ՄԵԼԻՆԵ ԱՇՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 օգոստոսի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 25 | ՄԵԼԻՆԵ ԱՇՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
2 օգոստոսի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Վ. Հովհաննիսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Մելինե Աշչյանի դիմումով գործը
քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Մելինե Աշչյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետը իրավակարգավորման հետ անհամապատասխանության պայմաններում և սույն գործով դատական պրակտիկայում դրան տրված բովանդակության շրջանակներում ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 14.1-րդ, 18-րդ, 31-րդ և 91-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
1.Դիմողի հարցադրմամբ եթե օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել նախկինում կնքված բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիրը և վերականգնվել է իր սեփականության իրավունքը, ապա ինչու՞ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է իրավունք ունենա կամայականորեն արդարադատություն չիրականացնելով չքննել իր գործը զրկելով իրեն սեփականությունից։
Դիմողը գտնում է, որ եթե օրենքում հստակ ձևակերպված լինեին ծանր հետևանքների և օրենքի միատեսակ կիրառության հանգամանքները, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը կքններ իր գործը և կպարզեր, որ գոյություն ունի տվյալ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու մասին ընդամենը 30 ամիս առաջ կայացված վճռաբեկ դատարանի որոշում և օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի պատճառով ինքն ապօրինաբար զրկվում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իր սեփականությունը հանդիսացող միակ բնակարանից, իսկ վճռաբեկ դատարանը գտնում է, որ դա իր համար չի առաջացրել ծանր հետևանքներ։ Դիմողը գտնում է, որ բողոքարկվող ակտի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանն իրավունք է ստանում կամայականորեն արդարադատություն չիրականացնել և չկատարել ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի ուժով սահմանված օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր դերը։
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ դիմումով գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ա/ նախ վիճարկվող 234-րդ հոդվածի առնչությամբ դատական կազմն արձանագրում է, որ այդ հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի կողմից կայացված ՍԴՈ-690 որոշումը, ուստի առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք.
բ/ բացի դրանից, վիճարկելով վերոհիշյալ նորմերի սահմանադրականությունը դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրանց հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ- 839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։
Բացի դրանից, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է.
գ/ միաժամանակ, դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վերոհիշյալ նորմերի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Այսինքն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Մելինե Աշչյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
2 օգոստոսի 2013թվականի
ՍԴԴԿՈ/1-25
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 օգոստոսի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-25
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
