«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-115)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 հունիսի 2021թ. ՍԴԱՈ - 115 | «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2021 թվականի մայիսի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դատարան) դիմումը, որով ներկայացվել է թիվ ԵԴ/0574/02/20 քաղաքացիական գործով «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2021 թվականի մայիսի 7-ի որոշումը: Վերոնշյալ որոշմամբ Դատարանը դիմել է` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածը, այնքանով, որքանով չի սահմանում, գործի վարույթը վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով կարճվելու դեպքից բացի, գործի քննության ընթացքում պատասխանողի սնանկ ճանաչվելու օրենքով սահմանված հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում ևս վճարված պետական տուրքի գումարը հետ վերադարձնելու հնարավորություն (դրա վերաբերյալ արտոնություն նախատեսող դրույթ), Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ հոդվածներին համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով»։
2. Սույն դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի պահանջները, և առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Հիշյալ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարանները վարույթը կասեցնելու դեպքում սույն հոդվածով նախատեսված դիմումները կարող են ներկայացնել վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: Իսկ հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Հարկ է նշել նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք պարտադիր են Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում` դատարանների համար: Հիշյալ գլխով կանոնակարգվում են նաև գործի քննությունը մերժելու (29-րդ հոդված) հետ կապված հարցերը: Օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, ի թիվս այլ հիմքերի եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան (2-րդ կետ): Դիմողը, ըստ էության, նշում է, որ առկա է օրենսդրական բաց։ Միաժամանակ դիմողի հիմնավորումներից հետևում է, որ դրանք առավելապես վերաբերելի են կոնկրետ գործի լուծման համար կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի իրավական բովանդակության բացահայտման, մեկնաբանության և կիրառության, այլ ոչ սահմանադրականության հարցերին: Մասնավորապես, դիմողը նշում է, որ «Այնքանով, որքանով սահմանված չէ սնանկ ճանաչվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում պետական տուրքի գումարը հետ վերադարձնելու հնարավորություն անձը զրկված է այլևս այդ գումարը ստանալու հնարավորությունից կրելով լրացուցիչ այնպիսի վնաս, որի հատուցման վերաբերյալ ներկայումս դատական պրակտիկան միատեսակ չէ։ Մասնավորապես Սնանկության դատարանը որոշ դեպքերում չի հաստատում ըստ էության չքննված և գործի վարույթը կարճված քաղաքացիական գործերով վճարված պետական տուրքի գումարը ցուցակում գրանցելու մասին պահանջները, քանի որ այդ հարցը ենթակա է լուծման բացառապես տվյալ քաղաքացիական դատավարության կարգով հարուցված գործի շրջանակներում, ավելին այդ պահանջի հիմքն ըստ էության առաջացել է անձին սնանկ ճանաչելուց հետո, իսկ որոշ դեպքերում այդ պահանջները հաստատվում են, սակայն պահանջը գրանցվում է Օրենքի 82-րդ հոդվածի «է» հերթում։ ... Դատական պրակտիկայում ոչ բոլոր դեպքերում է, որ .... վճարված պետական տուրքը սնանկության գործով գրանցվում է պահանջների հաստատման ցուցակի որևէ հերթում ....: Կոնկրետ այս գործով այն գրանցվել է, սակայն գրանցումը կատարվել է ոչ հայցվորի պահանջած հերթում»։ Սահմանադրական դատարանը բազմիցս իր որոշումներով արձանագրել է, որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի, վերջիններիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավասությունը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է եռաստիճան դատական համակարգին։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի շրջանակներում: Միաժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ԵԴ/0574/02/20 քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է 2021 թվականի մայիսի 7-ին, մինչդեռ «Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը Սահմանադրական դատարան է ուղարկվել 2021 թվականի մայիսի 12-ին: Այսինքն դիմողը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եռօրյա ժամկետը և, հետևաբար, իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
10 հունիսի 2021 թվականի
ՍԴԱՈ-115
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 հունիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-115
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
