Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՂԱՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՂԱՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-784 հուլիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-78)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 հուլիսի 2023թ. ՍԴԱՈ - 78 | «ԱՂԱՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԱՂԱՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի, 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

2023 թվականի հունիսի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Աղասի Դանիելյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասը այնքանով, որքանով վճռաբեկ բողոքի ընդունելության հիմք է սահմանում ստորադաս դատարանների արդարադատության բուն էությունը խաթարող խախտումը, և որպես վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմք չի սահմանում ստորադաս դատարանների կողմից գործի սխալ լուծման հանգեցրած առերևույթ դատական սխալը, ճանաչել Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ և 171-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը այնքանով, որքանով «արդարադատության բուն էությունը խաթարող խախտման» հասկացությունը որոշակի չէ, ճանաչել Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը այնքանով, որքանով Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելիս հաստատում է ստորադաս դատարանի կողմից թույլ տրված արդարադատության բուն էությունը խաթարող խախտման առկայությունը, ճանաչել Սահմանադրության 1-ին, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն դիմող Աղասի Շավարշի Դանիելյանի նկատմամբ թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործով կայացված Վճռաբեկ դատարանի 20.01.2023թ. որոշումը ճանաչել նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի դատավա-րական նախապատմությունը և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումները Դիմողը նշում է, որ իրավական պետությունում գործի սխալ լուծմանը հանգեցրած դատական սխալն ակնհայտորեն հանդիսանում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի վերացման պարտականությունը, Սահմանադրության 171-րդ հոդվածի համաձայն, ունի Վճռաբեկ դատարանը: Դիմողի պնդմամբ Վճռաբեկ դատարանը չի կարող ընդունել, որ դատարանը կայացրել է գործը սխալ լուծող դատական ակտ, և միևնույն ժամանակ նշել, որ դա դեռևս բավարար հիմք չէ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար: Դիմողի համոզմամբ նման պայմաններում Վճռաբեկ դատարանը կխախտի Սահմանադրության 171-րդ հոդվածով նախատեսված իր սահմանադրական պարտականությունը: Դիմողն ընդգծում է, որ «(...) եթե արդարադատության նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ կայացնելու միջոցով, սակայն Վճռաբեկ դատարանի համար որպես բողոքի ընդունելիության հիմք նախատեսված չէ ստորադաս դատարանի կողմից առերևույթ գործի սխալ լուծման հանգեցրած դատական սխալը, ապա Վճռաբեկ դատարանը նույնպես չի կարող պատշաճ կերպով իրականացնել Սահմանադրության 171-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունները: Այսինքն վերջինս չի վերացնի մարդու իրավունքների և ազատությունների հնարավոր հիմնարար խախտումները վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու օրենսդրական բավարար հիմքերի բացակայության պատճառով»: Դիմողը փաստում է, որ արդարադատության բուն էությունը խաթարող խախտման չափանիշները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չեն, սակայն այն ակնհայտորեն չի նույնացվում գործի սխալ լուծմանը հանգեցնող առերևույթ դատական սխալի հետ: Արդյունքում, Դիմողի պնդմամբ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասը արդարադատության բուն էությունը խաթարող խախտում» եզրույթով սահմանում է վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելիության համար ավելի բարձր շեմ, քան անհրաժեշտ է Սահմանադրության 171-րդ հոդվածի պատշաճ իրականացման համար: Դիմողն ընդգծում է. «Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը պատշաճ չի կարող իրականացնել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու իր սահմանադրական պարտականությունը, ինչի արդյունքում ոչ իրավաչափ սահմանափակվում է դատարանի մատչելիության սկզբունքը, և խախտվում են մարդու Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված հիմնական իրավունքները»: Դիմողը փաստում է, որ խնդրո առարկա հիմքով վճռաբեկ բողոք ներկայացնելիս անձի համար կանխատեսելի չեն այն չափանիշները, որոնցով Վճռաբեկ դատարանը պետք է առաջնորդվի խախտումն արդարադատության բուն էությունը խաթարող գնահատելու համար: Ավելին, Դիմողի պնդմամբ օրենսդրական ձևակերպումը Վճռաբեկ դատարանին ևս հնարավորություն չի տալիս որոշելու նման խախտման բնորոշ հատկանիշները, ինչը շատ դեպքերում ողջամտորեն կարող է հանգեցնել կամայական որոշումների: Արդյունքում, ըստ Դիմողի մի շարք էական խախտումներ չեն դիտարկվում արդարադատության բուն էությունը խաթարող, իսկ որոշ աննշան խախտումներ կարող են դիտարկվել այդպիսին: Դիմողի համոզմամբ. «Տվյալ հասկացության չափանիշները չի սահմանում նաև Վճռաբեկ դատարանը: Ավելին եթե Վճռաբեկ դատարանը սահմաներ նման թեկուզ նեղ չափանիշներ, հնարավորություն կլիներ դիտարկել տվյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը: Սակայն արդարադատության բուն էության խաթարող խախտման չափանիշների իսպառ բացակայության պայմաններում ակնհայտորեն տուժում է արդարադատությունը: Նշված եզրույթի էության և չափանիշների բացահայտումը Սահմանադրական դատարանի կողմից էականորեն կնպաստի ներկայացվող վճռաբեկ բողոքների որակի բարելավմանը, կբարձրացնի դատարանի մատչելիության սկզբունքի մակարդակը և կապահովի Վճռաբեկ դատարանի սահմանադրական խնդրի պատշաճ իրականացումը»: Դիմողը նշում է, որ ներկայումս առկա են վերոնշյալ դրույթի հետ կապված մի շարք անորոշություններ: Մասնավորապես, Դիմողի համոզմամբ «անհրաժեշտ է նախ բացահայտել արդարադատության բուն էության» հասկացությունը, հասկանալ ինչու է խոսվում բուն էության» խաթարման, այլ ոչ հենց արդարադատության խաթարման մասին, արդյո՞ք արդարադատությունը խաթարող խախտումները որևէ կերպ զիջում են արդարադատության բուն էությունը խաթարող խախտումներին: Եվ ին՞չ է նշանակում արդարադատության բուն էության խաթարում, արդյո՞ք արդարադատության բուն էությունը վնասող ցանկացած խախտում չի հանգեցնում դրա խաթարման, և ո՞ր խախտումներն են համարվում խաթարում»: Ներկայացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բովանդակությունը Դիմողը նշում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փուլում Վճռաբեկ դատարանը չի կայացնում գործն ըստ էության լուծող դատական ակտ: Վերջինս որոշում է բողոքի ընդունելիության հարցը, և եթե վճռաբեկ բողոքն ընդունում է վարույթ, ապա դրանից հետո միայն անցնում է գործի ըստ էության քննությանը իրացնելով իր սահմանադրական լիազորությունը վերացնել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները: Դիմողի դիտարկմամբ դրանով է պայմանավորված նորմում «առերևույթ» եզրույթի սահմանումը: Դիմողը փաստում է, որ գործին մասնակցող անձինք պետք է հնարավորություն ունենան դիրքորոշում հայտնելու խախտման հանգամանքի մասին մինչև դրա հնարավոր հաստատումը: Դիմողի պնդմամբ Վճռաբեկ դատարանը նման կարևոր փաստը պետք է կարողանա հաստատել միայն գործի ըստ էության քննության ժամանակ, այլ ոչ թե վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս: Հակառակ պարագայում, ըստ Դիմողի, չի ապահովվի նաև մարդու դատարանի կողմից իր գործի արդյունավետ քննության իրավունքը: Ավելին, Դիմողի համոզմամբ, Վճռաբեկ դատարանը չի կարող բողոքը վարույթ ընդունելու փուլում հաստատել վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտման փաստը, և դա ակնհայտորեն համատեղելի չէ մարդու արդար դատաքննության իրավունքի հետ: Դիմողի պնդմամբ նման հանգամանքը կարող է հաստատվել գործի ըստ էության քննության ժամանակ գործին մասնակցող անձանց դիրքորոշումները լսելուց հետո, հակառակ դեպքում չեն պահպանվի արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող իրավահավասարության և մրցակցության սկզբունքները: Միաժամանակ, Դիմողն ընդգծում է, որ Վճռաբեկ դատարանը պետք է հնարավորություն ունենա հաստատելու արդարադատության բուն էությունը խաթարող ենթադրյալ խախտումը: Դիմողի համոզմամբ նման դեպքերում գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն կունենան պաշտպանվելու և ներկայացնելու իրենց դիրքորոշումը խախտման բացակայության վերաբերյալ օգտվելով իրավահավասարության և մրցակցության սկզբունքներից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը միևնույն թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի, վերջինիս 1-ին կետի (նաև դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության վիճարկման վերաբերյալ անհատական դիմում Սահմանադրական դատարան ներկայացրել է նաև 2023 թվականի մայիսի 11-ին, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատական կազմը 2023 թվականի մայիսի 29-ին կայացրել է Աղասի Դանիելյանի անհատական դիմումով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի, վերջինիս 1-ին կետի (նաև դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը մերժելու մասին ՍԴԴԿՈ-23 որոշումը ներկայացված դիմումն ակնհայտ անհիմն լինելու, ինչպես նաև այն Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքերով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2023 թվականին հունիսի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված` Աղասի Դանիելյանի սույն անհատական դիմումով, կրկին վիճարկվում է թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի, վերջինիս 1-ին կետի (նաև դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)` համապատասխանությունը Սահմանադրությանը, ընդ որում Դիմողը, չնայած որոշ ձևակերպումների փոփոխություններին, ներկայացնում է դիմումի, ըստ էության, նույնական հիմնավորումներ։ Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը, ըստ որի Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում անձի իր հայեցողությամբ ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը, սահմանված լինելով օրենքներով, իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են անձի խախտված իրավունքների` դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ։ Վերահաստատելով նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշումները Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով վերապահված իր իրավունքի շրջանակներում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը և դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, որովհետև դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Նշված աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներով գործի քննությունը մերժելու հիմքերին, մասնավորապես ակնհայտ անհիմն դիմումներին, արձանագրել է հետևյալը․ «Ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել կամ արդեն իսկ ընդունվել է քննության սահմանադրական դատարանի կողմից»։ Վերոգրյալից բխում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքը, չի ենթադրում միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» նույն դատական գործի շրջանակներում կիրառված նույն դրույթի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ բազմաթիվ դիմումների ներկայացման հնարավորություն այն պարագայում, երբ դրա քննության վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի կամ աշխատակարգային որոշում։ Տվյալ դեպքում Աղասի Դանիելյանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի, վերջինիս 1-ին կետի (նաև դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության վիճարկման վերաբերյալ անհատական դիմում է ներկայացվել 2023 թվականի մայիսի 11-ին, որի վերաբերյալ առկա է գործի քննությունը մերժելու մասին Սահմանադրական դատարանի դատական կազմի 2023 թվականի մայիսի 29-ի ՍԴԴԿՈ-23 որոշումը։ 2023 թվականի հունիսի 14-ին Աղասի Դանիելյանի կողմից Սահմանադրական դատարան է ներկայացվել, ըստ էության, որոշակի ձևակերպումների փոփոխությամբ նույնական հիմնավորումներով համանման բովանդակությամբ դիմում, որի ընդունումը, Սահմանադրական դատարանի եզրահանգմամբ, վերոնշյալ պատճառաբանություններով ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի, 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

4 հուլիսի 2023 թվականի

ՍԴԱՈ-78

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 հուլիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-78
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել