսկ տարբերակված մոտեցումը ոչ միայն չի հիմնավորվում օրենսդրի կողմից, այլև չի կարող ունենալ որևիցե օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում:

Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթում առկա ենթադրյալ օրենսդրական բացի արդյունքում օրենքի հետադարձ կիրառմամբ անձի կողմից իրականացված գործունեությանը և դրա արդյունքում ստեղծված գույքին տրվում է իրավաբանական այնպիսի բնույթ, որն էապես վատթարացնում է անձի իրավական վիճակը: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ նման պայմաններում ֆիզիկական անձի համար առաջանում է հարկային պարտավորություն այն դեպքում, երբ այն բացակայել է կառուցապատման ողջ գործունեությունն իրականացնելիս, որը վատթարացնում է անձի իրավական վիճակը և անթույլատրելի է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից:

Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթը՝ այլ նորմերի հետ միասին պարունակում է օրենսդրական բաց, որը իրավակարգավորման թերությունն է, մասնավորապես՝ այն չի սահմանում իրավական կառուցակարգ, որը հնարավորություն կտա այն կիրառելիս անդրադառնալ նաև այն իրավակարգին, որի ներքո անձն իրականացրել է անհատական բնակելի տան կառուցապատմանն ուղղված գործունեություն: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ կարևորելով բացառապես գույքի օտարման պահը՝ վիճարկվող դրույթը հետադարձ գործողությամբ արմատապես (ոչ ձեռնարկատիրականից դեպի ձեռնարկատիրական բնույթ) վերափոխում է արդեն իսկ ավարտված իրողության (մեկ անհատական բնակելի տան կառուցապատում) իրավական գնահատականը, վատթարացնում անձի իրավական վիճակը` գույքի օտարումից ստացվող եկամտի համար նախատեսելով եկամտային հարկ, որը, սակայն, որևիցե կերպ չի հիմնավորվում «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտությամբ», ինչի արդյունքում խաթարվում են Սահմանադրության 73, 78 և 79-րդ հոդվածներով երաշխավորված՝ հետադարձ ուժի արգելքի, համաչափության և իրավական որոշակիության սկզբունքները՝ արդյունքում հանգեցնելով նաև Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված սեփականության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման և դրա խախտման:

Դիմողը գտնում է, որ սույն անհատական դիմումի շրջանակներում համեմատվող իրավիճակներում գտնվող անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձինք միևնույն իրավակարգի ներքո իրականացրել են անհատական բնակելի տան կառուցապատման ողջ գործընթացը, ավարտել և շահագործման են ընդունել անհատական բնակելի տունը, բաժանել այն ինքնուրույն գույքային միավորների։ Ըստ Դիմողի՝ դրանով պայմանավորված օտարվող գույքը բնութագրվում է միևնույն իրավական վիճակով՝ «ոչ ձեռնարկատիրական» բնույթով, ինչն էլ պայմանավորում է համեմատվող իրավիճակների համադրելիությունը։ Հավելելով՝ Դիմողը նշում է, որ հաշվի առնելով, որ նույնական իրավիճակներում միևնույն գործողությունը՝ գույքի վաճառքը, առաջացնում է տարբեր հետևանքներ՝ սոսկ այդ գույքի օտարման ամսաթվով պայմանավորված, այն դեպքում, երբ 2022 թվականին օրենսդիրն ընդունել է ընդհանուր առմամբ անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից կառուցված գույքի օտարումից ստացվող եկամտից եկամտային հարկ վճարելու պարտավորության ոչ համաչափ բնույթը` առկա չէ «ողջամիտ և օբյեկտիվ հիմնավորում» իրավիճակները տարբերակելու համար, որն էլ հանգեցնում է Սահմանադրության 28, 29 և 60-րդ հոդվածների խախտմանը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում նաև՝ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (մինչև 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված ՀՕ-538-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող խմբագրությամբ) (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 28, 29, 60, 73, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

այսպես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 28, 29, 73, 78 և 79-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (մինչև 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված ՀՕ-538-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող խմբագրությամբ) (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքին, հետևաբար և՝ Սահմանադրության 28, 29, 73, 78 և 79-րդ հոդվածներին։

Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արմենակ Պետրոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (մինչև 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված ՀՕ-538-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

19 դեկտեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-201

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-201
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել