«ՖԻՇԿՈ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-33)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 ապրիլի 2026թ. ՍԴԴԿՈ - 33 | «ՖԻՇԿՈ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 22 ապրիլի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Ա. Զեյնալյանի
Քննության առնելով «ՖԻՇԿՈ» ՍՊԸ անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՖԻՇԿՈ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Միքայել Դանիելյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի ապրիլի 7-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«(...)
(...) Որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, այդ թվում, բայց ոչ միայն՝ 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի և 47-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 64-րդ հոդվածին, 74-րդ հոդվածին, ինչպես նաև 78-րդ և 80-րդ հոդվածներին այնքանով, որքանով դրանցով չի սահմանվում սնանկ ճանաչված պարտապանի կողմից անձամբ (անմիջականորեն) դատարան դիմելու ևս մեկ (հերթական, ոչ թե եզակի) բացառություն կամ դեպք՝ սնանկության գործով պարտատիրոջ հանդեպ առկա պահանջներով պարտապանի կողմից անձամբ (անմիջականորեն), առանց սնանկության գործով կառավարչի համաձայնության, թույլտվության, հսկողության և/կամ որևէ այլ դերակատարման, դատարան դիմելու համար»:
2․ Ներկայացնելով թիվ ԵԴ2/9619/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» օրենքով և դրա կարգավորումներով, այդ թվում, բայց ոչ միայն՝ տվյալ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չէ որևէ բացառություն և (կամ) դեպք, որի համաձայն՝ սնանկության գործով պարտապանի՝ պարտատիրոջ հանդեպ պահանջների առկայության պարագայում վերջինիս դեմ դատարան կարող է դիմել ոչ թե սնանկության գործով կառավարիչը և (կամ) պարտապանը՝ կառավարչի համաձայնությամբ և թույլտվությամբ, այլ անձամբ (անմիջականորեն) սնանկ ճանաչված պարտապանը՝ առանց սնանկության գործով կառավարչի համաձայնության և (կամ) թույլտվության և (կամ) հսկողության:
Դիմողը գտնում է, որ սույն դեպքում առաջացած իրավիճակն իրավակարգավորման թերությունն է, որպիսի հանգամանքով պայմանավորված էլ՝ ոչ թե նորմատիվ պատվիրանի բացակայության, այլ օրենքի բացի հետևանքով է գործում այն ընդհանուր կանոնը, որի համաձայն՝ սնանկության գործով պարտատիրոջ հանդեպ պարտապանի՝ պահանջի իրավունք ունենալու դեպքում պարտապանի անունից պարտատիրոջ դեմ դատարան դիմելու իրավունք ունի միայն սնանկության գործով կառավարիչը:
Այս առումով Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցադրումը. «(...) արդյո՞ք սնանկ ճանաչված պարտապանի կողմից անձամբ (անմիջականորեն) դատարան դիմելու իրավունքի սահմանափակումը չի խախտում վերջինիս արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, ինչպես նաև դրանցից առկախվող սեփականության իրավունքը և համաչափության սկզբունքն այնքանով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, այդ թվում նաև՝ դրա 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 47-րդ հոդվածի 2-րդ մասով չի սահմանվում այնպիսի բացառություն կամ դեպք, որի համաձայն՝ սնանկության գործով պարտատիրոջ հանդեպ պահանջների առկայության պարագայում սնանկ ճանաչված պարտապանն իրավունք ունի այդ պահանջի իրացման նպատակով անձամբ (անմիջականորեն) դիմել դատարան՝ առանց կառավարչի համաձայնության, թույլտվության և/կամ հսկողության, առավել ևս՝ առանց կառավարչի կողմից այդ հարցով դատարան դիմելու բացառիկ իրավասության»:
Ըստ Դիմողի՝ սույն պարագայում խոսքը պարտապանի կողմից բոլոր հարցերով անձամբ (անմիջականորեն) դատարան դիմելու հնարավորության մասին չէ, այլ վերաբերում է արդեն իսկ գրանցված պահանջների վիճարկում չենթադրող և այդ պահանջների կատարման վրա ազդեցություն չունեցող հարցերով պարտապանի կողմից պարտատիրոջ հանդեպ անձամբ (անմիջականորեն) դատարան դիմելու հարցին՝ ընդգծելով այդպիսի իրավունքի և հնարավորության անհրաժեշտությունը վիճարկվող իրավադրույթների սահմանադրաչափության դիտանկյունից: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ իր գնահատմամբ՝ սնանկության գործով պարտատիրոջ հանդեպ պարտապանի պահանջների առկայության դեպքում պարտատիրոջ դեմ պարտապանի կողմից անձամբ (անմիջականորեն) դատարան դիմելու համար պետք է որևէ նշանակություն չունենա, թե սնանկության վարույթը ո՞ր փուլում է գտնվում՝ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ մինչև պարտապանին սնանկ ճանաչելու, պարտապանին սնանկ ճանաչելուց հետո՝ մինչև վերջինիս լուծարման մասին որոշում ընդունելու, թե՞ պարտապանի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո՝ մինչև սնանկության գործի ավարտի փուլում:
Դիմողի պնդմամբ՝ «Սնանկության մասին» ամբողջ օրենքում, այդ թվում, բայց ոչ միայն՝ նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում և 47-րդ հոդվածի 2-րդ մասում առկա օրենսդրական բացը հակասում է Սահմանադրության 61, 63 և 64-րդ հոդվածներին և խախտում է իր՝ այդ հոդվածներով երաշխավորված սահմանադրական իրավունքները: Միևնույն ժամանակ, Դիմողը գտնում է, որ վերոնշյալ օրենսդրական բացի հետևանքով խախտվում են Սահմանադրության 78, 79 և 80-րդ հոդվածներով երաշխավորված սկզբունքները և սահմանադրաիրավական պահանջը, ինչպես նաև անիրացվելի է դառնում անձի այն իրավունքը (իր պարագայում՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքը), որի խախտման առթիվ և պաշտպանության նպատակով տվյալ անձը դիմում է դատարան:
Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ ընկերությունն իր հիմնարար և անօտարելի իրավունքների՝ արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության, այդ թվում՝ դատական պաշտպանության դիմելու և իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքների պաշտպանության, մասնավորապես՝ վնասի հատուցման պահանջով պարտատիրոջ դեմ անմիջականորեն (անձամբ) դատարան դիմելու, իր նախընտրած փաստաբանների կողմից իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն չի ստացել, և իր՝ նման հնարավորություն ենթադրող վերոնշյալ սահմանադրական իրավունքները խախտվել և անիրացվելի են դարձել «Սնանկության մասին» օրենքով, այդ թվում, բայց ոչ միայն՝ վիճարկվող դրույթներով սահմանված իրավակարգավորումների թերության արդյունքում՝ հաշվի առնելով խնդրո առարկա քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից տրված մեկնաբանությունները:
Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումին կից ներկայացրած միջնորդությամբ Սահմանադրական դատարանին խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից այն հանգամանքի հաշվառմամբ, որ սնանկ ճանաչվելու հիմքով իր նկատմամբ կիրառված սահմանափակումների արդյունքում զրկվել է իր գույքի և դրամական միջոցների տնօրինման իրավունքից (հնարավորությունից), հետևաբար՝ անկարող է վճարել ներկայացված դիմումի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:
3․ Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են`
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Բացի դրանից, Սահմանադրական դատարանը միևնույն՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է ընդգծել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Սույն անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում՝ դրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Այսպես, ի սկզբանե անդրադառնալով Դիմողի կողմից սույն անհատական դիմումով բարձրացված՝ «Սնանկության մասին» ամբողջ օրենքի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարցին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողն իրավասու չէ անհատական դիմումի շրջանակում վիճարկել «Սնանկության մասին» ամբողջ օրենքի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը:
Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողության շրջանակներում Դիմողն իրավասու է բարձրացնել միայն համապատասխան օրենքի՝ կոնկրետ գործով իր նկատմամբ կիրառված դրույթի (սույն պարագայում՝ դրույթների, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարց՝ հիմնավորելով տվյալ դրույթի (սույն պարագայում՝ դրույթների, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը: Այս առումով պարտադիր պահանջ է նաև վիճարկվող դրույթի (սույն պարագայում՝ դրույթների, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և Դիմողի համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության հիմնավորումը, որը սույն պարագայում տեղի չի ունեցել, և, ըստ էության, Դիմողի կողմից անհատական դիմումի շրջանակում «Սնանկության մասին» ամբողջ օրենքի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում չէր կարող տեղի ունենալ:
Այսպիսով, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված՝ վերը վկայակոչված իրավական դիրքորոշումը՝ այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում արձանագրել, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը, «Սնանկության մասին» ամբողջ օրենքի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության վիճարկման հարցի մասով, ենթակա է մերժման ինչպես դիմումն ակնհայտ անհիմն լինելու, այնպես էլ Դիմողի՝ տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով: Մասնավորապես՝ տվյալ պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան պայմանը:
Ինչ վերաբերում է սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված՝ «Սնանկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի և 47-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարցին, ապա տվյալ հարցի համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ Սահմանադրական դատարանն իր 2020 թվականի մայիսի 26-ի ՍԴՈ-1542 որոշման շրջանակներում, քննելով ««ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, արձանագրել է հետևյալը.
«(...) սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել, մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար։
Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր՝ 2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշմամբ արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ «Սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը», ընդգծում է, որ յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն տարբեր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ պարտապանների շահերը։
(...)
Պարտապանը և պարտատերը կարող են սնանկության գործը քննող դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը:
(...):
(...)
Օրենքի վերլուծությունից բխում է, որ այն չի նախատեսում պարտապանի գույքն իր հայեցողությամբ տնօրինելու կառավարչի բացարձակ ազատություն, իսկ պարտապանի գույքի հաշվին կատարվող բոլոր ծախսերը պետք է լինեն ողջամիտ, անհրաժեշտ և հիմնավորված:
Այդուհանդերձ, սնանկության կառավարչի կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տարբեր գործողությունների չկատարումը (անգործությունը) կամ ոչ պատշաճ, անբարեխիղճ կատարումը, մասնավորապես, պարտապանի գույքի ոչ բարեխիղճ գույքագրումը, պահպանումը կարող են առաջացնել լուրջ խախտումներ, որոնք կապված կլինեն սնանկության գործով գույքի կազմում ներառված գույքի զանգվածի ձևավորման և դրա հետագա իրացման հետ, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել սնանկության գործընթացի մասնակիցների իրավունքների ոտնահարման՝ վնաս պատճառելով պարտապանին և պարտատերերին:
Պարտապանի և պարտատերերի գույքային շահերին կարող են հակասել սնանկության գործով կառավարչի կողմից հնարավոր այնպիսի գործարքներ կնքելը, որոնք չեն նպաստում պարտապանի վճարունակության վերականգնմանը և պարտատերերի պարտքերի բավարար չափով վճարմանը, քանի որ հանգեցրել են պարտապանի ակտիվների ընդհանուր արժեքի կրճատման, օրինակ` պարտապանի գույքի վաճառքը շուկայական արժեքից էապես ցածր գնով հատկապես այն դեպքերում, երբ գործարքի գնի և շուկայական արժեքի տարբերությունն էական է:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման դեպքերում սնանկության գործընթացի մասնակիցները, այդ թվում՝ պարտապանը, Օրենքի ուժով իրավասու են իրենց շահերի պաշտպանության համար դիմել դատարան, և Օրենքի վիճարկվող դրույթը նրա դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրացման համար արգելք չի հանդիսանում»:
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը որոշել է.
«(...) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դրանք արգելք չեն հանդիսանում պարտապանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման համար:
(...)»:
Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 2021 թվականի հունվարի 26-ի ՍԴՈ-1572 որոշմամբ, քննելով ««ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, արձանագրել է հետևյալը.
«(...) պարտապանին օրենսդրությամբ ընձեռված է սնանկության գործով կառավարչի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու, ինչպես նաև սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու միջնորդություն ներկայացնելու իրավունք:
(...)
(...) Օրենքն ամրագրում է սնանկության գործով կառավարչի՝ օրենքով նախատեսված դեպքերում սնանկության գործով դատարան դիմելու իրավասությունը, ինչպես նաև դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը՝ միաժամանակ չբացառելով մի շարք դեպքերում (Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս, 31-րդ հոդվածի 1-ին մաս, 32-րդ հոդվածի 1-ին մաս, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 40-րդ հոդվածի 2-րդ մաս, 47-րդ հոդվածի 2-րդ մաս, 68-րդ հոդվածի 2-րդ մաս) պարտապանի կողմից անմիջականորեն դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև հստակեցնելով սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու (Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ» կետեր, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 50-րդ հոդվածի 1-ին մաս, 54-րդ հոդվածի 1-ին մաս) կարգն ու պայմանները:
Վերոգրյալից բխում է, որ Օրենքը, սահմանելով սնանկության հարցերով սնանկության գործով կառավարչի՝ դատարան դիմելու ընդհանուր կանոն, միաժամանակ, հստակ ամրագրել է այն դեպքերը, որոնց պարագայում դատարան դիմելու իրավասություն ունի նաև պարտապանը: Դրանից հետևում է, որ սնանկության վերաբերյալ այլ հարցերով դատարան դիմելու իրավունքը պատկանում է սնանկության գործով կառավարչին: Ավելին, Օրենքը մի շարք դեպքերի համար սահմանում է սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն կարգավորում։
(...)
Տվյալ դեպքում գործ ունենք սնանկության հարաբերության հետ, որի շրջանակներում գլխավոր նպատակը սնանկ ճանաչված պարտապանին պատկանող գույքի պահպանումն է և նրա պարտավորությունների պատշաճ կատարման ապահովումը: Պարտապանի՝ սնանկ ճանաչվելու փաստն ինքնին ենթադրում է, որ վերջինս չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, այդ իսկ պատճառով սնանկ ճանաչվելուց հետո դատարանի կողմից նշանակվում է սնանկության գործով կառավարիչ, որի լիազորություններն էլ հանգում են պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման ապահովմանը: Հենց դա է պատճառը, որ օրենսդիրը սնանկության գործով կառավարչին է վերապահել դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը: Նման իրավակարգավորումը չի կարող դիտարկվել որպես պարտապանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, քանի որ բոլոր դեպքերում այդ իրավունքն իրացվում է անկախ նրանից՝ անմիջականորեն դատարան է դիմում պարտապանը, թե նրա անունից՝ սնանկության գործով կառավարիչը:
Ընդ որում, սնանկության գործով կառավարիչը գործում է բացառապես դատարանի վերահսկողության ներքո, որպեսզի ապահովվի պարտապանի պարտավորությունների կատարումը, հակառակ պարագայում, եթե պարտապանը հնարավորություն ունենա անմիջականորեն դիմելու դատարան և այդ ձևով տնօրինելու իր դրամական միջոցները, կիմաստազրկվի ինչպես սնանկության վարույթի ողջ էությունը, այնպես էլ սնանկության գործով կառավարչի դերակատարումը»:
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը որոշել է.
«(...)
(...) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
(...)» :
Վերոշարադրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանն իր վերը նշված որոշումներով անդրադարձել է վիճարկվող համապատասխան իրավակարգավորումների նպատակային նշանակությանը՝ սնանկության գործընթացի առանձնահատկությունների հաշվառմամբ, ինչպես նաև սնանկ ճանաչված պարտապանի կողմից իր իրավունքների պաշտպանության նպատակով անմիջականորեն դատարան դիմելու իրավական երաշխիքներին և սահմանափակումներին: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը նշել է, որ «Սնանկության մասին» օրենքը հստակ տարանջատում է այն դեպքերը, երբ անմիջականորեն դատարան դիմելու իրավական հնարավորությունը պատկանում է սնանկ ճանաչված պարտապանին (նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս, 31-րդ հոդվածի 1-ին մաս, 32-րդ հոդվածի 1-ին մաս, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 40-րդ հոդվածի 2-րդ մաս, 47-րդ հոդվածի 2-րդ մաս, 68-րդ հոդվածի 2-րդ մաս)՝ մյուս բոլոր դեպքերում այդ իրավունքը վերապահելով սնանկության գործով կառավարչին: Ընդ որում՝ Սահմանադրական դատարանը նաև հստակ ընդգծել է, որ պարտապանին օրենսդրությամբ ընձեռված է սնանկության գործով կառավարչի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու, ինչպես նաև սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու միջնորդություն ներկայացնելու իրավունք:
Ուստի՝ «Սնանկության մասին» օրենքով օրենսդիրը նախատեսել է համապատասխան ընթացակարգ և բավարար երաշխիքներ՝ սնանկ ճանաչված պարտապանի իրավունքների և շահերի պատշաճ ապահովման, այդ թվում՝ սնանկության գործով կառավարչի գործողությունները վերահսկելու և հնարավոր կամայականություններից խուսափելու համար։
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եկել է հետևության, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 60, 61, 63 և 64-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 78, 79 և 80-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում «Սնանկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի և 47-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 60, 61, 63 և 64-րդ հոդվածներին, հետևաբար և՝ Սահմանադրության 78, 79 և 80-րդ հոդվածներին: Այսինքն՝ սույն անհատական դիմումը քննարկվող համատեքստում ևս ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել «ՖԻՇԿՈ» ՍՊԸ՝ սույն գործով պետական տուրքի վճարուﬕց ազատելու մասին ﬕջնորդությունը։
2. «ՖԻՇԿՈ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝
Հ. Հովակիմյան
Ա. Զեյնալյան
22 ապրիլի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-33
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-33
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
