«ԱՐՄԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 հունվարի 2026թ. ՍԴԱՈ - 5 | «ԱՐՄԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐՄԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արմինե Առաքելյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արմինե Առաքելյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«Սահմանադրության 63-րդ, 66-րդ և 78-րդ հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասին թիվ ԵԴ1/0645/11/24 դատական վարույթով տրված մեկնաբանությունն՝ այնքանով, որքանով այդ մեկնաբանությունը չի հանդիսանում անհրաժեշտ միջոց՝ անձի` Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքը և Սահմանադրության 66-րդ հոդվածով հռչակված՝ անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքի գործողությունը սահմանափակելու համար, հետևաբար՝ այդ մեկնաբանության պայմաններում անձի՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքը և Սահմանադրության 66-րդ հոդվածով հռչակված՝ անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքի գործողությունը սահմանափակվում են ոչ անհրաժեշտաբար, հետևաբար՝ ոչ համարժեքորեն»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0645/11/24 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ թիվ ԵԴ1/0645/11/24 դատական վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը փաստացի մեկնաբանվել է այն բովանդակությամբ, որ այն դեպքում, երբ հանցագործության մասին պատշաճ հաղորդում ներկայացնողը պաշտոնատար անձ է, ապա այդ ենթադրյալ հանցագործությունից ենթադրաբար տուժած սուբյեկտը, այլ խոսքով՝ շահագրգիռ անձը, քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու մասին քննիչի վարութային ակտի դեմ կարող է ներկայացնել դատական բողոք՝ առանց հիշյալ վարութային ակտն իրավասու դատախազին բողոքարկած լինելու, օգտվելով քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու մասին քննիչի վարութային ակտի դեմ հանցագործության մասին պատշաճ հաղորդում ներկայացրած պաշտոնատար անձի բողոքն իրավասու դատախազի կողմից բավարարված չլինելու փաստից:
Դիմողը գտնում է, որ եթե քրեական վարույթը նախաձեռնվել է ոչ թե միասնական և անփոփոխ կարգով, այլ այդ կարգից որոշակի իրավիճակի բերումով տարբերվող կարգով, ապա այդպիսի քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցները չեն կարող գնահատվել իբրև թույլատրելի, հետևաբար՝ չեն կարող դրվել անձի անմեղության կանխավարկածի նկատմամբ իրականացվող միջամտության հիմքում, իսկ հակառակ պարագան անխուսափելիորեն հանգեցնելու է գնահատականի, որ անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն օրինական չէ, հետևաբար՝ մեղադրյալի արդար դատաքննության հիմնարար իրավունքի տարրը՝ գործի արդարացի քննությունը, ի սկզբանե ապահովված չէ:
Դիմողը նաև նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը մինչդատական ակտը՝ նախապես իրավասու դատախազին բողոքարկած լինելու և բողոքի բավարարում ստացած չլինելու պայմանից վարույթի մասնավոր մասնակցի կամ շահագրգիռ անձի համար որևէ բացառություն կամ առանձնահատկություն չի նախատեսում:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է․ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես, Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «(...) եթե Առաջին ատյանի դատարանի՝ 2024թ. Դեկտեմբերի 16-ի թիվ ԵԴ1/0645/11/24 որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը բավարարվեր կամ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025թ. սեպտեմբերի 12-ի թիվ ԵԴ1/0645/11/24 որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը բավարարվեր (…), ապա Արմինե Առաքելյանի նկատմամբ թիվ ԵԴ1/2735/01/25 քրեական գործով իրականացվող քրեական հետապնդումը (…) քրեադատավարական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով ենթակա էր լինելու դադարեցման (…)»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ1/0645/11/24 գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Այսպիսով, սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արմինե Առաքելյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
13 հունվարի 2026 թվականի
ՍԴԱՈ-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հունվարի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
