Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԵԼԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԵԼԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1019 ապրիլի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 ապրիլի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 10 | ՀԵԼԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

19 ապրիլի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Հելբերտ Մարգարյանի

անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Հելբերտ Մարգարյանը 02.04.2012թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ դատավորի կարգավիճակի մասին» 1998թ. ընդունված ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ 01.07.2004թ. ուժի մեջ մտած ՀՀ օրենքի 18 հոդվածը և «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ 26.05.2008թ. ընդունված ՀՀ օրենքի 2.1 հոդվածը համարել ՀՀ Սահմանադրության 42 հոդ. 3-րդ մասին և 117 հոդ. 13-րդ կետին հակասող և վերացման ենթակա, հետևապես իմ նկատմամբ ոչ կիրառելի, ճանաչել որպես դատավորի կենսաթոշակ ստանալու իմ իրավունքը, անվավեր ճանաչել ինձ որպես դատավորի կենսաթոշակի նշանակումը մերժելու մասին ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության անօրինական ակտը, ծառայությանը պարտավորեցնել կատարել սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասի, 117 հոդ. 13-րդ կետի և ՀՀ սահմանադրական դատարանի 2006թ. սեպտեմբերի 20-ի N 1139 որոշման պահանջները և իմ կողմից իրենց դիմելու օրվանից 2010թ. փետրվարի 2-ից, ինձ որպես դատավորի նշանակել կենսաթոշակ»։

Ի դեպ, հարկ է նշել, որ դիմողը վերոհիշյալ օրենքների անվանումների և ՀՀ սահմանադրական դատարանի որոշման համարի հետ կապված կատարել է սխալ վկայակոչումներ։

Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի ներկայացրած փաստարկները հիմնականում ուղղված են նրան, որ իր կողմից վիճարկվող դրույթները վատթարացրել են իր որպես անձի և դատավորի իրավական վիճակը։ Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. խնդրո առարկա անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածներով նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջները, դիմումին կցվող նյութերի շրջանակը, իսկ անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի դիմումը պետք է պարունակի նաև Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, որի համաձայն վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի որևէ հատկանիշով։ Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել։ Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համահունչ իրավաբանորեն ձևակերպված որևէ հիմնավորում. դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության և կիրառման արդյունքում ընդունված դատական ակտերի օրինականության հարց։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ».

դիմողի հետևյալ խնդրանքի, այն է «...անվավեր ճանաչել ինձ որպես դատավորի կենսաթոշակի նշանակումը մերժելու մասին ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության անօրինական ակտը, ծառայությանը պարտավորեցնել կատարել սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասի, 117 հոդ. 13-րդ կետի և ՀՀ սահմանադրական դատարանի 2006թ. սեպտեմբերի 20-ի N 1139 որոշման պահանջները և իմ կողմից իրենց դիմելու օրվանից 2010թ. փետրվարի 2-ից, ինձ որպես դատավորի նշանակել կենսաթոշակ», կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորությունների սպառիչ ցանկն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, և նշված խնդրանքի բավարարման համար ՀՀ սահմանադրական դատարանը համապատասխան լիազորությամբ օժտված չէ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Հելբերտ Մարգարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

19 ապրիլի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/1-10

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 ապրիլի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-10
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել