«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 451-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 458-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 459-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-89)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 մայիսի 2021թ. ՍԴԱՈ - 89 | «ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 451-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 458-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 459-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔԻ 451-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 458-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 459-ՐԴ
ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասի, 458- րդ հոդվածի 1-ին մասի և 459-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ.
1. ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունիսի 1-ին։
Դիմողն իր «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» 2020 թվականի մայիսի 26-ի որոշմամբ խնդրել է որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև Օրենսգիրք) 451-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրության 29-րդ հոդվածին, 61- րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 67-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարցը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 1-ին մասի և 459-րդ հոդվածի Սահմանադրության 27-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:
2. Դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քրեական դատավարությունում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթի շրջանակներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու հիմքում դրվում է փորձագիտական եզրակացությունն այն մասին, որ «(...) իրեն մեղսագրվող արարքը կատարելու ժամանակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը չէր կարող հասկանալ իր գործողությունների փաստացի բնույթը և հասարակական վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի նրան հարկ է ճանաչել անմեղսունակ (...)»: Այսինքն փորձագիտական եզրակացությունում փորձագետը քննիչի կողմից իրեն առաջադրված անձի անմեղսունակության վիճակում ենթադրյալ հանցանքի կատարման վերաբերյալ հարցերին պատասխանելիս եզրահանգումներ է կատարում անձի անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարքի կատարման մասին: Արդյունքում, վիճարկվող օրենսդրական կարգավորման և ձևավորված պրակտիկայի պայմաններում ստացվում է, որ անմեղսունակության վերաբերյալ փորձագիտական եզրահանգումները դրվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին քրեադատավարական ընթացակարգով անգործունակ ճանաչելու և առանց նրա մասնակցության քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարումը կազմակերպելու հիմքում: Մինչդեռ, անգործունակությունը քրեական դատավարությունում դատարանի կողմից չի կարող ճանաչվել հիմքում դնելով անձի անմեղսունակության վերաբերյալ փորձագիտական եզրակացության հետևությունները: Մասնավորապես, անմեղսունակությունն անձին անգործունակ ճանաչելու պայման չէ:
Դիմողը հայտնում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ անվտանգության միջոցներից կոնկրետ տեսակի ընտրությունը պայմանավորվում է այն հանգամանքով, թե արդյոք անձը հասարակության համար վտանգ ներկայացնում է, թե ոչ: Ընդ որում, օրենսդրական կարգավորումներից հետևում է, որ հասարակության համար վտանգ ներկայացնելու դեպքում, անկախ դրա աստիճանից, անձի նկատմամբ բժշկական հսկողություն անվտանգության միջոցի կիրառումն անվերապահորեն հանգեցնում է ազատության իրավունքի սահմանափակման այլընտրանքային միջոցի բացակայության պատճառով: Դիմողի կարծիքով հասարակության համար բարձր և նվազ վտանգ ներկայացնող անձանց նկատմամբ միևնույն ազատությունից զրկելու դատավարական հարկադրանքի միջոցի կիրառումն արդարացված չէ առնվազն համաչափության սկզբունքից ելնելով:
Դիմողը գտնում է, որ ելնելով հասարակության համար ներկայացվող վտանգավորության աստիճանից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված անվտանգության միջոցի կիրառումը պետք է ունենա այլընտրանք: Ուստի, դիմողի համոզմամբ հասարակության համար վտանգ ներկայացնող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ որպես անվտանգության միջոց հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու և ազատությունից զրկելու այլընտրանքային միջոցի բացակայությունը, ինչպես նաև պարբերական վերանայման ընթացակարգի և ազատությունից զրկման առավելագույն ժամկետի բացակայությունը վտանգում են անձնական ազատության սահմանադրական իրավունքի պաշտպանության հիմնարար երաշխիքները:
3. Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 29, 61, 63 և 67-րդ հոդվածները, հայտնում է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց նկատմամբ քրեական դատավարությունում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հատուկ վարույթի սահմանմամբ պետությունը նախատեսել է մի շարք հատուկ իրավական երաշխիքներ, որոնք ուղղված են վերջիններիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև նրանցից սպառնացող վտանգը կանխելուն և հասարակության այլ անդամների անվտանգությունն ապահովելուն: Պատասխանողը նշում է, որ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված են որոշակի լրացուցիչ երաշխիքներ քրեական օրենքով արգելված արարք կատարած, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և անգործունակ ճանաչված անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես, քրեական օրենքով արգելված արարք կատարած, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին բժշկական հաստատությունում տեղավորելու վարույթի իրավական երաշխիքների շրջանակը, որպես կանոն, ներառում է պաշտպանի և օրինական ներկայացուցչի պարտադիր մասնակցություն: Օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու անհրաժեշտությունը ծագում է միմիայն այն դեպքերում, երբ անձն ընթացող վարույթի ժամանակահատվածում իր հոգեկան վիճակի պատճառով չի կարողանում մասնակցել գործով վարույթին իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն անձամբ իրականացնելու համար: Այլ կերպ վարույթն իրականացնող մարմինը նախաձեռնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու ընթացակարգ պայմանավորված նրա վարույթին պատշաճորեն մասնակցելու կարողության գնահատմամբ:
Պատասխանողը գտնում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շահերից է բխում նրանց կողմից որևէ վտանգ ներկայացնելու դեպքում վերջիններիս բժշկական հաստատությունում տեղավորելու, բժշկական անձնակազմի անմիջական հսկողության տակ պահելու անհրաժեշտությունը, քանի որ դրանք ուղղված են այդ անձանց բուժմանը և նրանց իրավաչափ շահերի պաշտպանությանը: Ելնելով վերոգրյալից պատասխանողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասը, 458-րդ հոդվածի 1-ին մասը և 459-րդ հոդվածը համապատասխանում են Սահմանադրության պահանջներին:
4. Դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունից ելնելով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր, որոնցից են, ի թիվս այլնի առաջադրված հարցերի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելը (1-ին մասի 1-ին կետ) և դիմողի տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու չլինելը (1-ին մասի 2-րդ կետ):
Դատարանի Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն ամրագրված է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում, ըստ որի «4. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:
Մեջբերված սահմանադրական դրույթը նույն բովանդակությամբ վերարտադրվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` «5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումում դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով»:
Նշված դրույթների համառոտ վերլուծությունից հետևում է, որ դատարանները «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի հիմքով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներում, ի թիվս այլնի, պարտավոր են հիմնավորել այն հանգամանքը, որ իրենց վարույթում գտնվող գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Այս պահանջն ամենևին ձևական բնույթ չի կրում և բխում է սահմանադրական կոնկրետ վերահսկողության տրամաբանությունից ի տարբերություն, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվող դիմումների, որոնցով առաջադրված նորմատիվ իրավական ակտերի (դրանց դրույթների) սահմանադրականության ստուգումն իրականացվում է վերացական վերահսկողության շրջանակներում: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտը կամ դրա դրույթը դատարանների կողմից չեն կիրառվելու իրենց վարույթում գտնվող գործը լուծելիս կամ, այլ կերպ, այդ ակտը կամ դրա դրույթը որևէ նշանակություն չեն ունենալու կոնկրետ գործի լուծման համար, ապա այդ դեպքերում դատարանները չեն կարող դիտարկվել որպես Սահմանադրական դատարան դիմելու սուբյեկտներ, այսինքն դատարանն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, հետևաբար այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:
Տվյալ դեպքում թիվ ԱՐԱԴ1/0001/14/18 և ԱՐԱԴ1/0001/15/18 գործերի նյութերի, ինչպես նաև ներկայացված վճռաբեկ բողոքների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող նորմերը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չեն կիրառվելու իր վարույթում գտնվող գործը լուծելիս: Մասնավորապես վճռաբեկ բողոքում բարձրացվել է դատական սխալի հարց, որը ազդել է գործի ելքի վրա: Այսպես, Ա. Մնացականյանի պաշտպանը վճռաբեկ բողոքում հայտնել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 450-րդ հոդվածը, ՀՀ քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածը, որոնք ենթակա չէին կիրառման, չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, նույն օրենսգրքի 183-րդ և 105-րդ հոդվածները, որոնք ենթակա են կիրառման, և որոնք էլ ազդել են գործի ելքի վրա: Ա. Մնացականյանի պաշտպանը նշել է, որ գործում առկա փաստական տվյալները վերլուծելիս հաստատվում է այն հանգամանքը, որ Ա. Մնացականյանի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առաջացման պահին (29.01.2018թ. նշված քրեական գործով տուժողը ցուցմունք է տվել և հայտնել, որ Ա. Մնացականյանի դեմ որևէ բողոք և պահանջ չունի) առկա չի եղել վերջինիս անմեղսունակության վիճակի վերաբերյալ որևէ վերաբերելի ապացույց, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1- ին մասի 4-րդ կետի համաձայն քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը:
Այսպիսով Սահմանադրական դատարանը փաստում է, որ վճռաբեկ բողոքներում բարձրացված հարցերն առավելապես վերաբերում են նրան, որ Օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված, տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերով (ինչպիսին է նաև տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը) դիմողի բողոքի բացակայությունը հանդիսանում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանք (նման պայմաններում քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման), մինչդեռ նշվածը, ըստ վճռաբեկ բողոքներ ներկայացնող անձի, հաշվի չեն առել ո՛չ քննիչը, ո՛չ առաջին ատյանի և ո՛չ էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանները:
Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վճռաբեկ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն
«1. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`
1) դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.
2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
2. Վճռաբեկ դատարանը դատավարության մասնակիցների նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հարցի լուծման ընթացքում ղեկավարվում է սույն օրենսգրքի 397 և 398 հոդվածների կանոններով»:
Օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոխվում է, եթե թույլ է տրվել դատական սխալ, այն է, ի թիվս այլնի առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում: Նույն օրենսգրքի «Քրեադատավարական օրենքի էական խախտումը» վերտառությամբ 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը:
Թիվ ԵԱՔԴ/0065/01/11 գործով կայացված որոշման մեջ քննարկման առարկա դարձնելով վճռաբեկ դատարանում գործի քննության սահմանները` ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ
«(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրելով «բոլոր դեպքերում» ձևակերպումը` օրենսդիրը արտահայտել է այդ կանոնն իմպերատիվ դարձնելու կամք` անկախ վերադաս դատարաններում վարույթի սահմանները որոշող իրավանորմերից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2- րդ մաս և 415-րդ հոդվածի 1-ին մաս): Այլ կերպ, եթե վերադաս դատարանը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա իրավասու է ուղղել այդ դատական սխալը` կաշկանդված չլինելով դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով»:
Մեկ այլ թիվ ԵԿԴ/0211/01/10 գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է.
«Ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասում և 415-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այլ իրավանորմերի համատեքստում, օրինակ` անվերապահ դատավարական խախտումների պարագայում դատական ակտի բեկանում նախատեսող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մաս), քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում»:
Ողջ վերոգրյալի լույսի ներքո պարզ է դառնում, որ վճռաբեկ բողոքներում նշված դատական սխալի առկայությունը կամ բացակայությունը պարզելու և վճռաբեկ բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու համար ՀՀ վճռաբեկ դատարանը իրականացնելու է կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատում: Այլ կերպ ասած ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից Սահմանադրական դատարանում վիճարկվող դրույթները դիմումում բարձրացրած հարցերի ենթատեքստով, չեն ազդելու իր վարույթում գտնվող գործի լուծման վրա, չեն կիրառվելու ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, ուստիև վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցով վերջինս Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն չունի: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասի, 458-րդ հոդվածի 1-ին մասի և 459-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
4 մայիսի 2021 թվականի
ՍԴԱՈ-89
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 մայիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-89
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
