ԳԵՂԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 հունիսի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 20 | ԳԵՂԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
29 հունիսի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Գյուլումյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա.Պետրոսյանի
Քննության առնելով Գեղամ Մելիքսեթյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Գեղամ Մելիքսեթյանը 13.06.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության /2015թ. փոփոխություններով/ 1-ին, 3- րդ, 28-րդ հոդվածներին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերին, 61-րդ և 63- րդ հոդվածներին հակասող և անվավեր, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը` դատական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության /2015թ. փոփոխություններով/ 1-ին, 3-րդ, 28-րդ հոդվածներին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին, 61-րդ և 63-րդ
հոդվածներին հակասող և անվավեր:
2. Ըստ դիմողի` ՀՀ վճռաբեկ դատարանը, ոչ օբյեկտիվ մեկնաբանելով վճռաբեկ բողոք բերած անձի խնդրանք-միջնորդությունը, վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության, որով բողոք բերած անձը զրկվել է ձևական խախտումները վերացնելու և դատական պաշտպանություն ստանալու հնարավորությունից, իսկ երբ ինքը, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ստանալուց հետո, նույն օրն այդ ձևական խախտումը վերացրել և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացրել է ակնկալելով դատարանի մատչելիության իրավունք, ՀՀ վճռաբեկ դատարանը 20.04.2016թ. որոշմամբ, առանց պատճառաբանության ու մեկնաբանության, գտել է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ միջնորդության պատճառաբանությունը հիմնավոր չէ:
Դիմողի կարծիքով վճռաբեկ բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո այն բերելը կամ այդ ժամկետը վերականգնելու միջնորդության բացակայությունը չպետք է անձին զրկի դատական պաշտպանության իրավունքից:
Դիմողը գտնում է, որ ինչպես ընդհանուր իրավասության դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր քաղաքացիական գործի քննության ժամանակ փաստաբանական ծառայություն մատուցելու մասին պայմանագիրը մեկնաբանել են անտեսելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի պահանջն այն մասին, որ պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, իսկ պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի իմաստի հետ համադրելու միջոցով: Ըստ դիմողի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 2-րդ կետը սույն քաղաքացիական գործով ընդհանրապես կիրառելի չէր, քանի որ այդ դրույթը ենթակա է կիրառման, եթե հոդվածի 1-ին կետում նշված կանոնները հնարավորություն չեն տալիս որոշելու պայմանագրի բովանդակությունը, մինչդեռ հոդվածի 1-ին կետով հստակ որոշվում է պայմանագրի բովանդակությունը:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասով գործը ենթակա է քննության ընդունման, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447- րդ հոդվածի մասով գործի քննության ընդունումը ենթակա է մերժման: Դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասով գործի քննության ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն, քանի որ
դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում:
Սույն դիմումի առարկա հանդիսացող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը 2016 թվականի ապրիլի 5-ի ՍԴԱՈ-22 աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել Վաչիկ Կարապետյանի և Լուսինե Ամիրբեկյանի դիմումը և գործի դատաքննությունը նշանակել է 2016 թվականի սեպտեմբերի 6-ին: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներով` դատական կազմը գտնում է, որ խնդրո առարկա գործը քննության ընդունելով պետք է միավորել հիշյալ գործին:
4. Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածին, ապա դատական կազմը հարկ է համարում նշել, որ դիմումն ակնհայտ անհիմն է: Դիմողը հիմնավոր և պատշաճ ձևով չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման` անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:
Դատական կազմը գտնում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով:
Դիմողը միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ, որը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածների հիմքով ենթակա է բավարարման:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Գեղամ Մելիքսեթյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի մասով մերժել:
2. «Գեղամ Մելիքսեթյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
3. Առաջարկել սույն գործը միավորել ՀՀ սահմանադրական դատարանի վարույթում գտնվող «Վաչիկ Կարապետյանի և Լուսինե Ամիրբեկյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործին, որի դատաքննությունը նշանակված է 2016 թվականի սեպտեմբերի 6-ին:
4. Բավարարել Գեղամ Մելիքսեթյանին պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
5. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող`
Անդամներ`
29 հունիսի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/1-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հունիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
