ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 փետրվարի 2025թ. ՍԴԱՈ - 19 | ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
Հաստատել և, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակել ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ՝ համաձայն հավելվածի:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
5 փետրվարի 2025 թվականի
ՍԴԱՈ-19
Հավելված
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ՍԴԱՈ-19
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՄԲ
ՀԱՂՈՐԴՈՒՄ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2024 թվականին Սահմանադրական դատարան է մուտքագրվել 166 դիմում: Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների փաստացի պատկերը՝ ըստ դիմող սուբյեկտների, հետևյալն է.
1. պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդ - 2 դիմում,
2. Կառավարություն - 43 դիմում,
3. Մարդու իրավունքների պաշտպան – 3 դիմում,
4. ֆիզիկական և իրավաբանական անձինք – 103 դիմում,
5. դատարաններ – 15 դիմում:
2024 թվականին Սահմանադրական դատարանը կայացրել է 323 որոշում, որից 57-ը՝ ըստ էության որոշում, 199-ը՝ աշխատակարգային որոշում, 67-ը՝ դատական կազմի որոշում:
I. ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումների
հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից 2024 թվականին Սահմանադրական դատարան է ներկայացվել 2 դիմում, որից 1-ի քննությունը մերժվել է՝ «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի 8.1-ին հոդվածի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով, իսկ 1-ով գործն ընդունվել է քննության, ապա համապատասխան աշխատակարգային որոշմամբ սույն գործի վարույթը կասեցվել է, մասնավորապես՝ «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» խորհրդատվական կարծիք (amicus curiae) ստանալու նպատակով դիմելու և սույն գործի վարույթը կասեցնելու մասին աշխատակարգային որոշմամբ:
2025 թվական է փոխանցվել նաև նախորդ տարիներին Սահմանադրական դատարան ներկայացված և գործի վարույթը կասեցված 1 դիմում, այն է՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2024 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 1 գործով Սահմանադրական դատարանը կայացրել է ներքոգրյալ որոշումը.
«ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1709 որոշմամբ 2024 թվականի հունվարի 17-ին որոշել է.
«1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը»:
Հիշատակված որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է. «Գործադիր իշխանության ներգրավվածությունը դատավորների սահմանադրաչափ գործունեության ապահովման նպատակով քաղաքականության մշակմանն ու իրականացմանը բխում է դատավորի անկախության և անաչառության վերաբերյալ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասից, որպես դատական իշխանության առանցքային կառուցակարգ, և դատարանի անկախության և անաչառության մասին Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասից, որպես արդար դատաքննության բաղադրիչ: Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով և 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերոհիշյալ սահմանադրական հրամայականները հանրային իշխանությանը ծանրաբեռնում են դրանց ապահովմանն ուղղված՝ օրենսդրի կողմից նշված հիմքերով և ընթացակարգով միջոցներ ձեռնարկելու լիազորությամբ, որը, ի թիվս կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող այլ մարմինների, իրականացվում է նաև Արդարադատության նախարարի կողմից։ Հետևաբար՝ Արդարադատության նախարարությանն առաջադրված վերոնշյալ խնդրի իրականացումը ենթադրում է համարժեք լիազորությունների առկայություն, որն ուղղված է վերը նշված նպատակի իրականացմանը:
Միաժամանակ, Արդարադատության նախարարի կողմից ներկայացված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը դատավորի նկատմամբ միջամտող ակտ չէ, որը դատավորի նկատմամբ իրավական հետևանք է առաջացնում, այլ ընդամենը նախաձեռնում է նման միջամտող ակտ կայացնելու իրավասություն ունեցող միակ իրավասու ատյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի առջև դատավորի կարգապահական գործով վեճի լուծման հնարավորություն։ Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արդարադատության նախարարի՝ որպես վարույթ հարուցող լիազոր մարմնի մասնակցությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթին, իբրև այդպիսին, չի հակասում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սահմանադրական սկզբունքին»:
Ավելին, սույն որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ «Դատական օրենսգրքի վերաբերելի դրույթներով, մի կողմից՝ անհրաժեշտ ժամկետային սահմանափակում է նախատեսվում Արդարադատության նախարարի և կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մյուս մարմինների կողմից դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու առիթի օրինականությունն ու առերևույթ հիմքերի առկայությունն ստուգելու համար, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն է տրվում դատավորին ներկայացնելու սեփական դիրքորոշումն ու այն հիմնավորող ապացույցները՝ միևնույն ժամանակ կարգապահական վարույթ հարուցելու հարցը և հարուցման պարագայում վարույթի հետագա ընթացքը քննարկելու համար տրամադրելով այնքան ժամանակ, որքան ողջամտորեն բավարար կհամարվի անկողմնակալ քննություն իրականացնելու և դատավորի՝ որպես կարգապահական վարույթի հատուկ սուբյեկտի իրավունքներն ու հեղինակությունը պաշտպանելու համար»:
Ինչ վերաբերում է անձի՝ անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության իրավունքին, Սահմանադրական դատարանը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ինստիտուտը քննարկելիս նշյալ իրավունքը դիտարկել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող և կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմինների տարանջատման համատեքստում, ինչն արդեն իսկ քննարկվել է սույն որոշման 4.2-րդ կետում:
«Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից կարգապահական վարույթ հարուցելու գործընթացում կամայականությունների կանխման նպատակով Դատական օրենսգրքով հստակ և սպառիչ սահմանվել են կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը և առիթները (Դատական օրենսգրքի 124 և 146-րդ հոդվածներ), որոնք մի կողմից՝ հանդես են գալիս որպես խնդրո առարկա գործընթացը մեկնարկելու անհրաժեշտ իրավական նախադրյալներ, մյուս կողմից՝ իբրև երաշխիքներ այն դատավորի համար, որի նկատմամբ համապատասխան կարգապահական վարույթ է հարուցվել»:
Կառավարության դիմումների հիման վրա ընդունված՝ Սահմանադրական դատարանի որոշումները
Միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների սահմանադրականության հարցով 2024 թվականին Կառավարության կողմից Սահմանադրական դատարան է ներկայացվել 43 դիմում:
Վերոհիշյալ 43 դիմումներից 1 գործի դատաքննությունը կասեցված է, իսկ 1 գործով դատաքննությունը կսկսվի 2025 թվականին:
Կառավարության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների սահմանադրականության հարցով դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանը 2024 թվականին կայացրել է 45 որոշում: Նշված 45 գործերով 4-ի դիմումները Սահմանադրական դատարան են մուտքագրվել 2023 թվականին:
2024 թվականին մուտքագրված 43 միջազգային պայմանագրերից 14-ը բազմակողմ են, 29-ը` երկկողմ (այդ թվում միջազգային կազմակերպությունների հետ), որոնցից 14-ը` վարկային: Սահմանադրական դատարանի կողմից 2024 թվականին քննության առնված 45 միջազգային պայմանագրերից 2024 թվականի ընթացքում վավերացվել են 40-ը:
Քննության առնված մի շարք միջազգային պայմանագրերով ընդունված որոշումներով Սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշումներ, կատարել է մի շարք արձանագրումներ, փաստարկումներ, մասնավորապես.
1. «2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր՝ 2024 թվականի մարտի 12-ի ՍԴՈ-1719 որոշմամբ արձանագրել է․
«2․ Սահմանադրական դատարան է ներկայացվել Պայմանագրի՝ անգլերեն լեզվով ստորագրված և ԱԳՆ միջազգային պայմանագրերի պահոցում պահվող բնօրինակի նույնական պատճենը, ինչպես նաև հայերեն պաշտոնական թարգմանված տեքստը։
Պայմանագրի պաշտոնական հայերեն թարգմանության և դրա բնօրինակ տեքստերի միջև առկա են մի շարք թարգմանչական անհամապատասխանություններ ու անճշտություններ, ինչպիսիք են, օրինակ՝ Նախաբանի «ա» կետում նշված «0» հավելվածը անգլերեն տեքստում սահմանված է որպես «A.1», 6.1-ին հոդվածում նշված «դրա» բառը պետք է թարգմանված լիներ «իր», 6.5-րդ հոդվածի «դ» կետից հետո համարակալումը սխալ է կատարվել, և հաջորդ կետերը «ե» և «զ» տառերով համարակալվելու փոխարեն համարակալվել են «բ» և «գ» տառերով, 6.8(ա)iii հոդվածում անգլերեն բնօրինակում «և» տառը բացակայում է, 6.8-րդ հոդվածի «դ» կետում առկա է սխալ համարակալում, անգլերեն բնօրինակում «դ» կետի ենթակետերը նշված են «i» և «ii» տառերով, իսկ հայերեն տարբերակում՝ «ա» և «բ» տառերով, 6.11-րդ հոդվածում առկա են կետերի համարակալման սխալներ, 8.2-րդ հոդվածի «ա» կետի «i» ենթակետում պարբերությունները 1 և 2 թվերով համարակալվելու փոխարեն համարակալվել են 4 և 5 թվերով, 10.1.Ա հոդվածում ևս առկա է սխալ համարակալում, և այլն։
Պայմանագրի 11․9-րդ հոդվածի համաձայն՝ կողմերի համար իրավաբանական ուժ ունեն Պայմանագրի ստորագրված անգլերեն բնօրինակները, և բոլոր օրինակները միասին կազմում են նույն փաստաթուղթը։ Բացի դրանից, Պայմանագրի եզրափակիչ մասում կողմերը պայմանավորվել են, որ Պայմանագիրը կատարվի անգլերեն բնօրինակներով։ Միաժամանակ, Պայմանագրի 12․2-րդ հոդվածը սահմանում է, որ Պայմանագրի համաձայն կատարված կամ դրա հետ առնչություն ունեցող ցանկացած ծանուցում կամ հաղորդակցություն պետք է լինի անգլերենով, իսկ Պայմանագրով նախատեսված կամ դրա հետ առնչություն ունեցող մյուս բոլոր փաստաթղթերը պետք է լինեն անգլերենով կամ «անգլերենով չլինելու և Բանկի կողմից այդպիսի պահանջ ներկայացվելու դեպքում ուղեկցվեն վավերացված անգլերեն թարգմանությամբ, և այդ դեպքում անգլերեն թարգմանությունը կգերակայի»։
Այսպիսով, թարգմանչական անհամապատասխանություններն ու անճշտությունները թեև բովանդակային առումով խնդիր չեն հարուցում Պայմանագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության բացահայտման տեսանկյունից, այդուհանդերձ, կարող են որոշակի խնդիրներ առաջացնել Պայմանագրի մեկնաբանման և կիրառման ներպետական գործընթացներում»:
2. ««Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր՝ 2024 թվականի հունիսի 4-ի ՍԴՈ-1734 որոշմամբ արձանագրել է․
«3. (…) Արձանագրությանը միանալը կնպաստի բեռնափոխադրումների ծառայությունների թվայնացմանը, ինչը, իր հերթին, բխում է Հայաստանի Հանրապետության թվայնացման 2021-2025 թվականների ռազմավարությունից»:
3. ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր՝ 2024 թվականի հունիսի 11-ի ՍԴՈ-1738 որոշմամբ արձանագրել է․
«Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրում առկա են իրավաբանական տեխնիկայի առերևույթ անճշտություններ և կիրառված եզրույթների իմաստային անորոշություններ: Մասնավորապես` Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրի Հավելված 1-ի 6-րդ կետում Պարտավորավճարի հաշվեգրման ժամանակացույցը սահմանելիս յուրաքանչյուր Տրանշի հաշվեգրման ժամկետը նշվել է առանձին կետով՝ աճման կարգով՝ ընդհանուր 5 կետով, սակայն այդ կետերը թվագրելիս երկու հաջորդական ժամկետները թվագրվել են միևնույն 3-րդ կետով: Բացի դրանից, Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրում Վարկառուի, ըստ էության, համընկնող պարտավորությունը նկարագրելիս կիրառվում են տարբեր եզրույթներ՝ պարտավորավճար և պարտավճար, սակայն Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրի տեքստից պարզ չէ եզրութային տարբերության պատճառը և կողմերի փոխադարձ ֆինանսական հաշվարկներում նշյալ տարբեր եզրույթների օգտագործման իրավական և փաստական հետևանքները:
Ընդսմին, Սահմանադրական դատարանը գտնում է, որ նշյալ թերությունները չեն կարող ազդել Փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գնահատման վրա»:
4. «2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր՝ 2024 թվականի օգոստոսի 6-ի ՍԴՈ-1742 որոշմամբ արձանագրել է․
«6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին, ինչպես նաև Սահմանադրության 1-ին հոդվածով երաշխավորված՝ Հայաստանի Հանրապետության՝ իրավական պետություն լինելու պահանջին և անձի՝ Սահմանադրության 3, 31, 34, 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներին:
7. Միաժամանակ, գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի Հավելված 2-ի՝ Համաձայնագրի 3-րդ հոդվածի նպատակների համար Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ցանկում նշված են Հայաստանի Հանրապետության դատարանները, որից հետո առանձնացված են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, Հակակոռուպցիոն դատարանը, Վերաքննիչ քրեական դատարանը և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ առանց Վճռաբեկ դատարանը հիշատակելու»:
5. «2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ արձանագրել է․
«2․ Սույն գործով պարզման ենթակա հանգամանքները
1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված (բնագիրը Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 24-ին) Հայաստանի անկախության մասին հռչակագիրը (այսուհետ նաև՝ Հռչակագիր) հիշատակված է 1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացված համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրության նախաբանում հետևյալ շարադրանքով՝ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, (…)»:
Հաշվի առնելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, որը հիշատակված է Հռչակագրի նախաբանում, և Հռչակագրի՝ Սահմանադրության բովանդակության վրա հնարավոր ազդեցության հարցի վերաբերյալ մինչ այսօր Սահմանադրական դատարանի դոկտրինալ դիրքորոշման բացակայությունը, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե որքանով է Կանոնակարգով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության տարածքի որոշման հիմքում դրված սկզբունքը (1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի իմաստով՝ «գոյություն ունեցող սահմաններ») համապատասխանում Սահմանադրությանը:
3․ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը
3․1. Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է Սահմանադրության նախաբանի նշանակությանը և Սահմանադրության դրույթների մեկնաբանության հարցում դրանում ամրագրված դրույթների ուղենշային կարևորությանը (ՍԴՈ-1590, ՍԴՈ-1680)։
Մասնավորապես՝ 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշմամբ անդրադառնալով Սահմանադրության անփոփոխ դրույթների իրավական բովանդակության շրջանակին՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Սահմանադրության անփոփոխ դրույթների շարքին անխուսափելիորեն դասվում է նաև Սահմանադրության նախաբանը։ Սահմանադրական դատարանը մասնավորապես նշել է․
«5.1. (…) Սահմանադրության կայունությունը ժամանակակից սահմանադրական համակարգերի կարևորագույն հատկանիշներից է, որը նաև սահմանադրականության ամրապնդման ու զարգացման կարևոր գրավական է: Ընդ որում, Սահմանադրության կայունությունն ապահովվում է Սահմանադրության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների ու արժեքների անփոփոխությունն ապահովող նորմերի կայունությամբ՝ անկախ Սահմանադրության տեքստում փոփոխությունների կատարման հաճախականությունից։
Սահմանադրության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների ու արժեքների արդյունավետ պահպանության և պաշտպանության նկատառումներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անկախ Սահմանադրության տեքստի փոփոխությունների ծավալից, փոփոխության իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակից, զարգացող հասարակական հարաբերությունների պայմաններում Սահմանադրության՝ որպես հիմնարար կարգավորչի դինամիկ կայունությունը հնարավոր է ապահովել դրա նորմերի աստիճանակարգության կանոնների պահպանմամբ:
5.2. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն ըստ դրանց ընդունող սուբյեկտների իրավասության դասակարգել հետևյալ խմբերի.
ա) Սահմանադրության նախաբանը, 1-3-րդ և 203-րդ հոդվածները՝ որպես Սահմանադրության անփոփոխելի դրույթներ,
(․․․)
Սահմանադրական դրույթների փոփոխման կարգերի տարբերակման նպատակներն են ապահովել Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրի՝ հայ ժողովրդի սահմանած անփոփոխ դրույթներում ամրագրված արժեքների և սկզբունքների գերակայությունը, Սահմանադրության ներքին կայունությունը, Սահմանադրության դրույթների մեկնաբանությունների կանխատեսելիությունը, հնարավոր ներքին կոլիզիաների կանխումը, իսկ դրանց բացահայտման դեպքում՝ լուծումը։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության անփոփոխելի դրույթներն այն հիմնարար և կենտրոնական առանցքն են, որի հիման վրա և շուրջ ձևավորվել և զարգանալու է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը»:
Զարգացնելով այս դիրքորոշումը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս եզրահանգման հիմքում դրված է այն նկատառումը, որ Սահմանադրությամբ որևէ դրույթին անփոփոխելիության որակով օժտելը վերաբերում է ոչ միայն դրա շարադրանքին, այլև համապատասխան անփոփոխ դրույթի ողջ բովանդակությանը, որի բացահայտման համար ուղենշային նշանակություն ունի Սահմանադրի կողմից տվյալ դրույթի սահմանման նպատակը։ Վերջինս առանցքային նշանակություն ունի համապատասխան դրույթի նպատակային մեկնաբանման մեթոդի կիրառման համար և ինքնին հանդիսանում է այդ մեթոդով սահմանադրական դրույթի մեկնաբանման որոշիչ ելակետը։ Հետևաբար՝ Սահմանադրության նախաբանի անփոփոխելիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման եզրահանգման բերումով չէ, որ Սահմանադրության նախաբանն օժտվել է անփոփոխելիության որակով։ Սահմանադրության նախաբանի անփոփոխելիության որակն ուղղակիորեն բխել է Սահմանադրությամբ ամրագրված անփոփոխ դրույթների սահմանման համար Սահմանադրի հետապնդած նպատակներից, որոնք ամրագրվել են Սահմանադրության նախաբանում, որով և վերածվել են տվյալ անփոփոխ դրույթի իրավական բովանդակության բաղադրիչի։ Այսինքն՝ Սահմանադրության նախաբանն անփոփոխ դրույթի որակով օժտված է ուղղակիորեն Սահմանադրի կողմից՝ նախաբանում ամրագրված նպատակների համար Սահմանադրության անփոփոխ դրույթների թե՛ սահմանման, թե՛ դրանց անփոփոխելիության որակով օժտելու բերումով։ Սահմանադրական դատարանը ո՛չ իրավասու է ինքն իրականացնել Սահմանադրին վերապահված այս բացառիկ լիազորությունը, ո՛չ էլ Սահմանադրության գերակայությունն ապահովելու նպատակով սահմանադրական արդարադատություն իրականացնելիս կարող է հանդուրժել Սահմանադրին վերապահված բացառիկ այս լիազորության իրականացումը որևէ այլ սուբյեկտի կողմից։
Իր անփոփոխելիության հատկությամբ Սահմանադրության նախաբանը, ինչպես նաև Սահմանադրության մյուս անփոփոխ դրույթները Սահմանադրության կառուցվածքում ձեռք են բերել Սահմանադրության մյուս նորմերի նկատմամբ գերակայության և վերջիններիս մեկնաբանման համար ուղղորդիչ նշանակության հատկություններ։ Այլ խոսքով՝ Սահմանադրության ներքին աստիճանակարգության մեջ անփոփոխ դրույթները դասվում են ամենաբարձր աստիճանին, որն իր մեջ ունի նաև Սահմանադրությունն իր ամբողջության մեջ և սահմանադրական յուրաքանչյուր դրույթի մեկնաբանման համար գործնական իրավակիրառ նշանակություն։
Վերը նշված որակական հատկանիշներով հանդերձ՝ Սահմանադրության անփոփոխ դրույթները (պայմանավորված իրենց անփոփոխելիության որակով) ունեն հստակ արտահայտված մեկ այլ՝ սույն գործով քննության համար նշանակություն ունեցող առանցքային հատկանիշ․ այդ դրույթները Սահմանադրի կողմից իր ինքնիշխան իրավազորության շրջանակում լուծման ենթակա հարցերի շրջանակի՝ Սահմանադրի կողմից սահմանափակման (ինքնասահմանափակման) կամքի արտահայտությունն են։ Մասնավորապես՝ անփոփոխ դրույթների ողջ նպատակային նշանակությունը դրանց անփոփոխելիությունը և ամենաբարձր աստիճանի կայունությունն ապահովելն է՝ որպես սահմանադրական արժեբանության կայունության, հարատևության և անմիջամտելի շարունակականության երաշխիք։ Այս նպատակի իրագործման համար անփոփոխ դրույթների սահմանմամբ Սահմանադիրն ինքնասահմանափակել է իր՝ անփոփոխ դրույթներին միջամտության հնարավորությունը։ Սահմանադրի կողմից որևէ դրույթ անփոփոխելիության որակով օժտելը պաշտպանում է Սահմանադրությունը փոփոխելու իրավասություն ունեցող սուբյեկտի կողմից այդ դրույթին միջամտությունից, և որպես այդպիսին՝ Սահմանադրության անփոփոխ դրույթները Սահմանադրի կողմից դրանք փոփոխելուն կամ դրանց գործողությունը դադարեցնելուն ուղղված Սահմանադրի իրավազորությունը (ինքնա)սահմանափակող դրույթներ են։
Համաձայն Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սահմանադրության կարգավորումները նախատեսում են Սահմանադրության որևէ (փոփոխելի) դրույթ փոփոխելու իրավասություն ունեցող սուբյեկտ՝ ժողովուրդը՝ համապատասխան ընթացակարգով։ Սահմանադրությամբ նախատեսված՝ միայն Սահմանադրությամբ թվարկված սպառիչ ցանկով դրույթների փոփոխություն կատարելու սահմանափակ իրավազորությամբ օժտված է նաև Ազգային ժողովը (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 202-րդ հոդված, 1-2-րդ մասեր)։ Միաժամանակ, Սահմանադրության անփոփոխ դրույթները պաշտպանված են ժողովրդի և, առավել ևս, Ազգային ժողովի կողմից դրանք փոփոխելու կամ դրանց գործողությունը դադարեցնելու միջամտությունից։ Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին մասից և Սահմանադրության անփոփոխ դրույթների` Սահմանադրի կամքի նկատմամբ ինքնասահմանափակման այս հատուկ և բացառիկ բնույթից ուղղակիորեն բխում է, որ թե՛ Սահմանադրության որևէ անփոփոխ դրույթ սահմանելու, թե՛ արդեն իսկ սահմանված սահմանադրական դրույթին անփոփոխելիության որակով օժտելու բացառիկ իրավազորությունը վերապահված է միայն ժողովրդին՝ Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով։
Հետևաբար՝ անփոփոխ դրույթների մեկնաբանության մեթոդաբանությունն ընտրելիս Սահմանադրական դատարանը պարտավոր է ընդգծված զգուշավորություն դրսևորել այդ դրույթների մեկնաբանության համար՝ կիրառելով բացառապես «նեղ» մեկնաբանության մեթոդը խնդրո առարկա դրույթի որոշիչ իմաստային ուղղորդիչների, մասնավորապես՝ «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» սահմանադրական դրույթում համապատասխան «սկզբունքների» և «նպատակների» ցանկի որոշակիացման իմաստով՝ հաշվի առնելով, որ «նեղ» մեկնաբանության (ի հակադրություն՝ «լայն» կամ «տարածական» մեկնաբանության) մեթոդի շրջանակից դուրս գալու հետևանքային ազդեցությունը հանգեցնում է Սահմանադրի ինքնիշխան իրավազորությունը սահմանափակող դրույթների բովանդակային շրջանակի (Սահմանադրության մեջ ուղղակիորեն ամրագրված շրջանակից դուրս) ընդլայնմամբ Սահմանադրի իրավազորության շրջանակի սահմանափակմանը՝ հակառակ Սահմանադրության 1-ին հոդվածի («Հայաստանի Հանրապետությունն (․․․) ժողովրդավարական (․․․) պետություն է») և 2-րդ հոդվածի 1-ին մասի («Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»)։
3.2. Սույն որոշման 2-րդ կետի հարցադրման պատասխանի համար անհրաժեշտ է առաջին հերթին համեմատական վերլուծության ենթարկել Հռչակագրի և 1995 թվականի Սահմանադրության տեքստերը, որոնք պարունակում են շարադրանքի մի շարք ակնհայտ տարբերություններ, սակայն՝ բովանդակային որոշ համընկնում և, միաժամանակ, տարբերություն ունեցող սկզբունքներ և նպատակներ։ Մասնավորապես՝ սակայն չսահմանափակվելով միայն ներքոթվարկվածով․
ա) Հռչակագրի 3-րդ կետի համաձայն՝ «Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա (…)», որի հետ բովանդակային մասնակի տարբերություն և համընկնում, սակայն ակնհայտորեն այլ շարադրանք ունեցող՝ Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրված են «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով» բովանդակությամբ։
բ) Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության համակարգերի ենթակայության համակարգային սկզբունքի մասին Հռչակագրի 5-րդ կետում սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ (․․․) Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ»։ Մինչդեռ 1995 թվականի Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ Հանրապետության Նախագահը «զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը», իսկ նույն հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ Հանրապետության Նախագահը «որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք»: Թեպետ հետագայում՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելով՝ Հայաստանի Հանրապետությունն անցավ խորհրդարանական կառավարման համակարգին, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ պաշտպանության և անվտանգության համակարգերի՝ գործադիր իշխանության ենթակայության կառուցակարգային սկզբունքը մնաց անփոփոխ՝ հակառակ Հռչակագրի 5-րդ կետի։
Հռչակագրում նշված որոշ դրույթներ, որոնք լայն համատեքստում կարող են որպես նպատակներ պարունակող դրույթներ դիտարկվել, չեն ամրագրվել Սահմանադրության (և դրա հետագա փոփոխությունների) մեջ, մասնավորապես (սակայն չսահմանափակվելով միայն)․
գ) «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»,
դ) «զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները»։
Հռչակագրի նախաբանում նշված «ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծման» նպատակը, որն իր ոչ նույնական շարադրանքով, սակայն բովանդակային ծավալով համընկնող նպատակ-սկզբունք ամրագրող՝ Սահմանադրության 1-ին անփոփոխ հոդվածում ստացել է հետևյալ ամրագրումը․ «Հայաստանի Հանրապետությունը (․․․) ժողովրդավարական, (․․․) իրավական պետություն է»։
1995 թվականի Սահմանադրության դրույթների՝ Հռչակագրի հետ ունեցած ակներև անհամապատասխանությունները (վերը թվարկված օրինակներից Հռչակագրի նախաբանում և 3․2 կետի ա-բ ենթակետերում նշված օրինակները) դրանց շարադրանքի և բովանդակային տարբերությունների մասով ակնհայտորեն վկայում են, որ Սահմանադիրը, 1995 թվականի Սահմանադրության դրույթները սահմանելով, դրանց չի հաղորդել Հռչակագրի դրույթների հետ նույնական բովանդակություն՝ «հիմք ընդունելով հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» արտահայտության նշանակությունը դիտարկելով բացառապես իր կամընտրությամբ Սահմանադրությամբ ամրագրված դրույթների՝ միայն իր կողմից 1995 թվականի Սահմանադրությունում ամրագրված բովանդակության շրջանակում։
«Հիմք ընդունելով» արտահայտությանն այնպիսի բովանդակություն հաղորդելը, համաձայն որի՝ Սահմանադրությունում շարադրված շրջանակից տարբերվող շրջանակով Հռչակագրում ամրագրված որևէ սկզբունք կամ նպատակ ունի նաև այլ՝ Սահմանադրությամբ ամրագրված իմաստային շրջանակից տարբերվող և Հռչակագրով ունեցած ինքնուրույն իմաստ, ուղղակիորեն հակասում է Սահմանադրության ընդունմամբ սահմանադրական որոշակիության միջոցով սահմանադրական կայունությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակին․ այս նկատառմամբ Հռչակագրի 12-րդ կետով նախանշվել էր անկախության գործընթացի նշանակալից հանգրվաններից մեկը՝ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության ընդունումը։ 1995 թվականի Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանվել է Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժի վերաբերյալ դրույթը, որն անայլընտրանք եզրահանգման հիմք է առ այն, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից Սահմանադրությունը եղել է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող միակ իրավական ակտը։ Այս սահմանադրական իրողության պայմաններում Սահմանադրական դատարանը չի տեսնում որևէ պատճառ, որ Սահմանադիրը, նպատակ ունենալով Հռչակագրում հաստատագրված որևէ սկզբունքի կամ նպատակի իրավական բովանդակությունը ներմուծել 1995 թվականի Սահմանադրություն կամ առաջնորդվելով դրա ողջ ծավալը 1995 թվականի Սահմանադրության ծավալ ներմուծելու վարկածով, Հռչակագրի դրույթների և 1995 թվականի Սահմանադրության դրույթների միջև ակնհայտ տարբերություն պարունակող նորմերով ձևավորեր այնպիսի իրավակարգավորումների համակարգ, որոնցում Հռչակագրում հաստատագրված սկզբունքները և նպատակները՝ որպես նախաբանի բովանդակության մաս, 1995 թվականի Սահմանադրության մյուս դրույթների հետ ունենային ակնհայտ անհամապատասխանություններ։
Նույնն առավել ևս վերաբերելի է առհասարակ բոլոր այն նպատակներին, որոնք չեն ամրագրվել Սահմանադրության որևէ դրույթում։ Այս կապակցությամբ պետք է նկատել նաև, որ Սահմանադիրը ոչ միայն 1995 թվականին ընդունված Սահմանադրության անփոփոխ դրույթներում չի ամրագրել Հռչակագրում հաստատագրված և սույն որոշման 3․2 կետում թվարկված գ-դ կետերում շարադրված որևէ նպատակ, այլ նմանապես չի ամրագրել դրանք իր փոփոխելի դրույթներում։ Մինչդեռ 1995 թվականի Սահմանադրության որևէ դրույթում Հռչակագրի՝ «համազգային» որակ ունեցող որևէ «նպատակ» Սահմանադրությունում չամրագրելով այն պարագայում, երբ 1995 թվականի Սահմանադրության դրույթների զգալի մասը պարունակում է մանրամասն կարգավորումներ (օրինակ՝ պետական իշխանության մարմինների գործունեությանն ու կազմակերպմանն ուղղված մանրամասն սահմանադրական կարգավորումները 1995 թվականի Սահմանադրության 3-7-րդ գլուխներում, կամ հատկապես 9-րդ գլխում անցումային դրույթների մանրամասն կարգավորումները), որևէ համազգային որակ ունեցող նպատակ Սահմանադրության նախաբանի բովանդակային ծավալում ներառելու հստակության բացակայության պայմաններում, լրջորեն հակադրվում է այն մոտեցմանը, որ Սահմանադրության նախաբանում Հռչակագիրը հիշատակելով՝ Սահմանադիրը նպատակ է ունեցել Հռչակագրում հաստատագրված, սակայն 1995 թվականի Սահմանադրության մեջ չամրագրված որևէ նպատակ ներառել Սահմանադրության մեջ։
Սահմանադրության և Հռչակագրի քննարկված դրույթների շարադրանքի ակնհայտ, և դրանով պայմանավորված՝ բովանդակային ծավալի հնարավոր տարբերությունն այն մասով, որ մասով ներառված չէ Սահմանադրության դրույթների բովանդակություն, սահմանադրական իրողություն է, որը Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթի բովանդակային ծավալի որոշակիացման համար ունի ելակետային նշանակություն։ Նման սահմանադրական իրողությունը «նեղ» մեկնաբանության կիրառմամբ բացառում է Հռչակագրում հաստատագրված որևէ սկզբունք կամ նպատակ Սահմանադրության դրույթների բովանդակային ծավալում ներառված լինելու հնարավորությունը՝ Սահմանադրությամբ տվյալ սկզբունքի կամ նպատակի ամրագրված չլինելու պարագայում։
3․3․ 1995 թվականի Սահմանադրության և Հռչակագրի դրույթների միջև սույն որոշման 3․2 կետի ա-բ ենթակետերում թվարկված օրինակներում շարադրանքների և դրանցով պայմանավորված՝ բովանդակային տարբերությունների առնչությամբ Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ 2005 և 2015 թվականներին իրականացված սահմանադրական փոփոխությունների գործընթացում այդ տարբերությունները հարթելուն ուղղված որևէ միջոց չի ձեռնարկվել. Հռչակագրում հաստատագրված «համազգային» որակ ունեցող որևէ նպատակ կամ հիմնարար սկզբունք, որը Սահմանադրությամբ ամրագրված չի եղել, Սահմանադրությունում ամրագրելու խնդիր առհասարակ չի ձևակերպվել։
3․4․ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև Հռչակագրի դրույթների՝ որպես Սահմանադրության դրույթների մեկնաբանման համար ունեցած նշանակության հարցին նաև սահմանադրական արդարադատության պրակտիկայում տեղ գտած իրավական դիրքորոշումների համատեքստում։
3․4․1․ Հռչակագրի և Սահմանադրության նախաբանի հարաբերակցության հարցին անդրադարձ է պարունակում 2010 թվականի հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշումը, որի վերաբերելի մասը շարադրված է հետևյալ բովանդակությամբ․
«(...) «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաև միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին»։
Սահմանադրական դատարանի որոշման մեջբերված հատվածը, որը որոշման ողջ ծավալում միակն է, որտեղ անդրադարձ է կատարվել Հռչակագրի 11-րդ կետի և Սահմանադրության նախաբանի միջև հարաբերակցությանը, դրան նախորդող և հաջորդող մասերում չի պարունակում որևէ դոկտրինալ նկատառում և առհասարակ որևէ պատճառաբանություն, որը մեջբերված հատվածում ամրագրված կարգադրագրային եզրահանգումը թույլ կտար նույնիսկ մոտավոր նմանությամբ դիտարկել որպես Սահմանադրության ողջ ծավալի համար այնպիսի հիմնարար ազդեցությամբ դոկտրինի ամրագրում, ինչպիսին Հռչակագրի որևէ դրույթ (կոնկրետ դեպքում՝ Հռչակագրի 11-րդ կետը) Սահմանադրության նախաբանում ամրագրված նպատակ դիտարկելն է։ Ավելին, Սահմանադրական դատարանը նկատում է, որ հիշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը հստակ տարանջատել է «Սահմանադրության նախաբանի դրույթներ» և «Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներ» հասկացությունների բովանդակային ծավալները. այդ հասկացությունները կապակցվել են «և» շաղկապով, այլ ոչ՝ դիտարկվել որպես մեկը («Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներ») մյուսի («Սահմանադրության նախաբանի դրույթներ») բովանդակային ծավալի մաս։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-850 որոշումից մեջբերված հատվածը չունի Սահմանադրական դատարանի սույն որոշման հետ դոկտրինալ անհամապատասխանություն՝ դրանով իսկ բացառելով ՍԴՈ-850 որոշման res interpretata բնույթը հաղթահարելու անհրաժեշտությունը։
3․4․2․ 2023 թվականի մարտի 24-ի ՍԴՈ-1680 որոշմամբ անդրադառնալով Սահմանադրության նախաբանում ամրագրված «հավատարմությունը համամարդկային արժեքներ» սահմանադրական եզրույթի մեկնաբանությանը՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրության նախաբանում ամրագրված «հավատարմությունը համամարդկային արժեքներին» սահմանադրական եզրի նշանակության և ազդեցության համար հիմք է ընդունել Սահմանադրության նախաբանում ինքնին նման դրույթի ուղղակիորեն ամրագրված լինելու իրողությունը։ Մասնավորապես՝ նույն որոշմամբ «համամարդկային արժեքներին հավատարմության» հավաստիքի մեկնաբանման նպատակով Սահմանադրական դատարանը վկայակոչել է ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը՝ Հռչակագրում Հայաստանի անկախության գործընթացում դրա անդրադարձից։ Սակայն ինքնըստինքյան (առանց Սահմանադրության նախաբանում «համամարդկային արժեքներին հավատարմության» հավաստիքի ամրագրման) Հռչակագրի 11-րդ կետը Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման համար չի ունեցել որևէ նորմատիվ ազդեցություն։ Դրա հիմքը եղել է Սահմանադրության նախաբանում ամրագրված «համամարդկային արժեքներին հավատարմության» հավաստիքը, որը մեկնաբանելով և զարգացնելով՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ՝
«Սահմանադրության նախաբանում՝ Հայ ժողովուրդը, ի շարս այլ նպատակների և սկզբունքների, Սահմանադրությունն ընդունել է նաև՝ «հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին»: Սահմանադրության նախաբանում այս հավաստիքի արձանագրումը «համամարդկային արժեքներ» սահմանադրական եզրը դարձնում է Սահմանադրության նորմերի նպատակային մեկնաբանման համար կիրառելի առաջնային ուղենիշ:
(…)
Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրության նախաբանում Հայ ժողովրդի համամարդկային արժեքներին հավատարմության հավաստիքը՝ հատկապես համընդհանուր խաղաղությանն սպառնացող ծանրագույն հանցագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարին վերաբերելի մասով՝ որպես Սահմանադրության դրույթների մեկնաբանման արժեբանական ուղենիշ դիտարկելու սահմանադրական հրամայականի հիմքում ընկած է նաև այն պատմական, էթիկական և քաղաքակրթական չափորոշիչը, որ Կանոնադրության նախաբանում շարադրված ոճրագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարի կարևորությունն արդեն իսկ արձանագրված է եղել Հայաստանի անկախության գործընթացում՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու մասին հռչակմամբ (Հայաստանի անկախության մասին հռչակագիր, կետ 11)։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու մասին դրույթը Հայաստանի անկախության հռչակագրում ունի ոչ միայն պատմական իրողության հետադարձորեն ճանաչման, այլև առավել ևս ապագայում նման ծանրագույն հանցագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարի միջոցով համընդհանուր խաղաղության և անվտանգության պաշտպանության միջազգային ջանքերին մասնակցության քաղաքակրթական բնույթի պարտավորության նշանակություն» (2023 թվականի մարտի 24-ի ՍԴՈ-1680 որոշման կետեր 6.2, 6.5)։
Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել է, որ Հռչակագրի 11-րդ կետում ամրագրված դրույթն ունի «քաղաքակրթական բնույթի պարտավորության նշանակություն», որը Սահմանադրական դատարանը կարևորել է բացառապես Սահմանադրության նախաբանում ուղղակիորեն ամրագրված «հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին» սահմանադրական դրույթի մեկնաբանության շրջանակում՝ «Սահմանադրության նորմերի նպատակային մեկնաբանման համար կիրառելի առաջնային ուղենիշ» դիտարկելով բացառապես Սահմանադրության նախաբանում ամրագրված «համամարդկային արժեքներ» սահմանադրական դրույթը: Այսինքն՝ Հռչակագրում ամրագրված 11-րդ կետը Սահմանադրական դատարանի կողմից չի դիտարկվել Սահմանադրության նախաբանի բովանդակային ծավալի ինքնուրույն մաս՝ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթի ուժով։
3․5․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանն առաջին անգամ է առնչվում Հռչակագրի և Սահմանադրության դրույթների նորմատիվ հարաբերակցության խնդրին սույն որոշման նախորդ մասերում ներկայացված վերլուծությունների խորությամբ (նախկինում նման անդրադարձների նկարագրությունը տե՛ս 3․4 կետում), վերը նշված վերլուծությունների հիմնավորումները չեն կարող ամբողջական լինել՝ առանց Հռչակագրի՝ այլ ակտերի վրա ունեցած ազդեցության և դրա արժեքի հարաբերակցության վերաբերյալ վերլուծության։
Նախ՝ Հռչակագրով հռչակելով անկախության գործընթացի սկիզբը՝ հռչակվել են նաև գործընթացի ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի ուղենիշային սկզբունքները, որոնց 1990 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված սահմանադրական օրենքի ուժով Գերագույն խորհրդի կողմից հաղորդվել են վերսահմանադրական նշանակություն և իրավական ուժ։ Նման իրավական փոխակերպական «տրանսֆորմատիվ» և վերսահմանադրական խոր ազդեցությամբ իրավական ակտերի ընդունումը Հայաստանի անկախության գործընթացի իրականացման համար եղել է բացարձակ անհրաժեշտություն՝ հաշվի առնելով այն ակնհայտ իրողությունը, որ ԽՍՀՄ 1977 թվականի և Հայկական ԽՍՀ 1978 թվականի սահմանադրությունների գործողության ուժի ներքո, որոնք ամբողջությամբ ներծծված են եղել ժողովրդավարության, իրավական պետության և ժողովուրդների ինքնորոշման և անկախության գաղափարների նկատմամբ ամբողջատիրական հասարակարգի ծայրահեղ ագրեսիվ և անհանդուրժողական գաղափարաբանությամբ, Հայաստանի անկախության և դրա ժողովրդավարական կարգի վերականգնման հեռանկարի որևէ տարբերակ կարող էր լրջորեն խոչընդոտվել։ Այս իմաստով Հռչակագիրն ունեցել է նաև այն գաղափարական պաշտպանիչ ուժը, որը Հայաստանի՝ մինչև 1991 [թվականի] սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի արդյունքների հրապարակման պահը Հայաստանի ողջ իրավակարգին և պետական իշխանության մարմիններին պաշտպանիչ վահանի դերակատարմամբ պատնեշել է Հայաստանի անկախության հարցում ժողովրդի ազատ կամաարտահայտության հնարավորությունը սահմանադրական իրողություն դարձնելու համար։ Այս իրողությունը եղել է անկախության գործընթացի առաջին առանցքային հանգրվանը, որն ուղղակիորեն նախանշված է եղել Հռչակագրով։
Երկրորդ՝ իր ունեցած վերսահմանադրական ակտի՝ իրեն հաղորդված ուժի ազդեցության տիրույթում, Հռչակագիրն ունեցել է Հայաստանի անկախացման գործընթացի և մինչև 1995 թվականի հուլիսի 13-ը՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելը, Հայաստանի պետական իշխանության մարմինների գործունեության՝ անկախության, ժողովրդավարական և իրավական հասարակարգի ձևավորմանն ուղղված նպատակին հասնելու ռազմավարական հայեցակարգի դերակատարում։ Առանց պետական իշխանության մարմինների համար նման իրավական հիմքի առկայության, ինչպես արդեն նշվեց նախորդ պարբերությունում, ԽՍՀՄ 1977 թվականի և Հայկական ԽՍՀ 1978 թվականի սահմանադրությունների գործողության ընթացքում, պետական իշխանության մարմինների գործունեության իրավական լեգիտիմության հիմքը մնալով՝ հիշյալ ակտերը, Հայաստանի Հանրապետության կենսական անհրաժեշտության ոլորտների պաշտպանությունը, մասնավորապես՝ պաշտպանության և անվտանգության, շուկայական տնտեսության, ժողովրդավարական ազատությունների և իրավունքների, իշխանությունների տարանջատման, ինքնիշխան և ժողովրդավարական պետության համար անհրաժեշտ օրենսդրական և սահմանադրական հիմքերի ձևավորմանը (ցանկը սպառիչ չէ) ուղղված ողջ գործունեությունն էականորեն վտանգված, եթե ոչ առհասարակ անհնար էր լինելու։ Հռչակագիրը վերը նշված և շարունակելի ցանկով կենսական խնդիրների լուծմանը ծառայած առանցքային ակտն է եղել։
Երրորդ՝ Հռչակագիրը եղել է այն ուղղորդիչ իրավաքաղաքական-գաղափարական բովանդակություն ունեցող ակտը, որի ծրագրային 12-րդ կետում զետեղված դրույթները հանգեցրել են Սահմանադրության ընդունմանը։ Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության հիմնման, Սահմանադրության նախաբանում նախանշված՝ «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին» համազգային նպատակների և Սահմանադրության մյուս դրույթներով իմաստային ուղղորդիչ նախանշում ունեցող՝ Սահմանադրության բարձրագույն ուժով օժտված իրավական ակտով, խտրաբար և խնամքով ընտրված և ձևակերպված ամրագրումների միջոցով Հայաստանին հանգեցրել է սահմանադրական կայունության ժամանակաշրջանի՝ արմատապես բացառելով «սահմանադրական երկիշխանության» ծայրահեղ վտանգավոր դրսևորումների իրավական հնարավորությունը։
Մինչև 1995 թվականի հուլիսի 13-ն ունեցած իր իրավական առաքելության և դրա իրագործմամբ վերը թվարկված և այլ նպատակների իրականացման համար ունեցած պատմական արժեքը ոչ կավելանա Հռչակագրի դրույթների՝ Սահմանադրության նախաբանի նկատմամբ ինքնուրույն նորմատիվ ազդեցության ճանաչման, ոչ էլ կնսեմանա նման ազդեցության բացառման արձանագրմամբ։ Նրա պատմական արժեքն արդեն իսկ արժանացել է դրան համարժեք բարձր պատվին՝ հիշատակվելով Սահմանադրության անփոփոխ դրույթում։
ԽՍՀՄ կուռ և միաձույլ, դրա իրավազորության ներքո գտնվող ժողովուրդների անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական ազատությունների և իրավական պետության գաղափարներին արմատապես հակադրվող և դրանց նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողական գաղափարաբանությամբ ամբողջությամբ ներծծված իրավակարգի պայմաններում Հռչակագիրը, փաստացի ճեղքելով սովետական իրավական կայունության պատնեշը, ապահովել է այն իրավական պատուհանը, որով, հաջորդաբար, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմամբ Հայաստանը հասել է վերը նշված հանգրվաններին։ Ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված շրջանակից դուրս Հռչակագրի որևէ դրույթի սահմանադրական (առավել ևս՝ Սահմանադրության անփոփոխ) դրույթի իրավական ուժով օժտված լինելու ուղով շարժվելու հետևանքային ազդեցությունը «սահմանադրական երկիշխանության» վտանգի ներուժով, Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։ Սա չի եղել ո՛չ Հռչակագրով, ո՛չ էլ Սահմանադրությամբ հետապնդվող նպատակ։
3.6. Վերը նշված բոլոր նկատառումների հանրագումարային համակցության արդյունքում սույն որոշման 2-րդ կետում շարադրված հարցի ամբողջական լուծման նպատակով Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ:
3․7․ Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը։
4․ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ իրավական կարգավորումները
Նկատի առնելով, որ Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը, իսկ Կանոնակարգին համապատասխան՝ Հանձնաժողովները կհիմնվեն վերոնշյալ հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե (...))՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սույն որոշման շրջանակում հիշյալ հռչակագրի «գոյություն ունեցող սահմանների» ձևակերպման առնչությամբ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ իրավակարգավորումներին անդրադառնում է որպես ընդհանուր սկզբունք:
Համաձայն Կանոնակարգի՝ Հանձնաժողովները կհիմնվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին):
Հայաստանի Հանրապետության համար Ալմա Աթայի հռչակագիրն ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 21-ից: Նշված հռչակագրին համապատասխան՝ անկախ պետությունները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը:
Ալմա Աթայի հռչակագրում հիշատակված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության՝ Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի նպատակներին ու սկզբունքներին հավատարիմ լինելու մասին: Նշված հռչակագրով անկախ պետությունները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, հայտարարել են, որ Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծմամբ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը դադարեցնում է իր գոյությունը:
«Անկախ Պետությունների Համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1992 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ վավերացրել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Ֆեդերացիայի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը՝ մի շարք վերապահումներով: Մասնավորապես՝
«1. Համաձայնագրի նախաբանի 4-րդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «Ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:
(...)
3. Համաձայնագրի 5-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
(...)
10. Համաձայնագրի 13-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:
1990 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի 2-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1990 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված Հ.Ն.-0217-I սահմանադրական օրենքի համաձայն՝ մինչև Հայաստանի Հանրապետության սահմանադրության ընդունումը դադարեցվում է գործող սահմանադրության այն դրույթների գործողությունը, որոնք հակասում են «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքներին:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ու նպատակներից և հիմնվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի 5-րդ կետի վրա, 1991 թվականի մարտի 1-ին որոշեց. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՆՐԱՔՎԵ ԽՍՀՄ-Ի ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴՆԵԼՈՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԸ. «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԱՆԿԱԽ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԽՍՀՄ-Ի ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ» (N Ն-0269-I)։
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները, 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հռչակել է Հայաստանի Հանրապետության անկախ պետություն (որոշում N Ն-0393-I):
1978 թվականի սահմանադրության 77-րդ հոդվածով սահմանված էր, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանում է իր շրջանային բաժանումը և լուծում վարչատերիտորիալ կառուցվածքի այլ հարցեր: Նույն սահմանադրության 78-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում կային հետևյալ շրջանները` Աբովյանի, Ազիզբեկովի, Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արարատի, Արթիկի, Արտաշատի, Գորիսի, Գուգարքի, Եղեգնաձորի, Էջմիածնի, Թալինի, Թումանյանի, Իջևանի, Կալինինոյի, Կամոյի անվան, Կրասնոսելսկի, Հոկտեմբերյանի, Հրազդանի, Ղափանի, Բաղրամյանի, Ղուկասյանի, Մասիսի, Մարտունու, Մեղրու, Նաիրիի, Նոյեմբերյանի, Շամշադինի, Սևանի, Սիսիանի, Սպիտակի, Ստեփանավանի, Վարդենիսի և հանրապետական ենթակայության հետևյալ քաղաքները` Աբովյան, Ալավերդի, Արարատ, Արթիկ, Արտաշատ, Աշտարակ, Գորիս, Դիլիջան, Երևան, Էջմիածին, Իջևան, Լենինական, Կամո, Կիրովական, Հոկտեմբերյան, Հրազդան, Ղափան, Ջերմուկ, Սևան, Սպիտակ, Ստեփանավան:
1995 թվականի Սահմանադրության 104-րդ հոդվածի առաջին նախադասությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են՝ մարզերը և համայնքները։ Նույն դրույթն արտացոլված է նաև 2005 և 2015 թվականների փոփոխություններով Սահմանադրության համապատասխանաբար՝ 11.1-ին հոդվածում և 121-րդ հոդվածի 1-ին մասում:
1995 թվականի նոյեմբերի 7-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՕ-18 օրենքը, որի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի և մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքի: Հայաստանի Հանրապետության մարզերն են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռվա, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերը (օրենքի 3-րդ հոդվածը վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներին):
1995 թվականի Սահմանադրության 108-րդ հոդվածի առաջին նախադասությանը համապատասխան՝ Երևան քաղաքն ուներ մարզի կարգավիճակ։ 2005 և 2015 թվականների փոփոխություններով Սահմանադրության, համապատասխանաբար՝ 108 և 187-րդ հոդվածների առաջին նախադասությունների համաձայն՝ Երևանը համայնք է։
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված 1994 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքի (ուժը կորցրել է 2001 թվականի դեկտեմբերի 25-ին՝ 2001 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված ՀՕ-265 օրենքով) 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանն այն գիծն է և այդ գծով անցնող այն ուղղաձիգ մակերևույթը, որոնք որոշում են Հայաստանի Հանրապետության տարածքի` ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները: Նույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին նախադասության համաձայն՝ պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքներով, իսկ օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան՝ սահմանակից պետությունների հետ սահմանային հարցերը Հայաստանի Հանրապետությունը լուծում է փոխադարձ համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, հիշյալ օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրության մյուս ակտերին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
2001 թվականի նոյեմբերի 20-ին ընդունվել է «Պետական սահմանի մասին» ՀՕ-265 գործող օրենքը, որի 1-ին հոդվածում բովանդակային նույնությամբ պահպանված է պետական սահմանի վերոնշյալ օրենսդրական բնորոշումը։
Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետական սահմանը տեղորոշելիս և փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության անվտանգության և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման, օտարերկրյա պետությունների հետ բազմակողմանի փոխշահավետ համագործակցության, սահմանային հարցերի խաղաղ լուծման սկզբունքներով:
Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման, տվյալ դեպքում՝ պետությունների միջև պետական սահմանի սահմանազատում իրականացնելու միջոցով, հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության 205-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով, որն անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով»:
6. «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-1753 որոշմամբ արձանագրել է․
«5. Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության մեջ առկա են թարգմանչական/տեխնիկական թերություններ»:
7. «2024 թվականի ապրիլի 15-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-1755 որոշմամբ արձանագրել է․
«Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա` պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին, ինչպես նաև նպաստում են Սահմանադրության 40-րդ հոդվածով ամրագրված՝ յուրաքանչյուրի ազատ տեղաշարժվելու իրավունքի պատշաճ իրացմանը»:
8. «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի ՍԴՈ-1760 որոշմամբ արձանագրել է․
«6. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Սահմանադրական դատարանն իր նախկին որոշումներում (օր.՝ ՍԴՈ-1273, ՍԴՈ-1283, ՍԴՈ-1284, ՍԴՈ-1328 և այլն), այնպես էլ իր որոշումների կատարման վերաբերյալ նախորդ տարիների հաղորդումներում բազմիցս անդրադարձել է վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագրերի հստակության, այդ միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին՝ նշելով, որ նման համաձայնագրերով նախատեսված ծրագրերի ընդհանուր բնույթը պահանջում է համաձայնագրերի կատարման նկատմամբ հստակ մշտադիտարկում, որը թույլ կտա խուսափել վարկային համաձայնագրերի իրագործման պրակտիկայում տեղ գտած թերություններից և բացթողումներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթների հնարավոր խախտումներից: Սահմանադրական դատարանը, վերահաստատելով նաև 2020 թվականի հոկտեմբերի 2-ի ՍԴՈ-1548 որոշմամբ արտահայտած իր իրավական դիրքորոշումը, ևս մեկ անգամ շեշտադրում է վարկային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման կարևորությունը, ինչպես նաև այդ միջոցների նկատմամբ պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը:
7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի պաշտոնական հայերեն թարգմանության և դրա բնօրինակ տեքստերի միջև առկա են մի շարք թարգմանչական անհամապատասխանություններ ու անճշտություններ, որոնք թեև բովանդակային առումով խնդիր չեն հարուցում Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության բացահայտման տեսանկյունից, այդուհանդերձ, կարող են որոշակի խնդիրներ առաջ բերել Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ընթացքում։
Սահմանադրական դատարանը նաև փաստում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները վերաբերելի են Ազգային ժողովի ու Կառավարության լիազորություններին, և Համաձայնագրի վավերացման նպատակահարմարության հարցը գտնվում է հիշյալ մարմինների լիազորությունների տիրույթում»:
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2024 թվականին Սահմանադրական դատարան է ներկայացվել 3 դիմում, որոնցից 1-ով գործի քննությունը մերժվել է, այն է՝ «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով, իսկ 2-ով գործի քննությունը փոխանցվել է 2025 թվական, մասնավորապես՝ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1184-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 685-Ն որոշման Հավելված N 1-ի 15 և 16-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախորդ տարի ներկայացված դիմումների հիման վրա՝ 2024 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննություն չի իրականացվել՝ համապատասխան դիմում 2023 թվականին ներկայացված չլինելու պատճառով:
Անհատական (ֆիզիկական և իրավաբանական անձանց) դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
2024 թվականին ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Սահմանադրական դատարան են մուտքագրվել ընդհանուր առմամբ 103 դիմումներ, որոնցից 73-ը՝ ֆիզիկական անձանցից, իսկ 30-ը՝ իրավաբանական անձանցից։
Անհատական դիմումներից 10-ը չեն համապատասխանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24 և 25-րդ հոդվածներով դիմումին ներկայացվող պահանջներին և Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից վերադարձվել են դիմողներին, իսկ 1 անհատական դիմում Սահմանադրական դատարան մուտքագրվելուց հետո դիմողի դիմումի հիման վրա վերադարձվել է վերջինիս:
Վերոնշյալ 10 դիմումներից 7-ը համապատասխանեցվել են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24 և 25-րդ հոդվածներով դիմումին ներկայացվող պահանջներին և վերստին ներկայացվել են Սահմանադրական դատարան, 1-ը կրկին ներկայացվել է Սահմանադրական դատարան, սակայն համապատասխանեցված չի եղել դիմումին ներկայացվող պահանջներին, ինչի հետևանքով Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից վերադարձվել է դիմողին, 1-ը դիմողի դիմումի հիման վրա վերադարձվել է վերջինիս, 1-ը Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից դիմողին վերադարձվելուց հետո՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, վերստին չի ներկայացվել Սահմանադրական դատարան։
Դատական կազմերը ստացել են 2024 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված 99 դիմումներ (քաղաքացիների և իրավաբանական անձանց), ինչպես նաև 2023 թվականի դեկտեմբերին Սահմանադրական դատարան մուտքագրված 2 դիմումներ:
2024 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված 99 անհատական դիմումների կապակցությամբ դատական կազմերի որոշումներով քննության են ընդունվել 9 անհատական դիմումներ, մերժվել՝ 55-ը։
2024 թվականին դատական կազմի կողմից քննվել և որոշում է կայացվել նաև վերոնշյալ՝ 2023 թվականի դեկտեմբերին Սահմանադրական դատարան մուտքագրված 2 անհատական դիմումների ընդունելիության հարցի կապակցությամբ, մասնավորապես՝ 09.01.2024թ․ ՍԴԴԿՈ-1 և 10.01.2024թ. ՍԴԴԿՈ-2 դատական կազմի որոշումներով նշված անհատական դիմումներով գործերի քննությունները մերժվել են:
Միաժամանակ, դատական կազմի կողմից քննության է առնվել անհատական դիմումը վերադարձնելու դեմ ներկայացված 1 բողոք, որը մերժվել է դատական կազմի 16.10.2024թ. ՍԴԴԿՈ-58 որոշմամբ:
2024 թվականի դեկտեմբերին Սահմանադրական դատարան մուտքագրված 3 անհատական դիմումի ընդունելիության հարցի քննությունը փոխանցվել է 2025 թվական, իսկ 1 անհատական դիմումի կապակցությամբ այդ դիմումին ի լրումն ներկայացված դիմումով ֆիզիկական անձի ներկայացուցիչը Սահմանադրական դատարանին խնդրել է անտեսել իր կողմից ներկայացված տվյալ անհատական դիմումը և հիմք ընդունել իր կողմից հաջորդիվ ներկայացված դիմումը:
31 անհատական դիմումների ընդունելիության հարցի քննությունը փոխադրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ: Նշված 31 դիմումներից 6-ը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներով ընդունվել են քննության, 25-ը՝ մերժվել:
Այսինքն՝ 2024 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանի կողմից ընդհանուր առմամբ քննության են ընդունվել 15 անհատական դիմումներ:
Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված վերոնշյալ 15 անհատական դիմումների հիման վրա 6 գործերի վարույթներ Սահմանադրական դատարանի 18.06.2024թ. ՍԴԱՈ-99, 18.06.2024թ. ՍԴԱՈ-101, 05.11.2024թ. ՍԴԱՈ-171, 10.12.2024թ. ՍԴԱՈ-186, 10.12.2024թ. ՍԴԱՈ-188, 17.12.2024թ. ՍԴԱՈ-192 աշխատակարգային որոշումներով կարճվել են, իսկ 2 գործերի վարույթներ Սահմանադրական դատարանի 21.05.2024թ. ՍԴԱՈ-88 և 01.10.2024թ. ՍԴԱՈ-146 աշխատակարգային որոշումներով մասամբ կարճվել են։
Անհատական դիմումների հիման վրա քննության ընդունված 3 գործերի դատաքննությունները նշանակվել են 2025 թվականին, իսկ 1 գործի դատաքննությունը 2024 թվականին հետաձգվել և նշանակվել է 2025 թվականին:
2023 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված և 21.11.2023թ. ՍԴԴԿՈ-55 դատական կազմի որոշմամբ քննության ընդունված 1 անհատական դիմում 2024 թվականին մերժվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքով:
2023 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված 2 անհատական դիմումների հիման վրա գործերի վարույթների կապակցությամբ Սահմանադրական դատարանը 2024 թվականին կայացրել է համապատասխան որոշումներ, դրանք են՝ 09.04.2024թ. ՍԴՈ-1724 և 23.04.2024թ. ՍԴՈ-1726 որոշումները:
2023 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված 6 անհատական դիմումների հիման վրա 5 գործերի վարույթներ Սահմանադրական դատարանի 16.01.2024թ. ՍԴԱՈ-9, 05.03.2024թ. ՍԴԱՈ-40, 12.03.2024թ. ՍԴԱՈ-41, 13.05.2024թ. ՍԴԱՈ-76, 31.05.2024թ. ՍԴԱՈ-89 աշխատակարգային որոշումներով կարճվել են, իսկ 1 գործի վարույթ Սահմանադրական դատարանի 23.04.2024թ. ՍԴԱՈ-62 աշխատակարգային որոշմամբ կարճվել է մասամբ (գործի մյուս՝ չկարճված մասով վարույթի կապակցությամբ Սահմանադրական դատարանը 2024 թվականի ապրիլի 23-ին կայացրել է վերոհիշյալ՝ ՍԴՈ-1726 որոշումը):
2023 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված 4 անհատական դիմումներով գործերի վարույթները կասեցվել են Սահմանադրական դատարանի 16.01.2024թ. ՍԴԱՈ-10, 06.02.2024թ. ՍԴԱՈ-19, 06.02.2024թ. ՍԴԱՈ-20, 31.05.2024թ. ՍԴԱՈ-92 աշխատակարգային որոշումներով:
2021 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված 1 անհատական դիմումի հիման վրա 28.12.2021թ. ՍԴԱՈ-258 աշխատակարգային որոշմամբ քննության ընդունված գործով (նշված գործի վարույթը 26.04.2022թ. ՍԴԱՈ-77 աշխատակարգային որոշմամբ կասեցվել է) 09.01.2024թ. ՍԴԱՈ-8 աշխատակարգային որոշմամբ նշանակվել է զեկուցող (գործով զեկուցող՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները 2024 թվականի հունվարի 4-ից դադարելու հանգամանքի հաշվառմամբ):
2024 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումների հիման վրա 2024 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 5 գործերով Սահմանադրական դատարանն ընդունել է հետևյալ որոշումները.
1. ««ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի և 195-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1725 որոշմամբ 2024 թվականի ապրիլի 16-ին որոշել է.
«1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:
3. Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։
4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
ՍԴՈ-1725 որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ «(…) թեև օրենսդրի հայեցողությունն է սահմանել վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շրջանակը, այնուամենայնիվ, դրանց բողոքարկելիության կարգի հիմքում պետք է դրվեն թե՛ դրանց վարույթային առանձնահատկությունները (վարույթի ընթացքը կասեցնող բնույթ ունենալը), թե՛ դրանցով վրա հասնող հետևանքները՝ իբրև գերնպատակ ունենալով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների անխախտելիությունը, ներառյալ՝ դատական պաշտպանության արդյունավետության երաշխավորումը:
(…)
Սահմանադրական դատարանը փաստում է նաև, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա դատական ակտերի սպառիչ ցանկում՝ Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-11-րդ կետերով, չնախատեսելը սահմանադրականության տեսանկյունից ինքնին խնդրահարույց չէ՝ հաշվի առնելով վիճարկվող դրույթի 12-րդ կետով նախատեսված կարգավորման հիմքում ընկած տրամաբանությունը և օրենսդրի հայեցողությունը՝ համապատասխան կարգավորումն Օրենսգրքի հատուկ, թե ընդհանուր հայցային վարույթների կարգավորումներում ամրագրելու տեսանկյունից՝ ելնելով որոշակիության, կանխատեսելիության կամ իրավական տեխնիկայի կանոնների ապահովման, ինչպես նաև ներինստիտուցիոնալ առումով առավել համակարգային ու համապարփակ լուծում տալու նկատառումներից:
(…)
Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից ընտրված այն մոտեցումը, համաձայն որի՝ առկա է նախնական իրավական պաշտպանության այլ միջոցների վերաբերյալ դատական ակտերի վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, սակայն նախատեսված չէ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման միջնորդությունը մերժելու մասին դատական ակտի վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, սահմանադրականության առումով խնդրահարույց է։
Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ մի կողմից՝ ակնհայտորեն իմաստազուրկ է և օբյեկտիվորեն հնարավոր չէ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը Դատարանի որոշման` «հետաձգված բողոքարկման» շրջանակներում վիճարկելը, իսկ մյուս կողմից` գործող իրավակարգավորումների պայմաններում բացակայում է նորմատիվ իրավական ակտի գործողության կասեցման միջնորդությունը մերժելու մասին Դատարանի կայացրած որոշման վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը: (...):
(...)
Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում օրենսդրի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման միջնորդությունը մերժելու մասին միջանկյալ դատական ակտը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման օրենսդրական հնարավորություն չնախատեսելը համահունչ չէ Սահմանադրությամբ երաշխավորված անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին»։
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ «(…) անհրաժեշտ է սահմանել կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կապահովեն նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը՝ ապահովելով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ կենսագործումը»։
2. «Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի՝ հաշվի առնելով նաև նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1729 որոշմամբ 2024 թվականի մայիսի 21-ին որոշել է.
«1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը:
2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:
3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններով:
4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
ՍԴՈ-1729 որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է. «(…) արդարադատության հրապարակայնության սկզբունքը բացարձակ չէ և ենթակա է սահմանափակումների՝ ելնելով հանրային շահերից և մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրաիրավական նպատակներից: (…)։
(…) հրապարակայնության սկզբունքը կարող է սահմանափակվել միայն խիստ անհրաժեշտ և հատուկ հանգամանքների առկայության պարագայում:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատական վարույթի կամ դրա մի մասի դռնփակ անցկացումը Սահմանադրությամբ և օրենքով սահմանված նպատակների պաշտպանության դատավարական միջոց է, որով իրավակիրառին հնարավորություն է ընձեռվում կանխարգելել սահմանադրաիրավական պաշտպանության ներքո գտնվող շահերի հնարավոր թիրախավորումը, ինչը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի հնարավորինս իրական և կանխատեսելի։
(…)
(…) անկախ դատական գործերի առանձին տեսակներին բնորոշ նյութաիրավական և վարութային առանձնահատկություններից՝ հրապարակայնության սկզբունքի այնպիսի ինտենսիվ սահմանափակումը, ինչպիսին է դատական նիստի դռնփակ անցկացումը, պետք է համապատասխանի իրավաչափության ներքոնշյալ չափանիշներին.
1. Պետք է պայմանավորված լինի սահմանադրաիրավական պաշտպանության ներքո գտնվող շահերի երաշխավորման նպատակով: (…)։ Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։
Հրապարակայնության սկզբունքի ցանկացած սահմանափակում, որն իրապես չի հետապնդում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով թվարկված որևէ շահի պաշտպանության նպատակ, հանգեցնում է դատական վարույթի հրապարակայնության սկզբունքի խախտման։
2. Պետք է կիրառվի որպես Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ շահի պաշտպանության վերջին հնարավոր միջոց, երբ գործի հրապարակային քննությունն անդառնալի վնաս կհասցնի սահմանադրաիրավական պաշտպանության ներքո գտնվող խնդրո առարկա շահին:
3. Պետք է լինի արդյունավետ՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով թվարկված որևէ շահի պաշտպանության առումով։ (…)»։
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) Խորհրդի կողմից Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում նշված նորմի սահմանադրաիրավական նշանակությանն ու բովանդակությանը և այդպիսով չի ապահովում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման պահանջները՝ հանգեցնելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման:
Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը»:
Սույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև նշել է․ որ «(…) դատական սանկցիայի կիրառումն ինքնին, ինչպես նաև սանկցիայի կիրառումից առաջ արտահայտվելու հնարավորության սահմանափակումը յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնավորված և պատճառաբանված լինեն դատարանի կողմից, ինչն իրավունքի սահմանափակման իրավաչափության կանխորոշիչ նախապայման է:
(…)
(…) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան, հանդիսանալով անձի՝ դատավարական իրավունքների սահմանափակման ինտենսիվ միջոց, պետք է կիրառվի միայն առանձնահատուկ դեպքերում, երբ ավելի մեղմ դատական սանկցիայի գործադրմամբ անհնար է արդյունավետ կերպով հակազդել վարույթի մասնակցի ոչ իրավաչափ վարքագծին. խնդրո առարկա նորմի հակառակ ընկալման պարագայում կխեղաթյուրվի դատական սանկցիայի դատավարական առաքելությունը։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառումը չպետք է հանգեցնի կողմերի մրցակցության, ըստ այդմ՝ նաև շահերի ներկայացվածության սկզբունքների լիակատար արգելափակման։ Դատարանը պետք է գործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող կողմի շահերի բավարար ներկայացվածությունն ու պաշտպանվածությունն ապահովելու համար (օրինակ՝ կողմի ներկայացուցչին հրավիրելով կամ անհրաժեշտության դեպքում, երբ առանց կողմի ներկայացվածության անհնար է շարունակել դատաքննությունը, դատական նիստը հետաձգելով), իսկ դրա անհնարինության կամ գործադրված միջոցառումների ապարդյուն լինելու դեպքում՝ նոր միայն շարունակի գործի քննությունը՝ շահագրգիռ կողմի բացակայությամբ:
(…)
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը հավասարապես վերաբերելի է նաև դատավորների կարգապահական վարույթներին, որոնք առանձնանում են ոչ միայն սուբյեկտային կազմի և գործունեության ոլորտի յուրահատկություններով, այլև հանրային շահի բարձր գործակցով։ (…)։
Այդ համատեքստում, Խորհուրդը յուրաքանչյուր դեպքում պետք է կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք։ Խորհրդի սահմանադրաիրավական առաքելությունը պետք է իր պատշաճ կենսագործումը գտնի դատավորի անկախության և հեղինակության ապահովման, մասնագիտական արժանապատվության և արդարադատության շահերի գերակայության գիտակցման համատեքստում։ Համապատասխանաբար՝ կարգապահական վարույթում կողմի կարգավիճակում հանդես եկող դատավորը նույնպես պետք է առաջնորդվի իր մասնագիտական կարգավիճակի բարձր հեղինակությամբ՝ դրսևորելով իր սահմանադրաիրավական առաքելության ոգուն համահունչ վարքագիծ և ընդգծված հարգանք արդարադատության և այն իրականացնելու իրավասությամբ օժտված ատյանների նկատմամբ։ Նշվածը վերաբերելի է կարգապահական վարույթի ցանկացած փուլի և դատավարական ցանկացած գործողության իրականացմանը։
(…)
Ամբողջացնելով սույն սահմանադրաիրավական վեճի պատկերը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի նմանօրինակ մեկնաբանման և կիրառման հետևանքով ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է Դատավորի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է Դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած՝ նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ խնդրո առարկա դատական սանկցիայի կիրառումը բոլոր դեպքերում չպետք է հանգեցնի անձի լսված լինելու իրավունքի չեզոքացման:
Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար»:
3. «Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1736 որոշմամբ 2024 թվականի հունիսի 4-ին որոշել է.
«1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով անձի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը վերանայելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 40, 61 և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
ՍԴՈ-1736 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ «(…) Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի առաքելությունը հանգում է այդ ինստիտուտի միջոցով խախտված սահմանադրական իրավունքների վերականգնման ապահովմանը: Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայության պայմաններում դատական ակտի վերանայման անհրաժեշտությունը բխում է նաև կոնկրետ գործերով սահմանադրական վերահսկողության ինստիտուտի էությունից և նշանակությունից։ Ուստի, այն դեպքում, երբ անձի նկատմամբ վերջնական դատական ակտը կայացվել է Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ սահմանադրական ճանաչված, սակայն ըստ Սահմանադրական դատարանի՝ դիմողի նկատմամբ այլ մեկնաբանությամբ կիրառված դրույթի կիրառմամբ, ապա նշված դեպքի հետևանքը պետք է լինի նոր հանգամանքի հիմքով այդ դատական ակտի վերանայումը։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրի կողմից պետք է նախատեսվեն դրա իրացման համապատասխան կառուցակարգեր։
(…)
(…) Ընդ որում, Սահմանադրական դատարանի 2018 թվականի մայիսի 15-ի ՍԴՈ-1417 որոշման համաձայն՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի այն դրույթը, համաձայն որի՝ «(...) դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով», յուրաքանչյուր դեպքում Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում անհրաժեշտ չէ ամրագրել, քանի որ այն պարտադիր է հիշյալ սահմանադրական օրենքի ուժով:
(…)
(…) օրենսդրական կարգավորումները հանգում են նրան, որ նոր հանգամանքի հիմքով բացառիկ վերանայման գործիքակազմով հնարավոր է վերանայել բացառապես վիճարկվող նորմում սահմանված դատավճիռները և որոշումները։ Ըստ այդմ, այդ նորմում չներառված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտի պարագայում բացառիկ վերանայման վարույթի հարուցումը ենթակա է մերժման այն հիմքով, որ բողոքը բերվել է այն դատական ակտի դեմ, որը ենթակա չէ բացառիկ վերանայման։ Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ ճանաչվում է Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, սակայն չի ապահովվում դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի վերանայումը (ինչպես նշվեց, այդ պահանջը սահմանված է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով)՝ Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքի պատճառով։ Նման պայմաններում Օրենսգրքում դիմողի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հնարավորության բացակայությունն արժեզրկում է անձի՝ սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի բուն էությունը՝ սահմանադրական արդարադատությունը դարձնելով պատրանքային:
(...)
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքի գոյությունն իմաստազրկում է որոշ դեպքերում Սահմանադրական դատարան անհատական դիմումներ ներկայացնելը, քանի որ Սահմանադրական դատարանի կողմից կայացվող որոշումը, փաստորեն, դիմողի համար կոնկրետ գործով չի կարող լինել վերջնական դատական ակտի վերանայման նախադրյալ, արգելափակվում է սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության առումով Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, փակուղի է մտնում իրավունքի գերակայության, հետևաբար՝ Սահմանադրության գերակայության երաշխավորման սկզբունքի իրացումը։ Ավելին, այդ արգելքի առկայության պայմաններում, որոշ դեպքերում հնարավորություն չի ստեղծվում անձի խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնման և պաշտպանության համար, ինչը խնդրահարույց է Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի առումով»:
Խնդրո առարկա որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ «(…) վիճարկվող դրույթով օրենսդիրը չի նախատեսել անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր Դիմողի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանն այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն Դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև օրենսդրի կողմից Օրենսգրքում սահմանվել են բացառիկ վերանայմանը վերաբերելի իրավանորմեր, սակայն դրանք, իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի բացակայության պայմաններում, ամբողջապես չեն ապահովում անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն այնքանով, որքանով խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտով անձի հիմնարար իրավունքի խախտումը Սահմանադրական դատարանի կողմից արձանագրվելու պայմաններում չի նախատեսվում անձի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հնարավորություն, ինչը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, խնդրահարույց է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածի համատեքստում:
Ընդ որում, Սահմանադրական դատարանը հատկապես ընդգծում է այն փաստը, որ Սահմանադրական դատարանի 2023 թվականի մայիսի 30-ի ՍԴՈ-1690 որոշման հիմքով Հայկ Մամիջանյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով չվերանայելն ըստ էության հանգեցնում է դիմողի՝ Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ արձանագրված՝ Սահմանադրության 40-րդ հոդվածով և 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավունքների շարունակական խախտման»:
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը եզրահանգել է․ «(…) Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հնարավորություն խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտով անձի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպեu նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, անձի նկատմամբ կիրառված դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն վերջինիս նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, համահունչ չէ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված սահմանադրաիրավական պահանջին, քանի որ չի երաշխավորում Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»։
4. «Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1752 որոշմամբ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին որոշել է.
«1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասն այնքանով, որքանով լրատվական գործունեություն չիրականացնողի կողմից համացանցում տարածված զրպարտության դեպքում շահագրգիռ անձի համար չի նախատեսում զրպարտությունը հերքելու, դրա պատասխանը ներկայացնելու, այն հեռացնելու կամ վերը նշված կարգավորումներին համարժեք այլ հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 31-րդ հոդվածին (75-րդ հոդվածի հետ համակցությամբ) հակասող և անվավեր:
2. Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
ՍԴՈ-1752 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) սահմանադրաիրավական կարգավորումների հիմքում մարդու արժանապատվությունն է, որի վրա խարսխվում են վերջինիս հիմնական իրավունքներն ու ազատությունները: Այն կանխորոշում է հիմնական իրավունքների և ազատությունների թե՛ բովանդակությունը, թե՛ իրացման սահմանները, հետևաբար՝ մարդու արժանապատվության գերակայության գաղափարը պետք է ընկած լինի ինչպես իրավաստեղծ, այնպես էլ իրավակիրառ գործունեության հիմքում:
(…)
(…) կարծիքի արտահայտման ազատությունը չի կարող լինել բացարձակ և պետք է ներդաշնակ հավասարակշռվի հասարակության ու պետության կենսական շահերի, ինչպես նաև մարդու այլ հիմնարար իրավունքների հետ, ուստի՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ երկու սահմանադրական արժեքների՝ պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության և կարծիքի արտահայտման ազատության հավասարակշռման միջոց է սահմանադրորեն նախատեսված իրավաչափ նպատակով, այն է՝ այլոց պատվի ու բարի համբավի պաշտպանության նկատառումներից ելնելով՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման հնարավորությունը (Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մաս):
(…)
(…) գործող օրենսդրական կարգավորումների ուժով զրպարտություն համարվող տվյալների հերքումը և (կամ) պատասխանի հրապարակումը թեև կիրառելի են նաև սոցիալական ցանցերում՝ առցանց հարթակներում արված հրապարակումների դեպքում, այդ թվում՝ սոցիալական ցանցերի մեկնաբանությունների տիրույթում հնչեցրած արտահայտությունների առնչությամբ, սակայն միայն այն դեպքում, երբ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության շրջանակներում: Հակառակ դեպքում, երբ նման տեղեկատվությունը տարածվել է լրատվական գործունեություն չիրականացնող անձի համացանցային կայքի, այդ թվում՝ սոցիալական ցանցերում գործող անձնական օգտահաշվի միջոցով, գործող իրավակարգավորումների պայմաններում չի կարող խոսք լինել զրպարտություն համարվող փաստացի տվյալների հերքման և (կամ) դրանց վերաբերյալ պատասխանի հրապարակման պահանջի մասին:
Օրենսդիրն առհասարակ չի նախատեսել զրպարտություն հանդիսացող տվյալների (տեղեկատվության)՝ համացանցային կայքից հեռացման օրենսդրական հնարավորություն, այդ թվում նաև՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցով նման տեղեկատվության տարածման պարագայում»։
Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ նաև գտել է, որ «(…) զրպարտության օրենսդրական սահմանումը, ինչպես նաև դրա տարածման եղանակներն ավելի լայն են, քան դրա դեմ օրենքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցների շրջանակը: Զրպարտության օրենսդրական սահմանումից հետևում է, որ զրպարտող կարող է հանդիսանալ յուրաքանչյուր ոք, ինչը ենթադրում է, որ կոնկրետ անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալների (statement օf fact) հրապարակային ներկայացման դեմ պաշտպանության միջոցները պետք է ուղղված լինեն անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանությանը՝ անորոշ թվով անձանցից, մինչդեռ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի իմաստով անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել է, կարող է դատական կարգով պահանջել զրպարտություն համարվող փաստացի տվյալների հերքում և (կամ) դրանց վերաբերյալ իր պատասխանի հրապարակում բացառապես այն պարագայում, երբ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ:
(…)
(…) Այլ կերպ՝ այն դեպքում, երբ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների տարածողը լրատվական գործունեություն իրականացնող չէ, ապա դատական կարգով պաշտպանության՝ ոչ նյութական միջոցի կիրառման պահանջ ներկայացնելու և այդպիսի պահանջի բավարարում ստանալու օրենսդրական գործիքակազմը բացակայում է:
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ զրպարտության միջոցով անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի դեմ կատարված ոտնձգության պայմաններում լոկ նյութական հատուցման տրամադրման կառուցակարգերը բավարար չեն: (...) Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը երբեմն ենթադրում է ոչ նյութական հատուցման եղանակի կիրառում, որպիսի պարագայում է միայն հնարավոր լինում ապահովել դրա արդյունավետությունն ու լիարժեքությունը: Ամեն դեպքում «տուժող կողմը» պետք է միշտ հնարավորություն ունենա ինքը որոշելու իրավունքի պաշտպանության որ եղանակն ու միջոցն ընտրի՝ ելնելով իր արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի վերաբերյալ սեփական վերաբերմունքից ու պատկերացումից:
(…)
(…) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Facebook» սոցիալական մեդիա հարթակն առցանց ծառայություն է, որը հնարավորություն է տալիս ստեղծել օգտահաշիվ, տեղադրել տեղեկատվություն և այլն: Վերջինս հասարակության լայն շրջանակներում ընկալվում է որպես զանգվածային լրատվության միջոցներին փոխարինող այլընտրանքային տեղեկատվության աղբյուր, բայց միևնույն ժամանակ այդ հարթակում տեղեկատվություն տեղադրող և տարածող ամեն ոք չէ, որ լրատվական գործունեություն իրականացնող է, հետևաբար՝ համացանցում տեղեկատվության տարածման աղբյուր (սուբյեկտ) են հանդիսանում ոչ միայն լրատվական գործունեություն իրականացնողները, այլ նաև ցանկացած անձ, որն ազատ է թե՛ լրատվական գործունեություն իրականացնողների կողմից տեղադրված/տարածված տեղեկատվության՝ իր անձնական էջերում տնօրինման (մասնավորապես՝ իր անձնական էջում հրապարակելու/կիսվելու, խորագրելու, մեկնաբանություններ անելու), թե՛ սեփական տեղեկատվության տեղադրման, դրա տարածման հարցում: Ավելին, որոշ դեպքերում մասնավոր անձանց կողմից վարվող բազմաթիվ օգտահաշիվներ ներկայումս ապահովում են ավելի մեծ դիտելիություն և տեղեկատվության ավելի արագ տարածում, քան առանձին զանգվածային լրատվության միջոցներ»։
Վերոշարադրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը եզրահանգել է․ «(…) անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակային ներկայացված փաստացի տվյալները (անկախ դրանք հրապարակող սուբյեկտի, քանի դեռ դրանք հրապարակային հարթակում են) հերքելու և (կամ) դրանք հեռացնելու օրենսդրական հնարավորության բացակայությունը հանգեցնում է անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի շարունակական արատավորման, իմաստազուրկ է դարձնում զրպարտության դեպքում Օրենսգրքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցների գործնականում կիրառելիությունն ու դրանց արդյունավետությունը: Մինչդեռ հիմք ընդունելով այն, որ անձի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը ոչ նյութական բարիքներ են, որպես դրանց պաշտպանության առաջնահերթ ձև՝ պետք է սահմանված լինի ոչ նյութական պահանջը: (…)։
(…) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ոչ նյութական արժեքներին վնաս հասցվելու պայմաններում, որպես առաջնահերթություն, ոչ նյութական վնասի հատուցման միջոցների կիրառման իմպերատիվ պահանջի հիմքում ընկած է այն ողջամիտ տրամաբանությունը, որ ոչ նյութական արժեքին վնաս պատճառելիս բացառապես նյութական հատուցում տրամադրելը չի կարող հանդիսանալ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի դեմ ոտնձգությանը համարժեք պատասխանատվություն, քանի որ չի կարող համարժեքորեն փոխհատուցել (վերականգնել) անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը:
(…)
(…) Սահմանադրական դատարանը հայտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ զրպարտություն հանդիսացող տվյալները (անկախ հրապարակող սուբյեկտից) հրապարակային հարթակում (համացանցում) հասանելիության պայմաններում հերքելու և (կամ) դրանք հեռացնելու պահանջ ներկայացնելն անհնար է, այդպիսի օրենսդրական կարգավորումը չի ապահովում Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված պահանջների արդյունավետ կենսագործումը՝ որպես հետևանք հանգեցնելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման՝ անձի արժանապատվության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության երաշխավորման համատեքստում:
Սահմանադրական դատարանը հայտնում է նաև, որ համացանցում հրապարակային ներկայացված տեղեկատվության հերքումը և (կամ) հեռացումը ոչ թե նույնական, այլ պաշտպանության անկախ և ինքնավար միջոցներ են, և որոշ դեպքերում համացանցում հրապարակային ներկայացված զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը հեռացնելը կարող է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու առավել արդյունավետ միջոց հանդիսանալ՝ կանխելով զրպարտության շարունակական տարածումը և նման տեղեկատվության դիտումները համացանցում։ Մինչդեռ օրենսդիրն առհասարակ չի նախատեսել զրպարտություն պարունակող նյութը հեռացնելուն պարտավորեցնելու իրավական հնարավորություն:
Վերոգրյալի առնչությամբ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ պետք է գործեն անհրաժեշտ կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կապահովեն անձի նկատմամբ իրականությանը չհամապատասխանող և նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների (statement օf fact) ներկայացման պայմաններում (անկախ դրանք ներկայացրած սուբյեկտի) դրանք հրապարակայնորեն հերքելու և (կամ) դրանց վերաբերյալ իր պատասխանը հրապարակելու և (կամ) դրանք հեռացնելուն պարտավորեցնելու հնարավորությունը, քանզի նման հնարավորության բացակայությունը հակասում է Սահմանադրության 31 և 75-րդ հոդվածներին»։
5. ««Հովնանյան Ինտերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի և 432-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1756 որոշմամբ 2024 թվականի հոկտեմբերի 8-ին որոշել է.
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածը և 432-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ պայմանագրային պարտավորությունների, այդ թվում` կատարման անհնարինության հիմքով դադարումը չի կարող պայմանավորվել հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հանգամանքով:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածը և 432-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
ՍԴՈ-1756 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ «(…) տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական գործունեությունն իրավական առումով քաղաքացիաիրավական հարաբերությունների շղթա է, որը կառուցվում է տնտեսվարող սուբյեկտների միջև, ի թիվս այլնի, փոխադարձաբար պարտավորական իրավահարաբերություններ հաստատելու միջոցով, որոնց բարեխիղճ կենսագործումը պետության տնտեսական զարգացման անվերապահ առհավատչյան է:
(…)
Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ տնտեսական գործունեության ազատությունը սերտորեն փոխկապակցված է սեփականության իրավունքի հետ և ուղղակիորեն առնչվում է յուրաքանչյուրի սեփականության սահմանադրական իրավունքին:
(…)
(…) Սահմանադրական դատարանը գտնում է, որ տնտեսական գործունեության շրջանակներում պարտավորական հարաբերությունների հաստատման նպատակը, ի թիվս այլնի, հանգում է պարտավորական հարաբերությունների մասնակիցների՝ սեփականություն ձեռք բերելու օրինական ակնկալիքի ձևավորմանը, և այդ հարաբերությունների դադարումն ուղեկցվում է սեփականություն ձեռք բերելու օրինական ակնկալիքի վերացմամբ՝ առանձնակի կարևորելով ինչպես օրենսդրորեն, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում պարտավորությունների դադարման ինստիտուտի համատեքստում սեփականության իրավունքի ապահովման երաշխավորումը»։
Խնդրո առարկա որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև արձանագրել է հետևյալը․ «(…) քաղաքացիաիրավական պարտավորությունների նկատմամբ հայցային վաղեմության ժամկետ կիրառելը ոչ մի կերպ չի դադարեցնում այդ պարտավորությունները, այլ սոսկ դադարում է այդ պարտավորական իրավահարաբերությունների շրջանակներում հայցով քաղաքացիական իրավունքների պաշտպանության հնարավորությունը: Ավելին, այն չի զրկում անձին նաև օրենսդրությամբ սահմանված այլ թույլատրելի եղանակներով իր խախտված իրավունքի պաշտպանության հնարավորությունից, ինչպիսիք են Օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված իրավունքի պաշտպանության հնարավոր եղանակները:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման ժամկետի լրանալն անձի համար կարող է ուղղակիորեն առաջացնել միայն մեկ բացասական իրավական հետևանք, այն է՝ անձի խախտված իրավունքի դատական պաշտպանության իրացման հնարավորության բացակայությունը: Դատարանի կողմից պարտավորության կատարման վերաբերյալ հայցի մերժումը՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով, չի ենթադրում պարտավորության դադարում: Ավելին, հայցային վաղեմության ժամկետի կիրառումը չի զրկում հայցվորին իր նյութաիրավական պահանջից, իր խախտված իրավունքի պաշտպանությունն այլ իրավական եղանակներով իրականացնելու հնարավորությունից: Այլապես ստացվում է, որ հայցային վաղեմության ինստիտուտը ոչ միայն հայց ներկայացնելու հնարավորության ժամկետային սահմանափակում է, այլ նյութաիրավական պահանջի «գոյության» ժամկետ: Նշված մոտեցումն ուղղակիորեն հակասում է հայցային վաղեմության ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող Սահմանադրական դատարանի (…) իրավական դիրքորոշումներին (…)։
(…)
(…) անդրադառնալով պարտավորությունների կատարման անհնարինության հիմքով պարտավորությունների դադարման ինստիտուտին` Սահմանադրական դատարանը փաստում է, որ անհնարինության հանգամանքն օրենսդրի կողմից որակվում է որպես օբյեկտիվ հանգամանք, որը պայմանավորված չէ կողմերի կամքով: Այս առումով օրենսդրի կամքը հստակ է. Պարտավորությունը դադարում է կատարման անհնարինությամբ, եթե դա առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար կողմերից որևէ մեկը պատասխանատու չէ:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննարկման առարկա մեկնաբանությունը խեղաթյուրում է նաև տվյալ ինստիտուտի իրավական բովանդակությունը, քանի որ հայցային վաղեմության ժամկետը կիրառվում է` անկախ պարտավորական հարաբերությունների կողմի կամքից՝ դատարանի կողմից, սույն ինստիտուտի կիրառումն իրավահարաբերության համապատասխան կողմի անգործության արդյունք է, որն արտահայտվում է օրենքով սահմանված ժամկետում հայց չներկայացնելով: Մինչդեռ հայցային վաղեմությունը, որպես պարտավորությունների դադարման օրենքով նախատեսված փաստացի հիմք դիտարկելով՝ հիմնական պարտավորությունը դադարած ճանաչելը, հանգեցրել է հիմնական պարտավորությունը դադարած ճանաչելու պայմաններում դրանից բխող ածանցյալ պարտավորությունը կատարման անհնարինությամբ դադարած ճանաչելուն՝ խախտելով քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում պարտավորական հարաբերությունների կողմերի իրավունքների հավասարակշռված պաշտպանության ապահովման վերաբերյալ սահմանադրաիրավական և օրենսդրական հրամայականները»։
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը եզրահանգել է․ «(․․․) վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալը մեկնաբանվել է որպես պայմանագրով սահմանված հիմնական պարտավորությունների՝ օրենքով նախատեսված դադարման հիմք, որպիսի պայմաններում դրանցից բխող ածանցյալ պարտավորությունները դադարած են ճանաչվել կատարման անհնարինությամբ, խնդրահարույց է Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի՝ տնտեսական, ներառյալ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և սեփականության իրավունքների երաշխավորման համատեքստում»։
Միաժամանակ, 2023 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումների հիման վրա 2024 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 3 գործերով Սահմանադրական դատարանն ընդունել է հետևյալ որոշումները.
1. «Դավիթ Փոլադյանի դիմումի հիման վրա՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1712 որոշմամբ 2024 թվականի հունվարի 23-ին որոշել է.
«1. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ «նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար» ձևակերպումը վերաբերում է նաև քաղաքացիական դատավարության կարգով նոր երևան եկած հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայմանը։
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
ՍԴՈ-1712 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքից բացառություն կարող է լինել միայն ծանրակշիռ հիմնավորումներով, քանի որ հիշյալ հիմնարար սկզբունքի իրավական արժեքը պայմանավորված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դրա հասցեատերերի համար ստեղծված իրավական վիճակի կայունությունն ապահովելու (դրանով իսկ իրավական որոշակիությունը երաշխավորելու) սահմանադրական հրամայականով։
Իր հիմնարար իրավական արժեքով հանդերձ` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքը բացարձակ չէ, և դրանից կարող է լինել բացառություն՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով՝ արդարադատության այնպիսի թերության ուղղման նպատակով, որի բացահայտմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտն անհամատեղելի է դառնում արդար դատաքննության բուն էության հետ։
(…)
(…) Քրեական օրենսգրքով` նախատեսված արարքի կապակցությամբ իրականացվող առանձին վարույթը նշելու համար Օրենսգրքում օգտագործվում է «քրեական գործ» եզրույթը։ Սահմանադրական դատարանը նկատում է, որ Օրենսգրքի ամբողջ տեքստում «քրեական գործ» եզրույթի բազմակի կիրառումն ակնհայտ է դարձնում օրենսդրի՝ դատավարական վարույթի տեսակի որոշակիացման նպատակը։ Այդուհանդերձ, Օրենսգրքում բազմիցս օգտագործվում է նաև «գործ» իրավական եզրույթը՝ առանց որոշակիացնելու այն «քրեական» ածականով։ Վերջինս, ինքնին, չի կարող իրավական նորմերի` առանց դրանց՝ իրավաբանական մեկնաբանության գործիքակազմի ճշգրիտ կիրառման ինքնուրույնաբար մեկնաբանվել քրեական գործից բացի այլ վարույթներին վերաբերելու իմաստով, և հակառակը՝ Օրենսգրքում «գործ» իրավական եզրույթը ինքնին չի կարող մեկնաբանվել որպես բացառապես վերաբերելի քրեական գործերին՝ առանց հաշվի առնելու համապատասխան նորմի ողջ համատեքստը և բովանդակությունը։
Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարության շրջանակում կոնկրետ իրավական վարույթը նկատի ունենալու նպատակով Օրենսգրքում օգտագործվում է «քրեական գործ» եզրույթը, իսկ «գործ» եզրույթը քրեական գործին ակնհայտորեն վերաբերելի է այն դեպքում, երբ դա անմիջապես բխում է կոնկրետ նորմի բովանդակությունից։ Իր հերթին, Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված` «ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար» ձևակերպումը որևէ կերպ չի վկայում, որ մեղադրյալի մահվան դեպքում քննվող քրեական գործը չի կարճվում, եթե դա անհրաժեշտ է նոր ի հայտ եկած հանգամանքի կապակցությամբ բացառապես մեկ այլ քրեական գործի վերսկսման համար։ Վիճարկվող դրույթին տրված հակառակ մեկնաբանությունն ունենալու է սահմանափակող բնույթ, իսկ այդ դրույթը, իրավասու մարմնի համար մահացած անձի նկատմամբ քրեական վարույթն իրականացնելու իրավասություն սահմանելուն զուգահեռ` այլոց համար իրենց իրավունքների դատական պաշտպանության նպատակով վարույթը շարունակելու իրավական հնարավորություն նախատեսող նորմ հանդիսանալով, ենթակա չէ նման իրավական հնարավորությունը սահմանափակող տարածական մեկնաբանության։ Այս եզրահանգումն ամրապնդվում է նաև այն դիտարկմամբ, որ Սահմանադրական դատարանը չի տեսնում որևէ բացատրություն, որ վիճարկվող դրույթը, դիցուք, միայն քրեական դատավարությանը վերաբերելու մասով սահմանափակելու նպատակ հետապնդելու պարագայում օրենսդիրը չհստակեցներ իր մտադրությունը՝ «գործ» եզրույթի փոխարեն Օրենսգրքում բազմակի կիրառված «քրեական գործ» եզրույթը կիրառելու համար։ Վիճարկվող դրույթի վերլուծությամբ Սահմանադրական դատարանը չի նշմարում որևէ այլ հանգամանք, ինչը ցույց կտար, որ «ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար» ձևակերպման մեջ առկա «գործը» եզրույթը վերաբերելի է բացառապես քրեական գործի՝ չներառելով, դիցուք, քաղաքացիական դատավարության կարգով քննված գործ»:
Խնդրո առարկա որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև գտել է, որ «(...) վիճարկվող դրույթի և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ նոր երևան եկած հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայմանը վերաբերող դրույթների իրավական բովանդակությունը համընկնում է` անկախ դրանցում օգտագործվող եզրույթների տարբերություններից։
(...)
(...) Սահմանադրական դատարանը գտնում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ նոր երևան եկած հանգամանքներով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայմանը վերաբերող դրույթները Օրենսգրքի վիճարկվող նորմի հետ գտնվում են համակարգային կապի մեջ, և այդ կապի հաշվառմամբ վիճարկվող նորմին տրված մեկնաբանությամբ է հնարավոր ապահովել քաղաքացիական դատավարության կարգով նոր երևան եկած հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման իրավունքի իրացումը։
(...) Դատարանները, դիմողի գործով մեկնաբանելով վիճարկվող դրույթի՝ «ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար» ձևակերպման մեջ նշված «գործը» եզրույթը, եզրահանգել են, որ այն վերաբերում է բացառապես մեկ այլ քրեական գործի։ Նշվածով պայմանավորված՝ ամբաստանյալի մահացած լինելու փաստի հիմքով քրեական գործը, որով Դիմողն ունեցել է տուժողի կարգավիճակ, կարճվել է առանց գործով դատավճռի հանգելու հեռանկարի (...): Սահմանադրական դատարանը փաստում է, որ նշվածի արդյունքում Դիմողը զրկվել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն հանգեցրած ենթադրյալ հանցավոր արարքի առկայության վերաբերյալ վերջնական դատական հաստատման (որպես նոր երևան եկած հանգամանք) դատավարական հեռանկարից միայն այն փաստի բերումով, որ իր իրավունքի ենթադրյալ խախտումը նոր երևան եկած հանգամանքի հիման վրա վիճարկելու հնարավորությունը (քրեական դատավարությունը համապատասխան մեղադրական դատավճռով ավարտվելու դեպքում) նախատեսված է եղել քաղաքացիական դատավարության, այլ ոչ՝ քրեական դատավարության շրջանակում` արդյունքում Դիմողի համար ստեղծելով իր իրավունքի ենթադրյալ խախտման դեմ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրացման «դատավարական փակուղի»»։
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը եզրահանգել է. «(...) քաղաքացիական դատավարական մեջբերված իրավակարգավորումների և վիճարկվող դրույթի համակարգային կապի հիման վրա կատարված վերլուծությունը վկայում է, որ վիճարկվող դրույթը չի սահմանափակվում միայն քրեական դատավարության շրջանակում նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործի վերսկսման իրավական հնարավորությամբ, այլ անհրաժեշտ կառուցակարգ է այլ ճյուղային, սույն գործին վերաբերելի մասով՝ քաղաքացիական դատավարության շրջանակում անձի՝ ենթադրյալ խախտված իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման համար։ Այս մոտեցումը համահունչ է նաև քրեական դատավարության օրենսդրությամբ ամրագրված՝ անձին հանցագործությունից պաշտպանելու նպատակին (Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ), երբ դատարանի կողմից դատավճռով հաստատված լինելու դեպքում հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնման հնարավորությունը չի ենթադրում բացառապես քրեական դատավարական ընթացակարգերի գործարկում, այլ կարող է իրացվել նաև այլ ճյուղային դատավարական ընթացակարգերի շրջանակում»:
2. «Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1724 որոշմամբ 2024 թվականի ապրիլի 9-ին որոշել է.
«1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Սահմանադրության 61 և 81-րդ հոդվածների բովանդակությունից ելնելով` դատավարության մասնակցի իրավահաջորդի կողմից նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմումը ենթակա է քննության վեճի լուծման արդյունքով ծագող նյութական իրավունքների մասով նրա իրավահաջորդությունը ամբողջ ծավալով բացառող հանգամանքների բացակայության դեպքում:
2. Դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով՝ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՎԴ/4264/05/11 որոշմամբ կիրառված Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Դիմողների նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի ուժով հիմք է Դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայման համար:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
ՍԴՈ-1724 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ «(...) Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքի կենսագործումը չի հանգում միայն միջազգային մարմիններ, օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավական հնարավորության իրացմանը. այն, ի թիվս այլնի, ներառում է նաև միջազգային մարմնի կողմից կայացված ակտի կատարման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի երաշխավորումը:
(...)
Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման իրավական հնարավորության նախատեսումը կոչված է երաշխավորելու անձանց իրավունքների և ազատությունների ամբողջական և իրական պաշտպանությունը, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ անձը, օգտվելով դատական պաշտպանության իրավունքից, չի ստանում իրավունքի կամ ազատության պաշտպանության իր «չափաբաժինը»: Ուստի՝ անձի համար ներպետական դատական պաշտպանության միջոցների սպառումից հետո միջազգային մարմիններ դիմելու իրավական հնարավորության երաշխավորումը մեծ կարևորություն է ներկայացնում, եթե, իհարկե, այդ իրավունքի իրացման հարցում ևս ապահովվեն ամբողջական և իրական պաշտպանության համարժեք կառուցակարգեր: Այդպիսի կառուցակարգերից է Եվրոպական դատարանի համապատասխան վճռի դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման իրավական հնարավորությունը:
(...)
(...) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքները կդառնան առարկայազուրկ, եթե անձը չունենա միջազգային մարմնի կայացրած ակտի հիման վրա դատական ակտի վերանայման իրական հնարավորություն: (...)»:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) վիճարկվող դրույթով ամրագրված իրավակարգավորմամբ առկա «եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն» ձևակերպումը ենթադրում է ոչ թե դիմումի ընդունելիության փուլում Դիմողների կոնկրետ իրավունքների և ազատությունների իրացման հստակ ու միանգամայն կանխատեսելի հեռանկարների դիտարկում (որոնք պետք է պարզվեն գործի քննության շրջանակներում), այլ իրավահաջորդությունը բացառող ակնհայտ հանգամանքների բացակայության դեպքում անձի՝ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունների ապահովում:
Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ դատարանում քննվող վեճի լուծման արդյունքում իրավունքների խախտումն իրավահաջորդի մասով հնարավոր չէ վերականգնել ամբողջ ծավալով, սակայն առերևույթ առկա է դրանք մասնակի վերականգնելու հնարավորություն, այլ կերպ` նույնիսկ մասնակի նյութական շահագրգռվածության առկայության դեպքում վիճելի իրավահարաբերությունում իրավահաջորդությունը պետք է թույլատրելի լինի: Ուստի` դատական վեճի լուծման արդյունքում դատավարության մասնակցի իրավահաջորդի համար որևէ հնարավոր դրական հետևանքի (խախտված իրավունքի թեկուզ մասնակի վերականգման հնարավորության) բացակայությունը միայն կարող է հանդիսանալ վիճելի իրավահարաբերությունում վերջիններիս իրավահաջորդությունը բացառող հանգամանք:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ իրավահաջորդության ինստիտուտի էությունը հանգում է անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության գործընթացի շարունակականության և ամբողջականության ապահովմանը, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ անձն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ի զորու չէ շարունակելու իր իրավունքների պաշտպանության գործընթացը, իրավահաջորդության գործարկումը հնարավորություն է ընձեռում կանխել իրավունքների պաշտպանության հարցում գործադրված քայլերի և ձեռնարկված միջոցների իմաստազրկումը: Վերջինս վերաբերում է նաև այն անձանց, որոնց կարգավիճակը դատավարության մասնակցի ընդհանուր (քաղաքացիաիրավական) իրավահաջորդության իմաստով կասկած չի հարուցում, և որոնց նյութական իրավունքներն այս կամ այն ծավալով շոշափվելու են ակնկալվող դատական ակտով:
(...)
(...) յուրաքանչյուր իրավունքի կամ ազատության դատական կարգով պաշտպանությունն իրացվում է հենց դատական պաշտպանության իրավունքի միջոցով, հետևաբար՝ այս իրավունքի՝ իրավահաջորդության կարգով փոխանցման բացառումն ուղղակիորեն հանգեցնում է յուրաքանչյուր իրավունքի կամ ազատության պաշտպանության հնարավորությունների բացառման, ինչը ոչ միայն չի բխում սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների բովանդակությունից և դրանց իրացումը երաշխավորող սկզբունքներից և գաղափարներից, այլև հակասում է դրանց:
(...)
(...) Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Վճռաբեկ դատարանի՝ խնդրո առարկա մեկնաբանության պայմաններում դատական պաշտպանության իրավունքի իրավահաջորդության կարգով փոխանցելիության բացառումը կարող է խաթարել դատական պաշտպանության իրավունքի էությունն ու դրա հիմքում սահմանադրի դրած իմաստն ու նշանակությունը՝ հաշվի առնելով, որ խնդրո առարկա հիմնական իրավունքը միտված է Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների և ազատությունների՝ դատական կարգով արդյունավետ պաշտպանությանը. հակառակ մեկնաբանության պայմաններում՝ սույն հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորումը կկրի հռչակագրային բնույթ:
(...)
(...) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավունքների պաշտպանությունը Եվրոպական դատարան դիմելու միջոցով իրացնելու արդյունքում անձն ակնկալում է, առաջին հերթին, նախկին վիճակի վերականգնում, սակայն դա չի բացառում իրավունքի պաշտպանության այլ միջոցների գործադրման հնարավորությունն այն դեպքերում, երբ խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր չէ:
Սահմանադրական դատարանը հայտնում է, որ ներպետական որևէ ընթացակարգ չպետք է խոչընդոտի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված ակտերի կատարմանը և դրանով իսկ անձի խախտված իրավունքի վերականգմանը (եթե ոչ ամբողջ ծավալով, ապա՝ մասնակի), ինչը տվյալ պարագայում հնարավոր է իրավահաջորդության ինստիտուտի պատշաճ կիրառման պայմաններում՝ սույն որոշման շրջանակներում վիճարկվող իրավանորմին տրված մեկնաբանությանը համահունչ»:
3. ««Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1726 որոշմամբ 2024 թվականի ապրիլի 23-ին որոշել է.
«1. «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դրանով սահմանված կարգավորումը չի տարածվում առաջին ատյանի դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի իրացման վրա։
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
ՍԴՈ-1726 որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է. «(...) պետական տուրքի վճարման պարտականության նախատեսումը չի կարող ուղղված լինել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից անձին զրկելուն կամ այդ իրավունքի իրացումը սահմանափակելուն։ Ավելին՝ դատարան դիմելու, այդ թվում՝ ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու համար օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարելու պարտականությունն այլ հավասար պայմանների դեպքում դատարանի մատչելիության իրավունքի լեգիտիմ սահմանափակում է: Ընդ որում, Սահմանադրական դատարանը հատկապես կարևորում է այն, որ նման սահմանափակումներ նախատեսված լինելու դեպքում իրավակիրառողները ոչ մի դեպքում չպետք է այդ սահմանափակումներ նախատեսող նորմերին տան տարածական մեկնաբանություն։
(...)
(...) պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող, օրենսդրի կողմից նախատեսվող կարգավորումները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակցի՝ դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման համար։ Ավելին՝ պետական տուրքի դրույքաչափի սահմանումը պետք է ապահովի ողջամիտ հարաբերակցություն պետական տուրքի հետապնդած լեգիտիմ նպատակի և սահմանված չափի միջև։ Հետևաբար՝ օրենսդրի կողմից պետական տուրքի դրույքաչափերի վերաբերյալ նախատեսվող կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դատավարության մասնակիցների կողմից իրենց բողոքարկման իրավունքը գործնականում իրականացնելու ողջամիտ պայմաններ:
(...)
(...) «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ օրենսդրի կողմից պետական տուրքի վճարման տեսքով որևէ կարգավորում չի նախատեսվել այն դեպքերի համար, երբ վճռաբեկության կարգով բողոքարկման առարկա է դառնում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը (համապատասխանաբար նշված հարցի առնչությամբ վերաքննիչ բողոքը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ)»։
Խնդրո առարկա որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «Իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության պայմաններում ստացվում է մի իրավիճակ, որ դրամական նյութաիրավական պահանջ ներկայացված լինելու դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների վերաքննության կարգով բողոքարկման համար պետական տուրքի դրույքաչափը կազմելու է բազային տուրքի 10-ապատիկի չափով, իսկ նշված որոշման բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշման համար պետական տուրքի դրույքաչափը հաշվարկվելու է հայցագնի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ։ Նման պայմաններում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոք ներկայացնող գործին մասնակցող անձը կրելու է ավելի նվազ պետական տուրքի տեսքով դատական ծախս, մինչդեռ դրա բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման դեպքում գործին մասնակցող մյուս անձը զգալի չափի դրամական պահանջ ներկայացված լինելու դեպքում կրելու է անհամեմատ ավելի բարձր պետական տուրքի վճարման պարտականություն։ Այսինքն՝ դատավարության տարբեր մասնակիցներ նույնանման հանգամանքներում իրենց բողոքարկման իրավունքն իրացնելիս հայտնվում են ոչ հավասար պայմաններում։ (...)»։
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը սույն որոշմամբ եկել է եզրահանգման առ այն, որ «(...) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկելու համար պետական տուրքի դրույքաչափի վերաբերյալ որևէ կարգավորում նախատեսված չլինելու արդյունքում իրավակիրառ պրակտիկայում առաջացել է մի իրավիճակ, որպիսի դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկումը, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու և ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների վճռաբեկության կարգով բողոքարկումը ենթադրում են դատավարության մասնակցի համար ֆինանսական նվազ բեռ, իսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված համասեռ դատական ակտը վճռաբեկության կարգով բողոքարկելու համար դատավարության մասնակիցը պետք է կրի ֆինանսական էլ ավելի ծանր բեռ։
Ելնելով վերոնշյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետին տրված մեկնաբանությունն առ այն, որ նշված կարգավորմամբ սահմանված պետական տուրքի դրույքաչափը վերաբերում է նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքին (հայցվորի կողմից իր նյութաիրավական պահանջը դրամական պահանջի տեսքով ներկայացված լինելու դեպքում), հանգեցրել է անձի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության հիմնարար իրավունքների խախտման»:
Դատարանների դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
Դատարանների կողմից 2024 թվականին Սահմանադրական դատարան է ներկայացվել 15 դիմում, որից 9-ի քննությունը մերժվել է, 2-ով ընդունելիության հարցի քննությունը փոխանցվել է հաջորդ տարի, 1-ով գործի վարույթը մասամբ կարճվել է, այն է՝ «ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, կարճվել է Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի ՍԴԱՈ-110 աշխատակարգային որոշմամբ, 2-ով կայացվել է ըստ էության որոշում (ևս 1 ըստ էության որոշում կայացվել է 2023 թվական Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով), իսկ 2-ի քննությունը փոխանցվել է 2025 թվական:
Դատարանների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2024 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 3 գործով Սահմանադրական դատարանը կայացրել է ներքոգրյալ որոշումները.
1. «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2023 թվականի սեպտեմբերի 4-ին) Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1716 որոշմամբ 2024 թվականի փետրվարի 27-ին որոշել է.
«1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում պետական վարչական պաշտոնում նշանակման և այդ պաշտոնից ազատման իրավահարաբերությունների նկատմամբ»:
ՍԴՈ-1716 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «(…) հանրային պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ որոշումը, որն ուղղակիորեն նշանակում է ոչ միայն այդ պաշտոնում նշանակումը, այլ նաև տվյալ պաշտոնում պաշտոնավարման դադարեցումը, ամբողջովին վերապահված է տվյալ պաշտոնում նշանակելու կամ պաշտոնից ազատելու իրավասությամբ օժտված պետական կամ համայնքային մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությանը, որի շրջանակը սահմանվում է Օրենքով կամ համապատասխան ոլորտային օրենսդրությանը վերաբերող այլ օրենսդրական ակտերով։
(…)
(…) վարչական պաշտոնը նշանակովի պաշտոն է, որում անձի պաշտոնավարումն ուղղակիորեն պայմանավորված է ինչպես իր նշանակման կամ պաշտոնավարման դադարեցման հարցում նման լիազորություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությամբ, այնպես էլ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով կամ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխությամբ։ Ընդ որում` վարչական պաշտոնում անձի փոփոխության՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքի կամ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության հիմքերը չեն բացառում կամ սահմանափակում նույն պաշտոնում նշանակելու կամ պաշտոնից ազատելու հարցով լիազորված համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությունը։ Ավելին, Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքի հիմքով և Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության հիմքով պաշտոնավարման դադարեցման նկարագրված հնարավորությունները ոչ թե սահմանափակում, այլ ամրապնդում են խնդրո առարկա պաշտոնը զբաղեցնելու հարցում լիազոր մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությունը։
Հետևաբար` վարչական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող օգտվել իր պաշտոնավարման կայունության այնպիսի երաշխիքից, որի գործադրումը կհակասի իր պաշտոնին նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությանը»։
Հիշատակված որոշմամբ Սահմանադրական դատարանը շեշտադրել է, որ այս հարաբերությունները պետական վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին ծառայողական նպատակների իրականացման համար իր վերադաս մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից ցուցաբերված հատուկ վստահության և նույն նպատակի շրջանակում նրանից պահանջվող հատուկ հավատարմության փոխադարձ հարաբերություններ են։ «Հատուկ վստահությամբ և հավատարմությամբ փոխկապակցված» փոխադարձ հարաբերությունների այս բնույթն անառարկելիորեն թելադրում է պետական վարչական պաշտոնում նշանակման և դրանում պաշտոնավարման շարունակականության հարցում իրավասու (ներառյալ պաշտոնում նշանակելու կամ պաշտոնից ազատելու առաջարկությամբ հանդես գալու լիազորություն ունեցող) մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից նրա գործունեության ընթացիկ գնահատականին համահունչ հայեցողության շրջանակ, որի սահմանումը վերապահված է օրենսդրին։ Ելնելով վերը ներկայացված իրավական դիրքորոշումներից և վերլուծություններից՝ Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ վարչական պաշտոնում նշանակման և վարչական պաշտոնից ազատելու հարցում իրավասու պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողության չսահմանափակված շրջանակը` պայմանով, որ դրա գործադրմամբ պահպանվում է Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված խտրականության արգելքը, չի հակասում Սահմանադրության 49-րդ հոդվածին։
2. «ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը 2024 թվականի հուլիսի 22-ի ՍԴՈ-1741 որոշմամբ որոշել է.
«1. 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից»:
Խնդրո առարկա որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(…) տուժողը՝ որպես քրեական վարույթի լիիրավ սուբյեկտ, հանդես գալով մեղադրանքի կողմում, ունի հետապնդվող շահերի ուրույն շրջանակ, որոնք ուղղված են հանցագործությամբ տուժողի խախտված սուբյեկտիվ իրավունքների վերականգնմանը և պատճառված վնասի հատուցմանը կամ հատուցման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորմանը։ Այլ կերպ՝ եթե դատական վարույթում մեղադրողը հետապնդում է իրավակարգի պաշտպանության, հանցագործությունների բացահայտման և մեղավորներին դատական կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու հանրային-իրավական նպատակներ, տուժողը նշյալ նպատակների հետ մեկտեղ կամ այդ նպատակների միջոցով հետապնդում է իր խախտված իրավունքների կամ ազատությունների պաշտպանության և իրեն պատճառված վնասի հատուցման իրավաչափ շահեր։ Հետևաբար` պետությունը, այդ թվում` Սահմանադրության՝ կյանքի հիմնական իրավունքը (24-րդ հոդված) երաշխավորող 3-րդ հոդվածի, վերջինիս՝ որպես անմիջականորեն գործող իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգեր նախատեսելու պահանջ սահմանող 75-րդ հոդվածի, ինչպես նաև Սահմանադրության 3-րդ հոդվածը որպես անփոփոխ ամրագրող 203-րդ հոդվածի ուժով պարտավոր է իրավակառուցակարգային արդյունավետ միջոցներ ձեռնարկել տուժողի դատավարական կարգավիճակի արդյունավետության երաշխավորման և վերջինից բխող դատավարական իրավունքների ամրագրման և գործնական իրացման ուղղությամբ։ Ընդսմին, տուժողի դատավարական կարգավիճակի լիարժեք իրացումը մեծապես կախված է մեղադրողին վերապահված դատավարական իրավունքների արդյունավետ իրացման կառուցակարգերի առկայությունից և դրանց կենսագործման պայմանների երաշխավորվածությունից»։
Հիշատակված որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ քրեական արդարադատությամբ տուժողի արժանապատվության հարգումը, նրա իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը քրեական արդարադատության կարևորագույն խնդիրներն են, որոնց անտեսումը կարող է հանգեցնել տուժողի իրավունքների և ազատությունների՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների հետ անհամատեղելի նսեմացման: Այդ առումով անհրաժեշտ է երաշխավորել քրեական դատավարության շրջանակներում տուժողի իրավունքների լիարժեք իրացումն ու դրանց պաշտպանությանը միտված համապատասխան իրավական կառուցակարգերի առկայությունը։ Հետևաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության վերոնշյալ վերլուծության լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ տուժողի օրինական շահերի պաշտպանությունը պայմանավորված է նաև քրեական դատավարության հանրային մասնակցի՝ դատախազի կողմից գործուն կառուցակարգերի միջոցով ենթադրյալ հանցավոր արարք կատարած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, մեղադրանքի պաշտպանության գործառույթներն իրականացնելու արդյունավետ հնարավորության ապահովմամբ։
ՍԴՈ-1741 որոշմամբ Սահմանադրական դատարանը շեշտադրել է. «(…) Օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի օրենսդրական կարգավորումներով՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, բացառվում է մեղադրանքի իրավական կողմի ինքնուրույն փոփոխությունը՝ մեղադրանքի փաստական կողմի փոփոխությունից անկախ։
Սահմանադրական դատարանը, սակայն, անհրաժեշտ է համարում արձանագրել, որ մեղադրանքի իրավական կողմի՝ արարքի իրավական գնահատականի փոփոխությունը միշտ չէ, որ կարող է կապված լինել մեղադրանքի փաստական կողմի փոփոխության հետ։ Հնարավոր է իրավիճակ, երբ առանց մեղադրանքի փաստական կողմի փոփոխության առաջանա մեղադրանքի իրավական կողմի՝ արարքին տրված իրավական գնահատականի փոփոխության անհրաժեշտություն։
Նման իրավիճակ հնարավոր է առաջանա նաև այն դեպքում, երբ ամբաստանյալին մեղսագրվող արարքը որակող քրեաիրավական նորմը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվի Սահմանադրությանը հակասող և անվավեր։
Այդպիսի իրավիճակը կապված չէ մեղադրանքի փաստական կողմի փոփոխության հետ, ըստ այդմ՝ այն չի կարող բացահայտվել ապացույցների հետազոտման, քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման արդյունքում։
Միաժամանակ, իրավակիրառ պրակտիկայում տրված նշված մեկնաբանությունը՝ մեղադրանքի փաստական կողմից անկախ՝ իրավական գնահատականի փոփոխության բացառման առումով, կաթվածահար է անում դատախազության՝ մեղադրանքի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրացումը՝ ի թիվս այլնի, հանգեցնելով նաև դրանով պաշպանվող տուժող(ներ)ի մասնավոր շահերի ոտնահարմանը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ այն մեկնաբանությունը, որ օրենսդրի մոտեցման համաձայն՝ մեղադրանքի իրավական կողմի ինքնուրույն փոփոխությունը՝ մեղադրանքի փաստական կողմի փոփոխությունից անկախ անհնար է, չի կարող հանդիսանալ առանց քննչական գործողությունների կատարման մեղադրանքի փոփոխության հիմք, ինքնին, սահմանադրականության առումով խնդրահարույց է»։
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ մեղադրողի կողմից առանց մեղադրանքի փաստական կողմի փոփոխության մեղադրանքի իրավական կողմի՝ արարքի իրավական գնահատականի փոփոխությունը բացառվում է այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի կողմից ամբաստանյալին մեղսագրվող արարքը որակող հատուկ հանցակազմ նախատեսող քրեաիրավական նորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվում, հանգեցնում է տուժողի իրավունքների պաշտպանության երաշխավորվածության խաթարման, իրավունքի գերակայության սկզբունքի խախտման ու իրավական անվտանգության լուրջ սպառնալիքների։
Սահմանադրական դատարանը գտել է, որ իրավակիրառ մարմինները պետք է առկա կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը մեկնաբանեն այնպես, որ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ հանցակազմ նախատեսող իրավանորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում ապահովեն դատարանում մեղադրողի կողմից մեղադրանքի փաստական կողմից անկախ՝ բացառապես մեղադրանքի իրավական կողմի փոփոխության հնարավորությունը, ըստ այդմ՝ մեղադրողի՝ մեղադրանքի պաշտպանության գործառույթի իրացումը, որպիսի ճանապարհով հնարավոր կդառնա ապահովել տուժողի շահերի պաշտպանությունը քրեական վարույթում և վերջինիս արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացումը՝ կանխելով իրավական անվտանգության հնարավոր սպառնալիքները։ Հակառակ պարագայում, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ հանցակազմը սահմանող նորմի գործողության դադարեցման պայմաններում արարքի իրավական որակման փոփոխության բացառումը մեղադրողի կողմից, այն է՝ արարքն ընդհանուր հանցակազմը սահմանող նորմով վերաորակելու անհնարինությունը, հանգեցնում է քրեական դատավարությունում տուժողի կարգավիճակ ունեցող անձանց՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված իրավունքների խախտման։
Ամփոփելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնել է, որ «(...) 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից»:
3. «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով սահմանադրական դատարանը ՍԴՈ-1757 որոշմամբ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին որոշել է.
«1. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» ձևակերպումը ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, հակասող և անվավեր»:
ՍԴՈ-1757 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնավարման իրավունքի արդյունավետ իրացման համար օրենսդիրը որպես անհրաժեշտ կառուցակարգ ոչ միայն պետք է սահմանի նաև անհիմն/անօրինական ազատման դեպքում փոխհատուցման իրավունքը, այլև նշված ոչ իրավաչափ հիմքով պաշտոնից ազատման պահից մինչև վերականգնվելը փոխհատուցման ծավալը կանխորոշող ժամանակահատվածի առումով այնպիսի կառուցակարգ, որի գործողության պայմաններում, փոխհատուցման առավելագույն ժամկետով պայմանավորված, փոխհատուցման ծավալն էականորեն չի սահմանափակվի:
Հակառակ դեպքում՝ ի հայտ է գալիս հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին փաստացի պատասխանատվության ենթարկելու հակասահմանադրական կարգ, քանզի նա, առանց իր մեղքի, ավելին՝ պետության կամ համայնքի «մեղքով», մի կողմից՝ փաստացի ենթարկվում է պատասխանատվության՝ ազատվելով պաշտոնից (արձակվելով ծառայությունից), մյուս կողմից՝ զրկվում է այն ֆինանսական միջոցներից, որոնք նրան կտրամադրվեին, եթե պետությունը կամ համայնքը գործեր իրավաչափ այն դեպքում, երբ Օրենքով սահմանված է դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) առավելագույն՝ եռամսյա ժամկետ, որը, ներառված լինելով ազատման պահից մինչև վերականգնվելն ընկած ժամանակահատվածում, այդուհանդերձ, վերջինից կարճ է:
Խնդրո առարկա որոշմամբ Սահմանադրական դատարանը շեշտել է. «(…) օրենսդրի հայեցողությունը չի կարող վերաբերել պաշտոնից ոչ իրավաչափորեն ազատված անձանց փոխհատուցման իրավունքի սահմանափակմանը՝ դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) ժամանակահատվածի որոշակիացված լինելու՝ ազատման պահից մինչև վերականգնվելը, պայմաններում դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) առավելագույն ժամկետ՝ բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար, սահմանելու և, որպես վերջինիս հետևանք, փոխհատուցման ծավալը սահմանափակելու առումով:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ աշխատավարձը կազմում է Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված՝ հանրային ծառայության անցնելու իրավունքի, այդ թվում՝ հանրային ծառայության պաշտոնում պաշտոնավարման իրավունքի անբաժանելի և կարևոր տարրը, իսկ կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատելու արգելքն առնչվում է նաև հանրային ծառայության հետ փոխկապակցված վարձատրությանը։
Հիշատակված հիմնական իրավունքի իրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումները Սահմանադրության 75-րդ հոդվածի առումով կարող են արդյունավետ լինել, եթե երաշխավորեն ոչ միայն համապատասխան պաշտոնում վերականգնվելը, այլև ոչ իրավաչափ հիմքով պաշտոնից ազատման հետևանքով չստացված եկամուտները. Պետության կամ համայնքի «մեղքով» ազատման պահից մինչև վերականգնվելը ժամանակահատվածի շրջանակում դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) առավելագույն ժամկետի սահմանումը, թեև օրենսդիր մարմնի հայեցողության տիրույթում է, այդուհանդերձ, չպետք է հանգեցնի փոխհատուցման ծավալների էական սահմանափակման:
Հանրային ծառայողին պաշտոնից ապօրինի ազատելու հետևանքները պետության կամ համայնքի համար պետք է լինեն այնքան առարկայական, որ կաշկանդեն, ընդհուպ՝ բացառեն հանրային ծառայողի կամայական ազատումը։ Հանրային ծառայությունից անհիմն/ապօրինի ազատված անձանց վերականգնման դեպքում տրամադրվելիք դրամական փոխհատուցման (հատուցում վճարելու) կառուցակարգն իրավական պետության հիմնարար սահմանադրական սկզբունքին համապատասխան երաշխավորում է հանրային ծառայության հարաբերություններում օրինականությունը, կայունությունը և վստահությունը, ինչպես նաև կոչված է էականորեն կրճատելու հանրային ծառայությունից ապօրինի ազատման դեպքերը»։
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանրային ծառայությունից ազատման հետ կապված վեճերով դատարանում գործի քննության առավելագույն (կոնկրետ) ժամկետ սահմանված չէ, իսկ գործնականում դրանց քննությունը, որպես կանոն, տևական գործընթաց է, Սահմանադրական դատարանը գտել է, որ Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ ամրագրված դրույթները դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) ժամանակահատվածի որոշակիացված լինելու՝ ազատման պահից մինչև վերականգնվելը, պայմաններում դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) առավելագույն ժամկետ՝ բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար, սահմանելու և, որպես վերջինիս հետևանք, փոխհատուցման ծավալները սահմանափակելու առումով, չեն բովանդակում հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ հանրային ծառայության ստանձնած պաշտոնում պաշտոնավարման իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովող կանխարգելիչ և պաշտպանական անհրաժեշտ օրենսդրական կառուցակարգեր:
II. ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Դատարանների կողմից ներկայացված դիմումների մասով
Դատարանների կողմից ներկայացված դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանում քննության առնված 1 գործի վարույթ 2024 թվականի ընթացքում մասամբ կարճվել է, որի շրջանակներում, մասնավորապես, Սահմանադրական դատարանն արտահայտել է ներքոգրյալ իրավական դիրքորոշումը.
«ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, կարճելու մասին 2024 թվականի հուլիսի 22-ին ընդունված ՍԴԱՈ-110 որոշմամբ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ Դիմողի՝ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ նշված մասով սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը, և սույն գործի վարույթը նշված մասով ենթակա է մասամբ կարճման՝ հաշվի առնելով Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը:
Սույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը վերահաստատել է, որ «(…) դատարանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացման իմաստավորումը հանգում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պայմաններում հիմնարար նշանակություն է ձեռք բերում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված սուբյեկտի կողմից ներկայացված դիմումի շրջանակներում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բազմաբովանդակ պատճառաբանության ներկայացումը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը»:
Անհատական դիմումների հիման վրա գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշ դիրքորոշումներ
1. «Ռոման Կանդիլյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 285-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2024 թվականի մարտի 12-ի ՍԴԱՈ-41 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է հետևյալը.
«(...) թեպետ քրեական հետապնդումը բացառող ցանկացած հանգամանքի առկայության պայմաններում, որպես ընդհանուր կանոն, քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), այնուամենայնիվ, քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցած հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշումների բացակայության պայմաններում, քրեական հետապնդումը բացառող հանգամանքների առկայությունն ինքնին արդեն իսկ բավարար է մեղադրյալի նկատմամբ կալանք/տնային կալանք խափանման միջոցի կիրառումն անթույլատրելի գնահատելու համար:
(...)
(...) Դիմողի բարձրացրած հարցը՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) ենթադրյալ հակասահմանադրականության մասով, առավելապես հանգում է մինչդատական վարույթում հանրային քրեական հետապնդման համապատասխան ժամկետի հաշվարկման կարգը սահմանող դրույթի՝ դատարանների կողմից կիրառման իրավաչափությանը: (...) չհամաձայնելով դատարանի տված մեկնաբանություններին՝ Դիմողը տալիս է ժամկետների հոսքի հաշվարկի, իր կարծիքով, քրեադատավարական ներքին համակարգին համահունչ մեկնաբանություն (...)»:
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ «(...) Դիմողը, ըստ էության, անհամաձայնություն է հայտնում իր նկատմամբ կիրառված դատական ակտերին և վիճարկվող սույն դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը փորձում է հիմնավորել իր համար բարենպաստ հետևանքներ առաջ բերող և, իր գնահատմամբ, քրեադատավարական ներքին համակարգին համահունչ մեկնաբանություն ներկայացնելով, որը հակադրվում է դատարանների կողմից խնդրո առարկա նորմին տրված մեկնաբանությանը: Այդպիսով իսկ Դիմողը քողարկված վիճարկում է տվյալ դատական ակտերը:
(...)
(...) անհատական գանգատարկման շրջանակներում անթույլատրելի է սահմանադրական արդարադատությունը ծառայեցնել եռաստիճան դատական համակարգի կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգմամբ Դիմողի համար անբարենպաստ հետևանքները չեզոքացնելուն. նման պրակտիկան խեղաթյուրում է սույն ինստիտուտի հիմքում Սահմանադրի դրած իմաստն ու բովանդակությունը՝ ձևախեղելով սահմանադրական արդարադատության բուն առաքելությունը»:
2. «Սուրեն Անտոնյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի և 144-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2024 թվականի մայիսի 13-ի ՍԴԱՈ-76 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է հետևյալը.
«(...) Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի ընդունելիության վերաբերյալ վերջնական որոշումը, ի թիվս դիմումի ընդունելիության համար անհրաժեշտ Սահմանադրությամբ և Սահմանադրական օրենքով թվարկված այլ պայմանների, պետք է հիմնված լինի այն հարցադրումների դրական պատասխանի վրա, թե (1) արդյո՞ք դիմումով վիճարկվող իրավական ակտի դրույթն ունի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված որևէ իրավունքի կամ ազատության վերաբերյալ դրույթի հետ առերևույթ (prima facie) հակասություն (առաջին պայման), և (2) արդյո՞ք դիմումով վիճարկվող իրավական ակտի դրույթի ներկայացված հակասությունն առերևույթ (prima facie) հանգեցրել է դիմողի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված որևէ իրավունքի կամ ազատության խախտման (երկրորդ պայման)։
Վերը թվարկված որևէ պայմանի բացակայությունը բացառում է Սահմանադրական դատարանում գործի քննությունը, քանի որ առաջին պայմանի բացակայության դեպքում գործի քննությունը ենթադրում է հիմնական իրավունքի խախտումը վերացնելուն ուղղված այլ դատարանի կողմից կայացված դատական ակտի ստուգման լիազորություն Սահմանադրական դատարանի կողմից, որով Սահմանադիրը Սահմանադրական դատարանին չի օժտել։ Իսկ, երկրորդ պայմանի բացակայությամբ գործի քննությունը Սահմանադրական դատարանում հանգեցնում է Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումով վիճարկվող դրույթի սահմանադրականության վերացական ստուգման անհրաժեշտության, որպիսի դիմում ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը հստակ և սպառիչ թվարկված է Սահմանադրության 169-րդ հոդվածում, որոնց թվին Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք չեն դասվում»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.
«(...) ոչ Դիմումում, ոչ դրան կից նյութերում, ոչ Սահմանադրական դատարանում բանավոր դատաքննության ընթացքում Սահմանադրական դատարանի և կողմի որևէ հարցադրմանն ի պատասխան, ոչ իր եզրափակիչ ելույթում Դիմողի կողմից, ոչ մինչ այդ՝ Բարձրագույն դատական խորհրդում իրականացված վարույթի շրջանակում, ոչ էլ մինչ այդ՝ վարույթ հարուցող մարմնի առջև իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմնի կողմից 3 ամիս 17 օր անց կարգապահական վարույթ հարուցելու որոշման ընդունումը չի դիտարկվել որպես այնպիսի տևական ժամանակահատված, որը, նույնիսկ առավելագույն 15 ամյա ընդհանուր ժամկետի շրջանակում, որը Դիմողի անհատական հանգամանքների հաշվառմամբ պետք է լիներ մոտ 9 տարի (հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ համապատասխան վճիռը ՄԻԵԿ 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուժի մեջ է մտել 2016 թվականի մարտին), կարգապահական վարույթ հարուցելու ժամկետային սահմանափակման բացակայության պայմաններում իր իրավական վիճակի տևական անորոշության այնպիսի հանգամանք էր, որն անհամատեղելի լիներ Սահմանադրության 49-րդ հոդվածի ներքո անձի հանրային ծառայության անցնելու իրավունքի շրջանակում իր նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման ժամկետային հայեցողություն իրականացնելիս անողջամտության և Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայության անցնելու իրավունքին միջամտելու հիմք ծառայած օրենքի կիրառմամբ Դիմողի հիմնական իրավունքի խախտման շեմը բավարարող անորոշության համար հիմնավոր ենթադրություն կազմելու համար։
Ավելին, Սահմանադրական դատարանի կողմից գործի ի պաշտոնե քննության արդյունքում զեկուցող դատավորների կողմից ձեռք բերված նյութերը (այդ թվում նաև Դիմողի նկատմամբ կարգապահական գործի նյութերի պատճենները) նույնպես չեն պարունակում որևէ ապացույց առ այն, որ Դիմողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմնի կողմից 3 ամիս 17 օր անց կարգապահական վարույթ հարուցելու համար օգտագործված ժամանակը անողջամտորեն երկար կարող էր համարվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով «իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման» առերևույթ (prima facie) առկայությունը Սահմանադրության 49-րդ հոդվածի իմաստով հաստատված համարվելու համար (Սահմանադրության 79-րդ հոդվածի համակցությամբ)։
Հետևաբար՝ երկրորդ պայմանը սույն դիմումի՝ նշյալ հարցի առնչությամբ այս գործով բավարարված չէ, ինչը սույն հարցի առնչությամբ գործի վարույթը կարճելու հիմք է՝ համաձայն Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի՝ որպես ակնհայտ անհիմն՝ Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան»։
3. ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ դիմումի հիման վրա` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2024 թվականի հունիսի 18-ի ՍԴԱՈ-101 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է.
«(...) Օրենսգրքի վիճարկվող դրույթը հանդիսանում է գործատուի և անհիմն կերպով աշխատանքից ազատված աշխատողի իրավունքների և օրինական շահերի միջև արդարացի հավասարակշռությունն ապահովող ուրույն գործիքակազմ: Ստացվում է, որ Օրենսգրքի 265-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է անձի խախտված աշխատանքային իրավունքների պաշտպանության ընդհանուր կառուցակարգ, որի շրջանակներում, նախ՝ օրենսդրի կողմից ամրագրվել է աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողի՝ դատարան դիմելու իրավունքը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մաս), և ապա՝ աշխատանքային իրավունքների վերականգնման միջոցները, որոնք, ի շարս այլնի, սահմանում են կարգավորում առ այն, որ աշխատողի հետ աշխատանքային հարաբերություններն առանց օրինական հիմքերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գործատուի ներքին կամ անհատական իրավական ակտերով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված պահանջների խախտմամբ դադարեցված լինելու դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար կամ աշխատավարձի տարբերությունն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը տվյալ գործատուի մոտ կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք (Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1.1-ին մաս):
(...)
(...) Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդիրը,
մի կողմից՝ հաշվի առնելով գործատուի՝ Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված տնտեսական գործունեության ազատությունը, տնտեսական գործունեության արդյունավետության և իր գույքի ռացիոնալ օգտագործման նպատակներից ելնելով, վերջինիս օժտել է ինքնուրույնաբար և իր ռիսկով կազմակերպչական և կադրային քաղաքականությանն ուղղված որոշումներ կայացնելու իրավազորությամբ,
մյուս կողմից՝ ելնելով աշխատողի՝ Սահմանադրության 57-րդ հոդվածով երաշխավորված աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքի ապահովման անհրաժեշտությունից, (1) տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ (2) գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում՝ դատարանի կողմից աշխատողին իր նախկին աշխատանքում չվերականգնելու պայմաններում պարտավորեցրել է գործատուին վճարել հատուցում (...)»:
Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.
«Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ այս առումով սույն հարցի կապակցությամբ հատկապես արժևորվում է իրավակիրառի ողջախոհությունն ինչպես քաղաքացիադատավարական օրենսդրությամբ սահմանված դատավարական ժամկետների պահպանման հարցում, այնպես էլ համապատասխան ժամկետներ ուղղակիորեն չնախատեսվելու դեպքում՝ յուրաքանչյուրի՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի երաշխավորման համատեքստում: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է դատարանների՝ սույն հարցում դատավարական ժամկետները պահպանելու անհետևողականության և գործերի քննության առումով բավարար շտապողականություն չցուցաբերելու մասին»:
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը նշել է. «(...) առանձին աշխատանքային վեճերով վարույթների քննությունը դատարանների կողմից պետք է ընթանա օրենսդրի կողմից ամրագրված դատավարական ժամկետների խստիվ պահպանմամբ, իսկ համապատասխան ժամկետների բացակայության պայմաններում՝ հնարավոր ամենասեղմ ժամկետում՝ հաշվի առնելով դատավարության մասնակիցների կարգավիճակում գտնվող գործատուի և աշխատողի իրավունքների և օրինական շահերի ողջամիտ հավասարակշռությունը պահպանելու հրամայականը:
Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը բավարար կերպով չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման փաստը՝ պայմանավորված վիճարկվող դրույթի կիրառմամբ:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ուստի՝ սույն գործի վարույթը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է կարճման (...)»:
4. ««Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 10-ի ՍԴԱՈ-186 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է հետևյալը.
«(...) Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Մասնավորապես՝ Դիմողը, վկայակոչելով դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքին վերաբերող իրավանորմեր և դատական պրակտիկա (այդ թվում՝ դատարանի առջև հավասարության և մրցակցության սկզբունքին, դատարանի մատչելիության իրավունքին վերաբերող), որևէ կերպ պատշաճ չի հիմնավորել թե ինչպես է խաթարվել նշված իրավունքների իրացումը»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն այս առումով արձանագրել է հետևյալը.
«(...) Դիմողն իր ներկայացրած ապացույցի թույլատրելիությունը պայմանավորել է Հաշտարարի որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքով` միևնույն ժամանակ առանց պատշաճ վերլուծելու, թե ինչպե՞ս է ըստ էության վիճարկելու իրավունքը աներկբա ենթադրում նոր ապացույցների ներկայացում:
Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1051, ՍԴՈ-1571 որոշումների առնչությամբ հարկ է նշել, որ նշված որոշումներում նշվել է որոշ դեպքերում Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հնարավորության մասին, ինչն ինքնին չի հակադրվում բողոքարկման գործընթացում որոշ ապացույցների անթույլատրելի համարվելուն:
Ինչ վերաբերում է Դիմողի մյուս դիրքորոշումներին, ապա դրանք ևս ունեն գնահատողական բնույթ և չեն պարունակում պատշաճ հիմնավորումներ։
Դատական ակտերի պատշաճ պատճառաբանության բացակայության վերաբերյալ գնահատականների առնչությամբ հարկ է նշել, որ դրանք, ինքնին, չեն կարող դիտվել որպես Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիմնավորում:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածին, ապա հաշվի առնելով ներկայացված դիմումում առկա դիրքորոշումների համատեքստը, նշված իրավանորմի՝ հղում հանդիսանալու հանգամանքը և դրա հետ փոխկապակցված իրավանորմի սահմանադրականության վերաբերյալ պատշաճ հիմնավորումների բացակայությունը` Սահմանադրական դատարանը նշված իրավանորմի սահմանադրականությանը անդրադարձ չի կատարում»:
III. ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացված դիմումների մասով
Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումներով 2024 թվականի ընթացքում 1 դիմումով գործի քննությունը մերժվել է, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը 2024 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴԱՈ-176 աշխատակարգային որոշմամբ մերժել է «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի 8.1-ին հոդվածի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը:
Սույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ Դիմողը պնդում է, որ «(…) Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեցել են օրինական ակնկալիք՝ իրենց օգտին կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և դրա արդյունքում ձևավորված միջոցների (անկախ դրա չափից) տնօրինման, այդ թվում՝ իր բանկային հաշվին փոխանցման (այսուհետ՝ միջոցների նկատմամբ օրինական ակնկալիք)»՝ առանց վկայակոչելու Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ գտնվող և համապատասխան իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի որևէ իրավական նորմ, որը, հաշվի առնելով «օրինական ակնկալիքի» առնչությամբ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, կարող էր Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված որևէ իրավունքի առկայություն վկայել:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ վերոգրյալն ինքնին բացառում է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքների և ազատությունների կազմակերպական կառուցակարգերի պահանջի լույսի ներքո վիճարկվող նորմի սահմանադրականության գնահատումը՝ հաշվի առնելով, որ սույն սահմանադրական սկզբունքը կարող է քննարկման առարկա դառնալ որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության արդյունավետ իրականացման առնչությամբ վեճի համատեքստում:
Միաժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի շրջանակներում Դիմողը բարձրացնում է նաև վիճարկվող նորմին՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հարց՝ ըստ էության չհստակեցնելով ինչպես տրված մեկնաբանության բովանդակությունը, այնպես էլ սույն հարցադրումն իր կարգավիճակի շրջանակներում սահմանադրական վերահսկողության առարկա դարձնելու հիմքերը:
Այսպիսով, գնահատման առարկա դարձնելով խնդրո առարկա նորմի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի կողմից ներկայացված փաստարկները՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի դատողությունները որևէ կերպ իրավաբանորեն փաստարկված չեն, մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին ներկայացվող պահանջների շարքում օրենսդիրը հստակ ամրագրել է սեփական փաստարկները ներկայացնելու պահանջ»:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված դիմումների մասով
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումներով 2024 թվականի ընթացքում 1 դիմումով գործի քննությունը մերժվել է. «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴԱՈ-177 աշխատակարգային որոշմամբ:
Սույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արժևորել է սահմանադրական արդարադատության եղանակով մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության հարցում Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ մասնակցությունը, որը կենսագործվում է Սահմանադրական դատարան դիմելու վերջինիս վերապահված իրավասության միջոցով: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը վերահաստատել է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումները պետք է ուղղակիորեն բովանդակեն վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հստակ իրավական դիրքորոշումներ և պատճառաբանություններ:
Սահմանադրական դատարանը նշել է, որ «Հիշատակվածը, հատկապես, կարևորվում է Սահմանադրի կողմից Սահմանադրական դատարան դիմելու առանցքային իրավասությամբ օժտված բարձր կարգավիճակ ունեցող պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ներկայացված դիմումների առումով, որոնք սույն սահմանադրաիրավական լիազորությունը պետք է ծառայեցնեն՝ ի միտն ունենալով մարդու իրավունքների և ազատությունների՝ սահմանադրական արդարադատության միջոցով պաշտպանության առաջնահերթությունը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Բարձր դատարան դիմող համապատասխան սուբյեկտների դիմումների հիման վրա իրականացվող վերացական վերահսկողության շրջանակներում կարևոր սահմանադրաիրավական հարցադրումների վերհանումն ու դրանց համարժեք լուծումների տրամադրումն մեծ կարևորություն է ներկայացնում սահմանադրական կարգավորումների պահպանման և օրենսդրության սահմանադրականության ապահովման հարցում: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ խնդրո առարկա սուբյեկտների, տվյալ դեպքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումները պետք է բավարարեն Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված պահանջները, քանզի վերոգրյալը բխում է ինչպես այդ մարմինների՝ սահմանադրական վերահսկողության հարցում իրենց դերն ու առաքելությունը լիարժեքորեն ընկալելու և դրան համարժեք գործելու, այնպես էլ սահմանադրական արդարադատության արդյունավետ իրականացման նկատառումներից»:
Վերոգրյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ներկայացված դիմումին՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ներկայացված դիմումով Դիմողը բարձրացնում է Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված (ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ին) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարց. ի հիմնավորումն որի՝ ներկայացնելով ՀՀ փաստաբանների պալատի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների մտահոգությունները և դիրքորոշումները խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: Սահմանադրական դատարան ներկայացված լայնաբովանդակ դիմումով Դիմողը ներկայացրել է իր դիրքորոշումները միայն սույն Օրենքի նախագծի անհիմն լինելու, Նախագծի առնչությամբ հանրային քննարկումների կարևորության և մասնագիտական համայնքի հետ քննարկումների անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև այս կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարություն համապատասխան կարծիք ներկայացնելու մասին:
Ավելին, Սահմանադրական դատարանը նշել է, որ դիմումի շրջանակներում Դիմողը քննարկել է նաև դատական պաշտպանության իրավունքի, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի և համաչափության սկզբունքի սահմանադրաիրավական և միջազգային իրավական բովանդակությունը, փաստաբանական գործունեության կարևորությունն ու առանձնահատկությունները նշված իրավունքների իրացման հարցում՝ ներկայացնելով հիշատակված հարցադրումների վերաբերյալ ընդհանուր բնույթի դատողություններ՝ դրանք որևէ կերպ չկապակցելով վիճարկվող նորմի հակասահմանադրականության վերաբերյալ սեփական դիրքորոշմանը: Այսպիսով՝ գնահատման առարկա դարձնելով խնդրո առարկա նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը՝ Դիմողը փորձել է հիմնավորել սոսկ խնդրո առարկա Օրենքի նախագծի անհիմն լինելու վերաբերյալ դիրքորոշումը, որն իր բովանդակությամբ դեռևս չի հիմնավորում վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը:
Ամփոփելով՝ Սահմանադրական դատարանը եզրահանգել է. «Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումի շրջանակներում ներկայացված դիրքորոշումների համատեքստում բարձրացված հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն Մարդու իրավունքների պաշտպանը չունի, հետևաբար՝ սույն գործով ներկայացված դիմումը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով»:
Դատարանների կողմից ներկայացված դիմումների մասով
Դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումներով 2024 թվականի ընթացքում մերժվել է 9 դիմումի քննություն: Ընդունված աշխատակարգային որոշումների շրջանակներում Սահմանադրական դատարանն արտահայտել է ներքոգրյալ իրավական դիրքորոշումները, մասնավորապես՝
1. «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի մարտի 15-ի ՍԴԱՈ-44 որոշմամբ Սահմանադրական դատարանը դիմումի ուսումնասիրության արդյունքներով արձանագրել է, որ սույն դիմումով բարձրացված խնդիրների համատեքստում անձի վարութային իրավունքի պաշտպանության բանալին գտնվում է ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 11-րդ մասի վերաբերելի կարգավորման, այլ նույն օրենսգրքի 304-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում դատարանի կողմից կայացվելիք որոշման բովանդակության մեջ։ Այսինքն՝ երբ անձը, փաստացի համաձայն լինելով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշման էության հետ, վիճարկում է միայն դրա բովանդակության անհամապատասխանությունն օրենսգրքով սահմանված հատուկ պահանջներին, ապա բողոքի բավարարման դեպքում անձի իրավունքի արդարացի պաշտպանությունը պետք է արտահայտվի դատարանի կողմից վարույթի հանրային մասնակցի համար այդ պահանջից բխող համարժեք պարտականություն սահմանելու տեսքով։ Հետևաբար` Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Դիմողի կողմից չեն ներկայացվել սույն դիմումի շրջանակներում վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ բավարար հիմնավորումներ, ուստիև չի հիմնավորվել վիճարկվող նորմի հակասահմանադրականության հիմնավոր կասկածը։
«Բացի դրանից, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում շեշտել, որ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու մասին իր որոշման եզրափակիչ մասում արձանագրել է հետևյալը. «Դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԴ1/0413/11/23 դատական վարույթով կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196 հոդվածի դրույթները առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի պահանջներին...»: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:
Հետևապես` բացառապես Սահմանադրական դատարանն է իրավասու իր որոշմամբ եզրահանգելու և արձանագրելու վիճարկվող իրավական նորմի՝ Սահմանադրությանը հակասությունը»:
2. «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի ապրիլի 9-ի ՍԴԱՈ-57 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության կարգով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեն դատարանները, որոնք դիմումը պետք է ներկայացնեն գործի վարույթը կասեցնելուց հետո՝ եռօրյա ժամկետում: Այլ կերպ՝ Սահմանադրական դատարան դիմելու նյութաիրավական պահանջներին համապատասխանող որոշում կայացնելուց հետո համապատասխան դատարանը (դատավորը) պետք է այդ որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում այն փոստային եղանակով կամ առձեռն հանձնի Սահմանադրական դատարանին: Նշյալ ժամկետը չպահպանելու դեպքում դատարանը (դատավորը) կկորցնի տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտի կարգավիճակը:
«Տվյալ պարագայում Դիմողի կողմից թիվ ԱՎԴ1/0049/01/21 քրեական գործով դատավճռի դեմ մեղադրող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում 2024 թվականի մարտի 25-ին կայացվել է որոշում, որով գործի վարույթը կասեցվել է՝ Սահմանադրական դատարան դիմելու հիմքով: Մինչդեռ դիմումն առձեռն Դիմողի կողմից Սահմանադրական դատարան է ներկայացվել նշյալ որոշումը կայացվելուց հետո՝ չորրորդ օրը: Այսինքն՝ Դիմողի կողմից խախտվել է Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված պահանջը, որի հետևանքով Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան»:
Վերոգրյալը Սահմանադրական դատարանին հիմք է տվել եզրակացնելու, որ Դիմողը չի պահպանել Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ դատարանների կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ժամկետային պահանջը: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը:
3. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի մայիսի 14-ի ՍԴԱՈ-86 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել սահմանադրական իրավունքների պաշտպանության երաշխավորման և իրավական անվտանգության ապահովման հարցում դատարանների ունեցած առանձնահատուկ առաքելությունը, քանզի անառարկելի իրողություն է, որ իրավական անորոշության հաղթահարման հարցում դատական իշխանությունն օժտված է առանցքային կարևորություն ունեցող իրավանորմերի դատական մեկնաբանության լծակով, որի՝ Սահմանադրությանը համահունչ կիրառումը սահմանադրականության հաստատման և սահմանադրական իրավակարգի ապահովման գրավականներից է:
(…)
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական արդարադատության նպատակն ամենևին չի հանգում իրավակիրառին բացահայտելու օրենսդրի կամքը: Իրավակիրառը, սույն դեպքում՝ դատարանները, իրենց՝ արդարադատության բարձր առաքելությունը կենսագործելիս համանման իրավիճակներում իրավանորմերի դատական մեկնաբանումը պետք է իրականացնեն Սահմանադրությանը համահունչ, իսկ սահմանադրական արդարադատություն կարող են հայցել բացառապես այն դեպքում, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրանց սահմանադրականության վերաբերյալ»:
Ամփոփելով՝ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։
4. «Վերաքննիչ վարչական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի հունիսի 18-ի ՍԴԱՈ-97 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է. «(...) դատարանների՝ Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը չի ենթադրում վիճարկվող իրավակարգավորումների էության՝ այլ կարգավորումների համատեքստում բացահայտում Սահմանադրական դատարանի կողմից, դրանց միջև ենթադրյալ հակասության լուծում կամ օրենսդրի կամքի վերհանում: Սույն հարցադրումներն առավելապես եռաստիճան դատական համակարգի տիրույթում են:
Հիշյալ սահմանադրաիրավական կարգավորումները միտված են բացառապես դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի՝ սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու իրավասության իրացման ապահովմանը:
Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի հիմնավորումներն առավելապես հանգում են դրանց՝ Սահմանադրության՝ «Մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 2-րդ գլխում բովանդակվող դրույթներին ենթադրյալ հակասությանը, մինչդեռ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող սահմանադրական վերահսկողության առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը չի հիմնավորել նաև հանրային իշխանության համապատասխան մարմնի՝ խնդրո առարկա իրավահարաբերության շրջանակներում Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության կրողը լինելու սահմանադրաիրավական հնարավորությունը»:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։
5. «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի հունիսի 18-ի ՍԴԱՈ-98 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է. «(…) դատարանների՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ կատարված ցանկացած դատողություն չէ, որ ընդգրկվում է Սահմանադրի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բովանդակային սահմաններում, այլ այն պատճառաբանված դիրքորոշումները, որոնք հանգեցրել են նման դատողությանը. սա է Սահմանադրի անբեկանելի կամքը, որը սահմանադրականության հաստատման, սույն պարագայում՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրական դրույթի կիրառման արգելակման առհավատչյան է:
Սույն մոտեցմանը տարահունչ գործելակերպը ենթադրում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պատվիրանի կատարումը, քանզի Բարձր դատարան ներկայացված դիմումը, ըստ էության, բովանդակում է ոչ թե դատարանի՝ վիճարկվող դրույթի սահմանադրականության վերաբերյալ պատճառաբանություններն ու գնահատականը, այլ դատավարության/վարույթի համապատասխան մասնակցի՝ տվյալ գործի շրջանակներում ստորադաս դատարանի կողմից դատական սխալ թույլ տված լինելու վերաբերյալ փաստարկները»:
6. «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի հուլիսի 26-ի ՍԴԱՈ-118 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել դատարանների ուշադրությունը հրավիրել սկզբունքային նշանակություն ունեցող հարցին առ այն, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Սահմանադիրը դատարաններին վերապահել է բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական գործառույթ. այն դեպքում, երբ դատարանները հիմնավոր կասկած ունեն կոնկրետ գործով արդարադատության իրականացման հանգուցալուծումը պայմանավորող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ, նրանք իրավասու են դիմելու Սահմանադրական դատարան: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ Սահմանադրությանը համապատասխան արդարադատության իրականացումը, ի թիվս այլնի, ենթադրում է դատարանների կողմից իրավանորմերին՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանության հաղորդում. Սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում Սահմանադրի կողմից դատարաններին վերապահված դատական մեկնաբանման հիմնարար գործիքակազմի այնպիսի գործադրումը, որը հանգեցնելու է արհեստածին իրավական անորոշության և ենթադրյալ օրենսդրական բացի առաջացման՝ խաթարելով իրավական անվտանգությունն ու իրավակիրառ պրակտիկայի միասնականությունը:
Ավելին, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված Սահմանադրի կամքին ուղղակի հակասում է նաև դատարանների՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տված տարամեկնաբանությունների սահմանադրականության հարց Բարձր դատարանի առջև բարձրացնելը. սույն մոտեցումը ոչ միայն չի բխում սահմանադրական հիշյալ կարգավորումներից, այլև խաթարում է եռաստիճան դատական համակարգի դատարանների և Սահմանադրական դատարանի լիազորությունների ներդաշնակ սահմանազատումը՝ հաշվի առնելով եռաստիճան դատական համակարգի դատարանների՝ դատական մեկնաբանման գործիքակազմով օժտված լինելու հանգամանքը, առավել ևս այն պայմաններում, երբ բարձրացված հարցադրումը գտնվում է Վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրաիրավական գործառույթի իրականացման տիրույթում:
«Անդրադառնալով Դիմողի այն պնդմանը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթներ նախատեսող 483-րդ հոդվածի 7-րդ մասը «(...) խախտում է կամ կարող է խախտել անձի՝ օրենքի առջև հավասարության իրավունքը», Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ նշված սկզբունքը վերաբերում է միևնույն օրենքի առջև նույն իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ անհիմն և անօրինական տարբերակված վերաբերմունք դրսևորելուն: Նշվածի լույսի ներքո Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթներ նախատեսող 483-րդ հոդվածի 7-րդ մասը չունի ինքնուրույն կիրառություն, այլ պարզապես միջնորդավորում կամ անհրաժեշտ է դարձնում քրեական վարույթի ընթացքում «քննվող և լուծվող» հարցերի լուծման համար վերաբերելի կարգավորումներ նախատեսող 1998թ. քրեական դատավարության օրենսգրքի կիրառումը, որոնց սահմանադրականության հարց Դիմողը Սահմանադրական դատարանի առջև չի բարձրացնում»:
7. «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 3-ի ՍԴԱՈ-139 աշխատակարգային որոշմամբ դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը գտել է, որ դիմումով վիճարկվող Օրենսգրքի դրույթում առկա ենթադրյալ բացի արձանագրումը հետևանք է Օրենսգրքի վիճարկվող դրույթին ոչ համակարգային մեկնաբանության, քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված այլ դրույթների հետ հակասող, ոչ համակարգային մեկնաբանության հաղորդման։ Մասնավորապես՝ Դիմողի՝ հարցի առնչությամբ արված պնդումը, թե «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ակտը ենթակա չէ բեկանման (…), սակայն մյուս կողմից Վերաքննիչ դատարանն այլ իրավական ճանապարհ չունենալով, «ստիպված» է բավարարել բացառիկ վերանայման բողոքը (…)», ուղիղ հակասության մեջ է գտնվում քրեական դատավարությունում աքսիոմատիկ նշանակություն ունեցող կանոնի հետ, որ վարույթի (փուլի) եզրափակումը պետք է ենթադրի ավարտման (առնվազն) երկու հնարավոր ելք։
«Ուստիև՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ բացառիկ վերանայում իրականացնելիս դատարանի կողմից լուծման ենթակա խնդիրների շրջանակը և դրանց տարակերպ լուծման հնարավորությունը պայմանավորում են դատարանի կողմից կայացվող առնվազն երկու հնարավոր որոշումներից մեկի ընտրության հնարավորությունը, որպիսի հանգամանքը Դիմողի փաստարկներում ընդհանրապես անտեսված է:
(…)
Ողջ վերոգրյալի հիման վրա` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասն Օրենսգրքում առկա այլ նորմերի հետ համակարգային մեկնաբանելու, բացառիկ վերանայման ինստիտուտի նպատակային նշանակությամբ առաջնորդվելու պայմաններում Օրենսգրքի վիճարկվող դրույթին հաղորդվում է նեղ բովանդակություն, ըստ որի՝ դատարանն ունի դատական ակտի (ամբողջությամբ կամ մասնակի) բեկանման լիազորություն, երբ բացառիկ վերանայման արդյունքում արդար դատաքննության բուն էության հետ անհամատեղելի (Օրենսգրքի 403-րդ հոդվածով ամրագրված հիմքերի) թերություն է արձանագրում, ինչն էլ թույլ է տալիս անել ուղիղ հակառակ տրամաբանական եզրահանգում՝ բացառելով դատարանի ինքնասահմանափակումը և արդար դատաքննության բուն էության հետ անհամատեղելի (Օրենսգրքի 403-րդ հոդվածով ամրագրված հիմքերի) թերության բացակայության դեպքում դատական ակտի (ամբողջությամբ կամ մասնակի) բեկանման իրավական հնարավորությունը»:
Ավելին, Սահմանադրական դատարանը, ուսումնասիրության առարկա դարձնելով դիմումը, կից ներկայացված նյութերը, արձանագրել է նաև, որ`
• Ներկայացված բացառիկ վերանայման բողոքով Շ․ Գրիգորյանը գտել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել հիմնարար խախտում, այն է՝ քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում կայացրել է մեղադրական դատավճիռ և իրեն դատապարտել այնպիսի արարքի կատարման համար, որին տրվել է ակնհայտ սխալ իրավական գնահատական։
• Նման պայմաններում, երբ բողոքը բերվել էր Օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմնարար խախտման հիմքով, իսկ նշված բողոք բերելու հիմքերն ունեն յուրահատկություն, այն է՝ նախատեսում են խախտման ակնհայտություն, մասնավորապես, այդ հիմքերն առկա են, երբ՝ 1) քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ, 2) անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որն ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական, Դիմողի կողմից 2024 թվականի փետրվարի 23-ին թիվ ՍԴ1/0014/01/21 քրեական գործով կայացվել է բացառիկ վերանայման վարույթ հարուցելու և այն գրավոր ընթացակարգով իրականացնելու որոշումը, որն իր հերթին հնարավոր էր բողոք բերելու հիմքերի ակնհայտության և այդ հիմնարար խախտումների ակնհայտ բացակայության բացառման դեպքում (Օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր, 407-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։
Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ առկա է որոշակի հակասություն Դիմողի կողմից 2024 թվականի փետրվարի 23-ին թիվ ՍԴ1/0014/01/21 քրեական գործով կայացված բացառիկ վերանայման վարույթ հարուցելու որոշման և դիմումում Դիմողի կողմից բարձրացվող դիրքորոշման միջև, քանի որ ստացվում է առաջին որոշմամբ Դիմողը, արձանագրելով խախտման ակնհայտությունը, արդեն հետագայում Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է բացառիկ վերանայման արդյունքում խախտում չարձանագրելու դեպքում՝ դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման հնարավորության ենթադրյալ բացակայության հարց:
8. «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 17-ի ՍԴԱՈ-144 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ «(..) դատարանների՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ կատարված ցանկացած դատողություն չէ, որ ընդգրկվում է Սահմանադրի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բովանդակային սահմաններում, այլ այն պատճառաբանված դիրքորոշումները, այդ թվում՝ մեկնաբանման ողջ մեթոդոլոգիական համալիրի կիրառմամբ, որոնք հանգեցրել են նման դատողությանը. սա է Սահմանադրի անբեկանելի կամքը, որը սահմանադրականության հաստատման, սույն պարագայում՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրական դրույթի կիրառման արգելակման նախապայման է»:
Սահմանադրական դատարանը փաստել է, որ սույն դիմումի շրջանակներում Դիմողը չի ներկայացրել վիճարկվող նորմի՝ մեկնաբանման ողջ մեթոդոլոգիական գործիքակազմի կիրառմամբ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինությունը հիմնավորող իր դատողությունների շղթան, որը պետք է հստակ արտացոլվի սահմանադրական արդարադատություն հայցելու վերաբերյալ դիմումի (որոշման) շրջանակներում: Սահմանադրական դատարանը վերահաստատել է, որ Բարձր դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների դիմումներին ներկայացվող նման պահանջն ինքնանպատակ չէ: Կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին կարող է խոսվել այն պարագայում, երբ դատարանը համոզվի, որ դատական մեկնաբանմամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթակա նորմի՝ Սահմանադրությանը հակասության վերաբերյալ հիմնավոր կասկածը:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստել է նաև, որ Բարձր դատարան ներկայացրած դիմումով (որոշմամբ) Դիմողը սահմանափակվել է լոկ թիվ ԵԴ1/0361/01/24 քրեական գործի դատավարական նախապատմության շարադրմամբ. տվյալ գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ս. Մնացականյանի՝ վերաքննիչ բողոքի շրջանակներում ներկայացրած փաստարկները մատնանշելով, ապա վկայակոչելով նաև վիճարկվող նորմի և վերաբերելի այլ իրավակարգավորումների բովանդակությունը՝ եզրահանգելով, որ. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառապես դատախազի կողմից մեղադրանք հարուցելու պահից հաշվելը և այդ պահի հետ հետապնդման ժամկետները կապելը հակասում են ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով սահմանված՝ արդար դատական քննության, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքին, ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված՝ որոշակիության սկզբունքին և ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածով սահմանված՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումներին չգերազանցելու սկզբունքին»:
9. «ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴԱՈ-195 աշխատակարգային որոշմամբ վերահաստատելով Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումները և դրանք կիրառելի համարելով սույն գործով՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմումը չի պարունակում Դիմողի՝ վիճարկվող օրինադրույթների՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ այնպիսի իրավական հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը: Այդ համատեքստում Սահմանադրական դատարանը փաստել է, որ սույն դիմումով Դիմողը սահմանափակվել է առավելապես Սահմանադրության, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված (ուժը կորցրել է) ՀՀ քրեական օրենսգրքի և 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների դրույթները վկայակոչելով և մեջբերելով, ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԼԴ/0004/12/22 գործով 2024 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ արտահայտված համապատասխան իրավական դիրքորոշումները, ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԱՔԴ/0196/01/17 գործով 2024 թվականի մայիսի 31-ի որոշման 11.2-13-րդ կետերում արտացոլված մոտեցումները մեջբերելով և այդ համատեքստում, մասնավորապես, արձանագրելով, որ «(…) Նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատապարտյալը կարող էր դիմում ներկայացնել նշանակված փաստացի պատժի երեք քառորդը կրելուց հետո, մինչդեռ Գործող քրեական օրենսգրքի պայմաններում՝ նշանակված փաստացի պատժի երկու երրորդը կրելուց հետո: Դատարանը փաստում է, որ գործող քրեական օրենսդրությամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների հետ կապված առավել նպաստավոր պայմաններ են նախատեսվել:
(...)
(...) մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առկա չէ որևէ հիմնավորում առ այն, թե ինչի համար այն դատապարտյալը, ով քրեական պատասխանատվության է ենթարկվել մինչև գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը՝ 2022 թվականի հուլիսի 1-ը, կատարած արարքի համար, պետք է ավելի երկար կրի իր պատիժը, որից հետո հնարավորություն ունենա դիմելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատման խնդրանքով, քան այն դատապարտյալը, ով քրեական պատասխանատվության է ենթարկվել 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կատարած արարքի համար»:
Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի սահմանադրականությունը վիճարկելիս Դիմողի՝ վիճարկվող օրինադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված բավարար պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը: Հետևաբար՝ Դիմողը չի պահպանել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի և Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, որպիսի պայմաններում առկա է սույն դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը՝ Դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Անհատական դիմումների մասով գործի քննությունը մերժելու վերաբեյալ որոշ դիրքորոշումներ
1. ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի փետրվարի 6-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.
«(...) անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
(...)
ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ «Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ» վերտառությամբ 113-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է աշխատողների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ, որոնք գործատուն պարտավոր է ապահովել «իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում»: Ինչ վերաբերում է գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքերին, ապա նման պարագայում, նույն դրույթի համաձայն, պայմանագիրը լուծվում է՝ առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու»:
Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը կարևոր է համարել ընդգծել, որ «(...) գործատուի՝ աշխատողին այլ աշխատանք առաջարկելու պարտականությունը ենթադրում է, որ գործատուն իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում պետք է աշխատողին առաջարկի այնպիսի աշխատանք, որը կհամապատասխանի վերջինիս մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին:
Օրենսդրի կողմից նման լրացուցիչ երաշխիքի ամրագրումը միտված է գործատուի կողմից աշխատողին աշխատանքից կամայական կերպով ազատելը բացառելուն, նրանց միջև առկա աշխատանքային հարաբերությունների կայունության ապահովմանը: Ուստի՝ աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում գործատուի կողմից աշխատողին այլ աշխատանք առաջարկելու՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված և աշխատողի իրավունքների պաշտպանությանն ուղղված երաշխիքի առկայությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես գործատուի՝ տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի (տնտեսական գործունեության ազատության) և (կամ) սեփականության իրավունքի խախտում։
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 78-րդ հոդվածին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Հետևաբար՝ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթի՝ իր որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 78-րդ հոդվածի հնարավոր խախտման համատեքստում:
Այսպիսով, սույն դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը տվյալ անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է»:
2. ««ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի հուլիսի 26-ի ՍԴԱՈ-114 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.
«(...) սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակագրական տեսանկյունից Դիմողի նկատմամբ կայացված վերջին դատական ակտը՝ Վճռաբեկ դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով որոշումը, այն է՝ «(...) Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության», չի կարող համարվել Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում:
Միևնույն ժամանակ, «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործի շրջանակում կայացված դատական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տվյալ գործն այս պահին գտնվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում:
Վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ տվյալ պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
3. «Գարիկ Մհերյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 25-ի ՍԴԱՈ-164 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Բացառիկ վերանայումը» վերտառությամբ 49-րդ գլխում ներառված՝ «Բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերը» վերտառությամբ 403-րդ հոդվածի 1-ին մասով սպառիչ կերպով սահմանված են նոր հանգամանքներով բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերը: Միաժամանակ, Օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը չի նախատեսել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների (այդ որոշումներով արձանագրված իրավական դիրքորոշումների) հիման վրա, որպես նոր հանգամանք, բացառիկ վերանայման բողոք բերելու իրավական հնարավորություն: Հետևաբար՝ այս առումով օրենսդրի կամքը հստակ է՝ պայմանավորված վիճարկվող դրույթում ուղղակիորեն տվյալ իրավակարգավորումը չնախատեսելով:
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը։
Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է»:
4. «Վիգեն Ավետիսյանի դիմումի հիման վրա՝ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասության և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴԱՈ-193 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.
«(...) օրենսդիրը սահմանել է հանրային պաշտոնին, այդ թվում՝ պետական վարչական պաշտոնին նշանակման և այդպիսի պաշտոնից ազատման առանձնահատուկ կարգ: Մասնավորապես՝ պետական վարչական պաշտոնին նշանակումը և այդպիսի պաշտոնից ազատումը պայմանավորվել են քաղաքական գործընթացներով կամ նշանակման և ազատման լիազորությամբ օժտված պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությամբ։ Ընդ որում՝ օրենսդիրը պետական վարչական պաշտոն զբաղեցնելու հարցը դասել է հայեցողական որոշմամբ լուծվող հարցերի շրջանակին և սահմանել է նման որոշում կայացնելու լիազորությամբ օժտված մարմինների կամ պաշտոնատար անձանց շրջանակը՝ չսահմանափակելով տվյալ հարցի առնչությամբ նրանց վերապահված հայեցողությունը։
Սույն համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ թիվ ՎԴ/4151/05/20 վարչական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանն իր` 2024 թվականի հունիսի 21-ի որոշմամբ ևս վկայակոչել և համապատասխան եզրահանգման հիմքում դրել է Սահմանադրական դատարանի (...) 2024 թվականի փետրվարի 27-ի ՍԴՈ-1716 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները։
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 31, 49 և 61-րդ հոդվածներով, ինչպես նաև 57-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված՝ համապատասխանաբար մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, հանրային ծառայության անցնելու, արդյունավետ դատական պաշտպանության և աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության հիմնական իրավունքներին, սակայն բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ նշված հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստի, հետևաբար՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայության վերաբերյալ»։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-19
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
