ՆԱՐԻՆԵ ՆԱՏԱԼԻ ԻՍՄԱԻԼԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 ապրիլի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 12 | ՆԱՐԻՆԵ ՆԱՏԱԼԻ ԻՍՄԱԻԼԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 2 ապրիլի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ` Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Նարինե Նատալի Իսմաիլիի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Նարինե Նատալի Իսմաիլին (ներկայացուցիչներ` Տիգրան Եգորյան, Գենյա Պետրոսյան, Լուսինե Հակոբյան) դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի մարտի 1-ին, որից հետո մատնանշված թերությունները շտկելուց հետո դիմումը կրկին ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի մարտի 14-ին)` խնդրելով. «որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի, 162-րդ հոդվածի 2-րդ մասի, 162.1-րդ հոդվածի, 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 31-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Դիմողի կարծիքով` իր համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել թիվ ԵԿԴ/1342/02/14 քաղաքացիական գործով դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված և դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ կետը, 162-րդ հոդվածի 2-րդ մասը, 162.1-րդ հոդվածը, 1087.1-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 31-րդ, 61-րդ, 63-րդ , 78-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին: Ըստ դիմողի ոչ նյութական վնասի հատուցման հնարավորությունը սահմանվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում`
1) պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի դեպքում,
2) անձի հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի դեպքում, ընդ որում` այս դեպքում խախտումը պետք է թույլ տրված լինի պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով: Դիմողը գտնում է, որ նման իրավակարգավորման պարագայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ուղղակիորեն բացառվում է մասնավոր հարաբերություններում անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորությունը: Ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորությունը սահմանված է միայն պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողություններով: Դիմողի կարծիքով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, 162-րդ հոդվածի 2-րդ մասը, 162.1-րդ հոդվածը, 1087.1-րդ հոդվածի 1-ին մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 31-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով չեն նախատեսում մասնավոր անձանց կողմից այլ անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորություն: Դիմողը գտնում է, որ նշված օրենսդրական բացը ենթակա է ՀՀ սահմանադրական դատարանի քննությանը, քանի որ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրման արդյունքներից դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքները ոչ թե արդյունք են այն հանգամանքի, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` նրա կողմից վիճարկվող դրույթները բացառում են ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորությունը մասնավոր իրավահարաբերություններում, այլ նրա, որ ընդհանուր իրավասության դատարանների կողմից հաստատված է համարվել այն փաստը, որ պատասխանողները գործել են բացառապես օրենքի շրջանակներում` չխախտելով լրագրողական վարքագծի նորմերը: Իրավիճակը բոլորովին այլ կլիներ, եթե դատարանները հաստատված համարեին պատասխանողների կողմից օրենքի պահանջների խախտման փաստը, սակայն դիմողի հայցը մերժվեր այն պատճառաբանությամբ, որ քաղաքացիական օրենսգիրքը չի նախատեսել ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորությունը մասնավոր իրավահարաբերություններում: Մինչդեռ տվյալ պարագայում դիմողի կողմից վկայակոչված դրույթների և նրա իրավունքների ենթադրյալ խախտման միջև առկա չէ պատճառահետևանքային կապ, ինչը, կոնկրետ վերահսկողության պարագայում, անհատական դիմումին ներկայացվող պահանջներից է: Հետևաբար, դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Նարինե Նատալի Իսմաիլիի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
2 ապրիլի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/1-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 ապրիլի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
