Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՔԹԻՔՍ ՍՈԼՅՈՒՇՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՔԹԻՔՍ ՍՈԼՅՈՒՇՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1310 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 փետրվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 13 | «ԱՐՔԹԻՔՍ ՍՈԼՅՈՒՇՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 10 փետրվարի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի

Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով «ԱՐՔԹԻՔՍ ՍՈԼՅՈՒՇՆ» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԱՐՔԹԻՔՍ ՍՈԼՅՈՒՇՆ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ` փաստաբաններ Գյուլնարա Սարգսյան, Պավլիկ Փոլադյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի դեկտեմբերի 19-ին (դիմումն ուղարկվել է համապատասխանեցման և վերստին ներկայացվել է 2026 թվականի փետրվարի 2-ին, որով Դիմողը խնդրել է.

«(...) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1.1-րդ հոդվածն այնքանով, որ չի նախատեսում հարկադիր պարապուրդի առավելագույն ժամկետ ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին հակասող և անվավեր։

(...) Վերոնշյալ խնդրանքը չբավա րարելու պարագայում. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1.1-րդ մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասին և 377-րդ հոդվածի 1-ին մասին, 400-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/51721/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, մասնավորապես, նշում է, որ սույն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի փետրվարի 6-ի, այնուհետև մարտի 6-ի՝ «Որոշման մեջ թույլ տրված գրասխալն ուղղելու մասին» որոշումներով իր նկատմամբ կիրառված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1.1-ին մասը առաջացրել է ծանր հետևանք, և գտնում է, որ կիրառված նորմն այնքանով, որքանով չի նախատեսում հարկադիր պարապուրդի առավելագույն ժամկետ, հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին:

Դիմողը պնդում է, որ իր գործով խախտվել են գործի քննության ողջամիտ ժամկետները, և ներկայացնելով օրենսդրական մի շարք կարգավորումներ` մասնավորապես՝ աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննելու երեքամսյա ժամկետը, ՀՀ վերաքննիչ դատարանում գործերը ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում քննելու, Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը երեքամսյա ժամկետում լուծելու հարցերը, գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումներով նախատեսված չէ հարկադիր պարապուրդի համար վճարվելիք գումարի առավելագույն չափ:

Դիմողը նշում է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-364-Ն օրենքով 2024 թվականի նոյեմբերի 9-ի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածում կատարված փոփոխության ուժով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու բոլոր դեպքերում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսվում է հարկադիր պարապուրդի դիմաց վճարում՝ նախկին աշխատանքի համար վճարված վերջին ինն ամսվա աշխատավարձի չափով գումար, իսկ եթե աշխատողն ինն ամսից պակաս է աշխատել՝ այդ ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի չափով գումար, ինչպես նաև նախկինում և հարկադիր պարապուրդի տվյալ ժամանակահատվածում նոր աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը: Մինչդեռ այս կարգավորումը չի տարածվում աշխատանքից ազատված այն աշխատողների նկատմամբ, որոնք մինչև դատական քննությունների ավարտն այլ գործատուի մոտ աշխատանքի չեն անցնում:

Դիմողի կարծիքով՝ հաշվի առնելով աշխատանքային վեճերի առանձնահատուկ կարգավորումները և դատարանների կողմից ձևավորած իրավակիրառ պրակտիկան՝ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը պետք է ձևավորվի հայցադիմմումը վարույթ ընդունելուց հետո երեք ամսվա հաշվառմամբ: Հակառակ պարագայում ստացվում է, որ հարկադիր պարապուրդի համար վճարվելիք գումարի առավելագույն չափ օրենսդրորեն սահմանված չլինելու պայմաններում գործատուն հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված իր հիմնական իրավունքներն իրացնելու պարագայում մշտապես պետք է կրի իր նախկին աշխատողին հարկադիր պարապուրդը տևական (մինչև բոլոր ատյաններում քննվող գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը) ժամանակահատվածի համար վճարելու, հետևաբար` նաև վնասներ կրելու ռիսկը, որը, ի դեպ, իր կամքից անկախ տևող ժամանակահատված է:

Ամփոփելով՝ Դիմողը գտնում է, որ «(...) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով աշխատանքային վեճի լուծման պարագայում, երբ աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձ՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, (...) գործատուի վրա է դնում չսահմանափակվող ժամկետ ընդգրկող ժամանակահատվածի համար աշխատողին միջին աշխատավարձ վճարելու պարտականություն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի ժամկետն անցնելուց հետո, հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին»:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության վերոհիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Դիմողը, սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1.1-ին մասի սահմանադարականությունը, բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության վերոնշյալ հոդվածներով ամրագրված, համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման փաստի, հետևաբար՝ վիճարկվող դրույթի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ։ Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով ամրագրված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների վկայակոչմամբ:

Ավելին՝ սույն անհատական դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողի դիրքորոշումները՝ մասնավորպես այն պնդումը, թե դատավարական ժամկետները գնահատելով` պետք է սահմանել հարկադիր պարապուրդի վերին շեմ, արդեն իսկ նշանակում է, որ օրենսդրի կողմից նման սահմանումները նախատեսվել են տվյալ իրավունքի ճյուղի առանձնահատկությունները գնահատելով՝ կոնկրետացված դատավարական ժամկետներով, և առկա է տրամաբանական կապ դատավարական ժամկետների և բարձրացված հարցի ամբողջ ծավալով հնարավոր լուծումների միջև: Այլ խնդիր է, որ դատարանների կողմից օբյեկտիվ և սուբյեկտիվ նկատառումներով գործերի ձգձգումը խզվածք է առաջացնում սահմանափակված դատավարական ժամկետներում գործի քննության և հարկադիր պարապուրդի չափի միջև, ինչը միանշանակ չի նշանակում, որ, ըստ Դիմողի, որպես հակակշիռ, անհրաժեշտ է նոր իրավակարգավորում՝ հարկադիր պարապուրդի առավելագույն շեմի սահմանմամբ: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ դատարանների կողմից աշխատանքային վեճերի քննության ժամկետների խախտումը բավարար չէ արձանագրելու, որ սույն վեճն ունի սահմանադրաիրավական բովանդակություն, մասնավորապես` այն պայմաններում, երբ դատավարական ժամկետները բավարար հավաստիությամբ կանխորոշում են հարկադիր պարապուրդի հնարավոր չափը: Դատարանի կողմից ողջամիտ ժամկետների խախտումն անձի համար կարող է առաջ բերել տարբեր իրավական հետևանքներ, և Դիմողի համար առաջացած հնարավոր վնասների հարցն այլ իրավական ինստիտուտի ու գործիքակազմի միջոցով կարող է իրացվել:

Դիմողի կողմից մատնանշված փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սույն գործով հայցադիմումը վարույթ է ընդունել 2021 թվականի նոյեմբերի 24-ին, դատական ակտը կայացրել է 2022 թվականի հուլիսի 21-ին (հրապարակել է 2024 թվականի մայիսի 22-ին), վերաքննության իրավունքը կողմի համար ծագել է երկու տարի հետո, գործի վերաքննությունը տևել է օրենքով սահմանված վեցամսյա ժամկետից ավել, որից հետո Դիմողի մոտ ծագել է վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքը, և քանի որ չեն պահպանվել օրենքով սահմանված ժամկետները, այն իր հերթին ավելացել է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի հաշվարկում՝ պատասխանող գործատուին դնելով ծանր դրության մեջ: Այսինքն՝ Դիմողի դժգոհությունը վերաբերում է դատարանների կողմից օրենքով սահմանված դատավարական ժամկետների խախտմանը և դրա հետևանքով Դիմողի համար առաջացած ծանր հետևանքներին, ուստի` բարձրացված հարցը՝ արձանագրված ձևակերպմամբ դուրս է Սահմանադրական դատարանում սահմանադրական վեճի շրջանակից, և դիմումում ներկայացված դատավարական նախապատմությունը և Դիմողի հիմնավորումները վերաբերում են դատական ակտով դատավարական օրենքը խախտելու հարցին, որը վերջինս իրավասու դատարանում չի բարձրացրել:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի նշած՝ «Իր կամքից անկախ տևող ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի վճարման հարցը» հնարավորինս հավասարակշռվում է դատավարական ժամկետներով, և դրանց պահպանումն ինչպես դատարանի, այնպես էլ դատավարության կողմի համար սահմանված պարտականություն է, և օրենսդիրը կողմերի համար որպես հավասարակշռություն ապահովող միջոց, մի կողմից` սահմանել է իրավունքի չարաշահման անթույլատրելիությունը, մյուս կողմից` դատարանի համար՝ ողջամիտ ժամկետները պահելու միջազգային և սահմանադրական պահանջ՝ արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետների պաշտպանության պարտադրանքով, ինչը հավասարակշռում է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի ողջամտությունը` հնարավորինս բացառելով իրավակիրառ պրակտիկայի հակասական ձևավորումը:

Դիմողի երկրորդ պահանջի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է հետևյալը.

Դիմողը խնդրել է վերոնշյալ խնդրանքը չբավարարելու պարագայում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1.1-ին մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասին և 377-րդ հոդվածի 1-ին մասին, 400-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը կարծում է, որ տվյալ մեկնաբանությունը վերաբերում է վերաքննիչ դատարանի դատական ակտին, սակայն արձանագրում է, որ Դիմողի կողմից ընդհանրական վկայակոչված նորմերը որևէ մեկնաբանություն չեն ստացել դատական ակտում, և Սահմանադրական դատարանն իրավասու չէ ինքնուրույն բարձրացնելու սահմանադրական վեճին առնչվող հարց՝ լուծելով նաև վեճի ճակատագիրը: Դատական ակտի ուսումնասիրությունը վկայում է, որ նշված նորմերը դատական ակտում վկայակոչելը օրենսդրական իրողություններ են, իսկ Դիմողը պետք է հիմնավորի, որ տվյալ նորմերը հակասում են Սահմանադրությանը, և դատարանի ո՞ր մեկանաբանությունն է, որ Դիմողի համար առաջացրել է Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված որևէ իրավունքի խախտում:

Ուստի՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԱՐՔԹԻՔՍ ՍՈԼՅՈՒՇՆ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Հ. Թովմասյան

Ա. Վաղարշյան

10 փետրվարի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-13

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-13
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել