Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6527 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-65)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 նոյեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 65 | ԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 նոյեմբերի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Արտակ Առաքելյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արտակ Առաքելյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբան Արսեն Սարդարյան, փաստաբան Գուրգեն Ներսիսյան, փաստաբան Քրիստինա Սարդարյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի նոյեմբերի 14-ին, որով Դիմողը խնդրել է.

«Որոշել՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ինչպես նաև 05.05.2021թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հոդվածների դիսպոզիցիայի և սանկցիայի համապատասխանությունը, ինչպես նաև նույն հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 72-րդ, 79-րդ, 81-րդ և 71-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանության հարցը»:

2. Ներկայացնելով թիվ ԳԴ4/0037/01/18 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթների ձևակերպման տեսանկյունից ստացվում է այնպես, որ անչափահասների դեպքում անձի արարքը թրաֆիքինգ է նույնիսկ այն պարագայում, երբ բացակայում է երեխայի հավաքագրումը, տեղափոխումը, փոխանցումը, թաքցնումը կամ ստանալը, ինչը խեղաթյուրում է թրաֆիքինգ արարքի էությունը:

Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը հիշյալ ձևակերպմամբ հանցանք է միայն այն դեպքում, երբ այդ արարքին նախորդել է անձի հավաքագրումը, տեղափոխումը, փոխանցումը, թաքցնումը կամ ստացումը: Դիմողը գտնում է, որ այդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը «հակասահմանադրական է», քանի որ թիվ ԳԴ4/0037/01/18 քրեական գործով Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել, և նա դատապարտվել է անչափահասներին շահագործման ենթարկելու համար՝ առանց շահագործման նպատակով երեխային հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու կամ ստանալու:

Դիմողը նաև պնդում է, որ մարդկանց, այդ թվում՝ երեխաներին, հարկադիր աշխատանքի ներգրավելու՝ հանցավորի նպատակն այլ անձանց աշխատանքի պտուղների հաշվին նյութական օգուտ, նյութական շահ ստանալն է, և արարքը թրաֆիքինգ որակելու համար հարկադիր աշխատանք հասկացությունը պետք է ներառի այնպիսի իրավիճակներ, որոնք իրենց բնույթով և հանրային վտանգավորությամբ համադրելի են սեռական շահագործման, ստրկության, տաժանակիր աշխատանքի և մարդու օրգանների հեռացման հետ:

Դիմողը գտնում է, որ իր կողմից «նյարդայնացած վիճակում անչափահաս եղբայրներին հարվածներ հասցնելու արարքը, եթե նույնիսկ ապացուցված համարենք, ապա ենթակա է որակման բռնություն գործադրելու համապատասխան հոդվածով, որը իրենից ներկայացնում է ոչ մեծ ծանրության հանցագործություն, այլ ոչ թե թրաֆիքինգ»:

Դիմողի պնդմամբ՝ «թրաֆիքինգի հոդվածով հարկադիր աշխատանքը չպետք է այնքան լայն մեկնաբանվի, որ օրենքով նախատեսված աշխատավարձի պահումների գործընթացի ցանկացած խախտում մեկնաբանվի որպես հարկադիր աշխատանք և յուրաքանչյուր գործատուի կողմից իր աշխատակցի նկատմամբ ոչ իրավաչափ պահանջ ներկայացնելը (…) դիտվի որպես թրաֆիքինգ»:

Ամփոփելով՝ Դիմողը նշում է. «(...) եթե Բարձր դատարանը գտնի, որ վիճարկվող նորմը և դրան տված մեկնաբանությունները չեն հակասում ՀՀ սահմանադրության վերոնշված պահանջներին, և գործատուի կողմից աշխատողին վերջինիս գործողություններով պայմանավորված պատճառած վնասի հատուցման նպատակով աշխատավարձի պահումը հանդիսանում է հարկադիր աշխատանք թրաֆիքինգի իմաստով, ապա այդ դեպքում գտնում ենք, որ վիճարկվող հոդվածով նախատեսված ազատազրկման ձևով պատժի նվազագույն շեմը խիստ բարձր է, չի համապատասխանում հոդվածով նախատեսված արարքի հանրային վտանգավորությանը և այդ մասով նորմը պետք է ճանաչվի հակասահմանադրական, մասնավորապես ՀՀ սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող»:

3. Ելնելով դիմումի և թիվ ԳԴ4/0037/01/18 քրեական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ինչպես նաև 05.05.2021թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հոդվածների դիսպոզիցիայի և սանկցիայի համապատասխանությունը, ինչպես նաև նույն հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունների համապատասխանությունը Սահմանադրության 1-ին, 3-րդ, 72-րդ, 79-րդ, 81-րդ հոդվածների և 71-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Փաստորեն Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԳԴ4/0037/01/18 քրեական գործով դատարանների կողմից ոչ իր օգտին կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ՝ չներկայացնելով վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների (կայացված դատական ակտերի) իրավաչափությանը:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԳԴ4/0037/01/18 քրեական գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արտակ Առաքելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

27 նոյեմբերի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-65

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-65
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել