«ՀԱՅԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-178)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 օգոստոսի 2026թ. ՍԴԱՈ - 178 | «ՀԱՅԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀԱՅԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայկ Շահնազարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի հունիսի 23-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայկ Շահնազարյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Սերգեյ Մարաբյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...)
(...) որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության համապատասխանությունը Սահմանադրության 27-րդ, 63-րդ, և 66-րդ հոդվածներին»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/2887/01/25 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ սույն անհատական դիմումի առարկան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն է առ այն, որ դատաքննության փուլում խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, ինչը հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքներին, ինչպես նաև անմեղության կանխավարկածի սկզբունքին:
Այս առումով Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցադրումները.
ա) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն առ այն, որ դատաքննության փուլում մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելիս կամ դրա ժամկետը երկարաձգելիս հանցանք կատարելու հիմնավոր կասկածի գնահատման անհրաժեշտությունը բացակայում է, խախտո՞ւմ է արդյոք Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության իրավունքը,
բ) իրավաչա՞փ է արդյոք իրավակիրառ պրակտիկայում ընդունված այն մոտեցումը, որ դատաքննության փուլում գործում է հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայության «կանխավարկածը», այսինքն՝ դատական վարույթում գործում է հիմնավոր կասկածի առկայությունն այնքան ժամանակ, քանի դեռ այն չի հերքվել գործով հետազոտված ապացույցներով:
Դիմողը, ի թիվս այլնի, վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի փետրվարի 5-ի ՍԴԱՈ-17 աշխատակարգային որոշմամբ, ինչպես նաև թիվ ԱՐԴ/0180/01/23 քրեական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի 2025 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ արտահայտված համապատասխան իրավական դիրքորոշումները, պնդում է, որ, թիվ ԱՐԴ/0180/01/23 քրեական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի տվյալ որոշման ուժով, դատաքննության փուլում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման վերաբերյալ ձևավորվել է հստակ իրավակիրառ պրակտիկա, որը կիրառվել է նաև իր նկատմամբ, ինչն ուղղակիորեն հակասում է Սահմանադրական դատարանի՝ վերոհիշյալ ՍԴԱՈ-17 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին և խախտում է իր՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության իրավունքը: Ըստ Դիմողի՝ տվյալ պարագայում Վճռաբեկ դատարանը, անտեսելով Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումը, հաղթահարելով դատական երկու ատյանների միջև սահմանադրական առաքելությունների տարանջատման ջրբաժանը, փաստացի դրսևորել է ultra vires գործողություն, մասնավորապես, միայն Սահմանադրական դատարանին է պատկանում Սահմանադրության մեկնաբանման իրավասությունը, և վերջինիս որոշումները սովորաբար ունեն erga omnes (համապարտադիր) ուժ, ինչը նշանակում է, որ դրանք իրավաբանորեն պարտադիր են պետական բոլոր մարմինների, այդ թվում՝ դատական իշխանության համար:
Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը չափազանց ընդլայնել է մեկնաբանման իր սահմանները և փաստացի անտեսել անձնական ազատության իրավունքի սահմանադրական չափանիշը, որի հետևանքով՝ անձին անազատության մեջ պահելը դարձել է ապօրինի: Դիմողի պնդմամբ՝ և՛ Սահմանադրական դատարանը, և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ արձանագրել են, որ կալանքի կիրառման դեպքում ցանկացած պարագայում` վարույթի ցանկացած փուլում, կալանքի կիրառման հիմքերից բացի, անհրաժեշտ է նաև անձի կողմից իրեն վերագրվող արարքը կատարելու հիմնավոր կասկածի հաստատումը: Մինչդեռ ըստ Դիմողի՝ Վճռաբեկ դատարանը՝ վերոնշյալ որոշմամբ, ինչպես նաև ՀՀ դատարանները՝ խնդրո առարկա քրեական գործով իր վերաբերյալ կայացրած որոշումներով շեղվել են Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից և գործել են դրանց հակառակ` վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությամբ խախտելով իր հիմնարար իրավունքները:
Դիմողը նշում է, որ առանց հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի հաստատման անձին ազատությունից զրկելն անհամատեղելի է անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ, իսկ անձին՝ իրեն մեղսագրվող արարքի կատարման հիմնավոր կասկածը վիճարկելու հնարավորությունից զրկելը վերջինիս զրկում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից:
Դիմողն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքով օրենսդիրը որևէ տարբերակում չի դրել մինչդատական վարույթի և դատական վարույթի փուլերում կալանքի կիրառման իրավաչափության պայմանների միջև, ինչն ինքնին վկայում է, որ կալանքի նյութաիրավական նախապայման հանդիսացող հիմնավոր կասկածի առկայությունը ենթակա է ստուգման և գնահատման քրեական վարույթի բոլոր փուլերում՝ անկախ նրանից, թե կալանքի հարցը քննարկվում է նախաքննությա՞ն, թե՞ դատական քննության ընթացքում:
Դիմողի պնդմամբ՝ եթե հիմնավոր կասկածն անձին ազատությունից զրկելու նյութաիրավական նախապայման է, ապա դրա առկայությունը պետք է պահպանվի և ենթարկվի դատական վերահսկողության՝ անձի կալանքի ողջ ժամանակահատվածում, այլ ոչ թե միայն մինչդատական վարույթի փուլում, քանի որ հակառակ պարագայում կստացվի, որ անձը մինչև գործը դատարան հասնելն ունի անձնական ազատության իրավունքի ավելի բարձր մակարդակի դատական պաշտպանություն, քան դատական վարույթի ընթացքում, ինչը հակասում է թե՛ օրենսդրի կամքին, թե՛ անձնական ազատության և արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքներին:
Դիմողը նաև նշում է, որ օրենսդիրը գիտակցել է հիմնավոր կասկածի նյութաիրավական գործառույթը և դրա ստուգումը վերապահել է դատարանին: Ըստ Դիմողի՝ Վճռաբեկ դատարանի կողմից նման ստուգում իրականացնելու գործառույթից հրաժարվելը ոչ միայն հակասում է օրենքի տառին, այլև արհեստականորեն իջեցնում է անձնական ազատության իրավունքի պաշտպանության մակարդակը՝ իրավական համակարգը վերադարձնելով մինչև 2009 թվականը գոյություն ունեցած վիճակին, երբ կալանքի համար բավարար էր մեղադրյալի ձևական կարգավիճակը:
Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն առ այն, որ դատաքննության փուլում խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, ակնհայտորեն խախտում է իր՝ Սահմանադրության 27, 63 և 66-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքները (սկզբունքը):
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ1/2887/01/25 քրեական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քրեական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ1/2887/01/25 քրեական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Հայկ Շահնազարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
4 օգոստոսի 2026 թվականի
ՍԴԱՈ-178
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 օգոստոսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-178
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
