Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6926 դեկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-69)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 դեկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 69 | ԿԱՐԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 26 դեկտեմբերի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ` Ա. Թունյանի

Ա. Գյուլումյանի

Քննության առնելով Կարինե Գասպարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Կարինե Գասպարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2019 թվականի դեկտեմբերի 12-ին, Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի դեկտեմբերի 16-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված իրավակարգավորումները ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասը չի նախատեսում դրա կիրառելիության հստակ սահմաններ, այն է չի կարգավորում բաժնային սեփականության հարաբերակցության հարցը: Դրա արդյունքում նախապայման է ստեղծվում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասը, որը վերաբերում է համատեղ սեփականության մասնակիցներին, կիրառվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի համատեքստում: Դիմողը գտնում է, որ այդպիսի մոտեցումն անթույլատրելի է, իմաստազրկում է նաև նույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասը, որով սահմանվում է, որ համատեղ սեփականության մասնակիցների ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ: Դիմողը նշում է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով և 190-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավակարգավորումները կիրառել է այնպիսի մեկնաբանությամբ, որի արդյունքում ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը բաժանվել է անհավասար հարաբերակցությամբ:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանի որ դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Վերջիններս միտված են Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: Վերոհիշյալ սահմանադրական նորմն ամրագրված է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջին, քանի որ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցի հետ, այլ առավելապես վերաբերում են այդ դրույթների կիրառման իրավաչափության հարցին: Այլ կերպ դիմողը, ձևականորեն բարձրացնելով նորմատիվ իրավական ակտի դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից, իսկ վերջինս, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը նույնպես մերժելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Կարինե Գասպարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

26 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-69

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-69
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել