Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6324 սեպտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-63)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 սեպտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 63 | «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 24 սեպտեմբերի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 31-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասը և 391-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 163-րդ, 171-րդ, 172-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների լիազորությունների բնույթից բխում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերանայելիս, հատկապես այն դեպքում, երբ վերադաս դատական ատյանը փոփոխում է ստորադաս դատական ատյանի ակտը, վերադաս դատական ատյանների դատական ակտերը հանդես են գալիս որպես դատական պաշտպանության իրավունքի իրացման նոր և ինքնուրույն արդյունք ըստ էության ազդելով ստորադաս դատարանի դատական ակտի բովանդակության վրա և դատավարության կողմերի համար առաջացնելով նոր իրավական հետևանքներ: Դիմողն արձանագրում է, որ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի գոյության պայմաններում առաջին ատյանի դատական ակտի վերանայումը խնդրահարույց է: Դիմողի կարծիքով, հաշվի առնելով, որ համապատասխան գործի շրջանակներում նախկինում առաջին ատյանի դատարանի դատական ակտն արդեն իսկ հանդիսացել է դատական վերանայման առարկա, այն այլևս բողոքարկման ենթակա չէ, իսկ վերադաս դատարանների կողմից կայացված դատական ակտը տվյալ գործով վերջնական դատական ակտն է: Դիմողը նշում է, որ եթե օրենքով սահմանված պահանջներին բավարարող գործին մասնակից չդարձած անձի բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատական ակտը բեկանի և գործն ուղարկի նոր քննության, ապա առկա կլինեն նույն գործով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած երկու դատական ակտեր, որոնք իրար կհակասեն: Դիմողի պնդմամբ այս դեպքում նույն գործով միաժամանակ գոյություն են ունենում վերաքննիչ դատարանների երկու իրար հակասող, սակայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր: Դիմողն ընդգծում է, որ վերաքննիչ դատարանի առաջին որոշումը որևէ կերպ չի դադարեցնում իր իրավական գործողությունը, քանի որ օրինական ուժի մեջ մտած, կիրառման ենթակա դատական ակտը շարունակում է իրավական ուժ ունենալ, քանի դեռ այն բեկանված կամ վերացված չէ: Դիմողի գնահատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասը և 391-րդ հոդվածի 3-րդ մասը պրակտիկայում դրանց տրված այնպիսի մեկնաբանությամբ, որ վերաքննիչ դատարանի դատական ակտի առկայության պայմաններում գործին մասնակից չդարձած անձը պետք է ներկայացնի վերաքննիչ, այլ ոչ թե` վճռաբեկ բողոք, հակասում է Սահմանադրության 61, 63, 163, 171, 172-րդ հոդվածներին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մասամբ մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ.

Օրենքների, դրանց դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը Սահմանադրական դատարանը, ի թիվս այլնի, իրականացնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիման վրա ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացրած դիմումներով (անհատական դիմումներ)։ Անհատական դիմումների ընդունելիության հարցերը լուծելիս Սահմանադրական դատարանը ղեկավարվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով, որոնցով նախատեսված պայմաններից թեկուզ և մեկի բացակայությունը բացառում է անհատական դիմումի քննության ընդունումը Սահմանադրական դատարանում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 3-րդ մասը կարգավորում է վճռաբեկ բողոք բերելու ժամկետը գործին մասնակից չդարձած անձանց համար: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նշյալ դրույթը դիմողի նկատմամբ ոչ միայն չի կիրառվել և չի առաջացրել իրավական հետևանք, այլ նաև այն վկայակոչված չէ ինչպես Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» 2020թ. նոյեմբերի 18-ի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 2021թ. մարտի 31-ի որոշումներում: Այսպիսով, դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 3-րդ մասը չի կիրառվել դիմողի նկատմամբ, հետևաբար դիմողն իրավասու չէ ներկայացնել վերոնշյալ նորմի հակասահմանադրականության վերաբերյալ դիմում: Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի քննությունը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 3-րդ մասով, ենթակա է մերժման: 3.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ.

ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն մասով առկա չեն գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես. դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է

դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է վերոնշյալ օրենսգրքի տվյալ դրույթը, դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմումը վերոնշյալ դրույթի մասով ակնհայտ անհիմն չէ,

դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:

Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասով, ենթակա է ընդունման: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության անհատական դիմումով գործի քննությունը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 3-րդ մասով, մերժել:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Է. Շաթիրյան

Ա. Խաչատրյան

24 սեպտեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-63

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 սեպտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-63
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել