Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱՐՏԻՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱՐՏԻՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2926 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 հունիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 29 | ՄԱՐՏԻՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 26 հունիսի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի,

Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի,

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Մարտին Հակոբյանի անհատական դիմումի ընդունելիության

հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Մարտին Հակոբյանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունիսի 13-ին (որը լրացվել է 2025 թվականի հունիսի 18-ի և 24-ի դիմումներով), որով Դիմողը խնդրել է.

«(…) հաշվի առնել և անդրադառնալ Երևանի շտապօգնության բողոքի իմաստը կորցրած Երևան, Ձորափի 40 հասցե և այսօրվա տնօրինության ոչ իմաստալի բողոքին և ինձ զրկելու աշխատանքից (...):

(…) Ուժի մեջ [թողնել] ՀՀ աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի և ՀՀ վարչական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը»:

2. Դիմողը հայտնում է, որ թիվ ՎԴ/6911/05/22 վարչական գործով հանդիսանում է երրորդ անձ: Նշյալ վարչական գործով հայցվորը «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն է, իսկ պատասխանողը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Դիմողը, լինելով «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի աշխատակից, վերջինիս կողմից ազատվել է աշխատանքից՝ կենսաթոշակային տարիքը լրացած լինելու հիմքով:

Վկայակոչելով Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ Դիմողը պնդում է, որ եթե 63 կամ 65 տարին (ըստ կենսաթոշակի տեսակի) լրանալուց հետո գործատուն աշխատողին աշխատանքից չի ազատել, ապա այդ հիմքով այլևս աշխատանքից ազատելու իրավունք չունի:

Ըստ Դիմողի՝ Վճռաբեկ դատարանն Օրենսգրքի նշյալ օրինադրույթը հաշվի չի առել:

Դիմողի պնդմամբ` իրեն նշյալ հիմքով աշխատանքից ազատելն Օրենսգրքի սահմաններից դուրս է:

Դիմողը հայտնում է, որ դիմումում իրադրությունը ներկայացրել է իր հնարավորությունների սահմաններում և նշում է, որ հիմքերի պակաս լինելու կամ լրացուցիչ բացատրություններ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում պատրաստ է պատասխանել և տրամադրել իրեն կամ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին վերաբերող տվյալներ:

Միաժամանակ, Դիմողը սույն դիմումին կից ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն՝ հաշվի առնելով, որ գտնվում է սոցիալապես անապահով վիճակում:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով` որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է (...):

Վերոնշյալ իրավադրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատություն իրականացնող սահմանադրական մարմին է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը նորմատիվ իրավական ակտերի (դրանց առանձին դրույթների) սահմանադրականության ստուգման (սահմանադրական-դատական վերահսկողություն) միջոցով:

Ըստ այդմ` Սահմանադրական դատարանը հանդես է գալիս որպես իրավունքի դատարան, որը քննության է առնում ոչ թե փաստերի հիմնավորվածության կամ դատական ակտով նորմատիվ իրավական ակտի (դրա առանձին դրույթի) կիրառման իրավաչափության, այլ նորմատիվ իրավական ակտի (դրա առանձին դրույթի) սահմանադրականության հարցեր:

Ընդ որում` իր նշյալ գործառույթն իրականացնելիս Սահմանադրական դատարանն ամենևին հանդես չի գալիս որպես ընդհանուր կամ մասնագիտացված դատարանների վերադաս դատական ատյան և իր իրավասության ներքո գտնվող գործերը չի քննում ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանների դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության կարգով: Փոխարենը՝ Սահմանադրական դատարանն իր իրավասության շրջանակներում գործը քննում է Սահմանադրությամբ կանխորոշված լիազորությունների շրջանակներում և Սահմանադրական օրենքով սահմանված դատավարական առանձնահատուկ կարգով:

Վերոնշյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը կարևոր է համարում ընդգծել դիմումի բովանդակությանն առաջադրվող օրենսդրական պահանջների և Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակների միջև նորմատիվ և պատճառահետևանքային կապի ամրագրվածությունը, որը դրսևորվում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ դիմումում նորմատիվ իրավական ակտի համապատասխան դրույթի վիճարկման պահանջով: Վերջինս ակնհայտորեն տարածվում է նաև դիմումի առարկայի, այն է՝ Սահմանադրական դատարանին ուղղված պահանջի վրա, որը պետք է համապատասխանի Սահմանադրական դատարանի լիազորություններին՝ հաշվի առնելով անհատական դիմումի քննության առանձնահատկությունները:

Տվյալ պարագայում դիմումի խնդրամասում Սահմանադրական դատարանից պահանջվել է «(…) հաշվի առնել և անդրադառնալ Երևանի շտապօգնության բողոքի իմաստը կորցրած Երևան, Ձորափի 40 հասցե և այսօրվա տնօրինության ոչ իմաստալի բողոքին և ինձ զրկելու աշխատանքից (...):

(...) Ուժի մեջ [թողնել] ՀՀ աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի և ՀՀ վարչական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի կողմից Սահմանադրական դատարանին ուղղված նշյալ պահանջներից որևէ մեկը չի համապատասխանում Սահմանադրական դատարանի լիազորություններին, դուրս է Սահմանադրական դատարանի սահմանադրական իրավասությունից և, հետևաբար՝ Սահմանադրական դատարանի կողմից քննության ենթակա չէ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել Դիմողի՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:

2. Մարտին Հակոբյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Հ. Թովմասյան

Ա. Վաղարշյան

26 հունիսի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-29

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-29
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել