Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6225 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-62)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 նոյեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 62 | «ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 25 նոյեմբերի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Է․ Շաթիրյանի

Քննության առնելով «ԱՌԳՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԱՌԳՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Հայկ Սահակյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի նոյեմբերի 14-ին), խնդրել է հետևյալը.

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին մասը, այնքանով, որքանով չի նախատեսում նույն օրենսգրքի 81-րդ հոդվածի առաջին մասով սահմանված հայցադիմումը վերահասցեագրելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասին և 63-րդ հոդվածի առաջին մասին հակասող»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/14213/05/25 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է. «(...) դիմումատուն երկու անգամ, այն է՝ 27.08.2025 թվականին և 30.09.2025 թվականին վարչական դատավարության էլեկտրրոնային համակարգի միջոցով ճանաչման հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որով խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել 06.12.2024 թվականից «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու կատարմամբ իրեն սպառած գործողությունը: Այնինչ, ինչպես 27.08.2025 թվականին, այնպես էլ 30.09.2025 թվականին ներկայացված հայցադիմումները վերահասցեագրվել են ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին, որը երկու դեպքում էլ մերժել է հայցադիմումը վարույթ ընդունելը, ընդ որում՝ (...) իրավաչափորեն, քանի որ նշված գործով ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդիսացել է իշխանական լիազորություններով օժտված պետական մարմին և վիճարկվող գործողությունն էլ, այն է՝ դիմումատուին գնումներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելը, պայմանավորված է եղել պետաիշխանական լիազորությունների իրականացման հետ, հետևաբար առավել քան ակնհայտ է իրավահարաբերության վարչաիրավական լինելու, ուստիև ՀՀ վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը»։

Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական գործը վերահասցեագրելու մասին դատարանի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորության բացակայությունն ուղղակիորեն հանգեցնում է Դիմողի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ արդար դատաքննության իրավունքների խախտման:

Դիմողը նշում է, որ երրորդ անգամ է նույն ճանաչման պահանջով դիմել ՀՀ վարչական դատարան, և այդ անգամ գործը մակագրվել է այլ դատավորի, որն էլ թեև վարույթ է ընդունել ներկայացված հայցադիմումը, այդուհանդերձ 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ կրկին վերահասցեագրել է այն ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին (այսուհետ նաև՝ Դատարան): Դիմողը նաև ավելացնում է, որ ՀՀ վարչական դատարանին ներկայացված բոլոր երեք հայցադիմումներին կից ներկայացված է եղել նաև հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել է դատարանին ժամանակավորապես փոփոխել իրավիճակը՝ «ժամանակավոր հանել «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակից»:

Դիմողը գտնում է, որ երեք անգամ վերահասցեագրման որոշում կայացնելով՝ խախտվել է իր արդար դատաքննության, մասնավորապես՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, քանի որ եթե 2025 թվականի օգոստոսի 27-ի հայցադիմումը վարույթ ընդունվեր, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության հարցը նույնպես ավելի վաղ լուծված կլիներ, այնինչ Դիմողը «վերոնշյալ վերահասցեագրումների և դրանք բողոքարկելու իրավական հնարավորության բացակայության պատճառով փաստացի զրկվեց օգոստոսից-հոկտեմբեր ամիսներին կայացած գնումների գործընթացներին մասնակցելու հնարավորությունից»:

Դիմողը նշում է, որ Վարչական դատարանի՝ վերահասցեագրումների վերաբերյալ կայացրած որոշումների բողոքարկման իրավական հնարավորությունից զրկված լինելը փաստացի հանգեցնում է ինչպես իր, այնպես էլ բազմաթիվ այլ անձանց սահմանադրական իրավունքների խախտման:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ներկայացված դիմումի շրջանակներում բարձրացվող իրավական խնդիրն առնչվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորման՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին համապատասխանությունը որոշելու հիմնահարցին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է.

սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես՝ թիվ ՎԴ/14213/05/25 վարչական գործի շրջանակներում վարչական դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 1-ին կայացրել է «Հայցադիմումը վերահասցեագրելու մասին» որոշում, որով գտել է. «սույն դեպքում հայցվորի կողմից ներկայացված պահանջը բխում է քաղաքացիաիրավական հարաբերություններից, քանի որ «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊ ընկերության և ՀՀ ֆինանսների նախարարության միջև ծագած վեճը վերաբերում է գնման գործընթացի իրականացմանն ուղղված որոշակի գործողությունների կատարմանը, որպիսի իրավահարաբերությունը կարգավորում է ՀՀ քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:

Այսպիսով, հայցվոր «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊ ընկերության ներկայացված պահանջը ՀՀ վարչական դատարանին ընդդատյա լինել չի կարող»:

Վերահասցեագրման արդյունքում 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Դատարանը կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում՝ նշելով հետևյալը.

«(…) Դատարանն արձանագրում է, որ գնման գործընթացի շրջանակներում Դատարանը կարող է քննել բացառապես պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերը, մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարությունը տվյալ դեպքում չի հանդիսանում պատվիրատու, քանի որ հայցի առարկայից հետևում է, որ խնդրվել է ոչ իրավաչափ ճանաչել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու կատարմամբ իրեն սպառած գործողությունը և հայցից չի հետևում, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը քննարկվող դեպքում հանդես է եկել որպես իր կարիքների համար հայտարարված գնման գործընթացում պատվիրատու և վիճարկում է, որպես պատվիրատուի՝ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործության) և որոշումները»:

2025 թվականի սեպտեմբերի 30-ին Դիմողը կրկին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որը ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը կրկին վերահասցեագրել է Դատարան:

2025 թվականի հոկտեմբերի 22-ին Դատարանը կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում:

2025 թվականի հոկտեմբերի 27-ին Դիմողը կրկին դիմել է վարչական դատարան նույն ճանաչման պահանջով, որի արդյունքում 2025 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ, սակայն վարչական դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ գործը վերահասցեագրվել է Դատարան:

Սույն գործի փաստերն ուսումնասիրելու արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը չի սպառել իր իրավունքների դատական պաշտպանության միջոցները, ինչը դրսևորվել է երկու ձևով։

Նախևառաջ՝ Դիմողի վարքագծի արդյունքում, այն է՝ քաղաքացիական դատարան վերահասցեագրված հայցադիմումների կապակցությամբ Դատարանի կողմից հայցադիմումի ընդունումը մերժելու մասին երկու որոշումները վերաքննության կարգով չբողոքարկելով՝ չեն իրացվել քաղաքացիական դատավարության շրջանակներում նախատեսված՝ դատական ակտերի վերանայման ընթացակարգերը։

Այնուհետև երրորդ որոշման դեպքում, երբ արդեն առկա էր դատական պաշտպանության միջոցների դեռևս չսպառած վիճակ (քանի որ երրորդ հայցադիմումը վարչական դատարանն արդեն ընդունել էր վարույթ, և վարչական գործը վերահասցեագրել քաղաքացիական դատարան (տե՛ս վարչական դատարանի 12․11․2025 թ. որոշումը), Դատարանն արդեն իսկ այդ գործը կա՛մ պետք է ընդունի վարույթ (այլևս չունենալով դրան՝ որպես հայցադիմումի վերաբերվելու հնարավորությունը), կա՛մ էլ անհամաձայնության դեպքում՝ գործը՝ վերջինիս առարկայական ենթակայության հարցը որոշելու համար ուղարկի Վճռաբեկ դատարան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածում սահմանված մարմնի (Վճռաբեկ դատարանի նախագահ և պալատների նախագահներ) կողմից դատարանների միջև առաջացած տարաձայնությանը լուծում տալու նպատակով։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ գործող կառուցակարգերի պայմաններում վերը թվարկված երկու գործողություններից հետո ենթադրվում է տվյալ վարչական կամ քաղաքացիական գործի (ըստ հարցի՝ սույն որոշման նախորդ պարբերությունում վկայակոչված մարմնի կողմից տրված լուծման) ըստ էության քննության հնարավորություն և ապագայում կայացվելիք դատական ակտերի վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկման հնարավորություն։

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև՝ հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելուն։

Վերոշարադրյալի լույսի ներքո հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ տվյալ պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառած չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԱՌԳՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

25 նոյեմբերի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-62

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-62
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել