«ԹԻՄ» ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-43)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 օգոստոսի 2024թ. ՍԴԴԿՈ - 43 | «ԹԻՄ» ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 29 օգոստոսի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով «ԹԻՄ» ՓԲԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ԹԻՄ» ՓԲԸ (այսուհետ՝ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի օգոստոսի 13-ին), խնդրել է հետևյալը.
«(...) Մինչև 03.03.2021 թվականի խմբագրությամբ գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին և 30-րդ հոդվածի 9-րդ մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 67-րդ, 124-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները և (կամ) օրենսդրական բացը ճանաչել ՀՀ Սահմանադրության 4-րդ, 11-րդ, 50-րդ, 59-րդ, 75-րդ, 79-րդ, 80-րդ և 86-րդ հոդվածներին (դրույթներին) հակասող և մասնակի անվավեր վերոնշյալ իրավական փաստարկների լույսի ներքո»:
2. Դիմողը, ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) ձևավորումը և դրան ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ օրենքներով առանձնահատուկ կարգավիճակով օժտելն ինքնանպատակ չեն և, ի թիվս այլնի, միտված են հենց մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: Դիմողի գնահատմամբ՝ միայն Հանձնաժողովն է կարող արձանագրել անբարեխիղճ մրցակցության առկայությունը, իսկ վարչական դատարանը կարող է միայն գնահատման առարկա դարձնել այդ որոշման կայացման համար անհրաժեշտ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը և մատնանշել վարույթի իրականացման ընթացքում Հանձնաժողովի կողմից իրականացված գործողությունների իրավաչափությունը կամ ոչ իրավաչափությունը:
Դիմողը գտնում է, որ Վարչական դատարանը (այսուհետ` Դատարան) չէր կարող պարտավորեցնել Հանձնաժողովին արձանագրելու անբարեխիղճ մրցակցության իրավախախտումը, քանի որ դա Հանձնաժողովի բացառիկ լիազորությունն է, իսկ Դատարանի կողմից նշվածն անտեսելը խախտում է Հանձնաժողովի՝ որպես ինքնավար մարմնի` Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքները:
Դիմողի պնդմամբ՝ դատարանների կողմից Հանձնաժողովին համապատասխան վարչական ակտի կայացմանը պարտավորեցնելու պայմաններում, իր դատական պաշտպանության իրավունքը վերածվելու է ձևականության՝ այն պատճառով, որ նշված ակտի իրավաչափությունն արդեն իսկ հաստատված է դատական կարգով։ Այլ խոսքով, ըստ Դիմողի, վերջինս վարչական դատարանում փաստացի վիճարկելու է կայացված, բարձրագույն դատական ատյանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որպիսի պայմաններում կխախտվի իր արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը։
Ըստ Դիմողի՝ Վերաքննիչ վարչական դատարանը սխալ մեկնաբանությամբ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը, քանի որ, քննարկելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (մինչև 2021 թվականի մարտի 3-ին ընդունված ՀՕ-92-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող խմբագրությամբ) և դրանից հետո ընդունված իրավակարգավորումների հետադարձությամբ կիրառելիությունը, կիրառելի է համարել այն օրենսդրական կարգավորումները, որոնք վատթարացնում են ենթադրյալ իրավախախտի փաստացի դրությունը, ըստ այդմ՝ ենթադրաբար բարելավելով հայցվորի դրությունը՝ անտեսելով ենթադրյալ իրավախախտի համար օրենսդրությամբ սահմանված երաշխիքները և գործելով բացառապես ի վնաս տվյալ անձի։
Դիմողը միաժամանակ գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը չի տարբերակում այն դեպքերը, երբ բարենպաստ վարչական ակտը կարող է այլ անձանց համար փաստացի հանդիսանալ միջամտող և այդ պարագայում չի ապահովում այդ անձանց լսված լինելու և պատշաճ վարչարարության իրավունքները:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝
1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2) Դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝
ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,
բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել են վիճարկվող դրույթները,
գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները (բարձրացված հարցերի համատեքստում) կիրառվել են դատարանի վերջնական ակտով,
դ) Դիմողը (բարձրացված հարցերի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. ««ԹԻՄ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ մինչև 03.03.2021 թ. խմբագրությամբ գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և 30-րդ հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3 և 67-րդ հոդվածների, 124-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող՝ Ե. Խունդկարյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Հ. Հովակիմյան
29 օգոստոսի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-43
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-43
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
