ԱՐԵՆ ԵՂՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-64)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 դեկտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 64 | ԱՐԵՆ ԵՂՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 դեկտեմբերի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Արեն Եղոյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արեն Եղոյանը (այսուհետ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի նոյեմբերի 20-ին), խնդրել է հետևյալը. «1. ՀՀ Սահմանադրության 6-րդ, 29-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածը այնքանով որքանով սահմանափակում է վեճի [առարկայի] նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող [երրորդ] անձի դատարանի մատչելիության իրավունքը 1.1. ժամկետով, որը կանխատեսելի չէ նրա համար և չի իրազեկում այդ ժամկետի մասին,
1.2. խտրականության հիմքով ի տարբերություն վեճի [առարկայի] նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող [երրորդ] անձի։
2. ՀՀ Սահմանադրության 6-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումն այնքանով, որքանով վեճի [առարկայի] նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող [երրորդ] անձը հայցադիմումի հարուցման փուլում չի համարվել գործին մասնակցող անձ և զրկվել է հայցադիմում ներկայացնելու դատավարական ժամկետը վերականգնելու իրավունքից»։
2. Դիմողը նշում է, որ ապացուցման պարտականությունը բաշխելու որոշման կայացման պահը հնարավոր չէ կանխորոշել, այն չի կրում հրապարակային բնույթ, ուստի գործում չներգրավված անձի համար այն կանխատեսելի չէ։ Միաժամանակ Դիմողը նշում է, որ ի տարբերություն վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք վարույթ կարող են մտնել մինչև դատաքննության ավարտը, ավելին դատարանը կրում է նրանց ծանուցելու պարտականություն։ Հետևաբար, ըստ Դիմողի նշված իրավակարգավորումներում առկա է խտրականություն, և սահմանափակումն արդարացված չէ, քանի որ այն դեպքում, երբ անձը չի իրազեկվում դատական վարույթի մասին, սակայն վերջինիս մուտքը սահմանափակվում է, ապա նման պայմաններում չկա ողջամիտ հավասարակշռություն հետապնդվող նպատակի և միջոցների միջև։ Դիմողը նշում է, որ սույն դիմումի հիմք հանդիսացող գործով վերջինս չի ծանուցվել դատական գործի մասին, չի իրազեկվել ապացուցման պարտականության որոշման կայացման մասին, և իրացնելով դատարան դիմելու իր իրավունքը` մերժվել է։ Մինչդեռ օրենսդիրը սահմանել է, որ վեճի վերաբերյալ բոլոր մասնակիցների ներգրավումը պարտադիր է, հակառակ դեպքում այն հանգեցնում է դատական ակտի բեկանման, ինչն իր հերթին խախտում է դատավարության բոլոր մասնակիցների արդար դատաքննության իրավունքը։ Դիմողը, անդրադառնալով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այն պատճառաբանություններին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունք օրենսդիրը նախատեսել է միայն գործին մասնակցող անձանց համար, իսկ Արեն Եղոյանը չի մտել թիվ ԵԴ/44586/02/19 քաղաքացիական գործի մեջ և ձեռք չի բերել գործին մասնակցող անձի կարգավիճակ, հետևաբար` չունի նաև բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունք, նշում է, որ օրենսդիրը վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձին իր իրավունակությամբ և գործունակությամբ հավասարեցրել է հայցվորին։ Ստացվում է, որ հայցադիմումի ներկայացման պահին վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը գործին մասնակցող անձ է և հայցադիմումի ներկայացման պահից կարող է իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը։ Դիմողի գնահատմամբ գործին մասնակցող անձի կարգավիճակ ունի նաև այն անձը, որը թեև ներգրավված չէ վարույթին, սակայն ունի իրավական շահագրգռվածություն գործի ելքով, ուստի վերջինս օժտված է դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդության հարուցման իրավունքով։ Մինչդեռ ըստ Դիմողի դատարանի մեկնաբանությունը առաջացրել է իրավական անորոշություն և խախտել Դիմողի դատարանի մատչելիության իրավունքը։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերը (29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ)։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ (…) լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Տվյալ դեպքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2023 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով, վերադարձրել է այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված լինելու պատճառով։ Միաժամանակ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հիշյալ որոշման եզրափակիչ մասում արձանագրել է նշված որոշման կայացման պահից ուժի մեջ մտնելու և բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը։ Սահմանադրական դատարանի դատական կազմը, անդրադառնալով «Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման օրինական ուժի մեջ մտնելու և բողոքարկման ենթակա լինելու հարցին, հարկ է համարում արձանագրել հետևյալը. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը հայցադիմումը ներկայացրել է նույն օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել նույն օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված դեպքի: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Վերոնշյալ իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ առանձին ակտի ձևով դատարանի կողմից կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ վերաքննության կարգով բողոքարկման։ Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն անհատական դիմումով Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը կապում է վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու հետ, ուստի` տվյալ դեպքում Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ դատարանի կողմից կայացված դատական ակտի կայացման պահը, այն է 2023 թվականի ապրիլի 28-ը, որպիսի պայմաններում էլ Դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2023 թվականի հոկտեմբերի 30-ին (2023 թվականի հոկտեմբերի 29-ը ոչ աշխատանքային օր է), մինչդեռ սույն գործով դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի նոյեմբերի 20-ին (դիմումին կցված ծրարի վրա առկա է առաքանին 2023 թվականի նոյեմբերի 17-ին փոստային ծառայությանը հանձնելու դրոշմակնիք): Նման պայմաններում Դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է սույն գործի քննությունը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, մերժելու համար։ Ինչ վերաբերում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2023 թվականի ապրիլի 28-ին կայացված «Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը Դիմողի կողմից վերաքննության կարգով բողոքարկելուն, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դատարանի կայացրած բողոքարկման ոչ ենթակա, վերջնական դատական ակտը Դիմողի կողմից վերաքննության կարգով բողոքարկելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը վերադաս դատական ատյանի կողմից որոշում կայացնելու հանգամանքով պայմանավորելու համար, քանի որ կողմի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից ուղղակիորեն կանխատեսելի է նման դատական ակտի բողոքարկման ոչ ենթակա լինելու հանգամանքը։ Ավելին վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտով ևս արձանագրվել է նշված դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացակայությունը։ Վերոգրյալից հետևում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան Դիմողը չի պահպանել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, ինչը, նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արեն Եղոյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
28 դեկտեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-64
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-64
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
