Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԱԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 161-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԱԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 161-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-2428 դեկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-242)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 դեկտեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 242 | «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԱԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 161-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԱԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ

161-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հովհաննես Ավագյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Հովհաննես Ավագյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020թ. հունիսի 10-ին:

2. Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթով ամրագրված իրավակարգավորումների պայմաններում ստացվում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վերանայում է դատական ակտերը, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարում է արդարադատության բուն էությունը: Ըստ դիմողի օրենսդիրը դատական սխալները բաժանել է երկու խմբի 1) դատական սխալներ, որոնք չեն խաթարում արդարադատության բուն էությունը, 2) դատական սխալներ, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը:

Դիմողի համոզմամբ օրենսդիրը, կատարելով դատական սխալի նման բաժանում, չի սահմանել այն սկզբունքները, որոնք դրված են այդ երկու կատեգորիաների սահմանազատման հիմքում: Այսինքն օրենսդիրը չի սահմանել որևէ սկզբունք, որով առաջնորդվելով կարելի է եզրահանգում կատարել, որ այս կամ այն դատական սխալը խաթարում է արդարադատության բուն էությունը: Ավելին օրենսդրի կողմից բացահայտված չէ «արդարադատության բուն էություն» եզրույթի բովանդակությունը: Տվյալ եզրույթը, ըստ դիմողի, բավարար հստակությամբ չի ձևակերպվել, որի արդյունքում պարզ չէ, թե «արդարադատության բուն էություն» ասելով ՀՀ վճռաբեկ դատարան բողոք ներկայացնող անձը ինչ պետք է հասկանա:

Դիմողը նշում է նաև, որ նշված եզրույթի բովանդակությունը բացահայտված չէ անգամ դատական պրակտիկայում: Վճռաբեկ դատարանը, իր իսկ ակտերում օգտագործելով «արդարադատության բուն էություն» եզրույթը, չի բացահայտում դրա բովանդակությունը և չի տալիս հստակ չափորոշիչներ, թե Վճռաբեկ դատարանը ի՛նչ սկզբունքներով է այս կամ այն դատական սխալը գնահատում որպես արդարադատության բուն էության խաթարում կամ բացառում նման խախտման առկայությունը: Նման պայմաններում, ըստ դիմողի, Վճռաբեկ դատարանին «տրված է» անսահմանափակ հայեցողական լիազորություն իր հայեցողությամբ որոշելու բողոքը ենթակա է վարույթ ընդունման, թե ոչ, որպիսի կարգավորումն էականորեն սահմանափակում է անձի Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության իրավունքը, քանի որ չուղղված դատական սխալները ի չիք են դարձնում դատական պաշտպանության իրավունքը այն դարձնելով վերացական իրավունք: Ամփոփելով իր դիրքորոշումները դիմողը գալիս է այն եզրահանգման, որ Օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում տեղ գտած «արդարադատության բուն էություն» եզրույթն անձի իրավունքները սահմանափակող նորմ է, որը չի համապատասխանում Սահմանադրությամբ ամրագրված իրավական նորմերի որոշակիության սկզբունքին:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության ու վերլուծության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ուժով Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Վերը նշված նորմից բխում է, որ դիմողը միաժամանակ պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով փաստարկի իր կողմից վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր կոնկրետ սահմանադրական իրավունք(ներ)ի ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթ(ներ)ի կամ դրա(նց) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

Տվյալ դեպքում, դիմողը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթը վիճարկում է դրա իրավական որոշակիության պահանջներին չհամապատասխանելու տեսանկյունից:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, չնայած օրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջին, դրանք չեն կարող նախատեսել իրավահարաբերության բոլոր մանրամասները, քանի որ կոնկրետ իրավահարաբերության բնույթով պայմանավորված մի շարք հանգամանքներ պետք է իրենց մեկնաբանությունն ստանան հենց դատական քննության ընթացքում: Սահմանադրական դատարանն իր 03.05.2016թ. ՍԴՈ-1270 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: (...) օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»:

Իրավական որոշակիության վերաբերյալ մի շարք դիրքորոշումներ արտահայտել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, մասնավորապես, Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի գործով (Case of Busuioc v. Moldova, app. no. 61513/00, 21/12/2004) վճռում գտել է, որ «Թեև օրենքում որոշակիությունն առավել ցանկալի է, դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է:

Անդրադառնալով դիմողի այն դիրքորոշմանը, որ Վճռաբեկ դատարանն իր որոշումներով չի ներկայացրել համարժեք մեկնաբանություն արդարադատության բուն էություն հասկացության վերաբերյալ, և հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի, մասնավորապես, ԵԱՔԴ/0598/02/15, ՎԴ/5605/05/19, ՎԴ/0197/05/19, ՎԴ/12139/05/18 դատական գործերով արտահայտած իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում արդարադատության բուն էության խախտման փաստը, ներկայացնում է նաև համարժեք պատճառաբանություններ դրա վերաբերյալ այդ ձևով նաև յուրաքանչյուր կոնկրետ գործով բացահայտելով «արդարադատության բուն էություն» ձևակերպման բովանդակությունը:

Արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալին կամ իրավիճակներին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանն իր 18.07.2012թ. ՍԴՈ- 1037 որոշմամբ շարադրելով դատական սխալների այն ոչ սպառիչ ցանկը, որոնք դատական ակտի պարտադիր բեկանման հիմք են։

Դիմողի փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ վերջինս ոչ միայն չի ներկայացրել բավարար հիմնավորումներ վիճարկվող նորմի ենթադրյալ իրավական անորոշության վերաբերյալ, այլ նաև իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթի կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Այսինքն սույն գործի շրջանակում ներկայացված անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, իսկ գործի քննությունը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Հովհաննես Ավագյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

8 դեկտեմբերի 2020 թվական

ՍԴԱՈ-242

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 դեկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-242
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել