«ԲԵՐՄԱ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 նոյեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 25 | «ԲԵՐՄԱ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
1 նոյեմբերի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ` Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով «Բերմա» ՓԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Բերմա» ՓԲ ընկերությունը 12.10.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» ենթակետը, այնքանով, որքանով «կրեդիտորական պարտք» հասկացության պրակտիկայում տրված մեկնաբանությունը ներառում է նաև հարկային հաշվառման տեսանկյունից ծախս չհամարվող /որպես ծախս չհաշվառվող/ վճարման ենթակա շահաբաժնի գումարը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող և անվավեր»:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հանձնարարագրով «Բերմա» ՓԲԸ-ում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Ստուգման արդյունքում ընդունվել է ստուգման ակտ, որի համաձայն բացահայտվել են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7- րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» ենթակետի և ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19- ի թիվ 2052-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ մասի «բ» ենթակետի 4-րդ, 21-րդ և 22-րդ կետերի պահանջների խախտումներ: Ակտը բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան, որն ամբողջությամբ հայցը մերժել է: Ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք: 21.04.2015թ. ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել է մասնակի և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան որոշմամբ նշված ծավալով նոր քննության: Գործի նոր քննության արդյունքում Վարչական դատարանը դիմումատուի հայցը բավարարել է մասնակի: ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից: ՀՀ վճռաբեկ դատարանը 03.05.2017թ. որոշմամբ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժել է:
3. Դիմողի` վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկները հանգում են հետևյալին: Դիմողը նշում է, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» ենթակետում օգտագործվող «կրեդիտորական պարտք» եզրույթը պրակտիկայում կիրառվում է այդ հոդվածի հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի թիվ 2052- Ն որոշմամբ «կրեդիտորական պարտք» եզրույթին տրված իմաստով, որը ներառում է նաև վճարման ենթակա շահաբաժնի գումարը:
Ըստ դիմողի «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» ենթակետը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված սեփականության իրավունքի միջամտության թույլատրելի միջոցներին այնքանով, որքանով նշված հոդվածի կիրառումը հանգեցնում է սեփականության իրավունքի օրենքով չնախատեսված միջամտության, քանի որ օրենքում օգտագործվող «կրեդիտորական պարտք» եզրույթը կիրառվում է ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ենթաօրենսդրական ակտով դրան տրված իմաստով, որն ինքնին հակասում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին, քանի որ վերջինիս համաձայն վճարման ենթակա շահաբաժնի գումարը դիտարկվում է որպես ծախս չհամարվող տարր: Դիմողի կարծիքով ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների վերլուծությունից հետևում է, որ անձինք ազատ են տիրապետելու սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը, այդ թվում դրամական միջոցները: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է հարկ վճարելու պարտականությունը: Սա նշանակում է, որ հարկի գումարի նկատմամբ անձանց սեփականության իրավունքն իրավաչափորեն սահմանափակված է, դա վերջիններիս պարտականությունն է պետության հանդեպ, ինչն անառարկելիորեն բխում է հանրային շահից: Հենց վերոգրյալի հաշվառմամբ սահմանվել է բացառապես օրենքի հիման վրա սեփականության իրավունքի սահմանափակման և բացառապես օրենքի հիման վրա հարկերի սահմանման սկզբունքները:
Դիմողը գտնում է, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2- րդ մասի «ժե» ենթակետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասին այնքանով, որքանով նշված հոդվածի կիրառումը հանգեցնում է սեփականության իրավունքի օրենքով չնախատեսված միջամտության, քանի որ օրենքում օգտագործվող «կրեդիտորական պարտք» եզրույթը կիրառվում է ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ենթաօրենսդրական ակտով դրան տրված իմաստով, անձը չի կարող իր վարքագիծը պայմանավորել օրենքին համապատասխան, քանի որ մի դեպքում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի ուժով շահաբաժնի մասով չի առաջանում կրեդիտորական պարտք, սակայն մեկ այլ դեպքում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» ենթակետը պրակտիկայում կիրառվում է ճիշտ հակառակ իմաստով: Բացի դրանից, նշված դրույթը ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասին հակասում է նաև այնքանով, որքանով նշված միջամտությունը չի բխում հանրային շահից, հարկ վճարելու սահմանադրական պարտականության ապահովման սկզբունքից, քանի որ օրենքի ուժով պետությունը, ի դեմս հարկային մարմնի, հետաքրքրված չէ հարկային հաշվառման ոչ ենթակա, ծախս չհամարվող տարրերով, դրանք չեն հաշվառվում որպես կրեդիտորական պարտքեր, հետևաբար չեն կարող դուրս գրվել որպես անհուսալի կրեդիտորական պարտքեր:
4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
Դիմումի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դիմողը, վիճարկելով խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականությունը, իր փաստարկներում շեշտադրում է այն, որ խնդրո առարկա դրույթի կիրառումը հանգեցնում է սեփականության իրավունքի օրենքով չնախատեսված միջամտության, քանի որ օրենքում օգտագործվող «կրեդիտորական պարտք» եզրույթը կիրառվում է ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ենթաօրենսդրական ակտով ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի թիվ 2052- Ն որոշմամբ, դրան հաղորդած իմաստով այն պարագայում, երբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի ուժով շահաբաժնի գումարը դիտվում է որպես ծախս չհամարվող տարր: Այս համատեքստում դիմողը, թվով երկրորդ վերաքննիչ բողոքում իր հիմնավորումները ներկայացնելիս մատնանշելով ՀՀ կառավարության նշյալ որոշումը, շեշտադրել է այն հանգամանքը, որ «... սույն գործով պարզման ենթակա հանգամանք է, թե արդյոք տեղի է ունեցել պարտատիրոջ և պարտապանի փոխադարձ համաձայնությամբ պարտավորության երկարաձգում, թե ոչ:... Եթե պարտավորության երկարաձգում տեղի է ունեցել, ապա սույն գործով թիվ 1001329 ստուգման ակտի 1-ին կետում առաջադրված շահութահարկի պարտավորություններն անհիմն են...»: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ «... ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտների թվին չի դասել շահաբաժինների գծով անխուսափելի դարձած կրեդիտորական պարտքերը..., շահաբաժինները բաշխել է 2009 թվականի ապրիլ ամսին, որի մարման ժամկետ չի սահմանել և արդյունքում թվով 6 մասնակիցների մասով նշված գումարի չափով այն դարձել է անհուսալի և ենթակա էր դուրս գրման...»: Այսինքն դիմողի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիմնավորումներն առ այն, որ տեղի է ունեցել պարտատիրոջ և պարտապանի փոխադարձ համաձայնությամբ պարտավորության երկարաձգում, ինչի արդյունքում էլ չվճարված շահաբաժնի մասով շահութահարկի պարտավորություններ չէին առաջանա, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն ակնհայտ անհիմն է համարել մերժելով դիմողի վերաքննիչ բողոքը: Արդյունքում դիմողի իրավունքների խախտումը պայմանավորված է եղել ոչ թե վիճարկվող դրույթին Կառավարության որոշմամբ տրված բովանդակությամբ, այլ նրանով, որ գործի դատաքննության արդյունքում չի ապացուցվել չվճարված շահաբաժնի մասով առաջացած պարտավորության երկարաձգման փաստը:
Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ դիմողի համար առաջացած անցանկալի հետևանքները պայմանավորված են նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերով, և դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել որպես խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկում: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Բացի դրանից, դիմումի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» ենթակետի իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանության ենթադրյալ իրավական հակասահմանադրականությունը հիմնավորվում է նրանով, որ դատարաններն օրենքի վիճարկվող նորմը մեկնաբանելիս կիրառել են ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի թիվ 2052-Ն որոշումը: Ընդ որում, դատարաններն օրենքի վիճարկվող նորմը կիրառելիս հիմք են ընդունել ոչ թե օրենսդրության ընդհանուր տրամաբանությունը, այլ կոնկրետ իրավական ակտը ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի թիվ 2052-Ն որոշումը, որով ըստ էության բացահայտված է օրենքի վիճարկվող նորմի բովանդակությունը: Մինչդեռ ՀՀ կառավարության որոշման վիճարկման հնարավորությունն անհատական դիմումի շրջանակներում Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված չէ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Բերմա» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
1 նոյեմբերի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-25
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 նոյեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-25
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
