Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 414 ² -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 414 ² -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-725 հունվարի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 հունվարի 2019թ. ՍԴԱՈ - 7 | «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 414 ² -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 414²-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի դատական կազմի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ Ա. Վարդևանյան) 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «Որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79- րդ հոդվածներին համապատասխանության հարցը հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:

2. Ըստ դիմողի խնդրո առարկա դրույթում սահմանադրական արդարադատությանը վերաբերող հարցերին օրենսդրի կողմից անդրադարձ չկատարելն առաջացնում է այն անորոշությունը և մեկնաբանությունը, որ Վճռաբեկ դատարանը կարող է ապահովել նաև սահմանադրական նորմերի մեկնաբանման և միատեսակ կիրառման գործառույթ: Դիմողի կարծիքով Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակներում ներառված չեն սահմանադրաիրավական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և դրանից բխող վերլուծությունը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ կարգավորումների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը, գործը վարույթ ընդունելիս հղում կատարելով սահմանադրաիրավական նորմերին, մեկնաբանելով այդ նորմերի բովանդակությունը և քննելով բողոքը հիմնվելով առավելապես սահմանադրական նորմերի վրա, դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակներից ստանձնելով Սահմանադրական դատարանի լիազորությունները:

Դիմողը գտնում է, որ այն դեպքերում, երբ արգելափակվում է սահմանադրական արդարադատության իրականացումը, այն է իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը և (կամ) այն իրացվում է այնպիսի մարմնի կողմից, որը նման լիազորությամբ օժտված չէ, խախտվում են Սահմանադրության 75 և 79-րդ հոդվածներում ամրագրված սահմանադրական իրավունքները:

Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթը և դրան տրված մեկնաբանության արդյունքում վրա հասած հետևանքներն ուղղակիորեն հանգեցնում են Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի խախտման, ինչպես նաև խեղաթյուրում և իմաստազրկում են Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

3. Դիմողն անդրադառնում է նաև այլ հարցերի, որոնց վերաբերյալ վերջնարդյուն-քում սահմանադրականությունը որոշելու խնդիր չի բարձրացվում, ուստի Սահմանադրա-կան դատարանն իրավասու չէ անդրադառնալ դրանց:

4. Դիմումի և կից փաստաթղթերի, ինչպես նաև գործում առկա այլ նյութերի ուսումնասիրությունը վկայում են, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

4.1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար: Հիշյալ դրույթը, ըստ էության, վերարտադրում է Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ամրագրված դրույթը, համաձայն որի Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Սահմանադրական հիշյալ դրույթով ամրագրվում է Վճռաբեկ դատարանի գործառույթը ապահովել նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը: Նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, դրանց ճիշտ մեկնաբանությունն ապահովելը` որպես նաև իրավունքի զարգացմանը նպաստելու միջոցներ, կառուցակարգային առումով փոխկապակցված գործառույթներ են: Վճռաբեկ դատարանի` նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթից անմիջականորեն բխում է դատարանների կողմից կիրառված նորմատիվ իրավական ակտերի միասնական ընկալման վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելը (ի դեպ, համանման իրավական դիրքորոշումներ Սահմանադրական դատարանն արտահայտել է իր մի շարք որոշումներով, մասնավորապես 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ):

4.2. Այն հանգամանքը, որ սահմանադրական արդարադատության ոլորտը, Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դուրս է Վճռաբեկ դատարանի գործառույթների շրջանակից, չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանը չունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն: 4.3. Սահմանադրության 164-րդ հոդվածի համաձայն արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Դատավորի և, հետևապես դատարանի անկախության առանցքային կանոնն ամրագրող այս դրույթը, ի թիվս այլնի, ամրագրում է նաև Սահմանադրությանը համապատասխան գործելու դատավորի պարտադիր լիազորությունը, ինչը նշանակում է, որ Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն Սահմանադրությամբ վերապահված է յուրաքանչյուր դատարանի, այդ թվում Վճռաբեկ դատարանին: Դատարանների կողմից սահմանադրական նորմերի ճիշտ և միատեսակ ընկալմամբ, մեկնաբանմամբ և կիրառմամբ է պայմանավորվում նաև սահմանադրականության հաստատումը:

4.4. Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է Վճռաբեկ դատարանի մյուս գործառույթը, այն է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացումը, այդ թվում նաև Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների մասով, ինչն անհնարին է առանց Սահմանադրության հիմնական իրավունքները և ազատություններն ամրագրող դրույթների մեկնաբանության և կիրառման: 4.5. Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասն ընդամենը սահմանում է Վճռաբեկ դատարանի գործառույթները, այլ ոչ թե նրա լիազորությունների սպառիչ ցանկը։ Սահմանադրության այս դրույթի ձևակերպումից հստակ բխում է, որ Սահմանադրությամբ նախատեսված գործառույթները Վճռաբեկ դատարանն իրականացնում է օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատական ակտը վերանայելու միջոցով:

4.6. Վճռաբեկ դատարանի գործառույթների սահմանման միջոցով սահմանադիրը նպատակ է ունեցել ընդգծելու, որ Վճռաբեկ դատարանը տարբերվում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններից հատկապես նրանով, որ վարույթ չի ընդունում և չի քննում ցանկացած գործ: Բացի դրանից, Վճռաբեկ դատարանին վերաբերող սահմանադրական դրույթներից ակնհայտ է, որ սահմանադիրը Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի ձևակերպմամբ նպատակ չի ունեցել Վճռաբեկ դատարանի իրավասության շրջանակից դուրս թողնել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից Սահմանադրության միատեսակ մեկնաբանումը և կիրառումն ապահովելու խնդիրը: Հակառակը` հիշյալ սահմանադրական նորմով ընդգծվում է, որ Վճռաբեկ դատարանն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում կոչված է երաշխավորելու դատարաններում հատկապես նաև մարդու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողությունը:

4.7. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի ուժով մարդու հատկապես հիմնական իրավունքները և ազատություններն են անմիջականորեն ենթակա դատական պաշտպանության, հետևապես ոչ միայն Վճռաբեկ, այլև բոլոր դատարաններն են պարտավոր առաջին հերթին պաշտպանելու մարդու հենց հիմնական իրավունքները և ազատությունները, իսկ դա հնարավոր չէ առանց այդ իրավունքները և ազատություններն ամրագրող Սահմանադրության դրույթների մեկնաբանության և կիրառման:

4.8. Որպես Սահմանադրության գերակայության ապահովման միջոց Սահմանադրության վերջնական և համապարտադիր մեկնաբանությունն ու կիրառումն է Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունը, իսկ հանրային իշխանության բոլոր մարմինները Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրենց լիազորությունների շրջանակներում մեկնաբանում և կիրառում են Սահմանադրությունը, հատկապես եթե, Սահմանադրության 3-րդ հոդվածին համահունչ, խոսքն անմիջականորեն գործող իրավունքի, այն է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների մասին է, որոնցով սահմանափակված է ամբողջ հանրային իշխանությունը:

4.9. Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում նույնպես ընդգծել է, որ Սահմանադրության դրույթների վերաբերյալ նորմատիվ ակտերի սահմանադրականությունը գնահատելիս ներկայացնում է վերջնական իրավական դիրքորոշում (օրինակ` 2006 թվականի հոկտեմբերի 18-ի ՍԴՈ-652), և որ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները կոչված են իրավակիրառ պրակտիկայում ապահովելու Սահմանադրության առավել ամբողջական և միակերպ ընկալումն ու սահմանադրականությունը, իրավակիրառ պրակտիկան նպատակամղելու նորմատիվ իրավական ակտերն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան ընկալելու և կիրառելու ուղղությամբ (օրինակ 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943):

4.10. Թեև սահմանադրական արդարադատության իրականացումը, հատկապես նաև օրենքի և Սահմանադրության մեջ նշված այլ նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելը Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է, այնուամենայնիվ, սահմանադրականության ստուգումը բոլոր դատարանների պարտականությունն է:

Այսպես` Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով հանգում են կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության խնդրի, այսինքն այդ կապակցությամբ առաջանում են հիմնավոր կասկածներ, և եթե տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով, ապա դատարանները պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան այդ ակտի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով, ինչը նշանակում է, որ բոլոր դատարանները, այլ ոչ միայն Վճռաբեկ դատարանը, պետք է ինցիդենտ կերպով ստուգեն կիրառվելիք նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը և պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան նշված նախադրյալների առկայության դեպքում:

5. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ ոչ միայն դատարանները, այլև առանձին սահմանադրական այլ մարմիններ, որոնց գործառույթները և լիազորությունների շրջանակը սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ, օրինակ Ազգային ժողովը, անկախ նրանց գործունեությունը կանոնակարգող սահմանադրական կամ այլ օրենքների առկայության փաստից, պարտավոր են իրենց գործունեության մեջ մեկնաբանել և կիրառել Սահմանադրությունը:

6. Դատարանների, այդ թվում Վճռաբեկ դատարանի, կամ հանրային իշխանության այլ մարմինների լիազորությունը մեկնաբանելու Սահմանադրությունը, ապահովելու դրա կիրառությունը, չի խաթարում Սահմանադրական դատարանի լիազորության բացառիկությունը որպես Սահմանադրության գերակայությունն ապահովող մարմնի վերջնական լուծում տալու Սահմանադրության մեկնաբանության հարցերին, որն ունի համապարտադիր բնույթ հանրային իշխանության բոլոր մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

7. Սահմանադրական դատարանն ինքն է վերջնարդյունքում ապահովում Սահմա- նադրության միատեսակ կիրառությունը իր լիազորությունների շրջանակներում լուծում տալով Սահմանադրության մեկնաբանության առնչությամբ առաջացած բոլոր վեճերին: Սահմանադրական արդարադատության էությունը կարող էր նենգափոխվել կամ այդ արդարադատության արդյունավետությունը կարող էր նվազել, եթե Սահմանադրության մեկնաբանության և կիրառման հետ կապված վեճերի վերջնական լուծումը վերապահված լիներ հանրային իշխանության մեկ այլ մարմնի:

8. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1- ին մասի 6-րդ կետը սահմանում է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում հիշյալ օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Իսկ նույն օրենքի 69- րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված է, որ անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումը բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորված չէ:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 69-րդ հոդվածի 5-րդ մասը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

25 հունվարի 2019 թվականի

ՍԴԱՈ-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունվարի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել