ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-55)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 հոկտեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 55 | ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ
Քաղ. Երևան 20 հոկտեմբերի 2020 թ.
Սահմանադրական դատարանը, գործելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի, 69-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի հիման վրա, մասնակցությամբ դատավորներ Է. Շաթիրյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի և Ա. Խաչատրյանի,
քննության առնելով Ռուզաննա Տեր-Վարդանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ .
1. Ռուզաննա Տեր-Վարդանյանը 2020 թվականի սեպտեմբերի 28-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթակետը համարել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին, 23-րդ և 31-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին հակասող հաշվի առնելով համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, քանի որ դիմում ներկայացնողը սպառել է ՀՀ դատական պաշտպանության բոլոր միջոցները»։
2. Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրության ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 23-ը ներառյալ: 3․ Դիմողը նշում է, որ ինքը վիրավորանք և զրպարտություն է համարում այն արտահայտությունները, որոնք տեղ են գտել պատասխանողների կողմից ընդդեմ իրեն ներկայացված հակընդդեմ հայցադիմումում և դատական նիստի ժամանակ: Դիմողը գտնում է, որ վիճարկվող հոդվածի 5-րդ մասի այն նախադասությունը, ըստ որի «...սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն...», իր մեջ պարունակում է իրավական անորոշություն և պայմաններ է ստեղծում հոդվածի այդ նախադասության կամայական և տարածական մեկնաբանման և կիրառման համար: Դիմողի կարծիքով վիճարկվող նորմին դատարանների կողմից տրված մեկնաբանության արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, որ մարդու արժանապատվությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն չեն գործում և դրանք կարելի է խախտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում: Ըստ դիմողի վիճարկվող նորմում օրենսդիրը չի հստակեցրել, թե հատկապես վարույթի ո՛ր մասնակցի կողմից են արվել զրպարտող արտահայտությունները, ինչի արդյունքում դատարանները, օգտվելով նորմի իրավական անորոշությունից, միտումնավոր սխալ մեկնաբանություն են տալիս նորմին գտնելով, որ մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցն իրավունք ունի զրպարտել վարույթի մյուս մասնակցին, չներկայացնել ապացույցներ և չենթարկվել պատասխանատվության:
4. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով խնդրո առարկա դիմումը և կից ներկայացված նյութերը, գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմելով դատարան Ռուզաննա Տեր-Վարդանյանը պահանջել է Հրանտ Տեր-Վարդանյանին և Մարինե Մամյանին պարտավորեցնել ներողություն խնդրել, զրպարտող, պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել և բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ։ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2016 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.08.2016 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև Վերաքննիչ դատարան) 03.10.2016 թվականի որոշմամբ Ռուզաննա Տեր-Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է վերացվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 19.08.2016 թվականի որոշումը, իսկ հայցադիմումը համարվել է վարույթ ընդունված: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դատարան) 20.09.2018 թվականի վճռով հայցը մերժվել է: Վերաքննիչ դատարանի 15.11.2018 թվականի որոշմամբ Դատարանի 20.09.2018 թվականի վճռի դեմ Ռուզաննա Տեր-Վարդանյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.11.2019 թվականի որոշմամբ Ռուզաննա Տեր-Վարդանյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության: Վերաքննիչ դատարանի 20.02.2019 թվականի որոշմամբ Հրանտ Տեր-Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 20.09.2018 թվականի վճիռը մասնակի` դատական ծախսերի մասով, բեկանվել և փոփոխվել է` Ռուզաննա Տեր-Վարդանյանից հօգուտ Հրանտ Տեր-Վարդանյանի բռնագանձվել է 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար. վճիռը` մնացած մասով, թողնվել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.04.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2019 թվականի որոշման դեմ Ռուզաննա Տեր-Վարդանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Վերաքննիչ դատարանի 19.03.2020 թվականի որոշմամբ Ռուզաննա Տեր-Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.09.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2020 թվականի որոշմամբ Ռուզաննա Տեր-Վարդանյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է միաժամանակ սահմանելով ժամկետ որոշմամբ նշված թերությունը շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ռուզաննա Տեր-Վարդանյանի վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 05.08.2020 թվականի Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ արձանագրել է. «...բողոքը պետք է թողնել առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2020 թվականի որոշմամբ Ռուզաննա Տեր-Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է այն հիմքով, որ բողոք բերած անձը չէր կցել վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարված լինելը հավաստող փաստաթուղթը և միջնորդել էր հետաձգել պետական տուրքի վճարումը, սակայն չէր վկայակոչել իր գույքային դրությունը և միջնորդությանը կից չէր ներկայացրել պետական տուրքը վճարելու անկարողության մասին ապացույց: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2020 թվականի որոշմամբ Ռուզաննա Տեր-Վարդանյանի միջնորդությունը պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ մերժվել էր: Տվյալ դեպքում բողոք բերած անձը բողոքը կրկին ներկայացնելիս թույլ է տվել նոր խախտում` բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին կցել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու վերաբերյալ ապացույցը, մինչդեռ սույն գործով ներկայացվել են երկու դրամական և երկու ոչ դրամական պահանջներ, իսկ Վերաքննիչ դատարանի 19.03.2020 թվականի որոշումը բողոքարկվել է ամբողջ ծավալով: Միաժամանակ բողոքը չի պարունակում պետական տուրքի չվճարված մասով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքը կրկին ներկայացնելիս թույլ է տրվել նոր խախտում...»: Սույն գործի շրջանակում դիմողը պատշաճորեն չի իրացրել դատական պաշտպանության իրավունքի իրականացման օրենսդրական հնարավորությունները արդյունքում չի սպառել դատական պաշտպանության միջոցները: Անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից է նաև դատական պաշտպանության միջոցների սպառումը: Այս պահանջն ինքնանպատակ չէ և միտված է նրան, որ անձը պետք է, պատշաճորեն իրացնելով, սպառի իր ենթադրյալ խախտված իրավունքի վերականգման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները, ինչից հետո միայն իրավասու լինի դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, որը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով և պարտականություններով։ Հետևաբար դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նշված հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
Ռուզաննա Տեր-Վարդանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Դատավորներ
20 հոկտեմբերի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-55
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հոկտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-55
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
