«ՌՈԲԵՐՏ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 338-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-66)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 ապրիլի 2025թ. ՍԴԱՈ - 66 | «ՌՈԲԵՐՏ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 338-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՌՈԲԵՐՏ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 338-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Ղևոնդյանի դիմումի հիման վրա՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի ապրիլի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռոբերտ Ղևոնդյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Բարդի Պաղտասարյան, Միքայել Դանիելյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...)
(...) Որոշել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 338-րդ հոդվածի 7-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, 72-րդ և 80-րդ հոդվածներին»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/0250/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը` Դիմողը նշում է, որ անձի կողմից թույլ տրված հակաօրինական արարքի պատժելիությունը մեղմացվելու դեպքում տվյալ անձը ենթակա է պատասխանատվության առավել մեղմ պատժատեսակով՝ անկախ այն հանգամանքից, որ արարքի կատարման պահին գործել է առավել խիստ պատիժ նախատեսող իրավանորմը: Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ անձի կողմից արարքի կատարումից հետո՝ մինչև պատասխանատվության միջոցի կիրառման պահը, տեղի է ունենում օրենսդրական այնպիսի փոփոխություն, որի արդյունքում մեղմացվում է այդ արարքի համար սահմանված պատասխանատվության չափը, ապա այդ փոփոխությունը Սահմանադրության և օրենքի ուժով անմիջականորեն ունի հետադարձ ուժ և ենթակա է կիրառման նաև մինչ այդ փոփոխության ուժի մեջ մտնելը թույլ տրված և դեռևս պատասխանատվության միջոցի չարժանացած հակաօրինական արարքի նկատմամբ:
Ըստ Դիմողի՝ անկախ պատիժը մեղմացնող կամ վերացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման հնարավորությունը նախատեսված լինելու հանգամանքից, այն ենթակա է կիրառման՝ առանց նախապայմանների և բացառությունների, Սահմանադրության և օրենքի ուժով, իսկ նշված կարգավորմանը հակասող իրավանորմը, այսինքն՝ պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող օրենքի հետադարձ ուժի կիրառումը բացառող իրավանորմը հակասում է Սահմանադրությանը:
Միաժամանակ, Դիմողը նշում է, որ բոլոր այն դեպքերում, երբ թույլ տրված զանցանքի նկատմամբ սահմանված պատասխանատվության միջոցը (պատիժը) մեղմացվում կամ վերացվում է, ինչպես հանցանքների, այնպես էլ զանցանքների դեպքում, Սահմանադրության և օրենքի ուժով հետադարձ ուժ է ստանում մեղմացնող կամ վերացնող օրենքը, իսկ դա բացառող օրենքն ինքնին հակասում է Սահմանադրության 72-րդ հոդվածին:
Դիմողը, անդրադառնալով սույն անհատական դիմումով վիճարկվող՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 338-րդ հոդվածի 7-րդ մասին, գտնում է, որ «Վերոնշյալ հոդվածը վկայում է այն մասին, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը, մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված մաքսային կանոնների գործերի քննության կիրառելի իրավանորմեր է նախատեսել Մաքսային օրենսգրքի իրավանորմերը, որի արդյունքում բացառել է արարքի պատասխանատվությունը մեղմացնող օրենքի հետադարձ ուժի կիրառումը՝ անտեսելով այն հանգամանքը, որ Մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանված պատասխանատվության միջոցը ավելի ծանր է, քան «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատասխանատվության միջոցը՝ արդյունքում հակասելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածին, ինչպես նաև խախտելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված սեփականության իրավունքը, քանի որ իրավախախտում թույլ տված անձը հակասահմանադրական եղանակով պատասխանատվության ենթարկվելով՝ ոչ իրավաչափորեն զրկվում է իր սեփականությունից, ինչը և հանդիսանում է սեփականության իրավունքի խախտում»:
Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է՝ «(...) հաշվի առնելով, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը մաքսային կանոնների խախտման համար նախատեսել է ավելի մեղմ պատժամիջոց՝ գտնում ենք, որ այդ նույն օրենքի 338-րդ հոդվածի 7-րդ մասը հակասում և խախտում է ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածով սահմանված՝ հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը, ինչպես նաև 80-րդ հոդվածով սահմանված՝ հիմնական իրավունքների և ազատությունների էության անխախտելիության պահանջն այն հիմնավորմամբ, որ այդ իրավանորմը բացառում է պատասխանատվությունը մեղմացնող օրենքի հետադարձ ուժի կիրառումը՝ հանգեցնելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված սեփականության իրավունքի խախտմանը»:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բարձրացնում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարց, ինչի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.
Դիմողի կողմից վիճարկվող դրույթի համաձայն՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 17-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննվում են 2000 թվականի հուլիսի 6-ի Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Մաքսային օրենսգիրք) 13-րդ բաժնի դրույթներին համապատասխան:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ՎԴ/0250/05/23 վարչական գործի շրջանակներում կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից պարզ է դառնում, որ Դիմողի՝ Ռոբերտ Ղևոնդյանի նկատմամբ կիրառելի են Մաքսային օրենսգրքի 13-րդ բաժնի կարգավորումները՝ այն հանգամանքով պայմանավորված, որ վերջինիս նկատմամբ կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը վերաբերում է 2019-2021 թվականների ընթացքում կատարված խախտումներին:
Միաժամանակ, անդրադառնալով Դիմողի դիրքորոշմանն առ այն, որ Մաքսային օրենսգրքով նույն արարքի համար նախատեսված էր ավելի խիստ պատիժ, քան «Մաքսային կարգավորման մասին» օրենքով, որով սահմանված կարգով էլ ինքը պետք է պատասխանատվության ենթարկվեր՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
Այս առումով հարկ է փաստել, որ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ուժի մեջ մտած «Մաքսային կարգավորման մասին» օրենքի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ տվյալ օրենքով օրենսդիրը չի նախատեսել որևէ դրույթ քննարկվող համատեքստում հետադարձ ուժի կիրառման հնարավորության վերաբերյալ: Փոխարենը՝ վիճարկվող դրույթով հստակ ամրագրվել է համապատասխան գործերի քննության՝ Մաքսային օրենսգրքի 13-րդ բաժնի դրույթներին համապատասխան իրականացումը:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումն է արտահայտել նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ խնդրո առարկա վարչական գործով 2024 թվականի հոկտեմբերի 24-ին կայացված որոշմամբ արձանագրելով հետևյալը.
«Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պատասխանատվությունը ավելի մեղմ է և պետք է պատասխանատվության ենթարկվեր նշված օրենքով սահմանված կարգով, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Սույն դեպքում 17.10.2022 թվականին ուժի մեջ մտած «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով հետադարձ ուժի կիրառման հնարավորություն չի նախատեսվել, ընդհակառակը, սահմանվել է, որ մինչև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը կատարված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննվում են 2000 թվականի հուլիսի 6-ի Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 13-րդ բաժնի դրույթներին համապատասխան:
Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Դատարանը չի կիրառել Սահմանադրության 72-րդ հոդվածը, Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ համաձայն այդ հոդվածի՝ ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել, չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:
Այսպես, ակնհայտ է, որ Սահմանադրության 72-րդ հոդվածը վերաբերում է հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքին, այլ կերպ ասած՝ սահմանադրական այս նորմը ինքնուրույն հոդվածով կարգավորում է արարքի հանցավորության որոշման և պատժի նշանակման հետ կապված հարցերը, իսկ մնացած դեպքերի մասով կիրառելի է Սահմանադրության 73-րդ հոդվածի համապատասխան մասը՝ կախված կոնկրետ իրավիճակից»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ հարկ է արձանագրել, որ սույն պարագայում Դիմողի նկատմամբ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված վերաբերելի իրավակարգավորման կիրառումը հնարավոր կլիներ միայն այն դեպքում, երբ տվյալ օրենքով հստակ ամրագրված լիներ վերջինիս իրավական վիճակը բարելավող համապատասխան իրավակարգավորման կիրառման հնարավորությունը, ինչը սույն պարագայում բացակայում է:
Այսպիսով, Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Քննարկվող համատեքստում կարևոր է փաստել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքի խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 72 և 80-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դրանց բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 7-րդ մասի հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածին, հետևաբար նաև՝ Սահմանադրության 72 և 80-րդ հոդվածներին:
Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Ռոբերտ Ղևոնդյանի դիմումի հիման վրա՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
29 ապրիլի 2025 թվականի
ՍԴԱՈ-66
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-66
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
