ԱՅՄԱՆ ՈՒԱԺԱՆՈՎԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-69)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 69 | ԱՅՄԱՆ ՈՒԱԺԱՆՈՎԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 13 օգոստոսի 2026թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի
դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Վ. Վարդանյանի
Քննության առնելով Այման Ուաժանովայի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Այման Ուաժանովան (այսուհետ նաև՝ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 30-ին), խնդրել է.
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 201-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/26280/02/20 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ խնդրո առարկա քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը, մեկնաբանելով վիճարկվող դրույթները, ձևավորել է այնպիսի իրավակիրառ պրակտիկա, որի համաձայն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի նկատմամբ ընտանեկան իրավունքի (համատեղ սեփականության) կանոնները ստորադասվում են կորպորատիվ իրավունքի կանոններին: Արդյունքում՝ Դիմողի պնդմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ ռեգիստրում գրանցված ամուսինն իրավունք ունի միանձնյա, առանց մյուս ամուսնու համաձայնության օտարել համատեղ միջոցներով ձեռք բերված բաժնեմասը։
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներին տրված նման մեկնաբանությունը հակասում է Սահմանադրությանը: Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթներին Վճռաբեկ դատարանի կողմից տրված համապատասխան մեկնաբանությունն իրեն փաստացի զրկել է իր գույքի (բաժնեմասի) տնօրինման հարցում կամք դրսևորելու սահմանադրական հնարավորությունից: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ այն մոտեցումը, որ ամուսինն իրավունք ունի միայն ստացված «հատուցման» նկատմամբ, այլ ոչ թե բուն բաժնեմասի (գույքի), ոչնչացնում է սեփականության բուն էությունը:
Դիմողի պնդմամբ՝ թիվ ԵԴ/26280/02/20 քաղաքացիական գործի շրջանակում Վճռաբեկ դատարանը, ստեղծելով նախադեպ, որը փաստացի «բացառություն» է նախատեսում բաժնեմասերի համար, հակասության մեջ է մտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմպերատիվ նորմերի հետ՝ իրավակիրառ պրակտիկան դարձնելով անորոշ և անկանխատեսելի:
Դիմողը պնդում է, որ այն դեպքում, երբ ՀՀ դատարանները վիճարկվող դրույթները մեկնաբանում են այնպես, որ բաժնեմասի առանց համաձայնության օտարումը չի հանդիսանում առոչինչ կամ վիճարկելի գործարք, անձը զրկվում է իր իրավունքների պաշտպանության միակ արդյունավետ եղանակից՝ գործարքն անվավեր ճանաչելուց:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթների կապակցությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկան ուղղակիորեն խաթարում է Սահմանադրությամբ երաշխավորված արժեքները: Ըստ Դիմողի՝ Վճռաբեկ դատարանը, արհեստականորեն հակադրելով կորպորատիվ և ընտանեկան իրավունքի նորմերը, գերակայությունը տվել է ընկերության շահերին՝ ամբողջությամբ անտեսելով և իմաստազրկելով ընտանիքի տնտեսական հիմքի պաշտպանությունը (Սահմանադրության 16-րդ հոդված) և սեփականության տնօրինման սահմանադրական իրավունքը (Սահմանադրության 60-րդ հոդված): Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ նման պրակտիկան խախտում է Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և Սահմանադրական դատարանի նախկին որոշումներով հստակ ամրագրված՝ «պոզիտիվ համաձայնության» իմպերատիվ պահանջը գործնականում դադարում է գործել, երբ խոսքը վերաբերում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասին։ Արդյունքում՝ Դիմողի պնդմամբ՝ օրենքով նախատեսված պաշտպանական մեխանիզմը՝ առանց համաձայնության կնքված գործարքն անվավեր ճանաչելը, դառնում է անհասանելի՝ զրկելով իրեն դատական պաշտպանության միակ իրական միջոցից և արդարադատությունը վերածելով ձևական գործընթացի:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերը, ինչպես նաև 201-րդ հոդվածի 1-ին մասը՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, հակասում են Սահմանադրության 60, 61, 63, 78 և 79-րդ հոդվածներին, ինչի հետևանքով խախտվել են իր՝ սեփականության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը։ Մասնավորապես՝ գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի և 201-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/26280/02/20 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և հատկապես Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի և 201-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և հատկապես Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Այման Ուաժանովայի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ե. Խունդկարյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
Վ. Վարդանյան
13 օգոստոսի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-69
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 օգոստոսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-69
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
