Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՂՎԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՂՎԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4422 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-44)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 սեպտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 44 | ԱՂՎԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 22 սեպտեմբերի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Աղվան Պետրոսյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Աղվան Պետրոսյանը (այսուհետ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի օգոստոսի 14-ին) խնդրելով. « ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի դրա մասնակիցների» և 3-րդ մասի 1-ին նախադասության մեջ սեփականության մասնակիցների», 4-րդ մասի սեփականության մասնակցի» դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ, 28-րդ 39-րդ, 60-րդ և 61-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

2. Ներկայացնելով թիվ ՇԴ/1433/02/20 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ «Դատարանների կողմից Դիմումատուի նկատմամբ կիրառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության սեփականության մասնակիցների» դրույթը, որով խախտվել է Դիմումատուի ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքն ու 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը»: Դիմողը գտնում է. Բաժնային սեփականատիրոջ մահվան դեպքում ժառանգների կողմից փաստացի ընդունված ժառանգության ձևակերպում չի իրականացվում ամենատարբեր պատճառներով ժառանգության ձևակերպման համար անհրաժեշտ գումարի բացակայություն, Հայաստանի Հանրապետությունից բացակայություն, այլ պարտավորությունների /վարկ և այլն/ համար ժառանգական գույքի հաշվին պարտավորությունը չկատարելու դիտավորություն և այլն, և հնարավոր չի փաստաթղթային կարգով ցույց տալ նրանց կողմից ժառանգության ընդունումը, սեփականության գրանցումը, որպիսի հանգամանքն ուղղակի արգելք է հանդիսանում բաժնային սեփականատիրոջ սեփականության իրավունքի իրականացմանը, առաջացնելով նաև սեփականության իրավունքի սահմանափակում, ինչպես սույն դեպքում»: Դիմողը նշում է. Չանդրադառնալով բաժնեմասի առանձնացման համար պահանջվող ՀՀ օրենսդրությամբ սահմանված մյուս չափանիշներին, առանձնահատուկ ուշադրության է արժանի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության սեփականության մասնակիցներ» դրույթը, որը վերը նկարագրած պայմաններում դատական պաշտպանության օրենսդրական իրավակարգավորումը դարձնում է առոչինչ, քանի որ դատարանների կողմից դատարան դիմողից պահանջվում է ապացուցել մյուս կողմի սեփականատեր լինելու հանգամանքը»: Ըստ Դիմողի խնդիրը նրանում է, որ « մահացած սեփականատիրոջ իրավահաջորդները, որոնք փաստացի տիրապետում են ժառանգական գույքը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ և 1225-րդ հոդվածի 5-րդ մասերի համաձայն պատկանում է իրենց ըստ էության հանդիսանում են իրավատերեր, ելնելով իրենց ինչ-ինչ շահերից չեն ձևակերպում իրենց ժառանգությունը, որպիսի պայմաններում օրինապահ քաղաքացին, որն օրենքով սահմանված կարգով ձևակերպել է իր ընդունած ժառանգությունը կամ այլ հիմքով դարձել է սեփականատեր, անգամ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով հնարավորություն չի ստանում ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան իրացնել օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունը, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությանը համապատասխան Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին»: Դիմողը նշում է. «Ստացվում է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ և 61-րդ հոդվածների իրավակարգավորումները վերաբերվում են մահացած /բացակա/ սեփականատիրոջը և պաշտպանում են նրա սեփականությունը, իսկ ներկա սեփականատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանությունը կախման մեջ է դրվում այդ անձանց /ներկա կամ բացակա/ ցանկություններից»: Դիմողը գտնում է, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության և դատական պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ ցանկացած պարագայում սեփականության մասնակիցներ» դրույթը հիմք է հանդիսանում ներկա սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության չիրականացման սեփականության մյուս սեփականատիրոջ անորոշության պատճառով, քանի որ ՀՀ օրենսդրությունն ուղղակի չի բացահայտում այդ պայմաններում, գոնե, դատարանների գործելակերպը, ինչն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասը, 3-րդ մասի 1-ին նախադասությունը, 4-րդ մասի առաջին պարբերությունն ու երկրորդ պարբերության առաջին նախադասությունը ևս դարձնում է անորոշ և ՀՀ Սահմանադրության 10-րդ, 28-րդ, 39-րդ, 60-րդ և 61-րդ հոդվածներին հակասող»: Դիմողը եզրահանգում է. ա/ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի հակասահմանադրականությունը պայմանավորված է նշված դրույթում օրենսդրական բացի առկայությամբ և այդ բացով պայմանավորված ողջ իրավակարգավորման իրավական անորոշությամբ, բ/ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ և 4-րդ մասերի հակասահմանադրականությունը պայմանավորված է նշված մասերում սեփականության մասնակիցներ» բառակապակցության իրավական անորոշությամբ, քանի որ հաշվի չի առնում առկա իրականությունը»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ « անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ « դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր »: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և համապատասխան հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1255) օրենքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես` համաձայն հիշյալ որոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ օրենքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»: Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն պարագայում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը: Սահմանադրական դատարանի դատական կազմը վերահաստատում է, որ նորմատիվ իրավակարգավորման բացի հաղթահարումը գտնվում է օրենսդիր իշխանության իրավասության տիրույթում։ Այդպիսի բացը կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ միայն այն պարագայում, եթե օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ նման երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառ պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի Սահմանադրության 39, 60 և 61-րդ հոդվածներով երաշխավորված համապատասխանաբար մարդու ազատ գործելու, սեփականության և դատական պաշտպանության իրավունքների ենթադրյալ խախտման փաստը, հետևաբար և տվյալ խախտման փաստի և Դիմողի կողմից վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը սահմանափակվել է միայն նշված իրավունքների բովանդակության բացահայտմամբ չներկայացնելով վիճարկվող դրույթների և վերոնշյալ իրավունքների խախտման փաստի միջև առկա պատճառահետևանքային կապը: Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի դրա մասնակիցների», 3-րդ մասի 1-ին նախադասության սեփականության մասնակիցների», ինչպես նաև 4-րդ մասի սեփականության մասնակցի» դրույթների հակասությունը Սահմանադրության 39, 60 և 61-րդ հոդվածներին: Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 10-րդ հոդվածին` Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ այն ամրագրված է Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում, մինչդեռ նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 28-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո, որը սույն պարագայում տեղի չի ունեցել: Նման պայմաններում սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթներում առկա ենթադրյալ օրենսդրական բացի իր որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթներում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 28-րդ հոդվածի հնարավոր խախտման համատեքստում: Ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով: 3.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի «դրա մասնակիցների», 3-րդ մասի 1-ին նախադասության «սեփականության մասնակիցների» և 4-րդ մասի «սեփականության մասնակցի» դրույթների սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների իրավաչափությանը, որի ստուգումը Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չէ: Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ .

Աղվան Պետրոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Հ. Հովակիմյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

22 սեպտեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-44

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-44
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել