Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԻՐԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԻՐԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-421 փետրվարի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 փետրվարի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 4 | ԻՐԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 փետրվարի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Իրինա Ավետիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Իրինա Ավետիսյանը 02.02.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում հաստիքների կրճատման հիմքերը և պատճառները հստակ կերպով սահմանված չլինելը և դրա արդյունքում ձևավորված իրավակիրառական պրակտիկան, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի և 265-րդ հոդվածի 1-ին մասի հակասական իրավակիրառական պրակտիկան /հաստիքը կրճատելուց մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու օրն ընկած ժամանակահատվածում աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը և առողջական վիճակին համապատասխանող աշխատանքի առկայության դեպքում աշխատողի խախտված իրավունքները մի դեպքում վերականգնելու, և, հաստիքը կրճատելուց մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու օրն ընկած ժամանակահատվածում աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը և առողջական վիճակին համապատասխանող աշխատանքի առկայության դեպքում աշխատողի խախտված իրավունքները այլ դեպքում չվերականգնելու հակասական պրակտիկան /միևնույն նորմերի այլ մեկնաբանությունը/ ճանաչել 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 1-ին մասին, 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-2-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի, 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի և 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 28-29-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»:

2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. դիմողը գտնում է, որ աշխատանքից ազատվելու և աշխատանքում վերականգնվելու հիմքերն օրենքով հստակ կերպով սահմանված չլինելու և դրա հետևանքով ձևավորված հակասական իրավակիրառական պրակտիկայի, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի և 265-րդ հոդվածի 1-ին մասի հակասական իրավակիրառական պրակտիկայի արդյունքում խախտվել են իր` աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքները: Ըստ դիմողի արդյունքում առաջացել է կատարյալ անորոշություն մի դեպքում աշխատանքից ազատելիս աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը և առողջական վիճակին համապատասխան աշխատանքի առկայությունը դատարանների կողմից դիտվում է հիմք աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու համար, իսկ մյուս դեպքում նույն հանգամանքների առկայությունը ոչ:

Դիմողի կարծիքով` իր գործերով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի և 265-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներն իրավակիրառողի կողմից տարբեր մեկնաբանությամբ կիրառվելու արդյունքում խախտվել է նաև օրենքի առջև բոլորի հավասար իրավունքը և իր հանդեպ դրսևորվել է խտրականություն:

3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց.

ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի հունիսի 1-ի ՍԴՈ-891 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113- րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը և 113-րդ հոդվածի 3-րդ մասը: Նշված որոշման ընդունումից հետո` 2010թ. հուլիսի 15-ի ՀՕ-117-Ն օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը վերաշարադրվել է որպես 2-րդ կետ` առանց բովանդակային փոփոխությունների, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանվել է այլ կերպ` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով…, այսինքն` նոր իրավակարգավորմամբ ավելացվել է նաև խնդրո առարկա հոդվածի 1-ին մասի 4-րդ` «աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում» կետը:

Դիմողի կողմից առաջադրված հարցադրումներն առ այն, որ «… աշխատանքից ազատելիս աշխատողի մասնագիտական պատրաստվածությունը, որակավորմանը և առողջական վիճակին համապատասխան աշխատանքի առկայությունը դատարանների կողմից դիտվում է հիմք աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու համար, իսկ մյուս դեպքում` նույն հանգամանքների առկայությանը` ոչ…» վկայում են, որ նրա կողմից բարձրացված հարցերի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է իր դիրքորոշումները վերոնշյալ ՍԴՈ-891 որոշման մեջ: Հետևաբար, այս դրույթների մասով առկա է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ պետք է նշել, որ.

ա/ այդ դրույթի սահմանադրականությունը վիճարկելիս դիմողն այն չի առանձնացրել իր կողմից վիճարկվող` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի` խնդրո առարկա դրույթներից, ուստի ներկայացված հիմնավորումները պետք է դիտել հավասարապես վերաբերելի նաև այս դրույթին: Դիմողի առաջ քաշած փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ «...նույնական փաստական հանգամանքներով վերոնշյալ գործերով իրավակիրառողի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 3-րդ մասի պահանջները կիրառվել են այլ մեկնաբանությամբ, իսկ դիմողիս պարագայում` հակառակ մեկնաբանությամբ...», այն պարագայում, երբ խնդրո առարկա դրույթը, ի թիվս այլնի, վերաբերում է աշխատանքային իրավահարաբերություններում հայցային վաղեմության ժամկետներին: Հետևաբար, դիմողը բավարար կերպով չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում:

Այսպես, անհատական դիմումին ներկայացվող պահանջներից է նաև այն, որ դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է, բ/ իր փաստարկները շարադրելիս դիմողը ներկայացրել է մի շարք դատական գործեր` արձանագրելով, որ «...իմ գործով ապացուցվել է, որ իմ մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխանող առկա են եղել մի շարք հաստիքներ, սակայն դրանք ինձ չեն առաջարկվել..., և նույն նույնական փաստական հանգամանքներով վերոնշյալ գործերով իրավակիրառողի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 3-րդ մասի, 265-րդ հոդվածի պահանջները կիրառվել են այլ մեկնաբանությամբ, իսկ դիմողի պարագայում` հակառակ մեկնաբանությամբ...»: Նշված փաստարկների վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը գտնում է, որ դիմողը բարձրացրել է իրավադրույթի կիրառման իրավաչափության հարց: ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմանը համապատասխան` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Իրինա Ավետիսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

21 փետրվարի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/1-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 փետրվարի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել