3/2007
Ամփոփում
քննելով ՛Դվին կոնցեռն ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՛Դավիթ առևտրի տուն ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության 26.031.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Կազմակերպությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 26.031.400 ՀՀ դրամ, այդ թվում 17.000.000 ՀՀ դրամ որպես պայմանագրային հիմնական պարտավորության կատարում և 9.031.400 ՀՀ դրամ որպես վնասների փոխհատուցում: ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ Տնտեսական դատարան) 16.11.2007 թվականի վճռով հայցը բա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ-2843/2007թ.
Նախագահող դատավոր Ռ.Սարգսյան
Քաղաքացիական գործ թիվ 3-59(ՏԴ)
2008թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի փետրվարի 01-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՛Դվին կոնցեռն ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՛Դավիթ առևտրի տուն ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության 26.031.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Կազմակերպությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 26.031.400 ՀՀ դրամ, այդ թվում 17.000.000 ՀՀ դրամ որպես պայմանագրային հիմնական պարտավորության կատարում և 9.031.400 ՀՀ դրամ որպես վնասների փոխհատուցում: ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ Տնտեսական դատարան) 16.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը՝ Վճռաբեկ բողոքի պատասխանին լրացուցիչ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածները, ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
2
31.10.2007 թվականի դատական նիստի ընթացքում Կազմակերպությունը, ներկայացնելով վնասի հատուցման պահանջ, կատարել է հայցապահանջի էական փոփոխություն:
Այդ կապակցությամբ Տնտեսական դատարանը
հետաձգել է գործի քննությունը մինչև 08.11.2007 թվականը:
Դատարանում Ընկերության շահերի պատշաճ ներկայացում ապահովելու նպատակով 08.11.2007 թվականին Ընկերությունը դիմել է Դատարան խնդրելով գործի քննությունը նշանակել երկու օր հետո նիստին իրավաբան-ներկայացուցչի ներկայությունն ապահովելու համար:
Մինչդեռ, Տնտեսական դատարանը, առանց դիմումի քննարկման արդյունքների մասին Ընկերությանը իրազեկելու, նույն օրը
08.11.2007 թվականին, ավարտել է գործի
քննությունը:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Տնտեսական դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ չի հետազոտել Ընկերության և Կազմակերպության միջև 17.05.2006 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ Պայմանագիր), ինչի արդյունքում Ընկերության նկատմամբ հաշվարկվել է 9.031.400 ՀՀ դրամ լրացուցիչ պարտավորություն որպես հիմնական պարտավորությունը չկատարելու հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում:
Մինչդեռ, Տնտեսական դատարանը սխալ է հաշվարկել գանձվելիք գումարը: Այսպես, Պայմանագրի 3.3 կետով սահմանված է, որ Կազմակերպությունը Պայմանագրով ծառայության համար վճարում է գանձվող գումարից: Այսինքն, անգամ հայցվող ամբողջ 17.000.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման դեպքում Պայմանագրով ծառայությունների մատուցման գումարը կկազմեր ընդամենը 2.888.308 ՀՀ դրամ:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 16.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության: 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Անհիմն է բողոք բերած անձի պատճառաբանությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածները, ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման մասով, քանի որ բողոք բերած անձը տեղեկացված է եղել դատական նիստի մասին, սակայն չի ներկայացել, ինչից հետո հետաձգվել է դատական նիստը, նշանակվել է նիստի նոր օր, որին էլ նույնպես Ընկերությունը չի ներկայացել փոխարենը ներկայացրել է դատական նիստը ևս երկու օրով հետաձգելու միջնորդություն:
2.2. Պատասխանին վճռաբեկ բողոքի լրացմամբ բերված փաստարկները. 01.01.2008 թվականին ուժի մեջ մտած ՛ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն դատական ծախս է համարվում նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Մինչդեռ, տվյալ դեպքում փաստաբանի վարձատրությունը կազմում է հայցվող հիմնական գումարի 53 տոկոսը, ինչը վերոհիշյալ նորմի իմաստով չի կարող խելամիտ համարվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1) Տնտեսական դատարանի 11.10.2007 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ: Գործի քննությունը նշանակել է 31.10.2007 թվականին:
3
2) 31.10.2007 թվականի դատական նիստի ժամանակ հայցվորը ներկայացրել է հայցային պահանջների չափն ավելացնելու մասին դիմում, որի պատճառով գործի քննությունը հետաձգվել է մինչև 08.11.2007 թվականը:
3) 08.11.2007 թվականին Ընկերությունը միջնորդություն է ներկայացրել Տնտեսական դատարան դատական նիստը հետաձգելու և այն 10.11.2007 թվականից հետո նշանակելու մասին:
4) Տնտեսական դատարանը 08.11.2007 թվականին քննել է գործը և հայտարարել վճռի հրապարակման օրը:
5) 08.11.2007 թվականին քաղաքացիական գործը քննվել և վճիռ է կայացվել Ընկերության բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (ՀՀ ԿԱ ՀՊԾ ընդդեմ Արմեն Խուդինյանի, քաղաքացիական գործ թիվ 3-1822/ՏԴ (գումարի բռնագանձման պահանջով)): Սակայն, կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործի փաստերը տարբեր են վկայակոչված փաստերից, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցին:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպեu նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից անձի ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքը:
Ի
ապահովումն
նշված
նորմերի
իրացվելիության`
ՀՀ
քաղաքացիական
դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի առաջին և երրորդ կետերով սահմանված է, որ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները, ինչպես նաև ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) քաղաքացիական իրավունքների և պարտականությունների առնչությամբ ծագած վեճերով արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից իր նախադեպային իրավունքում առանձնացնում և պարզաբանում է այդ իրավունքի կարևոր բաղադրիչների` կողմերի հավասարության և մրցակցային դատավարության պահանջների էությունը: Այսպես, Եվրոպական դատարանը (Ռաֆիներիս Գրեկ Ստրան է Ստրատիս Անդրեադիսը ընդդեմ Հունաստանի, 09.12.1994) գործով նշել է, որ դատական քննության ընթացքում կողմերի հավասարությունը նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմի պետք է ընձեռնվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը (ներառյալ ապացույցները) այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ:
Եվրոպական դատարանն իր պրակտիկայում արձանագրել է նաև, որ Կոնվենցիան կոչված է ապահովելու ոչ թե իրավունքի տեսական առկայությունը, այլ դրա պրակտիկ կիրառությունը և արդյունավետությունը (Իմբրիոսիան ընդդեմ Շվեյցարիայի, գործ N13972/88, 24.11.1993 թվական):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե դա թելադրված է
4
լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ: Այս հիմքով դատարանի կողմից գործի քննությունը հետաձգելը դատարանի իրավունքն է և ոչ պարտականությունը, և դատարանն իր այդ իրավունքն իրականացնում է հայեցողական իրավազորությամբ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից (տես` ՀՀ ԿԱ ՀՊԾ ընդդեմ Արմեն Խուդինյանի, քաղաքացիական գործ թիվ
3-1822/ՏԴ (գումարի բռնագանձման պահանջով)):
Հաշվի առնելով Դատարանի կողմից բողոք բերած անձին ապացույցների ներկայացման և իրավական պաշտպանության կազմակերպման համար ողջամիտ ժամկետի տրամադրման անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով գործի քննությունը հետաձգելու անհրաժեշտությունն առկա էր: Փաստորեն, մերժելով գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ բողոք բերած անձի միջնորդությունը, Դատարանը խախտել է վերջինիս` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով երաշխավորված գործի նյութերին ծանոթանալու, քաղվածքներ անելու, դրանց պատճենները ստանալու, ապացույցներ ներկայացնելու և դրանց հետազոտմանը մասնակցելու իրավունքները, ինչպես նաև ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին
եվրոպական
կոնվենցիայի
6-րդ
հոդվածով
երաշխավորված
արդար
դատաքննության իրավունքը:
Ավելին, սույն քաղաքացիական գործի դատական քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերության համաձայն հայցադիմումը ստանալու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում պատասխանողը պարտավոր է դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:
Թեև վերը նշված հոդվածով հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտում է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը: Փաստորեն, Տնտեսական դատարանը, դատական նիստը 31.10.2007 թվականին հետաձգելով և գործի քննությունը 08.11.2007 թվականին նշանակելով, հնարավորություն չի տվել պատասխանողին օգտվելու ոչ միայն օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում հայցադիմումին պատասխան ներկայացնելու իր իրավունքից, այլև իր գործը և ապացույցները այնպիսի պայմաններում ներկայացնելու իրավունքից, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին մասի համաձայն դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի ամբողջ ծավալով իրականացնելու օբյեկտիվ հնարավորությունների բացակայությունը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Պատասխանում առկա փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
2) վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ կողմի (կողմերի) փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները Վճռաբեկ դատարանում չեն քննարկվում:
5
Նույն պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանում չեն քննարկվում նաև Պատասխանի և վճռաբեկ բողոքի լրացման նյութական նորմերի խախտման և խախտման բացակայության վերաբերյալ փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դատավորներ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 փետրվարի, 2008 թ.
- Գործի #:
- 3/2007
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
